Ջեյմս Ջոյս | Դժբախտ պատահար


Ջեյմս Ջոյս
Միստր Ջեյմս Դաֆֆին ապրում էր Դուբլինի Չափելիդոդ արվարձանում, ցանկանալով որքան կարող է հեռու լինել այն քաղաքից, որի քաղաքացին էր համարվում։ Պատճառը երեւի այն էր, որ Դուբլինի արվարձանները նա համարում էր գռեհիկ, անչափ ժամանակակից և հավակնոտ։ Ապրում էր մի հին, մռայլ շենքում, որի պատուհաններից երևում էր շարքից դուրս եկած օղեգործարանը, իսկ ավելի վեր՝ ծանծաղ գետի ափին կառուցված Դուբլինը։
Նրա սենյակի բարձր պատերը համարյա մերկ էին, իսկ սենյակում դրված կահույքի ամեն մի կտորը ինքն էր գնել, երկաթե սև մահճակալ, երկաթե լվացարան, չորս հյուսկեն աթոռներ, կախիչ, ածխի դույլ, օջախի ունելիք, երկաթե ցանց և երկտակ գրակալով մի քառանկյուն սեղան։ Չներկված փայտից սարքած գրադարակներով պատի որմնախորշը նրա գրապահարանն էր։ Մահճակալը ծածկված էր համակ ծածկոցով, իսկ ոտքերի մոտ փռված էր սև ու կապույտ գույներով փոքրիկ գորգը։ Լվացարանի վերևում ձեռքի մի հայելի էր կախված, իսկ բուխարիկի միակ զարդարանքն էր նրա վրա դրված սպիտակ լուսամփոփով լամպը։ Չներկված գրադարակներում գրքերը դասավորված էին ըստ ծավալի ու բարձրության։ Ուորդավորդի լրիվ հատորները ներքևում էին, իսկ վերևում՝ «Մեյնուրսյան կատեխիզիսի» մոմլաթե կազմով օրինակը։ Գրենական պիտույքները միշտ էլ սեղանին էին։ Սեղանին էր դրված Հաուպտմանի «Միքայել Քրամերի» ձեռագիր թարգմանությունը, ուր նշագրումները արված էին մանուշակագույն թանաքով։ Նաև թղթերի մի փոքրիկ հակ կար, ամրացված պղնձե կապիչով։ Թղթերի վրա նա երբեմն գրում էր որևէ նախադասություն, իսկ մի անգամ հեգնական տրամադրության ժամանակ «Բայլ Բինսի» ազդը սոսնձել էր առաջին թերթին։ Գրակալի կափարիչը բարձրացնելիս սենյակը լցվում էր մայրափայտից պատրաստված մատիտների, սոսինձի եւ փտած խնձորի բույրով, որ երևի թողել էին դարակում ու մոռացել։
Միստր Դաֆֆին խորշում էր այն ամենից, ինչը հիշեցնում էր ֆիզիկական կամ հոգեկան անհավասարակշռություն։ Միջնադարյան գիտնականը նրան կանվաներ Սատուրնի աստղի տակ ծնված մարդ։ Դուբլինի քամոտ փողոցներից կոշտացած դեմքը, նրա անցած կյանքի լուռ վկան էր։ Բավականին խոշոր ու երկար գլխին չոր ու սև մազերի մի խուրձ կար, իսկ շիկակարմիր բեղն անկարող էր թաքցնել մռայլ բերանը։ Այտոսկրները դեմքին նույնպես դաժան արտահայտություն էին տալիս։ Բայց շիկավուն հոնքերի տակից աշխարհին նայող աչքերում այդ դաժանությունը չկար։ Այդ աչքերը այնպիսի տպավորություն էին թողնում, ասես պատրաստ էին ուրիշների մոտ գնահատել քավելու բնազդը, բայց հաճախ էին հուսախաբվել այդ հարցում։ Ապրում էին իր մարմնից փոքր֊ինչ հեռու, կասկածող ու խեթ հայացքներ նետելով սեփական արարքների վրա։ Միստր Դաֆֆին ինքնակենսագրություն կազմելու տարօրինակ սովորություն ուներ, մտովին կազմում էր իր մասին մի կարճ նախադասություն, որտեղ ենթական երրորդ դեմքով էր, իսկ ստորոգյալը՝ անցյալ ժամանակով։ Աղքատներին երբեք ողորմություն չէր տալիս, քայլում էր ուղիղ, ընկույզե ամուր ձեռնափայտը ձեռքին։
