Չարլզ Դիքենս | Սուրբծննդյան ճաշը

Չարլզ Դիքենս
Սուրբ Ծնո՜ւնդ: Մարդ որքան մարդատյաց պետք է լինի, որ իր սրտում չզգա այն ուրախ խնդությունը, այն հաճելի զգացմունքները, որոնք այս տոնն է արթնացնում մեր մեջ: Անշուշտ կլինեն մարդիկ, որ կասեն, թե Սուրբ Ծնունդն առաջվանը չէ այլևս, որ ամեն մի անցնող Սուրբ Ծնունդ իր հետ հերթական հույսն է սպանում, հոդս է ցնդեցնում անցյալ տարվա նվիրական երազանքները, և որ ներկան անցյալի դառը հիշողությունները շեշտելու համար է միայն. կեղծ ընկերների հետ խնջույքներ կազմակերպելը, սառը հայացքները, որ հիմա հաճախ են մեզ «որսում» փորձության ու նեղության պահերին: Երբեք տեղի մի՛ տուր մռայլ հիշողություններին: Թերևս քիչ են այն մարդիկ, որոնք, բավականին երկար ապրելով, չեն կարող մտաբերել այդպիսի և ոչ մի հիշողություն: Դե ուրեմն երեք հարյուր վաթսունհինգ օրերից ամենաուրախը մի՛ վատնիր ցավագին հուշերի վրա, փոխարենը աթոռդ մոտեցրո՛ւ բոցավառվող բուխարուն, լցրո՛ւ բաժակդ ու զա՛րկ տուր երգին սեղանի շուրջ, և եթե սենյակդ ավելի նեղ է, քան տասը տարի առաջ էր, կամ բաժակդ պսպղան գինու փոխարեն ծխացող պունշով է լցված, հոգ չէ, ժպիտո՛վ ընդունիր այդ, դատարկիր բաժակդ, լցրո՛ւ նորն ու փա՛ռք տուր Աստծուն ունեցածիդ համար: Նայի՜ր մանուկներիդ խնդուն դեմքներին. բուխարու շուրջն են հավաքվել: Գուցե փոքրիկ մի տեղ դատարկ է մնացել, գուցե փոքրիկ մի կերպարանք, որ հոր սիրտը խնդությամբ էր լցնում ու մոր կյանքի իմաստն էր, չկա այլևս: Այդուհանդերձ, մի՛ ապրիր անցյալով, փորձի՛ր մոռանալ, որ ընդամենը մի տարի առաջ այդ չքնաղ մանուկը, որ արդեն հող է դարձել, նստած էր քո դիմաց իր առողջ ու կայտառ թուշիկներով և մանկան անմեղ ու շողշողուն աչուկներով նայում էր վրադ: Կենտրոնացի՛ր ներկայիս օրհնություններիդ վրա, որոնցից, անշուշտ, բոլորն էլ ունեն, և ո՛չ թե հիշիր անցյալիդ անհաջողությունները, որոնցից, էլի, բոլորն էլ ունեցել են: Լցրո՛ւ բաժակդ նորից` պայծառ դեմքով ու գոհունակությամբ: Մաղթում եմ քեզ ուրախ Սուրբ Ծնունդ ու Նոր տարի:

Ո՞վ կարող է անմասն մնալ այն հաճելի զգացողությունից, անկեղծ սիրո այն դրսևորումներից, որ տարվա այս եղանակն է մեզ հրամցնում: Սուրբծննդյան ընտանեկան խնջո՜ւյք: Սրանից ավելի չքնաղ բան հայտնի չէ մեզ: Սուրբ Ծնո՜ւնդ: Այս բառն ինքնին կախարդական է: Բոլոր աննշան տարաձայնություններն ու կռիվները այլևս ետևում են մնացել։ Հոգեթով զգացմունքները մի յուրահատուկ սաստկությամբ են ծլարձակել այն մարդկանց սրտերում, որոնց սրտերը նախկինում կույր էին նման զգացմունքների համար։ Հայր ու որդի, եղբայր ու քույր, որ վերջին անգամ խորը կսկիծով են միմյանցից բաժանվել ու ամիսներ շարունակ բավարարվում են լոկ սառը ողջույնով, իրենց ներկայի անսահման խնդությամբ թաղում են անցյալի այդ վհատությունները: Սիրող սրտերը, որ թախանձագին կարոտել են միմյանց և չնայած որ հպարտության ու արժանապատվության սուտ քողի տակ ստիպված են եղել հեռու ապրել միմյանցից, նորեն միասին են հիմա, ամենուր բարություն է և ողորմածություն: Երանի՜ Սուրբ Ծնունդն իր մեջ ներառեր տարվա մնացած բոլոր օրերը, և թո՛ղ որ նախապաշարմունքներն ու կրքերը, որ փչացնում են մեր բնությունը, երբեք սև ամպ չդառնան գոնե ա՛յն մարդկանց գլխներին, որոնց սրտին այդ արատավոր զգացմունքները միշտ խորթ են եղել:

Սուրբծննդյան ընտանեկան խնջույքը՝ որ ասում եմ, մեկ կամ երկու շաբաթվա պատմություն ունեցող հարաբերությունների միակցություն չէ, որ տարեսկզբին է ի հայտ եկել և որին երբևէ ծանոթ չի եղել ու չի էլ լինի ընտանիքի գաղափարը: Ո՜չ: Սա ընտանիքի բոլոր անդամներից բաղկացած ամենամյա հավաքույթ է, և բնավ էլ կարևոր չէ՝ ծեր է տան անդամը, թե մանուկ, հարուստ է, թե աղքատ. բոլոր երեխաներն անհամբերությամբ սպասում են այս տոնին դրանից առնվազն մի երկու ամիս առաջ` սպասումի մոլուցքով տարված: Առաջ այս տոնը պապիկի տանն էր նշվում, սակայն երբ պապիկն էլ, տատիկն էլ ծերացան ու անպաշտպան դարձան, գնացին հորեղաբայր Ջորջի հետ ապրելու, ուստի խնջույքն այսուհետ հորեղբայր Ջորջի տանն է անցկացվում: Տատիկն, անշուշտ, ջերմեռանդորեն մասնակցում է Սուրբծննդյան նախապատրաստություններին, պապիկն էլ հաստատ երերալով կգնա Նյուգեյթ շուկա` հնդկահավ գնելու,ապա մեկին կվարձի է, որ այն իր հետ տուն հասցնի, և նա հաղթանակած կվերադառնա, վերջում էլ միշտ կպնդի, որ այդ մարդն անպայման խմի հորեղբայր Ջորջի կենացն ու շնորհավորի նրա Սուրբ Ծնունդը և Ամանորը: Տատիկն այս տոնից մի երկու օր առաջ խորհրդավոր տրամադրությամ մեջ է ընկղմվում։ Պատճառն այն է, որ նա չի կամենում՝ բոլորն իմանան, որ յուրաքանչյուր սպասավորի համար վարդագույն ժապավենով գեղեցիկ գլխարկներ է գնել, նաև զանազան գրքեր, գրչահատեր ու գրչամաններ՝ երիտասարդ ազգականների համար: Նա նաև չի կամենում, որ հորեղբայր Ջորջի` խմորեղեն պատրաստողին տված պատվերների մեջ իր կողմից ավելացված հավելումների մասին իմանան, ինչպես օրինակ՝ քաղցրահամ կարկանդակների ևս մեկ տասնյակ` ճաշի համար, և չրերից պատրաստված վիթխարի մի տորթ էլ` երեխաների համար:
Սուրբ Ծնունդի նախօրեին տատիկը միշտ հիանալի տրամադրություն ունի, և բոլոր երեխաներին աշխատանքի դնելուց հետո (սալորի կտերն է հանել տալիս, կամ էլի նման գործեր) հորեղբայր Ջորջին ստիպում է խոհանոց` ներքև իջնել, հանել վերարկուն և մոտ մի կես ժամ խառնել փուդդինգը, իսկ հորեղբայր Ջորջը սիրով է անում նրա ասածն ու դրանով անսահման հիացմունք պատճառում երեխաներին, սպասավորներին: Ապա երեկոն եզրափակվում է «կույր մարդու հրումը» հայտնի խաղով, որի հենց սկզբից պապիկը ամեն ինչ անում է, որ իրեն բռնեն, որպեսզի իր ճարպկությունը ցուցադրելու հնարավորություն ունենա:
Հաջորդ առավոտ ծեր զույգը` գեղեցիկ հագնված, հետը վերցնում է այնքան թվով երեխաներ, որքան եկեղեցու նստարանին կտեղավորվեն, և շարժվում ուղիղ դեպի եկեղեցի` տանը թողնելով հորեղբայր Ջորջին ու նրա կնոջը. կինը գրաֆինների փոշին է վերցնում ու մեջը կտավատի ձեթ լցնում, իսկ հորեղբայր Ջորջը շշերը տանում է ճաշասենյակ, խցաններ վերցնում, ամբողջ մարմնով ընկնում դրանց վրա ու փակում:
Երբ եկեղեցուց վերադառնում են տուն՝ լանչի ժամին, պապիկը գրպանից մզամուրճի մի փոքրիկ ճյուղ է հանում ու տղաներին հորդորում, որ համբուրեն իրենց զարմիկներին այդ «բույսի տակից». գործընթաց, որ թե՛ ծեր ջենտլմենին, թե՛ մանուկներին անասելի հիացմունք է պատճառում, սակայն վիրավորում է տատիկի` վարվելակարգի մասին ունեցած պատկերացումները, մինչև այն պահը, երբ պապիկն ասում է, որ ընդամենը տասներեք տարեկան ու տասներեք ամսական հասակում ինքն էլ է համբուրել տատիկին մզամուրճի ճյուղի տակից: Այս խոսքի վրա երեխաները ծափ են տալիս ու լիաթոք ծիծաղում, հորեղբայր Ջորջն ու նրա կինը միանում են նրանց, տատիկն էլ գոհ-գոհ, ժպիտը դեմքին ասում է, որ պապիկը միշտ էլ անամոթի մեկն է եղել. երեխաները սրա վրա էլ են մի լավ ծիծաղում, իսկ պապիկը` բոլորից ավելի բարձր ու զիլ:
Այս բոլոր զվարճությունները պարզապես ոչինչ են այն հրճվանքի համեմատ, երբ հայտնվում է տատիկը` մետաքսյա մոխրագույն գիշերազգեստը հագին ու գլխին՝ մի մեծ գլխարկ, իսկ պապիկը` հագին գեղեցիկ ծալքերով վերնաշապիկ ու սպիտակ փողկապ, և նրանք միասին տեղավորվում են հյուրասենյակում` բուխարու մի անկյունում, ապա նրանց շուրջն են հավաքվում հորեղբայր Ջորջի երեխաներն ու անթիվ-անհամար զարմիկները, որոնք անհամբերությամբ սպասում են առաջին այցելուների ժամանմանը: Հանկարծ մի քառանիվ կառք է կանգ առնում, ու հորեղբայր Ջորջը, որ այդ պահին պատուհանից դուրս էր նայում, բացականչում է. «Ջե՜յնն է»: Այս խոսքի վրա երեխաները շտապում են դեպի դուռն ու խելագարի պես աստիճաններն ի վար վազում, ապա հորեղբայր Ռոբերտն ու նրա կինը` Ջեյնը, նրանց փոքրիկը և վերջինիս դայակը, նաև խնջույքի մյուս մասնակիցները, ուրախ ասել-խոսելով, բարձր տրամադրությամբ աստիճաններով վեր են բարձրանում։ Անդադար լսվում են երեխաների սրտագին բացականչությունները` «սի՜րտս», որին հետևում են մեծահասակների զգուշացումները` «երեխային