.jpg)
Բրիտանիա: XI դար: Հզոր արքա Լիրը, զգալով ծերությունը, որոշում
է հրաժարվել իր իշխանությունից և երկիրը բաժանել իր երեք դուստրերի միջև՝ Գոներիլի,
Ռեգանի և Կորդելիայի: Խնդրում է, որ դուստրերը հայտնեն, թե որքան են սիրում իրեն, որպեսզի
կարաղանա շռայլություն ցուցաբերել:
Առաջինը հանդես է գալիս Գոներիլը: Շողոքորթության տարափ տեղալով
ասում է, որ իր պես հորը չի սիրել ոչ մի դուստր: Նույնը անում է նաև Ռեգանը: Հերթը
սիրելի Կորդելիայինն է, ով չգիտի հրապարակավ գովերգել իր զգացմունքը: Ասում է, որ շնորհակալ
է իրեն ծնելու և դաստիրակելու համար: Լիրը ցասման մեջ է: Ինչպե՞ս կարող է աղջիկը, լինելով
երիտասարդ, հոգով լինել չոր:
Թագավորը կիսում է երկիրը առաջին երկու քույրերի մեջ: Կորդելիային
ոչինչ չի տալիս, իսկ իրեն թողնում է հարյուր զինվորից բաղկացած շքախումբ և որոշում է
յուրաքանչյուր ամիս ապրել քույրերից մեկի մոտ:
Քենթի կոմսը զգուշացնում է արքային, որ Կորդելիայի հանդեպ
այդպիսի վերաբերմունքը անտեղի է: Աղջիկն իսկապես սիրում է հորը: Քենթը հակաճառում է
թագավորին և ենթարկվում է աքսորի:
Բուրգունդիայի դուսքը, որը Կորդելիայի փեսացուների թվում
էր, իմանալով, որ աղջիկը մնացել է առանց ժառանգության, հրաժարվում է նրանից: Ֆրանսիայի
թագավորը, որը նույնպես Կորդելիայի փեսացու է, ապշած է թագավորի և առավել ևս դուքսի
վարքից: Իր հետ է տանում Կորդելիային:
Գլոսթերի կոմսը, որ երկար տարիներ ծառայել է Լիրին, նույնպես
զարմացած է Լիրի անսպասելի վարքի վրա: Նա չի էլ ենթադրում, որ ինքն է թակարդի մեջ,
որը լարում է իր ապօրինի որդի Էդմոնդը: Նպատակ ունենալով սևացնել հոր աչքերում եղբոր՝
Էդգարի անունը, Էդմոնդը ձգտում է տիրանալ նրա ժառանգությանը: Կեղծ նամակ է գրում Էդգարի
անունից, որի մեջ վերջինս իբրև թե հաղորդում է հորը սպանելու որոշման մասին: Նամակը
տալիս է Գլոսթերին, իսկ Էդգարին ասում է, որ հայրը նրա վրա ատամ ունի: Էդգարը հասկանում
է, որ ինչ-որ մեկը դավեր է նյութում նրա դեմ: Էդմոնդը վիրավորում է ինքն իրեն և ներկայացնում
է այնպես, որպես թե փորձել է կանգնեցնել Էդգարին, իսկ սա հարվածել է իրեն դաշույնով:
Գլոսթերը հրամայում է բռնել Էդգարին, իսկ սա փախչում է:
Առաջին ամիսը Լիրն ապրում է Գոներիլի մոտ: Դուստրը չի կորցնում
ամեն առիթ ցույց տալու հորը, որ հիմա ինքն է տիրուհին: Երբ իմանում է, որ հայրը ծեծել
է իր ծաղրածուին, որոշում է դաս տալ հորը: Այդ ընթացքում Լիրի հետ կոպիտ են խոսում
տան ծառաները: Երբ Լիրը ուզում է խոսել այդ մասին դստեր հետ, Գոներիլը խուսափում է:
Լիրի ծաղրածուն ծաղրում է նրան:
Գոներիլը վերջապես գալիս է: Կոպիտ է և սառը: Հրամայում է,
որ Լիրը ազատ արձակի իր շքախմբի մարդկանց կեսին: Ալբանիի դուքսը՝ Գոներիլի ամուսինը,
փորձում է պաշտպանել Լիրին: Սակայն Գոներիլը անհողդողդ է: Քենթը իրականում չի լքել
թագավորին: Նա որպես շրջիկ ասպետ անդամագրվել է թագավորի շքախումբը, որպեսզի ծառայի
նրան: Լիրը նրան նամակ է հանձնում, որ փոխանցի Ռեգանին: Սակայն Ռեգանի մոտ է շտապում
նաև Գոներիլի սուրհանդակը:
Լիրը հույս ունի, որ երկրորդ աղջիկը կընդունի իրեն հավուր
պատշաճի: Հույս ունի նաև Ռեգանի միջոցով պատժել Գոներիլին:
Ռեգանը, սակայն եկել է Գոներիլի ամրոց: Քենթը և Գոներիլի
սուրհանդակ Օսվալդը, որին Քենթը նախօրեին պատժել էր Լիրի հետ անհարգալից խոսելու համար, բախվում են և կռվում: Ռեգանը և նրա
ամուսինը լսելով աղմուկը գալիս են Օսվալդին օգնության և շղթայում են Քենթին:
Լիրը տեսնելով, որ իր սուրհանդակը շղթայակապ է, ընկնում է
ցասման մեջ: Իմանալով, որ դա արվել է Ռեգանի հրամանով, աղմկում է, պահանջում է իր դստերը,
ուզում է կոտրել դուռը: Ռեգանը նրան չի ընդունում: Երբ վերջապես դուրս է գալիս իր ամուսնու
հետ, խորհուրդ է տալիս ներողություն խնդրել Գոներիլից: Գալիս է նաև Գոներիլը: Երկուսով
ստորացուցիչ խոսքեր են ասում Լիրին: Խորհուրդ են տալիս ընդհանրապես վերացնել շքախումբը:
Փոթորիկ է բարձրանում: Քամին ոռնում է: Դստրերը թողնում են
Լիրին տարերքների քմահաճույքին: Պարզապես դուրս են վռնդում իրենց հորը:
Քենթը փնտրելով իր արքային հանդիպում է նրա շքախմբի անդամներից
մեկին: Իմանում է սրանից, որ Կորնուելսի և Ալբանիի դքսերի միջև վեճ կա, և որ Ֆրանսիայում
հայտնի է դարձել թագավորի հետ պատահածի մասին: Քենթը, որպես նշան տալիս է այդ մարդուն
իր մատանին և ուղարկում Ֆրանսիա, որպեսզի սա խնդրի Կորդելիային օգնության գալ Լիրին:
Լիրը քայլում է իր ծաղրածուի հետ: Կյանքի վերջում նա կորցրեց բոլոր պատրանքները. դրանց
մոխիրը խժռում է նրա սիրտը:
Քենթը ընդառաջ է գալիս Լիրին: Համոզում Լիրին ապաստանել խրճիթում,
որտեղ թաքնվում է խեղճ Թոմ Էդգարը: Սա խելագար է ձևանում: Իր զրույցներով նա զբաղեցնում
է Լիրին:
Գլոսթերի կոմսը չի կարող հանդուրժել Լիրի հանդեպ այդքան հոռի
վերաբերմունքը: Լուր է ստացել, որ երկիր է մտել օտար երկրի բանակ: Հարկ է թաքցնել Լիրին,
քանի դեռ այդ օգնությունը չի մոտեցել: Իր ծրագրերն է պատմում Էդմոնդին: Վերջինս ամեն
բան պատմում է դուքսին: Չկասկածելով Էդմոնդի դավաճանությունը Գլոսթերը փնտրում է Լիրին:
Լիրը չի ուզում բաժանվել խելագար Թոմից, այնպես որ Գլոսթերը արքայի հետ ակամա թաքցնում
է նաև իր որդի Էդգարին: Գիշերը Լիրը Քենթի և Էդգարի ներկայությամբ հեռակա դատում է
իր դստրերին: Նրան դժվարությամբ պառկեցնում են քնելու: Վերադառնում է Գլոսթերը, խնդրում
է արքային անհապաղ մեկնել Դուվր: Արքան վտանգի մեջ է. Գլոսթերը լսել է քույրերի գաղտնի
խոսակցությունը:
Կորնուելսի դուքսը իմանում է Ֆրանսիական զորքի մոտենալու
մասին: Ալբանիին այդ բանը հաղորդելու համար ուղարկում է Էդմոնդին և Գոներիլին: Օսվալդը,
որը հետևում է Գլոսթերին, հայտնում է, որ Գլոսթերն է օգնել արքային փախչել Դուվր: Կորնուելսի
դուքսը հանում է Գլոսթերի աչքը: Գլոսթերի ծառան մահացու խոցում է դուքսին, բայց ինքն
էլ է սպանվում: Մահանալուց առաջ Կորնուելսի դուքսը հանում է Գլոսթերի մյուս աչքը: Գլոսթերը
կանչում է Էդմոնդին օգնության: Իմանում է, սակայն, որ հենց Էդմոնդն է դավաճանել նրան:
Հասկանում է, որ Էդգարն անմեղ էր: Նրան դուրս են վռնդում ամրոցից: Հրաժարվելով ծառայի
օգնությունից ճանապարհ է ընկնում մենակ: Նրան որպես ուղևար միանում է անճանաչ Էդգարը:
Ալբանիի դղյակ է վերադառնում Գոներիլը Էդմոնդի հետ: Օսվալդից
