Ալեքսանդր Միլն | Վիննի Թուխը և բոլորը-բոլորը | Գլուխ առաջին

Ալեսքսանդր Միլն
ԳԼՈԻԽ ԱՌԱՋԻՆ

Որտեղ մենք ծանոթանում ենք Վինի-Թուխի և մի քանի մեղուների հետ


Ահա և Վինի-Թուխը։

Ինչպես տեսնում եք, նա գլխիվայր իջնում է սանդուղքով իր բարեկամ Քրիստոֆեր Ռոբինի հետևից, սեփական ծոծրակով հաշվելով աստիճանները․ թը՛խկ֊թը՛խկ֊թը՛խկ։ Սանդուղքից իջնելու ուրիշ ձև նա առայժմ չգիտե։ Երբեմն նրան, իհարկե, թվում է, որ ինքը կգտներ ուրիշ ձև, եթե միայն կարողանար գոնե մեկ րոպե վերջ տալ թխկթխկացնելուն և ինչպես պետքն է կենտրոնանար։ Բայց ավաղ՝ հենց կենտրոնանալու համար է, որ նա ժամանակ չունի։

Բայց ինչ որ է, նա արդեն իջել է և կարող է ծանոթանալ ձեզ հետ։

― Վինի֊Թուխ։ Շատ հաճելի է։

Ձեզ, հավանաբար զարմացնում է արջուկի տարօրինակ անունը։ Բայց զարմանալու ոչինչ չկա։ Այդ անսովոր անունը արջուկին տվել է Քրիստոֆեր Ռոբինը։ Նա շատ էր սիրում կենդանաբանական այգու Վինի անունով արջին, և երբ այդ բարի ու խելոք արջն ինչ֊որ տեղ գնաց ու այլևս չվերադարձավ, Քրիստոֆեր Ռոբինը, նրա հիշատակը պահելու համար, այդպես կոչեց իր արջուկին։ Եվ քանի որ արջուկը թուխ գույն ուներ, ապա նրան անվանեց Վինի֊Թուխ։

Մի խոսքով, այժմ արջուկին անվանում են Վինի֊Թուխ, և դուք գիտեք թե ինչու։

Երեկոյան Վինի֊Թուխը սիրում է խաղալ, իսկ երբեմն էլ, հատկապես, երբ հայրիկը տանն է, նա շատ ավելի սիրում է սուսիկ֊փուսիկ նստել կրակի մոտ և որևէ հետաքրքիր հեքիաթ լսել։

Այդ երեկո…

— Հայրիկ հեքիաթ չես պատմելո՞ւ — հարցրեց Քրիստոֆեր Ռոբինը։

— Ի՞նչ հեքիաթ,— հարցրեց հայրիկը։

— Վինի֊Թուխի համար։ Նա շ՜ատ է խնդրում։

— Գուցե և պատմեմ,— ասաց հայրիկը։— Իսկ նա ինչպիսի՞ հեքիաթ է ուզում և ո՞ւմ մասին։

— Հետաքրքիր հեքիաթ և իր մասին, իհարկե։ Չէ՞ որ դու գիտես, թե նա ինչպիսի արջուկ է։

— Հասկանում եմ,— ասաց հայրիկը։

— Խնդրում եմ, հայրիկ, պատմի՛ր։

— Կփորձեմ, — ասաց հայրիկը։

Եվ նա փորձեց։

Վաղուց, շա՜տ վաղուց, կարծեմ անցյալ ուրբաթ, Վինի֊Թուխը մեն֊մենակ ապրում էր Անտառում՝ Սանդերս անվան տակ։

— Ի՞նչ է նշանակում՝ «ապրում էր անվան տակ», — անմիջապես հարցրեց Քրիստոֆեր Ռոբինը։

— Դա նշանակում է, որ դռան վերևում ամրացված տախտակի վրա ոսկյա տառերով գրված էր՝ «Միստր Սանդերս», իսկ Թուխը ապրում էր այդտեղ։

— Երևի ինքն էլ այդ չէր հասկանում, — ասաց Քրիստոֆեր Ռոբինը։

— Հիմա հո հասկացավ, — թավ ձայնով փնթփնթաց ինչ֊որ մեկը։

— Այդ դեպքում ես կշարունակեմ, — ասաց հայրիկը։

Մի անգամ, անտառում զբոսնելիս, Թուխը բացատ դուրս եկավ։ Բացատում բարձր, շատ բարձր կաղնի էր աճել, իսկ հիմա կաղնու կատարին ինչ֊որ մեկը բարձրաձայն բզզում էր․ զզզզզզզ։

Վինի֊Թուխը նստեց ծառի տակ, գլուխը թաթերի մեջ առավ ու սկսեց մտածել։

Սկզբում նա այսպես մտածեց․ «Այս զզզզզզ֊ն անպայման մի բան նշանակում է։ Ոչ ոք զուր տեղը չի բզզում։ Ծառը բզզալ չի կարող։ Նշանակում է, ինչ֊որ մեկն այնտեղ բզզում է։ Իսկ ինչո՞ւ պիտի բզզաս, եթե մեղու չես։ Այսպես է որ կա՛։»

Հետո նա էլի մտածեց ու ասաց ինքն իրեն․

«Իսկ ինչի՞ համար են մեղուները։ Նրա համար, որ մեղր սարքեն։ Այսպես է որ կա՛»։

Այստեղ նա ոտքի ելավ ու ասաց․

— Իսկ ինչի՞ համար է մեղրը․ նրա համար, որ ես ուտեմ։ Իմ կարծիքով, այսպես է, որ կա՛։

Եվ այս ասելով, նա մագլցեց ծառը։

Նա մագլցում էր, մագլցում էր ու մագլցում և ճանապարհին քթի տակ երգում էր այս երգը, որ տեղնուտեղը ինքն էր հորինել։ Ահա սա․

Թե արջուկները լինեին մեղու,
Նրանց մտքով երբեք չէր անցնի,
Եվ տունը այսքան բարձր ու հեռու
Նրանք երբեք չէին կառուցի։


Նա մի քիչ էլ մագլցեց… Էլի մի քիչ… Էլի բոլորովին֊բոլորովին մի քիչ… Այստեղ արդեն նա հևաց և մի նոր քառատող ֊ հևհևիկ երգեց․

Եվ այդ ժամանակ, եթե, իհարկե,
Մեղուները լինեին արջուկ,
Արջուկների շատ պետքն էր, ի՞նչ է,
Գալ ու մագլցել այսպիսի բարձունք։

Մեր մեջ ասած, Թուխը կարգին հոգնել էր, դրա համար էլ Հևհևիկն այսքան խղճուկ ստացվեց։ Բայց շատ քիչ էր մնացել, բոլորովին֊բոլորովին քիչ։ Մնում էր հասնել այս ճյուղին և…

Թ Ը Ր Ա՜ Խ Կ։

— Մայրի՜կ, — բացականչեց Թուխը, մի երեք մետր ցած ընկնելով և քիթը խփելով մի հաստ ճյուղի։

— Վա՜խ։ Ախր ինչո՞ւ ես… — քրթմնջաց նա, ևս մի հինգ մետր ցած սուրալով։

— Ախր ես ոչ մի վատ բան չէի ուզում անել… — փորձեց բացատրել նա՝ դիպչելով հաջորդ ճյուղին և օդում լարախաղացի պես գլուխկոնծի տալով։

— Եվ այս բոլորը նրա պատճառով, — վերջապես խոստովանեց նա, երբ մի երեք անգամ ևս գլուխկոնծի տվեց, ինչպես պետքն է ծանոթացավ ցածի ճյուղերի հետ և սահուն վայրէջք կատարեց մասրենու փշոտ թփերի մեջ, — այս բոլորը նրա համար, որ ես շա՛տ եմ մեղր սիրում։ Մայրի՜կ…

Թուխը մի կերպ դուրս պրծավ մասրենու թփերի միջից, քթից հանեց փշերը և նորից մտքի մեջ ընկավ։

Եվ առաջին հերթին նա մտածեց Քրիստոֆեր Ռոբինի մասին։

— Իմ մասի՞ն, — հուզմունքից դողացող ձայնով հարցրեց Քրիստոֆեր Ռոբինը։

— Քո մասին։

Քրիստոֆեր Ռոբինը ոչինչ չասաց, բայց նրա աչքերը ավելի ու ավելի էին մեծանում, իսկ այտերը շառագունում էին ու շառագունում։

Եվ այսպես, Վինի֊Թուխը գնաց իր բարեկամի՝ Քրիստոֆեր Ռոբինի մոտ, որն ապրում էր նույն անտառում, կանաչ դուռ ունեցող տնակում։

— Բարի լո՛ւյս, Քրիստոֆեր Ռոբին, — ասաց Վինի֊Թուխը։

— Բարի լո՛ւյս, Վինի֊Թուխ, — ասաց տղան։

— Հետաքրքիր է իմանալ, դու պատահաբար փուչիկ չես ունենա՞։

— Փուչի՞կ։

— Այո, գալիս էի քեզ մոտ ու մտածում․ «Տեսնես Քրիստոֆեր Ռոբինը պատահաբար փուչիկ չի՞ ունենա»։ Պարզապես հետաքրքիր է իմանալ։

— Ինչի՞դ է պետք փուչիկը։

— Վինի֊Թուխը նայեց շուրջը և, համոզվելով, որ իրենց ոչ ոք չի լսում, թաթը մոտեցրեց բերանին ու շշնջաց․

— Մեղր։

— Ի֊ի՞նչ։

— Մեղր, — կրկնեց Թուխը։

Հենց նախորդ օրը երեկոյան Քրիստոֆեր Ռոբինը հյուր էր գնացել իր բարեկամի՝ Դնչիկի մոտ, և այնտեղ բոլոր հյուրերին փուչիկներ էին նվիրել։ Քրիստոֆեր Ռոբինին բաժին էր ընկել մի մեծ, շատ մեծ, կանաչ փուչիկ, իսկ Ճագարի Ազգականներից ու Ծանոթներից մեկի համար մի շատ մեծ, պարզապես հսկայական կապույտ փուչիկ էին պատրաստել։ Բայց այդ Ազգականն ու Ծանոթը փուչիկը չվերցրեց, որովհետև դեռևս այնքան փոքր էր, որ նրան երեկույթի չէին բերել, և Քրիստոֆեր Ռոբինը ստիպված եղավ երկու փուչիկն էլ ինքը վերցնել՝ թե կանաչը, թե կապույտը։

— Երկուսից ո՞րն է քեզ դուր գալիս, — հարցրեց Քրիստոֆեր Ռոբինը։

Թուխը գլուխն առավ թաթերի մեջ ու սկսեց մտածել։

— Դժվար գործ է, — ասաց նա։ — Եթե ուզում ես մեղր ձեռք գցել, ապա շատ կարևոր է, որ մեղուները քեզ չնկատեն։ Եվ ահա, նշանակում է, եթե փուչիկը լինի կանաչ, նրանք կմտածեն, որ դա տերև է, և քեզ չեն նկատի։ Իսկ եթե փուչիկը լինի կապույտ, նրանք, երևի, մտածեն, որ դա պարզապես երկնքի կտոր է, և դարձյալ քեզ չեն նկատի։ Ամբողջ հարցն այն է, թե որին ավելի շուտ կհավատան։

— Եվ դու կարծում ես փուչիկի տակ նրանք քեզ չեն նկատի՞։

— Գուցե նկատեն, իսկ գուցե ոչ, — ասաց Վինի֊Թուխը։ — Ո՞նց իմանաս թե ինչ կանցնի մեղուների մտքով։ — Նա մի քիչ մտածեց ու ավելացրեց․ — ես այնպես կձևացնեմ, թե իբր փոքրիկ թուխ ամպիկ եմ։ Այդ դեպքում նրանք երևի գլխի չընկնեն։

