Սերգեյ Դովլաթով | Բլյուզ Նաթելլայի համար

Սերգեյ Դովլաթով
Սերգեյ Դովլաթով
Վրաստանում ավելի լավ է։ Այնտեղ ամեն ինչ ուրիշ է։ Ավելի շատ փող, գինի ու հերոսություն։ Ժեստերն ավելի ազատ են, իսկ ձեռքը՝ դանակի կոթին ավելի մոտիկ։

Վրաստանի կանայք խիստ են, վախվորած, նրանց հետ կատակ չես անի: Բոլորը գիտեն՝ խիտ թարթիչների բարիկադներն անառիկ են։

Վրաստանում կլիմա չկա։ Կա միայն արև ու ստվեր։ Ամռանը ստվերներն ավելի քիչ են, ձմռանն՝ ավելի շատ, և վերջ։

Վրաստանում լավ է ավելի։ Ամեն ինչ այնտեղ ուրիշ է։

Ես ձեռքիս մեջ սեղմում եմ փետուրե ծայրով ժանգոտած գրիչը։ Ձեռքերս դողում են, սառցակալում վախից։ Գործիքը շատ կոշտ է։ Որտեղ նկարեմ դիմանկարդ։ Քո դիմանկարը՝ Բոկուչավա Նաթելլա։ Օ՜ Նաթելլա։ Դու  ուժեղ ու մորուքավոր տղամարդկանց խնջույքի գավաթ ես։ Դու աղբյուրի ջրի կում ես՝ ծեծկռտուքից հետո։ Դու անհայտ հեռուներից այստեղ հասած տխուր մոտիվ ես։ Դու տեղատարափ անձրև ես լեռների վրա։ Ու այն ծառն ես, որի տակ անձրևից փրկվեցինք։ Ու կայծակը, որ փշուր- փշուր արեց ծառը․․․ Դու պատանեկությունն ես փայլուն երկրի․․․

Ամեն առավոտ Նաթելլան իրարից բաժանում է Արագվիի ծանր ջրերը։ Ափին մնում են քարով սեղմված սարաֆանը, ժամացույցն ու ամառային կոշիկները։

Նաթելլան լողալով հեռանում է՝ ջրի տակ փոփոխականորեն սպիտակելով։ Ափին կամաց խշխշում են «իզաբել» խաղողի թփերը։ Իսկ այդ պահին թփերի ետևում կրքեր են շիկանում։ Արդեն երկար ժամանակ է՝ պպզած նստած է զոոտեխնիկ Արչիլ Փիրաձեն։

Մեկ ժամ առաջ Արչիլ Փիրաձեն դուրս եկավ տնից։

- Արչի՛լ,- հայտարարեց պառավ Կեկե Փիրաձեն,- սպասու՛մ եմ։ Անհանգստանում եմ երբ տանը չես։ Տե՛ս ՝ թքում եմ մուտքի տանիքին, մինչև չորանա պիտի վերադարձած լինես։

- Լավ,- ասաց Արչիլը։

Պառավը թքեց ու տուն մտավ։ Ու այդ ժամանակ որդին սկսեց գործել։ Սանդղամուտքից հանեց ժանգոտած զենքը։ Հետո լիցքավորեց ու ճամփա ընկավ դեպի ծովը։ Հիմա պպզած նստած սպասում է։ Արագվիի ջրերը վերջապես նորից միանում են։ Նաթելլան քայլում է ողորկ քարերի վրայով։

Տեսնե՞ս կա աշխարհում ավելի սիրուն տեսարան։ Ի՞նչ է զգում Արչիլ Փիրաձեն սա տեսնելիս։ Արչիլը, որ անգամ ձիու պատկերով գիպսե արձանից է ինքնամոռացության մեջ ընկնում։ Ու վերցնում է այդ պահին Արչիլ Փիրաձեն իր ժանգոտած զենքը։ Ավելի ու ավելի վերև է բարձրացնում, հետո սեղմում ձգանը։ Ծուխը դանդաղ տարրալուծվում է, ու թնդյունի ձայնը խլանում։