չվնասե՛ք», հետո պապիկը փոքրիկին իր գիրկն է առնում, տատիկը համբուրում է մանկանը: Առաջին հանդիպման այս խառնաշփոթը դեռ չմարած` մեկ այլ խումբ է ժամանում` էլի մորաքույրներ, հորաքույրներ ու քեռիներ` իրենց զավակներով։ Տարիքով համեմատաբար մեծ զարմիկները կատակում են միմյանց հետ, ավելի փոքրերն էլ հետ չեն մնում, ու տանը տիրում են խառնիխուռն խոսք ու զրույցը, լիաթոք ծիծաղն ու հրճվանքը:
Երբ խոսակցությունը մի վայրկյանով դադարում է, մուտքի դռնից երկու անգամ կասկածելի թակոց է լսվում: Տեսնես ո՞վ է: Երկու կամ երեք երեխա, որ կանգնած են պատուհանի մոտ, ցածր ձայնով հայտարարում են «աղքատ մորաքույր Մարգարեթի գալուստը»: Հորեղբայր Ջորջն ընդառաջ է գնում` եկողներին ողջունելու, իսկ այ տատիկն այնքան էլ ուրախ չէ. խիստ ու պաշտոնական` վեր է կենում տեղից․ պատճառն այն է, որ Մարգարեթը, հակառակ իր համաձայնության, աղքատ մի մարդու հետ էր ամուսնացել, և ասես այդ աղքատությունը բավարար պատիժ չէր աղջկան, դեռ ընկերներն ու բարեկամներն էլ են երես թեքել նրանից: Բայց հիմա Սուրբ Ծնունդ է, և չքացել են բոլոր ոչ բարի զգացումները, նենգությունն ու մաղձն իրենց տեղն են զիջել վսեմին ու բարուն, իսկ իրենք հոդս են ցնդել Սուրբ Ծննդյան կենարար ու բեղմնավոր ազդեցության տակ` ճիշտ նորաստեղծ սառույցի պես, որ հալչում է վաղորդյան արևից:
Ծնողը կարող է կատաղության պահին պատժել անհնազանդ զավակին, բայց պարզապես անկարող է վտարել նրան ընդհանուր բարյացակամության ու զվարթության այս պահերին, խարույկի մոտ, որի շուրջ մեկ անգամ չէ, որ այդ զավակն իր տարեդարձն է տոնել`մանկությունից մինչև պատանեկություն, և հետզհետե, գրեթե աննկատելիորեն, վերածվել է մի կենսալից ու գեղեցկադեմ օրիորդի: Ճշմարտության գիտակցումի ու սառը ներողամտության ամպն է ծանրացել ծեր տանտիկնոջ կոկորդին և իր դրոշմը թողել ծեր մոր դեմքին։ Երբ քույրը ներս է ուղեկցում այս գունատ ու հուսալքված աղքատ աղջկան, իսկ նա գունատ ու հուսալքված է բնավ ոչ աղքատությունից, քանի որ սա տանելի է, այլ չընդունվելու ու արհամարվելու գիտակցումից (մինչդեռ բոլորովին արժանի չէր այդ վերաբերմունքին) և «չվաստակած» անբարյացակամությունից, մի րոպե լռություն է տիրում սենյակում, ապա աղջիկը հանկարծ դուրս է պրծնում քրոջ ձեռքից ու լացակումած մոր վզովն ընկնում: Հայրը փութալով առաջ է վազում և փեսայի ձեռքը բռնում: Շուրջբոլորն ընկերներն ուրախ բացականչություններ ու սրտանց շնորհավորանքներ են հնչեցնում. կրկին ուրախությունն ու ներդաշնակությունն են գերիշխում ամենուր:
Ինչ վերաբերում է ճաշին, այն արտակարգ է. ամեն ինչ իր հունով է ընթանում, յուրաքանչյուր ոք անհավանական բարձր տրամադրություն ունի`պատրաստ գոհացնելու ու գոհանալու: Պապիկն ամենայն մանրամասնորեն իր հաջողակ գնման` հնդկահավի մասին է պատմում` փոքր-ինչ հիշատակում նաև նախորդ Սուրբծննդյան օրերին գնված հնկահավերը, տատիկն էլ նույն մանրամասնությամբ հաստատում է ծեր ամուսնու պատմածը: Հորեղբայր Ջորջը հեքիաթներ է պատմում` ընթացքում թռչնի միս կտրելով, ապա մի բաժակ գինի է վերցնում ու կատակում կողքի սեղանին նստած երեխաների հետ, իսկ զարմիկներին, որ «սիրում են» կամ «սիրվում», աչքով անում, ամենքին զվարճացնում իր լավ հումորով ու հյուրընկալությամբ, և երբ, վերջապես, գիրուկ սպասավորը շորորալով ներս է մտնում`ձեռքին մի հսկա փուդդինգ` կենտրոնում փշարմավի մի ճյուղ, մի այնպիսի ծիծաղ է պայթում, մի այնպիսի գոռում-գոչյուն ու փոքրիկ փամփլիկ ձեռքերից եկող այնպիսի ծափահարություններ և չաղլիկ ոտքերի տպտպոցներ են լսվում, որոնք միայն կարելի է համեմատել ծափահարությունների հետ, որով նորեկները ամանորյա կարկանդակն ու դրա վրա լցվող շողշողուն բրենդին են դիմավորում: Հետո հաջորդում է անուշեղենը, ապա` գինին ու զվարճանքը: Այնքա՜ն գեղեցիկ խոսքեր, ու այնպիսի՜ երգեր հորաքույր Մարգարեթի ամուսնու կողմից. պարզվում է` լավ էլ մարդ է, այնքան էլ ուշադի՜ր է տատիկի հանդեպ… Նույնիսկ պապիկը աննախադեպ ոգևորվածությամբ երգում է, և ոչ թե միայն իր սովորական դարձած երգը, այլ երբ ամաենամյա ավանդույթի համաձայն բոլորը միաձայն խնդրում են մեկ անգամ էլ երգել (ինչը մեծ պատիվ է նրա համար), ծերուկը շատ ու շատ ուրիշ երգեր էլ է սկսում հնչեցնել, որոնք բացի տատիկից ոչ ոք երբևէ չի լսել: Հետո մի ստահակ զարմիկ, որ մինչ այդ տատիկի ու պապիկի հետ վատ հարաբերությունների մեջ է եղել իր գործած ինչ-որ ահավոր հանցանքների պատճառով (հրաժարվել է նույնիսկ զանգել նրանց ու շարունակ բուրտոնյան գարեջուր է խմել), երբևէ հանդիպած ամենազավեշտալի երգերը կատարելով` հաճելիորեն զարմացնում է բոլորին ու ստիպում ուշագնաց լինելու աստիճանի ծիծաղել: Այսպես է անցնում երեկոն` խելամիտ և պատճաշ բարյացակամության ու զվարթության հաճելի բեռն իր ուսերին առած, և այս մեկ օրվա ընթացքում խնջույքի մասնակիցներին մերձավորի հանդեպ ավելի գթասիրտ դարձնելու, այս հիասքանչ զգացումները ողջ գալիք տարվա ընթացքում անընդհատ վերապրելու համար արվում է ավելին, քան կարող են անել աշխարհիս երեսի բոլոր խրատները, որոնք գրվել են աշխարհի երեսին երբևէ ապրած սրբերի կողմից:

Աղբյուրը՝ granish.org

Չարլզ Դիքենս | Սուրբծննդյան ճաշը Չարլզ Դիքենս | Սուրբծննդյան ճաշը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on февраля 19, 2021 Rating: 5
Технологии Blogger.