.jpg)
Ծերունին ձկնորսություն է անում իր նավակով Գոլֆստրիմում:
Արդեն ութսունչորս օր է՝ նա ոչ մի ձուկ չի որսացել: Առաջին քառասուն օրը նրա հետ է
օգնական տղան: Սակայն տղայի ծնողները, տեսնելով, որ նա տուն է վերադառնում առանց որսի,
խորհուրդ են տալիս ծով դուրս գալ ուրիշ նավակով և թողնել անհաջողակ ծերունուն: Տղան
տխրությամբ է նայում ձեռնունայն վերադարձող ծերունուն և օգնում է նրան ափ հանել դատարկ
նավակը:
Գործողությունները զարգանում են Կուբայի փոքրիկ ձկնորսական
քաղաքում: Ծերուկ Սանտյագոն սովորեցրել է տղային՝ Մանոլինին, ձուկ որսալ: Ծերունու
խրճիթում նրանք զրուցում են վաղվա ձկնորսությունից, այն մասին, որ ծերունու բախտը պիտի
վերջապես ժպտա: Զրուցում են սպորտի վերջին նորություններից, բեյսբոլից և հայտնի մարզիկներից,
օրինակ՝ Դի Մաջոյից: Երբ ծերուկը քնում է, նրա երազներում չկան կռիվներ, կանայք, կամ
մեծ իրադարձություններ: Նա տեսնում է Աֆրիկան և ափ դուրս եկող մեծ առյուծներին:
Առավոտյան ծերունին պատրաստում է նավակը և իրեն օգնող Մանոլինին
ասում, որ այսօր հավատում է հաջողությանը:
Ձկնորսական նավերը մեկը մյուսի ետևից դուրս են գալիս ծով:
Ծերունին սիրում է ծովը և մտածում է ծովի մասին, որպես կնոջ: Խայծ է դնում կեռիկներին
և գցում ջուրը: Սպասում է: Բարձր խոսում է թռչունների և ձկների հետ: Նա զգում է ջրի
հատակին կատարվող ամեն բան: Ահա կարթաթելերից մեկը ցնցվեց: Զգում է ահավոր ծանրություն
և ուժ, որը ձգում է կարթաթելը: Սկսվում է մի քանի ժամ տևող դրամատիկ պայքարը ծերունու և հսկայական
ձկան միջև: Փորձում է քաշել թելը, բայց դա չի հաջողվում: Ափսոսում է, որ տղան իր հետ
չէ: Բայց դեռ լավ է, որ ձուկը քաշում է կողմ և ոչ թե ցած:
Անցնում է չորս ժամ: Կեսօր է: Ծերունին մտածում է, որ այսպես
երկար չի կարող շարունակվել: Ի վերջո ձուկը կսատկի և նրան հնարավոր կլինի մոտեցնել:
Սակայն ձուկը դիմացկուն է:
Գիշեր է: Ձուկը հեռացնում է նավակը ափից: Հեռվում երևում
են Հավանայի լույսերը: Ծերունին հոգնած է, բայց չի թողնում կարթաթելը: Մտածում է ձկան
մասին: Անգամ խղճում է նրան: Քանի դեռ չի մեռել, չի բաժանվի ձկանից:
Ձուկն արդեն ուժեղ չէ ձգում: Թուլացել է: Սակայն ծերունու
ուժերը ևս հատնում են: Վերջապես ձուկը սկսում է երևալ: Այն շատ գեղեցիկ և երկու անգամ
մեծ է նավակից: Երևալով ջրի մակերևույթին՝ նորից սուզվում է, և ծերունին ստիպված է
լարել ուժերը: Աստծուն չի հավատում, սակայն սկսում է կարդալ «Հայր մերը»: Ուզում է
ցույց տալ ձկանը, թե ինչի է ընդունակ մարդը:
Անցնում է ևս մի օր: Ծերունին շեղվելու համար հիշում է բեյսբոլային
մրցումները: Հիշում է, թե ինչպես է ձեռնամարտում հաղթում հզոր նեգրին, իսկ հետո որոշում
այլևս չձեռնամարտել, որովհետև ձեռքն անհրաժեշտ է նրան ձկնորսության համար:
Պայքարը ձկան հետ շարունակվում է: Ձուկը մե´րթ մոտենում է
նավակին, մե´րթ հեռանում: Պատրաստում է տեգը, որ հասցնի ձկանը վերջին հարվածը: Համոզում
է ձկանը հանձնվել: Ձուկը սուզվում է:
Երբ ձուկը դուրս է գալիս հաջորդ անգամ, ծերունին հարվածում
է: Զգում է սրտխառնոց և թուլություն: Մոտեցնում է ձկանը և կապում նավին: Հաշվում է
ձկան արժեքը և կարծում, որ մեծն Դի Մաջոն կարող է հպարտանալ իրենով:
Անցնում է մի ժամ: Երևում է առաջին շնաձուկը: Սկսում է հոշոտել
ձկանը: Ծերունին հարվածում է նրան և շնաձուկը իջնում է հատակը՝ իր հետ տանելով տեգը
և ձկան մի մեծ կտոր: Ծերունին խորհում է: Մարդուն կարելի է հաղթել, բայց անհնար է ոչնչացնել:
Մի կտոր ձուկ է ուտում: Նկատում է շնաձկների մոտեցող խումբը:
Դիմավորում է նրանց թիակին ամրացված դաշույնով: Շնաձկները հարձակվում են ձկան վրա:
Ծերունին կռվում է նրանց հետ: Մեկին սպանում է: Ի վերջո շնաձկները ետ են մնում: Նրանք
այլևս ուտելու բան չունեն:
Երբ ծերունին հասնում է ափ, բոլորը քնած են: Նրա ձկանից մնացել
է միայն կմախքը: Ափին տղան դիմավորում է հոգնատանջ ու լացող ծերունուն: Մանոլինը հանգստացնում
է ծերունուն: Հավատացնում է, որ ինքը հաջողություն կբերի նրան և որ շատ հմտություններ
ձեռք բերելուց հետո կկարողանա իսկապես օգտակար
լինել:
Առավոտյան ափ են գալիս հարուստ զբոսաշրջիկներ: Զարմանում
են ձկան կմախքի չափերի վրա: Մատուցողը փորձում է բացարտրել նրանց նախօրյակին տեղի ունեցած
դրաման, սակայն նրանք հեռու են դա հասկանալուց:
Հեմինգուեյ | Ծերունին և ծովը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
марта 01, 2015
Rating:
.jpg)