- Փիրաձե՛, էլի դու՞ք եք,- խստորեն հարցնում է Նաթելլան,- այդպես էլ գիտեի։ Ինչքա՞ն կարող է սա շարունակվել։ Ես արդեն ասել եմ, որ Ձեր կինը չեմ դառնալու։ Ինչու՞ եք անում դա։ Ինչու՞ եք ամեն օր կրակում իմ ուղղությամբ։ Մի անգամ արդեն տասնհինգ օր նստել եք բռնաբարության համար։ Ձեզ դա քի՞չ էր, Արչի՛լ Լուարսաբովիչ։

- Ես փոխվել եմ, Նաթե՛լլա։ Չե՞ս հավատում։ Ընդունվել եմ ինստիտուտ։ Ավելին՝ ես ուսանող եմ։

- Դրան դժվար է հավատալ։

- Տետրեր ու գրքեր ունեմ, «Քիմիա» անունով դասագիրք։ Ուզու՞մ ես տեսնել։

- Կաշա՞ռք եք տվել ինչ-որ մեկին:

- Պատկերացրու՝ չէ։ Անվճար սովորող հեռակա ուսանող եմ։

- Ուրախ եմ Ձեզ համար։

- Դե ուրեմն վերադարձի՛ր, Նաթե՛լլա։ Դու ամեն ինչ կունենաս՝ պատեֆոն, սառնարան, կով։ Մենք կճանապարհորդենք։

- Ինչո՞վ։

- Կարուսելով։

- Ձեր հանդեպ ողջ համակրանքով հանդերձ՝ չեմ կարող։

- Ես փոխվել եմ,- բղավեց Փիրաձեն,- սովորում եմ, հետո էլ՝ հաջողությունները տեղատարափի պես թափվում են գլխիս։

- Չեմ կարող։ Ցավոք սրտի, Լենինգրադում ինձ սպասում է ասպիրանտ Ռաբինովիչ Գրիգորին, խոսք եմ տվել նրան։

Ես էլ ասպիրանտ կդառնամ, շատ գրքեր կկարդամ, կարելի է ասել, որ մի գիրք արդեն կարդացել եմ։

- Անունն ի՞նչ է։

- Կոչվում է «վեպ»:

Էլ ուրիշ ոչ մի բա՞ն։

- Կոչվում է «Սերաֆիմովիչ»:

Անձամբ ինձ ավելի շատ պատկառանք է ներշնչում Տոլստոյը,- ասաց Նաթելլան:

- Կկարդամ նրա գրքերը։ Թող չանհանգստանա։

- Կամա՛ց,- ասաց Նաթելլան, - լսու՞մ եք։ Թփերի հետևից քնքուշ բառեր էին լսվում։

Դու ասացիր ինձ՝ «Չէ»

Ու ձների վրայով, ախ, ձների վրայով հեռացար

Անողոք էր պատասխանդ

Գիշերս տանջանքի մեջ, ախ, տանջանքի մեջ անցավ։

Ճանապարհով՝ ռազմավարային հրացանով, դանդաղ անցնում էր կինոմեխանիկ Գիգո Զանդուկելին։ Երեսունվեց տարի զենքը հողի տակ թաղված էր եղել։ Երկաթե կոթին ջահել ընձյուղներ էին աճել։ Փողից էլ գեորգին էր կախված։

Նաթելլային Փիրաձեի հետ տեսնելով՝ Գիգոն կանգ առավ, հրացանն արդեն դեպի առաջ էր պահում:

- Եկե՞լ եք՝ ինձ սպանեք, Գիգո Ռաֆաելովիչ,- հարցրեց Նաթելլան։

- Կա նման բան,- պատասխանեց Գիգոն։

- Բոլորը հա ինձ սպանելով են զբաղված։ Մեկ դուք, Արչի՛լ, մեկ դուք՝ Գիգո՛։ Մենակ Ռաբինովիչ Գրիգորին է խելոք իր դիսերտացիան գրում թանաքաձկների մասին։ Նա իսկական տղամարդ է։ Ես նրան խոսք եմ տվել․․․

Այստեղ միջամտեց Փիրաձեն.

