Ռուդոլֆ Էրիխ Ռասպե | Բարոն Մյունհաուզենի արկածները | Իմ հրաշալի ծառաները


Ինձ ազատող նավն ուղևորվեց դեպի Թուրքիայի մայրաքաղաքը։ Իտալացիները, որոնց մեջ գտնվում էի հիմա, միանգամից տեսան, որ ես նշանավոր մարդ եմ և առաջարկեցին մնալ նավում՝ իրենց հետ միասին։
Ես համաձայնեցի, և մի շաբաթից հետո թուրքական ափը հասանք։
Սուլթանն իմ գալու մասին տեղեկանալով, իհարկե, ինձ հրավիրեց։ Նա ինձ դիմավորեց իր պալատի շեմքին և ասաց.
Ես բախտավոր եմ, որ կարող եմ ողջունել ձեզ իմ հին մայրաքաղաքում։ Հույսով եմ, որ դուք ողջ և առողջ եք։ Ես ծանոթ եմ ձեր մեծագույն քաջագործություններին և կուզենայի հանձնարարել ձեզ մի դժվարին գործ, որը, բացի ձեզանից, ուրիշ ոչ ոք կատարել չի կարող, որովհետև դուք աշխարհիս ամենախելոք և ամենահնարամիտ մարդն եք։ Կարո՞ղ եք հենց այս րոպեիս ճանապարհվել Եգիպտոս։
Ուրախությամբ,– պատասխանեցի։Ես այնքան սիրում եմ ճանապարհորդությունը, որ պատրաստ եմ, թեկուզ այս րոպեիս, աշխարհի ծայրն էլ գնալու։
Իմ պատասխանը սուլթանին շատ դուր եկավ, և նա մի այնպիսի հանձնարարություն արեց, որ բոլորի համար գաղտնիք պետք է մնա։ Դրա համար էլ այդ մասին ես պատմել չեմ կարող։
Այո՛, այո՛, գիտենալով, որ ես աշխարհիս ամենահուսալի մարդն եմ, սուլթանն ինձ այդ գաղտնիքը հայտնեց։
Ես գլուխ տվի և իսկույն ճանապարհ ընկա։
Հենց որ մայրաքաղաքից մի քիչ հեռացանք, ինձ հանդիպեց մի փոքրիկ, նիհար մարդ, որը վազում էր արտասովոր արագությամբ։ Նրա յուրաքանչյուր ոտին մի ծանր կշռաքար էր կապված, բայց էլի նետի պես էր թռչում։
Էդ ո՞ւր,– հարցրի ես։Ինչո՞ւ եք ոտքերիդ քարեր կապել։ Չէ՞ որ այդ քարերը խանգարում են ձեզ վազելու։
Երեք րոպե առաջ ես Վիեննայում էի,― պատասխանեց մարդուկը,– իսկ այժմ գնում եմ Կոնսաանդնուպոլիս՝ որևէ աշխատանք փնտրելու։ Քարերն էլ կապել եմ, որ շատ արագ չվազեմ, որովհետև շտապելու կարիք չունեմ։
Այդ զարմանալի արագավազն ինձ դուր եկավ, և ես նրան ինձ մոտ ծառայության վերցրի։
Նա ուրախությամբ եկավ ինձ հետ։
Մյուս օրը ճանապարհին մի մարդ տեսանք, որը կողքի վրա պառկել էր և ականջը գետնին դրել։
Ի՞նչ ես անում այստեղ,– հարցրի ես։
Ականջ եմ դնում, թե ինչպես է աճում դաշտի խոտը,– պատասխանեց նա։
Եվ լսո՞ւմ ես։
Հիանալի։ Ինձ համար դա դատարկ բան է։
Այդ դեպքում, սիրելիս, ինձ մոտ ծառայության մտիր։ Քո զգայուն ականջները ճանապարհին ինձ պետք կգան։
Նա համաձայնեց, և մենք շարունակեցինք ճանապարհը։
Շուտով ես մի որսորդ տեսա, որի ձեռքին հրացան կար։
Լսիր,- ասացի նրան,– ո՞ւմ ես խփում, ոչ մի տեղ ոչ գազան է երևում, ոչ թռչուն։
Բեռլինի զանգակատան կտրին մի ծիտ էր նստած, ուղիղ աչքին խփեցի։
Դուք գիտեք, թե որսորդությունը ինչքան եմ սիրում։ Գրկեցի դիպուկ հրաձիգին և ինձ մոտ ծառայության հրավիրեցի։ Նա ուրախությամբ հետևեց ինձ։
Շատ երկրներ ու քաղաքներ անցնելով, մենք մոտեցանք մի մեծ անտառի։
Տեսանք ճանապարհի մոտ մի շատ երկարահասակ մարդ է կանգնած՝ ձեռքին պարան, որով ամբողջ անտառն օղակել է։
էդ ի՞նչ ես քաշում,– հարցրի նրան։
Հարկավոր էր փայտ կտրտել, բայց կացինս տանն է մնացել։ Ես էլ ուզում եմ առանց կացնի յոլա գնալ,– պատասխանեց նա։
Նա պարանը ձգեց, և հսկա կաղնիները բարակ խոտերի նման երկինք թռան ու գետնին ընկան։
Ես, իհարկե, փողս չխնայեցի և իսկույն այդ հսկային ծառա վերցրի։
Երբ Եգիպտոս հասանք, մի այնպիսի փոթորիկ բարձրացավ, որ մեր բոլոր կառքերն ու ձիերը գլուխկոնծի տալով սլանում էին ճանապարհով։
Հեռվում տեսանք յոթ հողմնաղաց, որոնց թևերը խելագարի նման պտտվում էին։ Իսկ բլրակի վրա մի մարդ կանգնած, ցուցամատով սեղմում էր ձախ քթածակը։

Մեզ տեսնելով, նա քաղաքավարությամբ գլխարկը հանեց, և փոթորիկը նույն վայրկյանին դադարեց։

Այստեղ ի՞նչ ես անում,– հարցրի նրան։
Ես պտտեցնում եմ իմ տիրոջ աղացները,– պատասխանեց նա,– և որպեսզի այդ աղացները չկոտրտվեն, ես միայն մի քթածակով եմ փչում։
«Այս մարդն ինձ պետք կգա»,– մտածեցի ես և առաջարկեցի գալ ինձ հետ։

 Հաջորդ գլուխները կարդա Այստեղ


Բարոն Մյունհաուզենի հեքիաթը համառոտ կարդա Այստեղ
Ռուդոլֆ Էրիխ Ռասպե | Բարոն Մյունհաուզենի արկածները | Իմ հրաշալի ծառաները  Ռուդոլֆ Էրիխ Ռասպե | Բարոն Մյունհաուզենի արկածները | Իմ հրաշալի ծառաները Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on марта 18, 2020 Rating: 5
Технологии Blogger.