— Այդ դեպքում ավելի լավ է կապույտ փուչիկը վերցնես, — ասաց Քրիստոֆեր Ռոբինը։

Բարեկամներն այդպես էլ արեցին։ Թուխը վերցրեց կապույտ փուչիկը, Քրիստոֆեր Ռոբինը իր հրացանը, և երկուսով ճանապարհ ընկան։

Վինի֊Թուխը նախ և առաջ մոտեցավ մի ծանոթ ջրափոսի և ինչպես պետքն է թավալվեց ցեխաջրում, որպեսզի բոլորովին֊բոլորովին սևանա, նմանվի իսկական ամպիկի։ Հետո սկսեցին փուչիկը լցնել օդով, և երբ փուչիկն այնքան ուռեց , որ թվում էր՝ հիմա֊հիմա կպայթի, Քրիստոֆեր Ռոբինը հանկարծ բաց թողեց թելը։ Եվ հենց որ նա թելը բաց թողեց, Վինի֊Թուխը փուչիկի հետ սլացավ երկինք ու կախվեց օդում, ճիշտ և ճիշտ մեղուների ծառի դիմաց, միայն մի քիչ հեռու։

— Ուռաաա՜, — բացականչեց Քրիստոֆեր Ռոբինը։

— Հը՛, ո՞նց է, — երկնքից կանչեց Վինի֊Թուխը։ — Հիմա ես ո՞ւմ նման եմ։

— Դու նման ես արջի, որը թռչում է փուչիկից կախված։

— Իսկ փոքրիկ սև ամպիկի նման չե՞մ, — անհանգստացավ Թուխը։

— Այնքան էլ չէ։

— Դե լավ, ոչինչ, այստեղից երևի նման եմ։ Եվ հետո, ո՞նց իմանաս, թե ինչ կանցնի մեղուների մտքով։

Դժբախտաբար քամի չկար, և Թուխը բոլորովին անշարժ կախվել էր օդում։ Նա կարող էր մեղրի հոտն առնել, կարող էր տեսնել մեղրը, բայց մեղրին հասնել, ավա՜ղ, ոչ մի կերպ չէր կարող։

Մի քիչ համբերելուց հետո Թուխը նորից խոսեց։

― Քրիստոֆեր Ռոբի՛ն, ― շշուկով կանչեց նա։

― Ի՞նչ։

― Ինձ թվում է, մեղուներն ինչ֊որ բան են կ ա ս կ ա ծ ո ւ մ։

― Ի՞նչ։

― Չգիտեմ։ Բայց ինձ թվում է, որ նրանք իրենց կ ա ս կ ա ծ ե լ ի են պահում։

― Գուցե նրանք մտածում են, թե դու ուզում ես գողանա՞լ իրենց մեղրը։

― Գուցե։ Ո՞նց իմանաս, թե ինչ կանցնի մեղուների մտքով։

Նորից լռություն տիրեց, և մի քիչ հետո նորից լսվեց Թուխի ձայնը․

― Քրիստոֆեր Ռոբի՛ն։

― Ի՞նչ։

― Դու տանը հովանոց չունե՞ս։

― Կարծեմ ունեմ։

― Որ այդպես է, շատ եմ խնդրում, գնա տուն, բեր հովանոցդ և այստեղ գլխիդ պահած հետ ու առաջ քայլիր։ Շարունակ նայիր ինձ ու ասա․ «Ա՛յ֊ա՛յ֊ա՛յ, կարծես թե անձրև է գալու»։ Ես կարծում եմ որ այդ ժամանակ մեղուները մեզ կհավատան։

Քրիստոֆեր Ռոբինը, իհարկե, մտքում ծիծաղեց ու ասաց․ «Ախ, դու իմ հիմա՛ր արջուկ», բայց բարձրաձայն նա այդ բանը չասաց, որովհետև շատ էր սիրում Թուխին։