- Ո՞վ է քեզ իրավունք տվել սպանել Բոկուչավա Նաթելլային, Գիգո՛։

- Քեզ ո՞վ է իրավունք տվել,- հարցրեց Զանդուկելին։ Միառժամանակ երկու կրակոց լսվեց։ Թնդյուն, ծուխ, արձագանք։ Հետո՝ Նաթելլայի տխուր ու կշտամբական ձայնը.

- Աղաչում եմ Ձեզ, մի կռվեք, ընկերներ եղե՛ք Արչի՛լ, Գիգո՛։

- Իսկապես- ասաց Փիրաձեն,- ու՞մ է պետք ավելորդ արյուն։ Ավելի լավ չի՞ մի շիշ հին, բարի գինուց խմենք։

- Երևի,- համաձայնեց Զանդուկելին։ Փիրաձեն գրպանից «փոքրիկ» շիշը հանեց։ Ատամներով պոկեց երկաթե կափարիչը։

- Լցնենք գավաթները։ Գլուխը իջացնելով՝ Փիրաձեն  հաճույքով խմեց։ Փոխանցեց շիշը Գիգոյին, սա էլ չստիպեց իրեն համոզել։

- Ափսոս հետը ուտելու բան չկա,- ասաց Արչիլը։

- Սոխ ունեմ,- ուրախացավ Զանդուկելին,- վերցրու։ Ապահովության համար էի վերցրել, եթե հանկարծ բռնեին։

- Առողջ լինես, Ռաբինովիչ Գրիգորի։

Երկու շաբաթը շատ արագ անցավ։ Արձակուրդն ավարտվեց։ Մեր արդյունաբերական քաղաքում տոթ է ու խոնավ։ Վաղը կենտրոնական կոնստրուկտորային բյուրոներից մեկում ինժեներ Բոկուչավան կկռանա կուլմանի[1] առաջ։ Նրա արևահարված ձեռքերով կհիանան երիտասարդ և ոչ երիտասարդ աշխատակիցները։

Նաթելլան քայլում էր կառամատույցի երկայնքով։ Վերջապես ետևում մնաց կառամատույցի կտկտոցը, ու կայարանային ծխի հոտը։ Մոռացվեցին պատուհանից այն կողմ վազող հողաթմբերը, մոռացվեցին մութ խրճիթներն ու գնացքի ետևից նայող ոտաբոբիկ երեխաները։

Աղջիկն անհետացավ ամբոխի մեջ, իսկ ես համառորեն գնում էի նրա հետևից։ Համառորեն գնում էի, թեև վաղուց արդեն կորցրել էի Բոկուչավա Նաթելլային տեսադաշտիցս։ Ես շարունակում էի գնալ, քանզի պատկանում եմ տղամարդկանաց հզոր համայնքին։ Ես գիտեմ, որ կոպիտ, կույր, փնթի, հաշվենկատ, կասկածամիտ, գեր, ցինիկ, գնալու եմ մինչև վերջ։ Ես հպարտանում եմ քեզ հայացքով ուղեկցելու իմ անքակտելի իրավունքով, իսկ քո ժպիտը հաջողություն եմ համարում։

Թարգմանությունը՝  Հասմիկ Հովհաննիսյան

Տես նաև Սերգեյ Դովլաթով Պատմվածքներ

Սերգեյ Դովլաթով | Բլյուզ Նաթելլայի համար Սերգեյ Դովլաթով | Բլյուզ Նաթելլայի համար Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on декабря 16, 2020 Rating: 5
Технологии Blogger.