Արդեն մի քանի տարի գանձապահ էր աշխատում Բագոտ սթրիթի վրա գտնվող մի մասնավոր բանկում։ Ամեն առավոտ տրամվայով Չափելիզոդից գալիս էր աշխատանքի, իսկ կեսօրին նախաճաշում էր Դան Բըրքի մոտ, վերցնելով մի շիշ թույլ գարեջուր եւ արմտիքի բիսկվիտներ։ Ժամը չորսին աշխատանքը վերջանում էր։ Ճաշում էր Ջորջ սթրիթի վրա գտնվող ճաշարաններից մեկում, որովհետև վստահ էր, որ չի հանդիպի Դուբլինի ոսկե երիտասարդությանը և որտեղ սնունդը էժան էր։ Երեկոները անց էր կացնում տանտիրուհու դաշնամուրի առաջ, կամ էլ թափառում էր քաղաքի արվարձաններում։ Սերը Մոցարտի երաժշտության նկատմամբ նրան երբեմն բերում էր օպերա կամ համերգասրահ․ սրանք էին նրա կյանքի միակ զվարճությունները։
Նա ոչ ուղեկից ուներ, ոչ ընկեր, ոչ հավատ ուներ, և ոչ էլ կրոն։ Ապրում էր իր հոգևոր կյանքը մեն֊մենակ, ոչ մեկի հետ չկիսելով։ Ծննդյան տոներին այցելում էր բարեկամներին և մեկ էլ ուղեկցում նրանց մինչև գերեզմանոց, երբ մահանում էին։ Նա այս երկու հասարակական պարտականությունները կատարում էր հանուն ավանդական արժանապատվության, բայց մազաչափ անգամ չէր զիջում այն պայմանականություններին, որոնք ղեկավարում էին հասարակական կյանքը։ Երբեւմն մտածում էր, որ բարենպաստ պայմաններում կթալաներ բանկը, բայց հարմար պայմաններ չլինելու պատճառով նրա կյանքը հոսում էր անաղմուկ՝ մի սովորական պատմություն։
Մի երեկո, Ռոտոնդոյում, երբ նա նստած էր երկու կանանց թիկունքում, և սակավամարդ դահլիճը անհաջողության մատնված համերգի ճնշող կանխագուշակումն էր խորհրդանշում, իրենից մի քիչ առաջ նստած կինը, նայելով համարյա դատարկ դահլիճին ասաց․
— Ի՜նչ ցավալի է, որ թատրոնում այսքան քիչ մարդ կա։ Անչափ դժվար կլինի նրանց համար, ովքեր կերգեն դատարկ նստարանների առջև։
Միստր Դաֆֆին դիտողությունն ընդունեց որպես զրույցի հրավեր, զարմանալով կնոջ համարձակության վրա։ Խոսակցության ժամանակ նա աշխատեց հիշողության մեջ պահել նրա դիմագծերը, և իմանալով, որ կնոջ կողքին նստածը նրա աղջիկն է, եզրակացրեց, որ կինը մեկ կամ մի քանի տարով է իրենից երիտասարդ։ Կնոջ ձվաձև, ընդգծված դիմագծերով դեմքը, որն առաջ հավանաբար գեղեցիկ էր եղել, խելացի էր եւ համակրելի։ Աչքերը մուգ կապույտ էին ու համառ։ Սկզբում հայացքը, որի մեջ թվում էր մարտահրավեր կար, բիբի աննկատ անցումով դեպի ակնածիածանը, մի պահ թուլանում էր, եւ ի հայտ բերում խառնվածքի գերզգայնությունը, իսկ հետո բիբը արագորեն նորից հաստատվում էր իր տեղում, եւ այդ փոքր֊ինչ բացահայտված էությունը հայտնվում էր ողջամտության իշխանության ներքո։ Կարակուլի ժակետը, որը կիպ գրկել էր նրա փարթամ կուրծքը, ավելի էր ընդգծում այդ մարտահրավերը։
Այդ օրից մի քանի շաբաթ անց Իլսֆորթ Տերրասում, մի համերգի ժամանակ նրանք հանդիպեցին երկրորդ անգամ եւ միստր Դաֆֆին օգտվելով առիթից, երբ աղջկա ուշադրությունը զբաղված էր, ավելի խորացրեց մտերմությունը։ Կինը մինչ այդ իր ամուսնու մասին մեկ֊երկու անգամ ակնարկել էր, բայց նրա տոնը սպառնալիքի երանգ չուներ։ Նրա անունը միսիս Սինիքո էր։ Ամուսնու ապուպապը Լեգհորնից էր։ Ամուսինը առևտրական նավի կապիտան էր եւ նավարկում էր Դուբլին֊Հոլանդիա երթուղով։ Ունեին մի երեխա։
Եվ երբ միստր Դաֆֆին պատահաբար հանդիպեց նրան երրորդ անգամ, ապա քաջություն ունեցավ ժամադրելու։ Նա եկավ։ Դա սկիզբ դրեց նրանց բազմաթիվ հանդիպումներին։ Հանդիպում էին մեծ մասամբ երեկոյան, նախընտրելով զբոսնել ամենախաղաղ թաղամասերում։ Բայց միստր Դաֆֆին, որը հակակրանք ուներ ամեն տեսակ գաղտնի արարքների նկատմամբ եւ մտածելով, թե հանդիպումները գաղտնի են, ստիպեց միսիս Սինիքոյին, որ իրեն տուն հրավիրի։ Կապիտան Սինիքոն քաջալերեց նրա այցելությունները, մտածելով, որ վերջինս նպատակ ունի խնդրելու աղջկա ձեռքը։ Նա կնոջն այնքան անկեղծորեն էր ազատել իր սեփական զվարճությունների ցուցակից, որ չէր կարծում, թե կգտնվի նրանով հետաքրքրվող որևէ մեկը։ Եվ քանի որ կապիտանը հաճախ էր բացակայում տնից, իսկ աղջիկը երաժշտության դասեր էր տալիս, միստր Դաֆֆին հնարավորություն ունեցավ մտերմանալ կնոջ հետ։ Մինչ այդ երկուսն էլ նման արկած չէին ունեցել, բայց այդ մտերմությունը նրանց չէր կաշկանդում։ Քայլ առ քայլ միստր Դաֆիի մտքերն ու հոգեկան աշխարհը համակեցին կնոջը։ Նա կնոջը գրքեր էր տալիս, կիսում իր հոգեկան կյանքը նրա հետ։
Միսիս Սինիքոն կլանում էր նրա ամեն մի խոսքը և երբեմն ինքն էլ, ի պատասխան միստր Դաֆիի գաղափարների, պատմում էր իր կյանքից որևէ դեպք, համարյա մայրական հոգատարությամբ ստիպելով նրան լրիվ բացահայտել իր թաքնված էությունը։ Նա դարձավ միստր Դաֆիի խոստովանահայրը։ Վերջինս պատմեց, թե ինչպես է ինքը տարիներ առաջ մասնակցել իռլանդական սոցիալիստական կուսակցության հավաքույթներին, որոնք տեղի էին ունենում նավթի աղոտ լույսով լուսավորված ձեղնահարկում։ Մի քանի տասնյակ պատկառելի բանվորների մեջ նա իրեն զգում էր որպես մի օտարական։ Երբ կուսակցությունը պառակտվեց երեք մասի՝ յուրաքանչյուրն իր սեփական առաջնորդով և ձեղնահարկով, նա դադարեց հավաքույթներին հաճախել։ Գտավ, որ բանվորների բանավեճերը անչափ վեհերոտ են, իսկ հետաքրքրությունն աշխատավարձի նկատմամբ՝ շատ անզուսպ։ Նա զգաց, որ այդ խոժոռադեմ ռեալիստները արհամարհում են ճշգրտությունը, այն համարելով անհասանելի ճոխություն։
— Ոչ մի սոցիալական հեղաշրջում,— ասաց միստր Դաֆֆին,— մի քանի դար Դուբլինին դեռ չի դիպչի։
