Էժեն Իոնեսկո | Ռնգեղջյուր | համառոտ


Գավառական քաղաքի հրապարակը: Սրճարան գրեթե միաժամանակ գալիս են Ժանը և Բերանժեն: Եվ այդուհանդերձ Ժանը փնթփնթում է Բերանժեի վրա ուշացման համար: Բերանժեն թափթփված տեսք ունի: Հազիվ է կանգած մնում ոտքի վրա, հորանջում է, բաճկոնը ճմրթված է, վերնաշապիկը թարմ չէ, կոշիկները մաքուր չեն: Ժանը թվարկում է այս թերությունները: Ամոթ է զգում ընկերոջ համար: Հանկարծ լսվում է հսկայական վազող կենդանու ոտնաձայնն ու ոռնոցը: Մատուցողուհին վախեցած բղավում է, որ դա ռնգեղջյուր է: Ներս է վազում տանտիրուհին՝ կատվին կրծքին սեղմած: Տրամաբանը դողալով սեղմվում է պատին: Երբ ռնգեղջյուրի ձայնն էլ չի լսվում, բոլորն ուշքի են գալիս: Տրամաբանը հայտարարում է, որ բանական մարդը չպիտի ենթարկվի վախին: Ժանը տարակուսանքի մեջ է. վայրի գազանը փողոցո՞ւմ: Միայն Բերանժեն է շարունակում մնալ անտարբեր ու ցրված: Սակայն նա վեր է թռչում տեղից, երբ սրճարան է մտնում երիտասարդ շիկահեր Դեզին: Անզգուշորեն շուռ է տալիս իր գավաթը Ժանի տաբատին: Այդ ընթացքում տրամաբանը փորձում է բացատրել մի ծեր պարոնի սիլլոգիզմի էությունը. բոլոր կատուները մահկանացու են, Սոկրատեսը մահկանացու է, հետևաբար Սոկրատեսը կատու է: Ցնցված պարոնն ասում է, որ կատվի անունն էլ Սոկրատես է:
Ժանը Բերանժեին բացատրում է ճիշտ ապրելակերպի էությունը: Հարկավոր է սափրվել, հրաժարվել ալկոհոլից, մաքրել կոշիկները: Բերանժեն ասում է, որ այսօր իսկ կգնա թանգարան, իսկ երեկոյան՝ թատրոն՝ դիտելու համար Իոնեսկոյի պիեսը, որի մասին հիմա այդքան շատ են խոսում: Ժանը գովում է նրան: Հանկարծ լսվում է աղմուկ. բոլորը բղավում են. «Ա´խ, ռնգեղջյուրը»: Միայն Բերանժեն է ասում. «Ա´խ Դեզի»:
Լսվում է կատվի ճիչը և տանտիրուհին ներս է գալիս մեռած կատուն ձեռքին: Վիճում են, թե քանիսն էին ռնգեղջյուրները: Ժանը հայտարարում է, որ առաջին ռնգեղջյուրը ասիական էր՝ երկու եղջյուրներով, իսկ երկրոդը՝ աֆրիկական՝ մեկ եղջյուրով: Բերանժեն առարկում է, որ բարձրացած փոշու մեջ անհնար էր հաշվել եղջյուրները: Ժանը հարբեցող է կոչում Բերանժեին և հայտնում կապերի կատարյալ խզման մասին: Վաճառականը պնդում է, որ երկու եղջյուր ունի միայն աֆրիկյան ռնգեղջյուրը: Տրամաբանը սկսում է ապացուցել, որ միևնույն կենդանին չի կարող ծնվել երկու տարբեր վայրերում: Բերանժեն մեղադրում է ինքն իրեն. պետք չէր զայրացնել Ժանին: Պատվիրելով կոնյակի կրկնակի բաժին՝ նա փոքրոգաբար հրաժարվում է թանգարան այցելելու մտքից:
Իրավաբանական գրասենյակ: Բերանժեի ծառայակիցները քննարկում են վերջին նորությունները: Դեզին հավատացնում է, որ սեփական աչքերով է տեսել ռնգեղջյուրին, իսկ Դյուդարը ցույց է տալիս թերթում լույս տեսած հոդվածը: Բոտարը հայտարարում է, որ թերթերին և ասեկոսեներին չի հավատում և որ ինչ-որ կոխկրտված կատվի մասին խոսելու փոխարեն ավելի լավ կլիներ պայքարել ռասիզմի և տգիտության դեմ: Բերանժեն գալիս է ուշացումով: Տնօրենը՝ Պապիյոնը, կոչ է անում բոլորին գործի անցնել, սակայն Բոտարը չի հանգստանում և մեղադրում է Դյուդարին զանգվածային պսիխոզ տարածելու մեջ: Հանկարծ Պապիյոնը նկատում է, որ աշխատակիցներից մեկը՝ Բեֆը, բացակա է: Գալիս է վախեցած տիկին Բեֆը և հայտնում է, որ իր ամուսինը հիվանացել է, իսկ իրեն դեռ տանից հետապնդում է մի ռնգեղջյուր: Գազանի ծանրության տակ աստիճանը փլվում է: Տիկին Բեֆը պարարտ ռնգեղջյուրին նայելով՝ ճանաչում է սեփական ամուսնուն: Սա պատասխանում է կնոջը մռնչոցով: Կանչում են հրշեջներին, որպեսզի էվակուացնեն գրասենյակի աշխատակիցներին: Սակայն պարզվում է, որ հրշեջները զբաղված են. քաղաքում արդեն տասնյոթ ռնգեղջյուր կա: Բոտարը բղավում է, որ ջրի երես կհանի այս սադրանքի հեղինակներին: Բերանժեն որոշում է այցելել Ժանին և հաշտվել նրա հետ:
Ժանի բնակարանը: Նա պառկած է և չի արձագանքում դռան թխկթխկոցին: Ծեր հարևանը բացատրում է, որ նախօրյակին Ժանի տրամադրությունը շատ վատ էր: Վերջապես Ժանը ներս է թողնում Բերանժեին: Բերանժեն ներողություն է խնդրում: Ժանը ծանր է շնչում. պառկած է: Լսելով նորությունը Բեֆի կերպարանափոխության մասին՝ սկսում է սենյակում իրեն այս ու այն կողմ նետել: Ժամանակ առ ժամանակ փակվում է լողասենյակում: Գոռում է, որ բնությունը ավելի բարձր է բարոյականությունից: Բերանժեն նկատում է, որ ընկերը կանաչում է, իսկ ճակատին սկսում է աճել եղջյուր: Երբ Ժանը վերածվում է ռնգեղջյուրի, Բերանժեն դժվարությամբ փակում է նրա ետևից դուռը և դուրս է փախչում: Օգնության է կանչում ծերուկին, բայց տեսնում է ևս մի ռնգեղջյուր:
Բերանժեն պառկած է իր բնակարանում: Փողոցից լսվում է դոփյուն և մռնչոց: Գալիս է Դյուդարը: Բերանժեին անվերջ թվում է, որ ճակատին կաճի եղջյուր: Դյուդարը հանգստացնում է նրան: Ի վերջո ռնգեղջյուր դառնալու մեջ ոչ մի վատ բան չկա: Շատերն են կամովի համաձայնել ռնգեղջյուրացման՝ օրինակ՝ Պապիյոնը: Բերանժեն կուզեր տեսնել տրամաբանին, որպեսզի նրանից լսեր այս ամենի բացատրությունը: Սակայն տրամաբանն արդեն ռնգեղջյուրի է վերածվել:
Բերանժեն տրտում է: Գալիս է Դեզին՝ հայտնելով, որ Բոտարն էլ ռնգեղջյուր է: Նա կամեցավ ժամանակին համընթաց քայլել: Դյուդարը, տեսնելով, որ Դեզին գերապատվություն է տալիս Բերանժեին, ինքն էլ ցանկանում է ռնգեղջյուր դառնալ: Բերանժեն փորձում է տարհամոզել նրան: Դյուդարը հեռանում է և պատուհանից նայող Դեզին ասում է, որ նա արդեն միացել է հոտին: Բերանժեն հասկանում է, որ Դեզիի սերը կարող էր կանգնեցնել Դյուդարին: Հիմա նրանք մնացել են երկուսով և պիտի հոգ տանեն իրար մասին: Դեզին վախեցած է. ամենուր լսվում են ռնգեղջյուրների ձայներ: Աստիճանաբար մռնչյունն ավելի մեղեդային է դառնում: Դեզին ասում է, որ իրականում ռնգեղջյուրներն այնքան ուրախ են, ինչ հաճելի է նայել նրանց: Բերանժեն ապտակում է Դեզիին և սա հեռանում է մի երաժշտական ռնգեղջյուրի հետ: Բերանժեն սարսափով նայում է իրեն հայելում. ինչ այլանդակ է մարդկային դեմքը: Այ, եթե նա ունենար եղջյուր, սովորեր մռնչալ… Սակայն վերջին մարդը պիտի պաշտպանվի: Նա հայացքով փնտրում է հրացանը:                

Տես նաև Սեմյուել Բեկկետ Գոդոյին սպասելիս և Ժան Կոկտո Օրփեոս

Էժեն Իոնեսկո | Ռնգեղջյուր | համառոտ Էժեն Իոնեսկո | Ռնգեղջյուր | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 1:35:00 Rating: 5
Технологии Blogger.