.jpg)
Իր վարքով, հայացքներով և համազմունքներով Ալցեստը զարմացնում
է բոլոր ընկերներին: Ահա իր մոտ ընկեր Ֆիլինտին հրաժարվում է ընկեր համարել այն բանի
համար, որ սա չափազանց սիրալիր է խոսել մի մարդու հետ, ում հանդեպ իրականում ոչ մի
հետաքրքրություն չի տածում: Դա Ալցեստի համոզմամբ երեսպաշտություն է: Հարկ է բոլոր
պայմաններում և բոլոր մարդկանց հետ մնալ այնպիսին, ինչպիսին որ սեփական մտքերում ես:
Այսպես, Ալցեստը անձամբ իր խոսքերի օրինակն է: Նա հրաժարվում
է հաճոյանալ դատավորին, որից կախված է իր համար էական գործի ելքը, իսկ իր սիրելիի՝
Սելիմենայի տուն եկել է, որպեսզի բարոյախրատական ճառ արտասանի և մաքրի աղջկա հոգին
մեղքի կուտակումներից:
Ընկերների զրույցն ընդհատում է Օրոնտ անունով երիտասարդը:
Նա նույնպես սիրում է Սելիմենային և երկու ընկերների դատին է հանձնում աղջկա պատվին
հորինած սոնետը: Ֆիլինտը բարեկրթորեն գովում է ստեղծագործությունը, մինչդեռ Ալցեստը
ազնիվ է և հիմնավոր քննադատության է ենթարկում այն՝ ձեռք բերելով թշնամի:
Սելիմենան սովոր չէ, որ իր երկրպագուները զբաղվեն իր քննադատությամբ
ու փնթփնթան ամեն հարցի շուրջ: Ալցեստն իրեն հենց այդպես է պահում: Այս անգամ երիտասարդը
իր բարոյախրատական ճառի թիրախ է դարձրել Սելիմենայի թեթևամտությունը, որը թույլ է տալիս
բազմաթիվ երկրպագուների քարշ գալ նրա ետևից և դատարկաբանել ու անիմաստ հաճայախոսություններ
շռայլել: Աղջիկը փորձում է պաշտպանվել, սակայն նրա փաստարկները Ալցեստի համար համոզիչ
չեն: Երբ գալիս են երկու երկրպագուները՝ մարկիզ Ակաստը և մարկիզ Կլիտանդրը, նա ուզում
է հեռանալ, սակայն մնում է: Մարկիզները և Սելիմենան գործի են անցնում և սկսում են անել հենց այն, ինչից
Ալցեստն ամենից շատ է գարշում. բամբասում են բոլորին: Մեկը պարծենկոտ է, մյուսը՝ հիմար…
Սելիմենայի սուր լեզուն շարժում է մարկիզների հիացմունքը:
Ալցեստը չի դիմանում և ասում է այն ամենը, ինչ մտածում է մարկիզների դատարկ հաճոյախոսության
և բամբասանքի մասին: Ուզում է հեռանալ, սակայն գալիս է ժանդարմը և պատվիրում է Ալցեստին
ներկայանալ վարչություն: Ֆիլինտը համոզում է Ալցեստին հնազանդվել. հավանաբար դա կապված
է իր և Օրոնտի վեճի հետ, և վարչությունում ուզում են հաշտեցնել նրանց:
Փայլուն կավալերներ Ակաստը և Կլիտանդրը հավասարը չունեն սրտային
հարցերում: Պայմանավորվում են, որ երկուսից նա, ում կհաջողվի ներկայացնել աղջկա բարեհաճության
ավելի ծանրակշիռ ապացույց, կշարունակի պայքարել աղջկա սիրտը գրավելու համար. մյուսը
նրան չի խանգարի:
Սելիմենային է այցելում նրա ընկերուհի համարվող Արսինոյան:
Սելիմենան կարծում է, որ Արսինոյան բարեպաշտություն է խաղում, որովհետև զուրկ է ամեն
հմայքից: Ընդունում է նրան սիրալիր:
Արսինոյան վկայակոչելով ընկերական պարտքը ասում է, որ եկել
է խոսելու Սելիմենայի անվան շուրջ պտտվող ասեկոսեների մասին: Նա ինքը չի հավատում դրանց,
սակայն խորհուրդ է տալիս ընկերուհուն փոխել սովորությունները, որոնք այդպիսի զրույցների
հիմք են տալիս: Սելիմենան ի պատասխան, իհարկե, նույնպես ընկերական պարտքի թելադրանքով,
ասում է, որ Արսինոյան նույնանման ասեկոսեների զոհ է: Լինելով բարեպաշտ և եկեղեցու
մշտական այցելու՝ նա ծեծեում է իր ծառաներին և չի վճարում ժամանակին: Խորհուրդ է տալիս
հետևել նախ իրեն, իսկ հետո ուրիշներին: Ընկերուհիները սկսում են վիճել: Գալիս է Ալցեստը:
Սելիմենան հեռանում է՝ թողնելով Ալցեստին Արսինոյայի հետ,
ով վաղուց անտարբեր չէ տղայի հանդեպ: Արսինոյան ցանկալով հաճոյանալ Ալցեստին ասում
է, թե որքան հեշտ և արագ է սա դրականորեն իր հանդեպ տրամադրում մարդկանց: Այդպիսի տաղանդով
նա կարող էր առաջ գնալ արքունիքում: Ալցեստը պատասխանում է, որ արքունի կարիերան իր
համար չէ. ատում է շողոքորթությունը և երեսպաշտությունը:
Արսինոյան փոխում է թեման և սկսում է Ալցեստի աչքերում սևացնել
Սելիմանային: Ասում է, որ Սելիմենան դավաճանում է իրեն և երբ Ալցեստը չի հավատում,
խոստանում է ապացույցներ ներկայացնել:
Արսինոյան ճիշտ է նկատել Ալցեստի այն գիծը, որի օգնությամբ
տղան բարեհաճություն է վայելում: Ալցեստի ուղղամտությունը և ազնվությունը անչափ դուր
են գալիս Սելիմենայի զարմուհուն՝ Էլիանտային: Անգամ ասել է Ֆիլինտին, որ սիրով կդառնար
Ալցեստի կինը, եթե տղան չսիրեր ուրիշին:
Ֆիլինտն իր հերթին չի կարողանում հասկանալ, թե ինչպես է Ալցեստը
գերապատվություն տալիս կոկետուհի Սելիմենային և չի նկատում Էլիանտային: Այդուհանդերձ,
եթե Ալցեստն ամուսնանա Սելիմենայի հետ, ինքը չի վարանի խնդրել Էլիանտայի ձեռքը: Ֆիլինտի
սիրո խոստովանությունն ընդհատում է Ալցեստը, որը վերադառնում է զայրացած և վրդովված:
Քիչ առաջ նրա ձեռքն ընկավ Սելիմենայի նամակը, որով բացահայտվում է աղջկա նենգությունը
և անհավատարմությունը: Նամակը հասցեագրված էր Օրոնտին, որի հետ հազիվ էր հաշտվել: Ալցեստը
որոշում է խզել կապերը Սելիմենայի հետ և ամուսնանալ Էլիանտայի հետ:
Էլիանտան խորհուրդ է տալիս Ալցեստին հաշտվել Սելիմենայի հետ,
բայց վերջինս տեսնելով ներս մտած անհավատարիմ կոկետուհուն՝ հարձակվում է նրա վրա կշտամբանքով:
Սելիմենան սկզբում պաշտպանվում է, ասելով, թե նամակը գրել է ընկերուհուն, իսկ հետո
հայտարարում է, որ իսկապես գրել է Օրոնտին, որն ունի մի շարք փայլուն արժանիքներ:
Ներս է գալիս Ալցեստի վախեցած ծառան՝ Դյուբուան: Հայտնում
է, որ դատավորը, որին Ալցեստը հրաժարվել էր սիրաշահել, անչափ անհաջող վճիռ է կայացրել
նրա գործով և հիմա իրենք պատժից խուսափելու համար ստիպված են հեռանալ քաղաքից:
Ֆիլինտը փորձում է համոզել Ալցեստին բեկանել վճիռը, սակայն տղան հրաժարվում է՝ ասելով, որ հասարակության մեջ իշխում են սուտն ու կեղծիքը: Այժմ
նրան մնում է միայն հայտնել Սելիմենային իր հետ կատարվածը և, եթե աղջիկն իսկապես սիրում
է նրան, կուղեկցի իրեն, ուր էլ գնա, իսկ եթե ոչ, ապա…
Սելիմենայից վերջնական պատասխան է ակնկալում ստանալ նաև Օրոնտը:
Հոգում աղջիկը ընդունել է որոշումը: Սակայն հայտնել այն հրապարակավ, նշանակում է նոր
քննարկումների ալիք բարձրացնել: Գործը բարդացնում են նաև Ակաստն ու Կլիտանդրը, որոնք
նույնպես պատասխանի են սպասում: Նրանց ձեռքին է Սելիմենայի նամակը՝ հասցեագրված Արսինոյային:
Նամակի մեջ սուր խոսքեր կան իր երկրպագուների հասցեին: Այդ նամակն ընթերցելուց հետո
Ակաստը, Կլիտանդրը, Արսինոյան և Օրոնտը վիրավորված հեռանում են: Ալցեստը վերջին անգամ
փորձում է դիմել Սելիմենային և խնդրում է իր հետ հեռանալ խուլ մի վայր, հեռու արատավոր
հասարակությունից: Սակայն այդպիսի ինքնուրացությունը աղջկա ուժերից վեր է:
Ֆիլինտին և Էլիանտային երջանկություն մաղթելով՝ Ալցեստը հեռանում է այնտեղ, ուր մարդ կարող է ապրել մինչև վերջ ազնիվ:
Մոլիեր | Միզանտրոպ | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
февраля 16, 2015
Rating:
.jpg)