Գոներիլն իմանում է, որ իր ամուսինը տարօրինակ է ընդունել լուրը ֆրանսիական զորքի մոտեցման
մասին: Ետ է ուղարկում Էդմոնդին Կորնուելսի մոտ: Էդմոնդի հետ երդվում են փոխադարձ սիրո
մեջ:
Ալբանիի դուքսը, իմանալով, թե ինչ անմարդկային վերաբերմունքի
են արժանացրել դստրերը արքային, սառն է ընդունում Գոներիլին: Նրանց բանակռիվն ընդհատում
է սուրհանդակը, որը հաղորդում է Կորնուելսի սպանության և Գլոսթեի կուրացման մասին:
Ալբանին երդվում է շնորհակալ լինել Գլոսթերին հավատարմության համար: Գոներիլը մտահոգ
է: Ռեգանը այժմ այրի է, իսկ Էդմոնդը նրա հետ է…
Էդգարը ուղեկցում է հորը: Գլոսթերը որոշել է ինքնասպանություն
գործել: Թռչում է հարթ տեղանքում՝ կարծելով, թե նետել է իրեն ժայռից: Էդգարը նրան համոզում
է, թե նա ժայռից է ընկել և հրաշքով կենդանի է մնացել: Գլոսթերը համաձայնում է այլևս
ենթարկվել ճակատագրին: Գալիս է Օսվալդը, որին հրամայված է սպանել Գլոսթերին: Էդգարը
սպանում է Օսվալդին և գրպանում գտնում Գոներիլի նամակը Էդմոնդին, որտեղ սա համոզում
է Էդմոնդին սպանել իր ամուսնուն և զբաղեցնել նրա տեղը:
Անտառում գտնում է ծաղիկներով պսակավորված Լիրին: Նա ցնորվել
է և փախչում է:
Ֆրանսիական զորքի ճամբար: Լիրը պառկած է անկողնում: Կորդելիան
աղաթում է, որ աստվածները վերադարձնեն արքայի բանականությունը: Ուշքի գալով և տեսնելով
Կորդելիային՝ Լիրը նրա առաջ ծնկի է իջնում և խնդրում է ներել իրեն:
Էդմոնդը և Ռեգանը գլխավորում են զորքը: Ռեգանը հարցնում է
Էդմոնդին, թե արդյոք նա իր քրոջ հետ սիրային կապի մեջ չէ: Սա երդվում է, որ սիրում է
Ռեգանին: Գալիս են Ալբանին և Գոներիլը: Գոներիլը, տեսնելով Ռեգանին և Էդմոնդին միասին,
որոշում է թունավորել քրոջը: Դուքսը որոշում է խորհուրդ գումարել և որոշել գործողությունները:
Նրան է մոտենում ծպտյալ Էդգարը և փոխանցում է Գոներիլի նամակը, որ գտել էր Օսվալդի
մոտ: Դուսքը կարդում է նամակը:
Ֆրանսիացիները պարտվում են: Էդմոնդը գերի է վերցնում Կորդելիային
և Լիրին: Նրանց բանտ է նետում: Սակայն Լիրը երջանիկ է: Նրանք Կորդելիայի հետ այլևս
անբաժան են: Էդմոնդը գաղտնի հրամայում է սպանել նրանց:
Գալիս է Ալբանիի դուքսը և պահանջում է, որ իրեն հանձնեն արքային
և Կորդելիային: Էդմոնդը հրաժարվում է: Ալբանին, ընդհատելով քույրերի վեճը Էդմոնդի համար,
երեքին էլ հայտարարում է դավաճաններ: Ասում է, որ փողերի երրորդ հնչեցումից հետո, եթե
ոչ ոք չմենամարտի Էդմոնդի հետ, նա ինքը կանի դա: Դուրս է գալիս Էդգարը: Առանց հայտնելու
իր անունը, Էդգարը կռվում է եղբոր հետ և սպանում է նրան: Էդգարը բացահայտում է իր ով
լինելը և ամեն բան պատմում է Ալբանիին: Գալիս է սենեկապետը և հայտնում է, որ Գոներիլը
թունավորել է Ռեգանին և ինքնասպան է եղել: Էդմոնդը մահից առաջ հասցնում է ասել իր գաղտնի
հրամանի մասին և հորդորում շտապել արքայի մոտ: Սակայն հանցագործությունն արդեն կատարվել
է: Ներս է գալիս Լիրը՝ Կորդելիայի մարմինը ձեռքերի մեջ: Սա այն կորուստն է, որ նա չի
կարող տանել: Մահանում է:
«Պետք է վշտալից այս ժամանակի ծանր բեռան տակ համբերող լինենք»,-
ասում է Ալբանին:
Շեքսպիր | Լիր արքա | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
февраля 16, 2015
Rating:
.jpg)