Միսիս Սինիքոն խորհուրդ տվեց գրի առնել այդ մտքերը։ «Հանուն ինչի՞,— հարցրեց միստր Դաֆֆին շինծու արհամարհանքով,— մրցել դարձվածաբանների հետ, որոնք անկարող են վաթսուն վայրկյան հետևողականորեն մտածել և հնազանդվել բթամիտ միջին խավի քննադատությա՞նը, որ իր բարոյախոսությունը վստահել է ոստիկաններին, իսկ արվեստը՝ անտրպրենյորներին։
Նա հաճախ էր այցելում տիկին Սինիքոյի կոտեջը, որ գտնվում էր քաղաքից դուրս, և հաճախ երեկոները նրանք անց էին կացնում երկուսով։ Եվ որքան նրանք հոգեպես մտերմանում էին, այնքան ավելի անձնական հարցեր էին շոշափում։ Միսիս Սինիքոյի ընկերակցությունը նման էր արևադարձային պարարտ հողի։ Նա հաճախ էր նստում միստր Դաֆֆիի հետ մինչեւ խոր գիշեր և դիտավորությամբ լամպը չէր վառում։ Մութ ու համեստ կահավորված սենյակը, առանձնության զգացումը, դեռ երկար ժամանակ ականջներում թրթռացող երաժշտությունը, միավորում էր նրանց։ Այս միասնությունը վսեմացնում էր միստր Դաֆֆիին, մաշում նրա բնավորության կոշտ անկյունները, հարստացնում նրա հոգեւոր կյանքը։ Երբեմն նա լսում էր իր սեփական ձայնը։ Կնոջ համար ինքը երեւի վաղուց հրեշտակային կերպարանք էր ստացել։ Եվ որքան նա մոտեցնում էր միսիս Սինիքոյի բռնկուն էությունը իրեն, այնքան այդ ձայնը դառնում էր ավելի անդեմ։ Միաժամանակ դա իր ձայնն էր, որ համառորեն պնդում էր հոգու անբուժելի մենության մասին։ Ձայնն ասում էր, մենք անկարող ենք հանձնվել որևէ մեկին, մենք միայն մեզ ենք պատկանում։ Այս զրույցների վերջը եղավ այն, որ մի երեկո, որի ընթացքում միսիս Սինիքոն ցույց էր տվել արտասովոր հուզմունքի բոլոր նշանները, հանկարծ կրքոտորեն բռնեց միստր Դաֆֆիի ձեռքը և սեղմեց այտին։
Միստր Դաֆֆին անչափ զարմացավ։ Իր խոսքերի նման մեկնաբանումը նրան հիասթափեցրեց։ Մոտ մեկ շաբաթ չայցելեց նրան, հետո գրեց և խնդրեց հանդիպել։ Նրանք հանդիպեցին Փարկգեյթի մոտ գտնվող քաղցրավենիքի փոքրիկ խանութում, որովհետև միստր Դաֆֆին չէր ցանկանում, որ ավերված խոստովանատեղը ազդի վերջին հանդիպման վրւս։ Չնայած ցուրտ աշնանային եղանակին, նրանք մոտ երեք ժամ թափառեցին պուրակի ծառուղիներում։ Որոշեցին խզել իրենց հարաբերությունները։ Միստր Դաֆֆին ասաց, որ ամեն մի կապ նաև կապ է վշտի հետ։ Պուրակից դուրս գալով նրանք լուռ քայլեցին դեպի տրամվայի կանգառը, բայց միսիս Սինիքոն հանկարծ սկսեց այնպես ուժգին դողալ, որ մի նոր պատահարից վախենալով, միստր Դաֆֆին շտապ հրաժեշտ տվեց ու հեռացավ։ Իսկ մի քանի օր անց նա փոստով ստացավ նոտատետրերն ու գրքերը։
Անցավ չորս տարի։ Միստր Դաֆֆին նորից վերադարձել էր իր միապաղաղ կյանքին։ Նրա սենյակը դեռ շարունակում էր վկայել նրա կարգապահ բնավորության մասին։ Հյուրասենյակի նոտաների դարակը ծանրաբեռնված էր նոր նոտատետրերով, իսկ գրադարակին հայտնվել էին Նիցշեի երկու հատորները․ «Այդպես խոսեց Զրադաշտը» և «Ուրախ գիտությունը»։ Նա հազվադեպ էր գրում գրակալին դրված թղթերի վրա։ Նրա նախադասություններից մեկը, որը գրված էր միսիս Սինիքոյի հետ ունեցած վերջին հանդիպումից երկու ամիս անց, այսպիսին էր․ «Սերը տղամարդկանց միջև անհնար է, որովհետև սեռական կյանքը անթույլատրելի է, իսկ ընկերությունը կնոջ եւ տղամարդու միջև անհնար է հենց սեռական կյանքի առկայության պատճառով»։ Նա այլևս համերգների չէր հաճախում, վախենալով հանդիպել միսիս Սինիքոյին։ Մահացավ հայրը, թոշակի անցավ կրտսեր գործընկերը։ Բայց ինչպես միշտ, նա ամեն առավոտ քաղաք էր գնում տրամվայով և ոտքով տուն վերադառնում, նախապես ճաշելով Ջորջի սթրիթում, որտեղ դեսերտի ժամանակ աչքի էր անցկացնում երեկոյան թերթերը։
Մի երեկո, ռեստորանում, երբ պատրաստվում էր ապխտած միսն ու կաղամբը բերանը տանել, ձեռքը կանգ առավ։ Հայացքը քարացավ երեկոյան թերթի մի փոքրիկ հոդվածի վրա։ Նա թերթը հենեց ջրամանին, հարթեց, նորից իր տեղը դրեց մսի կտորը, հետո մի բաժակ ջուր խմեց, մի կողմ հրեց ափսեն, թերթը ծալեց մեջտեղից և արմունկները հենելով, կարդաց նորից ու նորից։ Ափսեի մեջ կաղամբի վրա հայտնվեց սառչող յուղի սպիտակ շերտը։ Մոտեցավ մատուցողը և հետաքրքրվեց՝ արդյո՞ք ճաշից գոհ է։ Միստր Դաֆֆին պատասխանեց, որ ճաշը համեղ էր և դժվարությամբ ևս մի քանի կտոր կուլ տվեց։ Հետո վճարեց ու դուրս եկավ։
Նա արագ քայլեց նոյեմբերյան ցուրտ մայրամուտի մեջ։ Դեղնավուն «Փոստի» եզրը դուրս էր ցցվել նեղ վերարկուի դրսի գրպանից, իսկ ընկույզե ամուր ձեռնափայտը միալար թխկթխկացնում էր սալահատակին։ Փարկգեյթից դեպի Չափելիզոդ տանող ամայի ճանապարհին նա դանդաղեցրեց քայլերը։ Նրա ձեռնափայտը այլևս այնքան բարձրաձայն չէր թխթխկում մայթերին և նրա անկանոն շնչառությունը, որը համարյա հոգոց էր դարձել, սեղմվեց ձմեռային օդից։ Տուն հասնելուն պես նա ննջարան բարձրացավ և թերթը գրպանից հանելով, պատուհանի մարող լույսի տակ կարդաց նորից ու նորից։ Կարդում էր ցածրաձայն, «secreto» աղոթք կարդացող քահանայի պես, շարժելով միայն շուրթերը։ Ահա թե ինչ էր գրված հոդվածում․
Կնոջ մահը Սիդնեյ Փարեյդ կայարանում
Դժբախտ պատահար
«Այսօր, Դուբլինի քաղաքային հիվանդանոցում դատական բժիշկը (մր․ Լևերեթի բացակայության ժամանակ) զննեց քառասուներեքամյա միս․ Էմիլիա Սինիքոյի դիակը։ Կինը մահացավ երեկ՝ Սիդնեյ Փարեյդ կայարանում։ Ցուցմունքներից պարզվեց, որ միսիս Սինիքոյին հարվածել էր Քինգսթաունից եկող ժամը տասի դանդաղընթաց գնացքը, երբ նա փորձում էր անցնել երկաթգիծը։ Հարվածից ծանր վնասվածքներ էին ստացել գլուխը եւ կողը, որի հետևանքով կինը մահացավ։
Մեքենավար Ջեյմս Լեոնը ցուցմունք տվեց, որ ծառայում է երկաթգծային ընկերությունում մոտ տասնհինգ տարի։ Հսկիչի սուլոցից հետո նա շարժման մեջ դրեց գնացքը, իսկ մի քանի րոպե անց, աղմուկ֊աղաղակ լսելով, կանգնեցրեց։ Գնացքը շարժվում էր դանդաղ ընթացքով։ Կայարանի բեռնակիր Փ․ Դենը ցուցմունք տվեց, որ շոգեմեքենան շարժվելուն պես ինքը նկատեց երկաթգիծը անցնել փորձող մի կնոջ։ Բարձր գոչելով վազեց նրա կողմը, բայց մինչև հասնելը, կինը բախվեց մեքենայի բուֆերին և վայր ընկավ։
Երդվյալ ատենակալ — Դուք տեսա՞ք, թե նա ինչպես ընկավ։ Վկա — Այո, ես տեսա։
Ոստիկանության սերժանտ Քրոլին ցուցմունք տվեց, որ երբ ժամանեց դեպքի վայրը, հանգուցյալին գտավ կառամատույցի վրա պառկած, հավանաբար արդեն մահացած։ Մինչև «շտապ օգնության» գալը նա հրամայեց մարմինը տեղափոխել սպասասրահ։
Համար 57 ոստիկանը հաստատեց այդ ամենը։
Դուբլինի քաղաքային հիվանդանոցի վիրաբույժի տեղակալ դոկտոր Հալվինը ցուցմունք տվեց, որ հանգուցյալի երկու կողոսկրերը ջարդվել էին, իսկ աջ ուսը՝ ծանր վնասվել։ Վայր ընկնելուց վնասվել էր գլխի աջ կողմը։ Վնասվածքները այնքան էլ ծանր չէին, որ առողջ մարդուն մահ պատճառեին։ Նրա կարծիքով մահը վրա էր հասել ցնցումից և սրտի աշխատանքի հանկարծակի դադարից։
Միստր Պետերսոն Ֆինլեյը, Երկաթուղայինների ընկերության անունից ցավակցություն հայտնեց դժբախտ դեպքի առթիվ։ Ընկերությունը միշտ էլ ձեռք է առել բոլոր միջոցները, որպեսզի անցորդները երկաթգիծն անցնեն միայն կամրջակներով և այդ նպատակով ամեն մի կայարանում կախել է ցուցասլաքներ, ինչպես նաև յուրաքանչյուր անցման կետում տեղադրել ավտոմատ արգելափակոցներ։ Հանգուցյալը սովորություն ուներ ուշ երեկոյան մի կառամատույցից մյուսը գնալու համար կտրել֊անցևել երկաթգիծը։ Հաշվի առնելով դեպքի որոշ հանգամանքները, ինքը գտնում է, որ երկաթգծի աշխատողները մեղավոր չեն։
Հանգուցյալի ամուսինը՝ կապիտան Սինիքոն, Լեովիլի Սիդնեյ Փարեյդ փողոցից, նույնպես ցուցմունքներ տվեց, և ասաց, որ հանգուցյալը իր կինն էր։ Ինքը ժամանել էր Ռոտերդամից այս առավոտ և պատահարի ժամանակ Դուբլինից բացակայում էր։ Արդեն քսաներկու տարվա ամուսիններ էին և ամուսնական կյանքը ապրում էին երջանիկ, մինչև վերջին երկու տարիները, երբ կինը սկսեց խմելու հարցում անզսպության նշաններ ցույց տալ։
Միսս Մերի Սինիքոն հայտնեց, որ մայրը վերջին ժամանակներս սովորություն ուներ ոգելից խմիչքներ գնել գիշերները։ Նա՝ ցուցմունք տվողը, հաճախ էր փորձել ետ պահել մորը այդ սովորույթից, խորհուրդ տալով ընդունվել չխմողների միություն։ Նա այդ երեկո տուն էր վերադարձել պատահարից միայն մեկ ժամ հետո։
Երդվյալ ատենակալների դատարանը իր որոշումը կայացրեց, ելնելով բժշկական քննության տված եզրակացությունից և ազատեց Լենոնին բոլոր մեղադրանքներից։ Հետաքննիչն ասաց, որ պատահածը անչափ ցավալի դեպք է և խոր ցավակցություն հայտնեց կապիտան Սինիքոյին ու նրա աղջկան։ Նա երկաթուղային ընկերությունից պահանջեց խիստ միջոցներ ձեռնարկել, կանխելու նմանօրինակ պատահարները ապագայում։ Ոչ մեկի դեմ գործ չհարուցվեց։
