Ուիլիամ Շեքսպիր | Համլետ | համառոտ


Էլսինորի դղյակի հրապարակը: Պահակ է կանգնած Ֆրանցիսկոն. գալիս է Բերնարդոն: Ավելի ուշ նրանց են միանում Հորացիոն՝ արքայազն Համլետի գիտնական ընկերը. նրա հետ է Մարցելլոսը: Հորացիոն եկել է հավաստիանալու, որ գիշերով դղյակ այցելող տեսիլքի մասին պատմությունը ճշմարիտ է: Տեսիլքը իբրև թե Դանիայի մահացած արքայինն է: Հորացիոն հակված է տեսիլքի մասին պատմությունը երևակայության խաղ համարել: Կեսգիշեր է: Զրահավորված հայտնվում է ուրվականը: Հորացիոն ցնցված է: Այս այցելությունների մեջ նա տեսնում է «պետության համար վտանգի նշան:» Որոշում է տեսածի մասին պատմել արքայազն Համլետին, որն ընդհատել էր իր ուսումը Վիտտենբերգի համալսարանում և տուն էր վերադարձել հոր անսպասելի մահվան պատճառով: Համլետի ցավն էլ ավելի է մեծացել, երբ իմացել է, որ մայրը հոր մահից հետո իսկույն ամուսնացել է իր հորեղբոր հետ: Իմանալով գիշերային ուրվականի մասին՝ Համլետն իսկույն տենչում է տեսնել նրան:
Գիշերով ուրվականը գալիս է և պատմում է Համլետին աղետալի չարագործության մասին:
Երբ թագավորը հանգստանում էր իր այգում, թագավորի եղբայրը դավադրաբար նրա ականջի մեջ թույն է լցրել: Ուրվականը խնդրում է լուծել իր վրեժը:
Աշխարհը շուռ է գալիս Համլետի համար: Երդվում է վրեժխնդիր լինել: Խնդրում է ընկերներին լռել այս ամենի մասին:
Այդ ընթացքում թագավորի սենեկապետ Պոլոնիուսը իր որդուն՝ Լաերտին ուսման է ուղարկում Փարիզ: Լաերտը եղբայրական խրատներ է տալիս քրոջը՝ Օֆելիային: Այստեղ իմացվում է Օֆելիայի հանդեպ Համլետի տածած զգացմունքի մասին: Եղբայրը խորհուրդ է տալիս քրոջը լինել զգույշ, խոհեմ, քանզի Համլետը հպատակ է իր բարձր ծագմանը: Նրա խոսքերին է միանում հայրը՝ Պոլոնիուսը: Արգելում է ժամանակ անցկացնել Համլետի հետ: Օֆելիան պատմում է հորը, որ Համլետն այցելում է իրեն և վերջերս իրեն տարօրինակ է պահում: Պոլոնիոսն ասում է, որ դա Օֆելիայի հանդեպ սիրուց է և որ ինքը ամեն բան կհայտնի թագավորին:
Թագավորը, որի խիղճը հանգիստ չէ, անհանգստանում է նաև Համլետի վարքի համար: Ի՞նչ է դա. խելագարությու՞ն, թե՞ դրա տակ թաքնված է ուրիշ ինչ-որ բան: Կանչում է Ռոզենկրանցին և Գիլդենստերնին՝ Համլետի վաղեմի ընկերներին և խնդրում, որ հետևեն Համլետին և պարզեն դա: Գալիս է Պոլոնիոսը և ասում է, որ Համլետի խելագարությունը կապված է սիրո հետ: Ցույց է տալիս Օֆելիայից վերցրած Համլետի սիրային նամակը: Խոստանում է կազմակերպել դստեր և Համլետի հանդիպումը, որ հավաստիանա դրանում:
Ռոզենկրանցը և Գիլդենստերնը ապարդյուն փորձում են Համլետից իմանալ նրա գաղտնիքը: Համլետը հասկանում է, որ նրանց ուղարկել է թագավորը:
Համլետը իմանում է, որ քաղաք է եկել շրջիկ դերասանների խումբը: Փորձում է օգտագործել նրանց՝ թագավորի հանցավորությունը ստուգելու համար: Առաջարկում է դերասաններին բեմադրել Պրիամոսի մասին ողբերգությունը, որի մեջ նա մի քանի տող կավելացնի: Դերասանները համաձայն են:
Թագավորը հարցուփորձ է անում Ռոզենկրանցին և Գիլդենստերնին իրենց առաքելության մասին: Պատմում են իրենց անհաջողության մասին:
Համլետը միայնակ ճեմում է և արտասանում է իր «Լինել, թե չլինել» հռչակավոր մենախոսությունը:
Պոլոնիոսը Համլետի մոտ է ուղարկում Օֆելիային: Համլետը հասկանում է, որ իրենց զրույցին ականջ են դնում և խելագար է ձևանում: Խորհուրդ է տալիս Օֆելիային գնալ մենաստան: Օֆելիային խոցում են Համլետի խոսքերը, իսկ թագավորը հասկանում է, որ Համլետի խելագարության պատճառը սերը չէ:
Համլետը խնդրում է Հորացիոյին ներկայացման ժամանակ հետևել թագավորին: Սկսվում է ներկայացումը: Համլետը բարձր մեկնաբանում է գործողությունները: Բեմում Գոնզագոն՝ թագավորի եղբայրը, դուրս է գալիս թույնը ձեռքին, մոտենում է քնած թագավորին և թույնը լցնում նրա ականջի մեջ՝ այդ գործողությամբ տիրանալով երկրին, թագին և թագուհուն:
Ներկայացումը դիտող թագավորը վեր է թռչում: Սկսվում է իրարանցում: Պոլոնիոսը պահանջում է ընդհատել ներկայացումը: Բոլորը գնում են: Մնում են միայն Համլետը և Հորացիոն: Այժմ թագավորի հանցավորությունն ապացուցված է: Նա մատնեց իրեն:
Վերադառնում են Ռոզենկրանցը և Գիլդենստերնը: Բացատրում են, թե որքան դառնացած է թագավորը և որքան տարօրինակ է թվում Համլետի պահվածքը  թագուհուն: Համլետը Գիլդենստերնին է տալիս սրինգը և խնդրում է նվագել: Սա հրաժարվում է ասելով, որ չգիտի նվագել:  Համլետը տարակուսանքի մեջ է. իսկ ինչպե՞ս էր պատրաստվում նվագել իր նյարդերի վրա:
Պոլոնիոսը կանչում է Համլետին մոր մոտ:
Այդ ընթացքում թագավոր Կլավդիուսն իր սենյակում աղոթում է:
Համլետը գալիս է մոր մոտ: Պոլոնիւսը զրույցին ականջ դնելու համար թաքնվել է վարագույրի հետևում: Համլետը կշտամբում է մորը: Մայրը վախեցած ճչում է և Պոլոնիոսը օգնության է կանչում վարագույրի ետևից: Համլետը «մուկը, մուկը» բացականչությամբ վարագույրի միջով սրախողխող է անում Պոլոնիոսին:
Երևում է ուրվականը և պատվիրում է Համլետին հանգիստ թողնել թագուհուն: Թագուհին չի տեսնում ուրվականին: Նրան թվում է, որ Համլետը լրիվ խելագարվել է: Պատմում է թագավորին, որ Համլետը խելագարության նոպայի մեջ սպանել է Պոլոնիուսին: Թագավորը որոշում է Ռոզենկրանցի և Գիլդենստերնի ուղեկցությամբ Անգլիա ուղարկել Համլետին, որտեղ հետևելով իր գրած նամակի խնդրանքին՝ արքայազնին կսպանեն:
Համլետը դավաճան ընկերների ուղեկցությամբ նավով ուղևորվում է Անգլիա:
Իմանալով հոր սպանության մասին Փարիզից վերադառնում է Լաերտը: Նրան սպասում է նոր դժբախտություն: Օֆելիան խելագարվել է: Լաերտը ծարավ է վրեժի: Զինված ներխուժում է թագավորի սենյակ: Թագավորը բացատրում է, որ ամեն ինչում մեղավորը Համլետն է: Այդ պահին սուրհանդակը նամակ է բերում Համլետից, որը հաղորդում է, որ վերադառնում է: Թագավորը հասկանում է, որ իր նախագիծը ձախողվել է, և ներքաշում է Լաերտին իր հետագա դավադրության մեջ: Առաջարկում է Լաերտին ընկերական սուսերամարտի բռնվել Համլետի հետ, իսկ սուսերի ծայրին թույն քսել:
Թագուհին հայտնում է Օֆելիայի մահվան մասին:
Երկու գերեզմանափորներ փոս են փորում: Հայտնվում են Համլետը և Հորացիոն: Համլետը խորհրդածում է համայն գոյության անցողիկության մասին: Մոտենում է հուղարկավորության թափորը: Լաերտը գցում է իրեն փոսը և աղաչում իրեն թաղել Օֆելիայի հետ միասին: Համլետը բորբոքվում է նրա խոսքերի կեղծ երանգից: Ասում է, որ ինքը ավելի է սիրել Օֆելիային, քան դա կարող են անել քառասուն հազար եղբայրներ:
Թագավորը բաժանում է երիտասարդներին:
Հորացիոն և Համլետը մենակ են: Համլետը պատմում է, թե ինչպես է հաջողացրել կարդալ թագավորի նամակը: Փոխարինել է նամակը ուրիշ նամակով, որի մեջ օգտվելով հոր կնիքից, պատվիրել է մահվան դատապարտել իր ուղեկիցներին՝ Ռոզենկրանցին և Գիլդենստերնին: Գալիս է Օզրիկը, թագավորների մերձավորներից մեկը և հայտնում է մենամարտելու  Լաերտի առաջարկի մասին: Համլետն ընդունում է հրավերը:
Մենամարտից առաջ ասում է Լաերտին, որ բոլոր վիրավորական խոսքերն ասել է խելագարության մեջ: Մինչ այդ թագավորը ևս մեկ թակարդ է լարել: Պատրաստել է թունավոր գինով գավաթը, որը մտադիր է առաջարկել Համլետին:
Լաերտը վիրավորում է Համլետին: Փոխվում են սուսերներով: Համլետը վիրավորում է Լաերտին: Թագուհին թունավոր գավաթից խմում է Լաերտի կենացը: Մեռնում է: Լաերտը խոստովանում է Համլետին դավադրության մասին: Թագավորն է ամենի մեղավորը:
Համլետը թունավոր սուսերով խոցում է թագավորին և ինքն էլ մեռնում է:
Հորացիոն ուզում է խմել թունավոր գավաթից, որպեսզի գնա Համլետի հետևից: Համլետն արգելում է նրան: Հորացիոն հայտնում է պատահածի մասին Ֆորտինբրասին և անգլիացի դեսպաններին:
Ֆորտինբրասը հրամայում է չորս գնդապետի տանել Համլետին, որպես զինվորի:

Ուիլիամ Շեքսպիր | Համլետ | համառոտ Ուիլիամ Շեքսպիր | Համլետ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 0:45:00 Rating: 5
Технологии Blogger.