Ռեմարկ | Երեք ընկեր | համառոտ


Գերմանիան Առաջին աշխարհամարտից հետո: Տնտեսական ճգնաժամ: Երեք դպրոցական, իսկ այնուհետև նաև մարտական ընկեր՝ Ռոբերտ Լոկամպը, Գոտֆրիդ Լենցը և Օտտո Քեսթերը աշխատում են ավտոմեքենաների վերանորոգման արհեստանոցում: Ռոբերտը դարձել է երեսուն տարեկան: Ծննդյան օրը միշտ կապված է հիշողության հետ: Հիշում է մանկությունը, դպրոցը, զինվորագրումը, Քեսթերի վիրավորվելը, ընկերների թունավորումը գազից: 1919թ. պուչն է: Քեսթերը և Լենցը ձերբակալված են: Սով: Ինֆլյացիա: Պատերազմից հետո Քեսթերը որոշ ժամանակ ուսանող է, հետո օդաչու, ավտովազորդ: Վերջապես նա գնում է մեքենաների վերանորոգման արհեստանոցը: Լենցը և Ռոբերտը դառնում են նրա գործընկերները: Շատ չեն վաստակում: Սակայն բավական է ապրելու համար: Ամեն բան լավ կլիներ, եթե չտանջեին հիշողությունները: Սակայն գոյություն ունի օղին, որը բերում է մոռացում:
Քեսթերը և Լենցը շուքով ողջունում են Ռոբերտին: Լենցը հանում է վեց շիշ ռոմը: Սակայն տոնը կլինի երեկոյան: Նախ՝ աշխատանքը:
Ընկերները աճուրդում հին մեքենա են գնել, սակայն դրել են մրցավազքային մեքենայի շարժիչ և կոչել են «Կառլ»: Երեկոյան հենց դրանով են որոշում քաղաքից դուրս գնալ և նշել Ռոբերտի ծննդյան օրը: Ճանապարհին հանդիպում և իրենց հետ են վերցնում Պատրիցիա Հոլմանին: Լավ ուրախանում են:
Խնջույքից հետո Ռոբերտը վերադառնում է տուն, որտեղ ապրում է վարձով: Հարևանները տարբեր ճակատագրի տեր մարդիկ են: Բայց նրանք կարող են դժվար պահին օգնել միմյանց:
Ռոբերտը հանդիպում է նշանակում Պատրիցիային՝ Պատին: Սպասում է նրան սրճարանում և խմում է կոնյակ: Որոշում են գնալ բար: Զրույցը Պատի հետ ոչ մի կերպ չի ստացվում: Ի վերջո ռոմը օգնում է նրան խոսել: Ճանապարհելով Պատրիցիային տուն Ռոբերտը նկատում է, որ լրիվ հարբած է: Ի՞նչ է դուրս տվել: Վերադառնում է բար և հարբում է իսկականից:
Հաջորդ օրը Լենցի խորհրդով Ռոբերտը Պատին մի փունջ ծաղիկ է ուղարկում որպես ներողության նշան: Պատը գրավում է նրա մտքերը, ստիպում է մտածել կյանքի մասին: Ինչպիսին էին նրանք պատերազմից առաջ: Այդ մտքերի կենտրոնում հետևյալ համոզմունքն է. երազանքների ժամանակն անցել է:
Նորից հանդիպում է Պատի հետ: Որոշում են մեքենայով շրջել քաղաքում: Ռոբերտը սովորեցնում է նրան մեքենա վարել: Զգում են իրենց ասես պատմել են միմյանց ողջ կյանքը: Գնում են բար, որտեղ հանդիպում են Լենցին և նրա հետ գնում են Լունապարկ: Օղակներ են գցում կեռիկների վրա և քանի որ ճակատում ժամանակ էին սպանում կեռիկների վրա գլխարկներ գցելով, բազում իրեր են շահում: Բաժանում են իրենց շահումը իրենց հետևող մարդկանց և իրենց են պահում միայն գինին:
Ռոբերտի ընկերները իրենց շարքերն են ընդունում Պատին, որովհետև սերը միակ արժեքն է աշխարհիս երեսին, մնացյալը «կեղտ է»: Քեսթերը իր մեքենայով մտադիր է մասնակցել ավտովազքի մրցույթի: Մրցությունը սկսված է: Քեսթերը շուտով երրորդն է: Լենցը դադարում է նայել վայրկենաչափին: Ֆինիշի մոտ Քեսթերը կարողանում է դուրս գալ առաջատար դիրք և հաղթել: Ընկերները մտադիր են քեֆ անել: Սակայն բարմեն Ալֆոնսը հրավիրում է նրանց խմելու հաստատության հաշվին: Երեկույթի ընթացքում Պատը բոլորի ուշադրության կենտրոնում է: Ռոբերտն առաջարկում է նրան աննկատ հեռանալ: Երկար նստում են գերեզմանոցի նստարանին: Հետո գնում են Ռոբերտի մոտ: Պատը քնում է գլուխը նրա ձեռքին դրած: Ռոբերտը սկսում է հասկանալ, որ իրեն սիրում են: Նա գիտի ընկերություն անել տղամարդկանց հետ, սակայն չգիտի, թե ինչի համար կարող է իրեն սիրել կինը:
Աշխատանքը քիչ է և ընկերները որոշում են մեքենա գնել՝ հերթով այն որպես տաքսի վարելու համար: Առաջինը Ռոբերտի հերթն է: Ծեծկրտուքից և դրան հետևող օղուց հետո տաքսիստները ընդունում են նրան իրենց շարքը: Նրանցից մեկի՝ Գուստավի հետ նա մտերմանում է:
Ռոբերտը առաջին անգամ լինում է Պատի տանը: Տունը մի ժամանակ պատկանել է Պատի ընտանիքին: Հիմա Պատը սենյակ է վարձում: Ռոմ է հյուրասիրում Ռոբերտին և պատմում իր կյանքի մասին: Պատմում է սովի մասին, հիվանդանոցում անցկացրած տարվա մասին: Ծնողները չկան, նա մտադիր է աշխատել ձայնապնակների խանութում: Ռոբերտը չի ուզում, որ Պատը որևէ մեկից կախված լինի: Բայց ի՞նչ կարող է անել: Գուցե իր տանտիրուհին՝ ֆրաու Զալեվսկան իրավացի է, երբ ասում է, որ Պատին հարկավոր է ուրիշ տղամարդ, ոչ Ռոբերտը:
Ռոբերտը հաջող վաճառում է իրենց սարքած կադիլակը գործարար Բլումենթալին: Իր բաժին գումարով Ռոբերտը Պատի հետ մեկնում է ծով: Ճանապարհին կանգ են առնում անտառում և թավալ են գալիս խոտի մեջ: Պատը հաշվում է կկուի ձայնը: Հաշվում է մինչև հարյուրը և ասում է, որ այդքան կուզեր ապրել: Ծովի ափին պառկած Ռոբերտը հիշում է, որ 1917թ. զինվորները այսպես պառկած էին… շատերը հաջորդ օրը զոհվեցին մարտի ժամանակ: Երեկոյան զբոսնում են մեքենայով: Պատը զգում է թուլություն, ավելի ուշ սկսվում է արյունահոսություն: Ռոբերտը զանգահարում է Քեսթերին և ընկերները գտնում են բժիշկ Ժաֆֆեին: Բժիշկը մի քանի օր մնում է Պատի հետ: Երկու շաբաթից աղջիկը կարող է վերադառնալ տուն:
Բժիշկը պատմում է Ռոբերտին Պատի հիվանդության պատմությունը և պնդում է, որ աղջիկը պիտի նոր բուժում անցնի բուժիչ տանը:
Տաքսին պահանջված չէ և ուղևորներ գրեթե չկան: Գուստավը տանում է Ռոբերտին ձիարշավարան, որտեղ սա խաղադրույք է անում և հրաշքով հաղթում:
Ցրտել է: Ժաֆֆեն հայտնում է Ռոբերտին, որ Պատին անհրաժեշտ է տանել լեռները: Ռոբերտը ծանոթի միջոցով դասավորում է Պատին լեռնային առողջարանում:
Տանը նոր փորձություն է: Գործերը վատ են և զրկված լինելով վերջին պատվերից ընկերները ստիպված են վաճառել արհեստանոցը: Ռոբերտը ճաշում է «Ինտերնացիոնալում»: Հետո զանգում է Պատին և իմանում է, որ վիճակը վատթարացել և աղջիկը անկողնային ռեժիմում է:  Ռոբերտը սկսում է հարբել: Քեսթերը նստեցնում է նրան իրենց մեքենան՝ «Կառլը» և ստիպում շտապել Պատի մոտ:
Քաղաքը անհանգիստ է: Փողոցներում ցուցարարներ են: Կրակոցներ: Լենցն առավոտից գնացել է ցույցի: Ռոբերտը և Օտտոն անհանգստացած գնում են նրան փնտրելու: Հանդիպում են ֆաշիստ ցուցարարներին: Լսելով հռետորին հասկանում են, որ մարդիկ հավաքվում են, որովհետև տարված են նրանով, որ ինչ-որ մեկը հետաքրքրված է նրանցով: Ընկերները գտնում են Լենցին: Գնում են դեպի մեքենան: Այդ ժամանակ հայտնվում են չորս երիտասարդներ, որոնցից մեկը կրակում է Լենցի վրա: Քեստերն անօգուտ փորձում է բռնել նրանց: Լենցը մահանում է:
Քաղաքամերձ սրճարաններից մեկում Ռոբերտը տեսնում է Լենցի վրա կրակողին: Սա փախչում է: Քեսթերը մեկնում է նրան գտնելու: Ռոբերտին իր հետ չի վերցնում Պատի պատճառով: Սակայն առաջինը սրիկային գտնում և սպանում է Ալֆոնսը: Ռոբերտը գտնում է Օտտո Քեսթերին և հաղորդում է, որ ընկերոջ վրեժը լուծված է: Միասին գնում են Պանսիոն, որտեղից եկել էր Պատի նամակը: Պատը խնդրում էր Ռոբերտին արագ այցելել իրեն:
Նրանց տանում է «Կառլը»: Առողջարանում բժիշկը պատմում է ամենահրաշալի բուժումների և անհույս դեպքերի մասին: Քեսթերը լռում է: Նրանք շատ են տեսել միասին, որպեսզի մխիթարեն միմյանց: Պատի հետ գնում են ճաշելու: Հետո միասին հիանում են մայրամուտով: Երեկոյան Քեսթերը պիտի մեկնի: Պատը խնդրում է բարևել Լենցին և ընկերները չեն հանդգնում ասել նրան ճշմարտությունը Լենցի մասին:
Հաջորդ օրը Քեսթերից դրամ է գալիս: Ռոբերտը հասկանում է, որ նա վաճառել է իրենց «Կառլին»: Լենցը սպանված է, «Կառլը» վաճառված, իսկ Պա՞տը:
Իսկ Պատն այլևս չի կարող հետևել բժիշկների խորհուրդներին և խնդրում է Ռոբերտին թույլ տալ իրեն անել, ինչ ցանկանում է: Ուզում է իրեն մնացած ժամանակը երջանիկ լինել:
Մարտ ամիսն է և լեռներում ձնահյուսքեր են: Հիվանդները չեն քնում և ականջ են դնում այդ աղմուկին: Պատն արդեն չի կարող վեր կենալ անկողնուց: Գիշերը նա մահանում է: Տառապանքի մեջ: Սեղմում էր Ռոբերտի ձեռքը, բայց արդեն չէր ճանաչում նրան: Սկսվում է նոր օր, սակայն Պատն այլևս չկա…


Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Ռեմարկ | Երեք ընկեր | համառոտ Ռեմարկ | Երեք ընկեր | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 6:32:00 Rating: 5
Технологии Blogger.