Միստր Դաֆֆին հայացքը հեռացրեց թերթից և նայեց պատուհանից դուրս, մայրամուտի մռայլ լանդշաֆտին։ Գետը դանդաղ հոսում էր լքված օղեգործարանի մոտով եւ տեղ֊տեղ, Լուենի ճանապարհի վրա գտնվող տներում լույսեր էին վառվում։ Ինչպիսի վախճան։ Նրա մահվան ողջ պատմությունը վրդովեց իրեն և առավել ևս այն, որ նա այդ կնոջն է հաղորդել այն ամենը, ինչ սուրբ է եղել իր համար։ Ցավակցության մաշված, դատարկ դարձվածքները, թղթակցի նախազգուշացնող խոսքերը, որի նպատակն էր քողարկել այդ առօրյա և գռեհիկ մահը, սրտխառնություն առաջացրին նրա մոտ։ Այդ կինը ոչ միայն ինքն էր ստորացել, այլ ստորացրել էր նաեւ իրեն՝ Դաֆֆիին։ Նա տեսավ նրա արատի կործանարար ուղին՝ թշվառ և գարշահոտ։ Ահա թե ով էր իր հոգու ուղեկիցը։ Հիշեց այն օրորվող դժբախտներին, որոնք գավաթներով ու դատարկ շշերով սպասում են, որ բարմենը լցնի դրանք։ Աստվա՛ծ իմ, ինչպիսի վախճան։ Նա պարզապես մեկն էր նրանցից, որոնք անընդունակ են ապրելու, անկամք են, սովորության այն հեշտ զոհերից մեկը, որոնց ոսկորների վրւս կառուցվել է քաղաքակրթությունը։ Բայց մտածել, որ նա կարող է այդպիսի անկո՞ւմ ապրել։ Իսկ հնարավո՞ր բան էր, որ ինքը այդ աստիճան ինքնահարված էր եւ չճանաչեց նրան։ Նա նորից հիշեց այն միակ երեկոն, նրա անզուսպ պոռթկումը, եւ այն դատապարտեց դաժանորեն։ Նա այժմ հեշտությամբ արդարացնում էր այդ դեպքից հետո ձեռք առած միջոցները։
Մութն ընկնելուն պես, նրա երևակայությունն ավելի բորբոքվեց և, նրան թւիսց, թե զգում է կնոջ ձեռքի հպումը։ Ցնցումը, որը սկզբում սրտխառնություն էր առաջացրել, այժմ անցավ նյարդերին։ Նա շտապ հագավ վերարկուն, դրեց գլխարկը և դուրս եկավ։ Նախամուտքում սառը օդը խփեց դեմքին, թափանցեց վերարկուի թևքերի մեջ։ Հասնելով Չափելիզոդ Բրիջի վրա գտնվող պանդոկը, ներս մտավ և պահանջեց տաք փունջ։
Պանդոկապանը հաճոյակամ մատուցեց այն, բայց չհամարձակվեց խոսք բացել։ Պանդոկում նաև հինգ֊վեց բանվորներ կային, որոնք վիճում էին Քիլդեր շրջանի ինչ֊որ կալվածքի արժեքի մասին։ Նրանք խմում էին իրենց մեծ գավաթներից ընդհատումներով և ծխում, հաճախ թքելով հենց հատակին։ Նրանցից ոմանք իրենց ծանր կոշիկներով փայտե թեփը հավաքելով, բերում֊լցնում էին թքի վրա։ Միստր Դաֆֆին աթոռին նստած նրանց էր նայում, բայց ոչ տեսնում էր, ոչ էլ լսում։ Քիչ հետո, բանվորները դուրս եկան։ Նա պահանջեց ևս մի բաժակ փունջ և երկար ժամանակ լուռ մնաց։ Պանդոկում շատ խաղաղ էր։ Պանդոկապանը հենվել էր մատուցասեղանին և հորանջելով, կարդում էր «Հերալդը»։ Երբեմն լսվում էր ամայի փողոցով սլացող տրամվայի զնգոցը։
