
Առաջին աշխարհամարտի թեժ տարիներն
են: Գերմանիան արդեն կռվում է Ռուսաստանի, Ֆրանսիայի, Անգլիայի և Ամերիկայի դեմ: Պաուլ
Բոյմերը, որի անունից պատմվում են վեպի իրադարձությունները, ներկայացնում է իր զինակիցներին՝
գյուղացիներին, դպրոցականներին, ձկնորսներին և արհեստավորներին:
Ջոկատը հանգստանում է թշնամու
հրետակոծությունից հետո: Զոհերը շատ են և զինվորները ստանում են կրկնակի կերակուր:
Մյուլլերը, Պաուլը և Կրոպը գնում են իրենց վիրավոր համադասարանցու մոտ: Ընկերները նույն
ջոկատում են հայտնվել տրվելով իրենց ուսուցչի՝ Կանտորեկի հայրենասիրական համոզումներին:
Այդպիսի հարյուրավոր կանտորեկներ հիմարացնում են երիտասարդությանը: Ընկերները գտնում
են Ֆրանց Կիմերիխին, որի ոտքը հեռացրել են: Բայց նա մեռնում է իրենց աչքի առաջ: Ճնշված
ընկերները վերադառնում են ճամբար: Այստեղ Կրոպը ներկայացնում է պատերազմի ընթացքի սեփական
տեսությունը: Թող կռվեն գեներալները: Չէ՞ որ նրանք են որոշում, ով ում հետ պատերազմի:
Ցերեկը նորակոչիկներ են բերում, որոնց փորձառու Կատչինսկին սովորեցնում է ձայնից տարբերել
պայթող արկերը և թաքնվել նրանցից: Պաուլը մտածում է զինվորների բնազդային վարքի մասին,
երբ նրանք լսելով պայթյունը փորձում են պառկել հողին և կառչել նրանից: Այդ ժամանակ
հողը նրանց միակ ընկերն է, եղբայրը, մայրը:
Ինչպես ենթադրում էր Կատչինսկին,
գիշերը սկսվում է գնդակոծությունը: Հարվածում են քիմիական զենքով: Դիմակները չեն օգնում:
Պետք է բարձրանալ խրամատից, սակայն վերևում սուլում են գնդակները:
Տղաները հաշվում են, թե քանի
հոգի են իրենց դասարանից ողջ մնացել: Յոթին սպանել են, մեկը հոգեբուժարանում է: Չորսը
մնացել են: Խոսում են այն մասին, թե ինչով կզբաղվեին, եթե չլիներ պատերազմը: Զորամաս
է գալիս Հիմելշտոսը, որը վարժեցնում է նրանց և որին նրանք բոլորը չեն սիրում:
Պատրաստվում են գրոհի: Խրամատներում
բազմացել են առնետները: Գրոհում են ֆրանսիացիները, սակայն նրանց ետ են շպրտում: Սկսվում
է հակագրոհը, և տղաները վերադառնում են պահածոների և խմիչքի պաշարով: 150 հոգանոց ջոկատից
կենդանի են մնում 37 հոգի:
Պաուլին կանչում են գրասենյակ
և տալիս են արձակուրդային փաստաթղթերը: Ահա նա տանն է: Մայրը հիվանդ պառկած է: Հայրը
ուզում է բոլորին ցույց տալ իր որդուն, սակայն Պաուլը ոչ ոքի չի ուզում տեսնել: Նա
հանգիստ է փնտրում սրճարաններում, որտեղ կարող է գարեջուր խմել: Այստեղ հայրենասեր
ուսուցիչները խոսում են այն մասին, թե ինչպես կարելի է «ծեծել ֆրանսիացիներին»: Խոսում
են նաև Բելգիան, Ֆրանսիայի արևմուտքը և Ռուսաստանի շատ տարածքներ գրավելու մասին:
Պաուլը լինում է Կիմերիխի մոր
մոտ, որին ասում է, որ իր որդին մեռել է սրտին դիպած գնդակից: Մայրը հավատում է նրան:
Պաուլը լինում է զորամասում, որտեղ անցել են զորավարժությունները: Կողքին ռուս գերիների
մեծ ճամբարն է: Պաուլը հսկում է այդտեղ: Նայելով այդ մարդկանց՝ մտածում է, թե ինչու
մանկական դեմքերով ու մորուքներով այդ մարդիկ դարձան թշնամի: Նրանք ամեն օր թաղում
են մահացածներին և երգում:
Պաուլին ուղարկում են հին զորամասը,
որտեղ նա հանդիպում է ընկերներին: Գալիս է կայզերը, բայց դա տպավորություն չի թողնում
զինվորների վրա: Նորից վիճում են այն մասին, թե ում են պետք պատերազմները: Լուրեր են
պտտվում, որ իրենց ուղարկելու են Ռուսաստան, բայց նրանք հայտնվում են կռվի բոհում:
Գիշեր, կրակոցներ և հրթիռներ: Պաուլը մոլորվում է առաջնագծում և չգիտի, թե որ ուղղությամբ
շարժվի: Նա մի օր անցկացնում է ականափոսում, ջրի ու ցեխի մեջ: Ատրճանակը կորցրել է:
Ունի միայն դանակ: Փոսում է հայտնվում ֆրանսիացի զինվոր: Պաուլը հարձակվում է նրա վրա:
Գիշերը նա վերադառնում է յուրայինների մոտ: Նա մարդ է սպանել… նրան, ով իրեն ոչինչ
չի արել:
Մի ամսից նա նորից առաջնագծում
է: Ընկնելով թշնամու կրակահերթի տակ՝ հայտնվում է հոսպիտալում: Ապաքինվելով նորից ուղարկվում
է ճակատ: Ամերիկյան, անգլիական և ֆրանսիական զորքերը հարձակվում են հյուծված գերմանացիների
վրա: Մյուլլերին սպանում են ազդանշանային հրթիռով: Կատչինսկին նույնպես ծանր վիրավորվելով
մեռնում է: Դասարանցիներից ողջ է մնացել միայն Պաուլը:
Նրան սպանում են 1918 թ. հոկտեմբերին:
Այդ օրը թերթերը հաղորդում են. «Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է»:
Էրիխ Մարիա Ռեմարկ | Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
января 25, 2016
Rating:
