Օսկար Ուայլդ | Դորիան Գրեյի դիմանկարը | համառոտ


Մի ամառային արևոտ օր գեղանկարիչ Բեզիլ Հոլուորդը իր արվեստանոցում ընդունում է գեղագետ-հեդոնիստ Հենրի Ուոտտոնին՝ «պարադոքսի արքայազնին»: Հոլուորդը նկարում է մի շատ գեղեցիկ տղայի դիմանկարը: Տղան քսան տարեկան է: Նրա անունն է Դորիան Գրեյ:
 Երբ Հենրին ծանոթանում է Դորիանի հետ, տղան գերում է նրան: Դորիանը չունի ծնողներ: Մայրը մահացել է, իսկ հորը սպանել է տվել մոր հայրը: Դորիանը դաստիարակվել է հարուստ խնամակալի մոտ: Հենրիի միջնորդությամբ և խրախուսմամբ Դորիանը սկսում է ակտիվ բարձրաշխարհիկ կյանք վարել: Շուտով սիրահարվում է սկսնակ դերասանուհի Սիբիլ Վեյնին: Սիբիլը, որն իր մոր և Ավստրալիա մեկնել պատրաստվող տասնվեցամյա եղբոր հետ վարում է կիսաքաղցած կյանք, Դորիանին ընդունում է որպես հայտնություն և հրաշք: Սիբիլը ունի գաղտնիք: Նա և իր եղբայր Ջեյմսը արտամուսնական կապի արդյունք են:
Դորիանը հայտնում է Հենրիին և Բեզիլին իր մոտալուտ նշանդրեքի մասին: Ավագ ընկերները, որոշում են այցելել թատրոն, ուր Սիբիլը խաղում է Ջուլյետի դերը: Ջուլյետը սարսափելի վատ է կատարում դերը: Նա բոլորովին ուրիշ տրամադրության մեջ լինելով՝ անկեղծորեն ընդունակ չէ կերպարանափոխության: Հենրին չի թաքցնում սկեպտիկական ժպիտը, Բեզիլը ցավակցագին նայում է աղջկան, իսկ Դորիանը վերապրում է ներքին բյուրեղյա դղյակների փլուզումը: «Դուք սպանեցիք իմ սերը»,- ասում է նա աղջկան:
Հիասթափության մեջ Դորիանը ողջ գիշեր շրջում է Լոնդոնի փողոցներով: Սակայն Սիբիլը անկարող է տանել ստացած հարվածը: Առավոտյան Դորիանն իմանում է, որ աղջիկն ինքնասպանություն է գործել: Ընկերները տարբեր խորհուրդներ են տալիս երիտասարդին. Բեզիլը մաղթում է տոկունություն, իսկ Հենրին՝ զուր արտասուք չթափել: Նա օպերա է տանում Դորիանին այնտեղ լեդի Գվենդոլենի հետ ծանոթացնելու: Ի զարմանս Բեզիլի Դորիանը ընդունում է այդ հրավերը: Միայն վերջերս նկարչի իրեն նվիրած դիմանկարի վրա է Դորիանը նկատում էական փոփոխության չարագույժ նշանը: Հունական աստծո իր դեմքին նա նկատում է կնճիռ: Անհանգստացած հրամայում է աչքից հեռու տանել նկարը:
Խղճի ձայնը օգնում է լռեցնել իր Մեֆիստոֆել-բարեկամը՝ Հենրին: Կարդում է սրա խորհուրդ տված գրքերը: Ամբողջովին տարված է իր գեղեցկությամբ: Վարում է հեդոնիստի կյանք՝ գեղանկարչություն, հավաքածուներ, պճնամոլություն, թմրադեղեր, գայթակղություններ:
Բեզիլը, որն ընդհատում է նրա հետ ամեն շփում, խորհուրդ է տալիս Դորիանին ուշքի գալ: Բայց զուր: Ի պատասխան Դորիանը առաջարկում է նկարչին տեսնել իր նախկին սիրելիի իսկական դեմքը: Ցույց է տալիս իր դիմանկարը. նկարի վրա Բեզիլը սարսափահար տեսնում է այլանդակ ծերունու: Ինքը Դորիանը ևս անկարող է տանել այդ տեսարանը: Ցասման մեջ դանակահարում և սպանում է իր երիտասարդ օրերի ընկերոջը: Մարմինը իր ծանոթ քիմիկոսի օգնությամբ լուծում է թթվի մեջ և այդպիսով ազատվում սպանության ապացույցից:
Տառապելով ուշացած խղճի խայթից՝ մոռացություն է փնտրում թմրադեղերի մեջ: Քիչ է մնում սպանվի հարբած նավաստու ձեռքով, որը, ինչպես պարզվում է, Սիբիլի եղբայրն է: Պայծառ և փթթուն տեսքը փրկում են նրան: Ջեյմս Վեյնը չի սպանում նրան, որովհետև իրական Դորիանը պիտի որ արդեն տարիք առած տեսք ունենար: Հայտնի է, որ Դորիանի տարիքային և հոգևոր փոփոխությունների ողջ համապատկերն իր վրա է առնում նրա դիմանկարը:
«Դիմանկարն իմ խիղճն է: Հարկ է ոչնչացնել այն»,- որոշում է հերոսը:
Ուշ գիշերով իր ճոխ լոնդոնյան առանձնատանը Դորիանը դանակով հարձակվում է դիմանկարի վրա: Լսելով աղմուկ՝ տան ծառաները ներս են վազում և հատակին հայտնաբերում ծերունու դիակ: Դիմանկարի վրա դարձյալ գեղեցիկ և փթթող Դորիանի աստվածային դեմքն է: Այսպես է ավարտվում վեպը մի մարդու մասին, ով կարծում էր, թե չարիքը լոկ միջոց էր իրագործելու համար այն, ինչ նա համարում էր կյանքի գեղեցկություն:     

Օսկար Ուայլդ | Դորիան Գրեյի դիմանկարը | համառոտ Օսկար Ուայլդ | Դորիան Գրեյի դիմանկարը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 5:00:00 Rating: 5
Технологии Blogger.