Նա գնաց տուն և բերեց հովանոցը։

― Վերջապե՛ս, ― բացականչեց Թուխը, երբ Քրիստոֆեր Ռոբինը վերադարձավ։ ― Արդեն սկսել էի անհանգստանալ։ Ես նկատեցի, որ մեղուներն իրենց արդեն բոլորովին կ ա ս կ ա ծ ե լ ի են պահում։

― Հովանոցը բացե՞մ, թե պետք չի։

― Բաց արա, անպայման բաց արա։ Բայց սպասիր մի րոպե, պետք է հաստատ գործ բռնել։ Ամենից կարևորը մեղուների թագուհուն խաբելն է։ Դու նրան տեսնո՞ւմ ես։

― Չէ։

― Դե լավ, ոչինչ, նա երևի քեզ տեսնում է։ Իսկ հիմա բաց արա հովանոցը և գլխիդ պահած այստեղ հետ ու առաջ քայլիր։ Շարունակ նայիր ինձ ու ասա․ «Ա՛յ֊ա՛յ֊ա՛յ, կարծես թե անձրև է գալու», իսկ ես կերգեմ Ամպիկի երգը, որը, երևի, երգում են բոլոր ամպիկները երկնքում… Դե, սկսի՛ր։

Քրիստոֆեր Ռոբինը սկսեց ծառի տակ հետ ու առաջ քայլել և ասել, որ կարծես թե անձրև է գալու, իսկ Վինի֊Թուխը երգեց այս երգը․

Ես Ամպիկ եմ, Ամպիկ, Ամպիկ,
Ոչ թե փոքրիկ թուխ արջուկ,
Ա՜խ, ինչ լավ է լինել Ամպիկ
Ու սավառնել երկնքում։


Ա՜խ, երկնքում կապույտ֊կապո՜ւյտ
Եվ հարմար է, և խաղաղ,
Դրա համար Ամպիկների
Երգը թեթև է, ուրախ։


Բայց մեղուները, որքան էլ տարօրինակ է, փոխանակ հավատալու Ամպիկին, ավելի ու ավելի կասկածելի էին բզզում։ Մի քանիսը նույնիսկ դուրս թռան բնից ու սկսեցին պտտվել Ամպիկի շուրջը, երբ սա երկրորդ քառատողն էր երգում։ Իսկ ամենակասկածոտներից մեկը, երևի ստուգելու համար, նույնիսկ մի քանի վայրկյան Ամպիկի քթին նստեց։

― Քրիստոֆե՛ր, հե՜յ, Ռոբի՛ն, ― գոռաց Ամպիկը։

― Ի՞նչ։

― Ես մտածեցի, մտածեցի ու վերջապես գլխի ընկա։ Սրանք ճիշտ մեղուներ չեն։

― Ի՞նչ ես ասում։

― Այո՛, այո՛, բոլորովի՛ն սխալ մեղուներ են։ Եվ նրանք, երևի սխալ մեղր են սարքում։ Ճի՞շտ է։

― Ի՞նչ ես ասում։

― Այո՛։ Այնպես որ, երևի, ես ավելի լավ է ցած իջնեմ։

― Իջիր, ― ասաց Քրիստոֆեր Ռոբինը։ ― Բայց ինչպե՞ս։

Հենց այդ մասին էր, որ Վինի֊Թուխը դեռ չէր մտածել։ Նա մտածեց, որ եթե բաց թողնի պարանը, կընկնի։ Այդ հեռանկարը նրան դուր չեկավ։ Այդ ժամանակ նա ինչպես պետք է էլի մտածեց և ապա ասաց․

― Քրիստոֆեր Ռոբին, դու պետք է հրացանով խփես փուչիկին։ Հրացանը մո՞տդ է։

― Պարզ է, որ մոտս է, ― ասաց Քրիստոֆեր Ռոբինը։ ― Բայց եթե ես կրակեմ, ախր փուչիկը կծակվի։