Եվ պանդոկում նստած նա նորից վերապրում էր իրենց համատեղ կյանքը ու փոխ առ փոխ կյանքի կոչում միսիս Սինիքոյի այն երկու պատկերները որոնք հիմա մարմնավորում էին իր համար։ Նոր միայն զգաց, որ այդ կինը մահացել է, չկա, և հարատևում է միայն որպես հուշ։ Նրա հիվանդագին վիճակը ավելի ծանրացավ։ Նա հարցրեց ինքն իրեն, ուրիշ էլ ի՞նչ կարող էր անել այդ կնոջ համար։ Ո՛չ, նա անկարող էր խաբեության կատակերգություն խաղալ, չէր կարող բացեիբաց ապրել նրա հետ։ Ուրեմն վարվեց լավագույն ձևով։ Ինչո՞ւմ է իր մեղքը։ Այժմ, երբ նա մահացել էր, նոր միայն հասկացավ, թե որքան միայնակ է եղել այդ կինը կյանքում, ամեն գիշեր մենակ մնալով այն սենյակում։ Այո, իր կյանքը նույնպես կլինի միայնակ, մինչև որ ինքն էլ կմահանա, կդադարի գոյություն ունենալ, կդառնա միայն հուշ, եթե իհարկե գտնվի մեկը, որ հիշի իրեն։
Ժամը ինն անց էր, երբ պանդոկից դուրս եկավ։ Ցուրտ ու մռայլ գիշեր էր։ Նա պուրակ մտավ առաջին իսկ պատահած դարպասից և քայլեց վտիտ ծառերի ներքո։ Քայլում էր այն նույն սառը ծառուղիներով, ուր չորս տարի առաջ նրանք քայլել էին միասին։ Նրան թվաց, թե մթության մեջ նա իր կողքին է, բռնում է իր ձեռքը և երբեմն ականջներին է հասնում նրա ձայնը։ Նա կանգ առավ ու ականջ դրեց։ Ինչո՞ւ նա խլեց նրա կյանքը, ինչո՞ւ նրան դատապարտեց մահվան։ Նա սգաց, որ իր բարոյական հիմքերը փշրվում են։
Հասնելով Մագազին Հիլի գագաթին, կանգ առավ և նայեց գետի երկայնքով սփռված Դուբլինի լույսերին, որոնք ջերմ ու հյուրընկալորեն փայլփլում էին ցուրտ գիշերվա խորքում։ Նա զառիվայրից ցած նայեց եւ ներքևում, պուրակի պատի ստվերի տակ տեսավ մարդկային պառկած կերպարանքներ։ Այդ ծախու և գողունի սերը նրան հուսահատեցրեց։ Նա անիծեց իրեն ժուժկալության համար, զգալով, որ կյանքի խնջույքում միայն վտարանդի է եղել։
Մի մարդկային էակ ցանկացավ նրան սիրել, բայց նա մերժեց նրա կյանքն ու երջանկությունը, դատապարտեց խայտառակության, ամոթալի մահվան։
Նա զգաց, որ ցածում պառկած կերպարանքները նկատել են իրեն և ցանկանում են, որ ինքը հեռանա։ Նա ոչ ոքի պետք չէր՝ մի վտարանդի էր կյանքի խնջույքից արտաքսված։ Կանգ առավ, հայացքով հետևեց գետի գորշ, փայլփլող ընթացքին, որ դանդաղ գալարվում էր դեպի Դուբլին։ Գետից այն կողմ, Քինգսբրիջ կայարանից դուրս սողաց մի ապրանքատար գնացք, ասես հրե գլխով մի ճիճու, համառ ու աշխատասեր, գալարվեց մթության մեջ։ Հետո գնացքը կորավ տեսողությունից։ Բայց նրա ականջներում դեռ հնչում էր շոգեմեքենայի քրտնաջան հևոցը, որ կրկնում էր հանգուցյալի անվան վանկերը։
Նա վերադարձավ իր եկած ճանապարհով, ականջներում զգալով շոգեմեքենայի համաչափ ռիթմը։ Նա սկսեց կասկածել այն ամենի իրական լինելուն, ինչը ասում էր իր հիշողությունը։ Հետո կանգ առավ մի ծառի տակ, և սպասեց այնքան, մինչև ռիթմը մարեց։ Մթության մեջ էլ չէր հիշում նրան, և ոչ էլ նրա ձայնն էր հնչում ականջներում։ Նա մի պահ ունկընդրեց, ոչինչ չէր լսվում, կատարյալ խաղաղ գիշեր էր։ Նորից լսեց՝ կատարյալ խաղաղ։ Զգաց, որ ինքը մենակ է։

Թարգմանությունը՝ Արտեմ Հարությունյան

Ջեյմս Ջոյս | Դժբախտ պատահար Ջեյմս Ջոյս | Դժբախտ պատահար Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on марта 18, 2020 Rating: 5
Технологии Blogger.