― Իսկ եթե չկրակես, ես կծակծկվեմ, ― ասաց Թուխը։

Քրիստոֆեր Ռոբինը, իհարկե, անմիջապես հասկացավ, թե ինչ պետք է անել։ Նա խնամքով նշան բռնեց ու կրակեց։

― Վա՜յ֊վա՜յ֊վա՜յ, ― լաց եղավ Թուխը։

― Մի՞թե վրիպեցի, ― հարցրեց Քրիստոֆեր Ռոբինը։

― Չի կարելի ասել, թե չվրիպեցիր, ― ասաց Թուխը, ― բայց փուչիկին, իհարկե, չդիպար։

― Ներիր, խնդրում եմ, ― ասաց Քրիստոֆեր Ռոբինը և նորից կրակեց։

Այս անգամ նա չվրիպեց։ Օդն սկսեց կամաց֊կամաց դուրս գալ փուչիկից, և Վինի֊Թուխը բարեհաջող վայրէջք կատարեց։

Միայն թե այդքան ժամանակ թելից կախված լինելու պատճառով նրա թաթերը բոլորովին փայտացել էին։ Մի ամբողջ շաբաթ Թուխը չէր կարողանում առջևի թաթերը շարժել, և դրանք այդպես էլ մնացել էին վեր տնկված։ Եվ եթե նրա քթին ճանճ էր նստում, Թուխը ստիպված էր լինում այդ աներեսին փչելով քշել՝ «Թո՛ւխխ, Թո՛ւխխ»։

Եվ գուցե, թեև ես դրանում համոզված չեմ, գուցե հենց այդ դեպքից հետո էլ Քրիստոֆեր Ռոբինը նրան Թուխ անվանեց։

― Վե՞րջ, ― հարցրեց Քրիստոֆեր Ռոբինը։

― Այս հեքիաթը վերջացավ։ Բայց ուրիշներն էլ կան։

― Թուխի և իմ մասի՞ն։

― Նաև Ճագարի, Դնչիկի, ինչպես նաև մյուսների մասին։ Մի՞թե չես հիշում։

― Հիշելը՝ հիշում եմ, բայց երբ ուզում եմ վերհիշել, մոռանում եմ։

― Օրինակ՝ մի անգամ Թուխը և Դնչիկը որոշեցին բռնել Փղաձիուն…

― Եվ բռնեցի՞ն։

― Ոչ։

― Որտեղի՞ց բռնեին։ Ախր, Թուխը բոլորովի՛ն անխելքի մեկն է։ Իսկ ես բռնեցի՞։

― Դե, կպատմեմ՝ կիմանաս։

Քրիստոֆեր Ռոբինը գլխով արեց։

― Հասկանո՞ւմ ես, հայրիկ, ես հիշում եմ, իսկ Թուխը մոռացել է, և նրա համար շատ֊շատ հետաքրքիր կլինի մի անգամ էլ լսել։ Չէ՞ որ դա իսկական հեքիաթ կլինի։

― Ես էլ եմ այդպես կարծում։

Քրիստոֆեր Ռոբինը խոր հառաչեց, բռնեց Արջուկի հետևի թաթից ու նրան իր հետևից քարշ տալով, գնաց դեպի դուռը։ Շեմքում նա շրջվեց ու ասաց․

― Երբ ես նրա վրա կրակեցի, հո շատ չցավե՞ց։

― Բոլորովին, ― ասաց հայրիկը։

Տղան գլխով արեց ու դուրս եկավ, և քիչ անց հայրիկը լսեց, թե ինչպես է Վինի֊Թուխը բարձրանում սանդուղքով․ թը՛խկ֊թը՛խկ֊թը՛խկ։


Հաջորդ գլուխները կարդա Այստեղ

Ալեքսանդր Միլն | Վիննի Թուխը և բոլորը-բոլորը | Գլուխ առաջին Ալեքսանդր Միլն | Վիննի Թուխը և բոլորը-բոլորը | Գլուխ առաջին Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on марта 09, 2021 Rating: 5
Технологии Blogger.