Հյուգո | Իննսուներեքը | համառոտ


Մայիսի վերջին օրերին «Կարմիր գլխարկ» գումարտակի զինվորները և պարենավաճառուհին Սոդրեյան անտառում հանդիպում են բրետոնացի գեղջկուհու՝ երկու փոքրիկ տղաների և ծծկեր աղջկա հետ: Միշել Ֆլեշարի ամուսնուն սպանել են, իսկ տունը՝ այրել, այնպես որ նա չգիտի ուր գնալ: Սերժանտ Ռադուբի առաջարկությամբ գումարտակը որդեգրում է Ժորժետին, Ռընե Ժանին և Գրո Ալենին: Հունիսի մեկին Անգլիայից մեկնում է «Կլեյմոր» ֆրեյգատը, որը ծով է դուրս եկել առևտրական նավի անվան տակ: Պիտի Ֆրանսիա հասցնի մի ուղևորի՝ բարձրահասակ ծերունու՝ գեղջկական հագուստով, բայց արքայազնի կեցվացքով: Ճանապարհին տեղի է ունենում պատահար: Վատ ամրացված թնդանոթը պոկվում է տեղից, և նավը կորցնում է ղեկավարումը: Իրավիճակը շտկում է ծերունին, որը թնդանոթի անիվների տակ է նետում կեղծ թղթադրամներով պարկը: Նավապետը հետագա հրամանները ստանում է հենց այդ ծերունուց: Ծերունին կարգադրում է սուրբ Լյուդովիկոսի շքանշան հանձնել թնդանոթը վատ ամրացրած հրետանավորին, իսկ այնուհետև՝ գնդակահարել նրան: Թանկարժեք ժամանակ կորցրած Ֆրեյգատը կործանվում է ֆրանսիական նավատորմի հետ անհավասար մարտում, բայց մինչ այդ ռոյալիստները հասցնում են մակույկ իջեցնել փրկելու համար ծերունուն՝ ապստամբ Վանդեյայի ապագա առաջնորդին: Նավաստիներից մեկը առաջարկում է ուղեկցել նրան: Երբ մնում են երկուսով, նավաստին հանում է ատրճանակը. սպանված հրետանավորը նրա եղբայրն է: Ծերունին սառնասրտորեն բացատրում է, որ վարվել է այնպես, ինչպես պատվիրում է կարգը: Եթե նավաստին չի վախենում, որ Բրետանը կգրավեն անաստված հանրապետականները, թող կրակի: Գալմալոն չի կրակում: Ծնկի է գալիս և ներողություն խնդրում, ինչպես նաև հավատարմության երդում տալիս: Ծերունին հանձնարարում է նրան տեղեկացնել հավատի և թագավորի բոլոր կողմնակիցներին, որ գալիք հավաքատեղին Տուրգ ամրոցն է: Գալմալոն գլխով է անում: Դուրս գալով ափ՝ ազնվականը և նավաստին բաժանվում են: Մինչ այդ Գալմալոն հասցնում է ասել, որ մեծացել է Տուրգի մոտակայքում, որ այնտեղ կա ստորգետնյա թունել, որի մասին ոչ ոք չգիտի: Ճանապարհին ծերունուն հանդիպում է մի չքավոր և ասում, որ պարոն մարկիզը չի կարող առաջ գնալ, քանի որ նրա գլխի դիմաց գումար են խոստացել: Բարի Տելմարշը իր մոտ է թաքցնում Լանտենակին, քանզի նրան ատելի է միտքը դավաճանության մասին: Առավոտյան մարկիզը տեսնում է իր գնդակահարության մասին հրովարտակը, որը ստորագրել է կորպուսի հրամանատար Գովենը: Այդ անունը մեծ ազդեցություն է թողնում ծերունու վրա: Հանկարծ տարբեր կողմերից բրետոնացիներ են հայտնվում: Իմանալով առաջնորդի գալստյան մասին՝ ոչնչացրել են հանրապետականների ջոկատը: Լանտենակը հրամայում է գնդակահարել ողջ մնացածներին՝ ներառյալ երկու կանանց: Նրան զեկուցում են երեք մանուկների մասին: Հրամայում է վերցնել նրանց: Ժամանակը ցույց կտա՝ ինչ անել նրանց հետ: Տելմարշը բարձրացնում է գնդակահարված կանանցից մեկին: Երեխա կերակրող այս կինն ընդամենը վիրավորվել է:
Եվրոպան պատերազմում է Ֆրանսիայի դեմ, իսկ Ֆրանսիան՝ Փարիզի: Քաղաքը շնչում է հեղափոխությամբ. այստեղ անգամ ժպտում են հերոսաբար: Հռետորների թվում է նախկին քահանա Սիմուրդենը: Ունի միայն մեկ կախում. երիտասարդ տարիներին փոքրիկ վիկոնտի ուսուցիչն էր, երբ երեխան մեծացավ, դաստիարակին վռնդեցին, և նա կորցրեց իր աշակերտին: Այնուհետև պայթեց փոթորիկը: Սիմուրդենը հրաժարվեց հոգևորականի կոչումից և ամբողջությամբ նվիրվեց ապստամբ ժողովրդի գործին: Իննսուներեքին նա դառնում է եպիսկոպատի ամենաազդեցիկ դեմքերից մեկը: Եպիսկոպատը կոնվենտի և կոմունայի հետ մեկտեղ իշխանություն ունի հեղափոխական մայրաքաղաքում: Հունիսի քսանութին Սիրամարգի փողոցում՝ գինետանը, տեղի է ունենում գաղտնի խորհրդակցություն. սեղանի շուրջ նստած են կապույտ ֆրակ հագած երիտասարդը, կարմրամորթ հսկան և գարշելի գաճաճը՝ կանացի բաճկոնով՝ Ռոբեսպիերը, Դանդոնը և Մարատը: Նրանք վիճում են: Ռոբեսպիերը գտնում է, որ վտանգը գալիս է Վանդեյայից: Դանտոնը պնդում է, որ վտանգավորն արտաքին թշնամին է, իսկ Մարատը պահանջում է դիկտատուրա: Սիմուրդենի հայտնվելն ընդհատում է վեճը: Նա պաշտպանում է Ռոբեսպիերին: Մարկիզ դը Լանտենակը հրաշալի գիտի, թե ինչ պետք է անել: Պետք է գրավել ափամերձ մի հողակտոր, որտեղ կկարողանան իջնել անգլիական զորքերը: Ռոբեսպիերը, արագ գնահատելով Սիմուրդենի արժանիքները, նշանակում է նրան Վանդեյայում կոնվենտի ներկայացուցիչ: Նրա հետ կլինի երիտասարդ հրամանատարը, որը շատ կարեկցող է գերիների հանդեպ: Այդ պատանին ազնվականններից է. նրա անունը Գովեն է: Լսելով այդ անունը՝ Սիմուրդենը սփրթնում է, բայց կարգադրությունից չի հրաժարվում: Մարատի հայացքից ոչինչ չի վրիպում: Նրա պնդմամբ կոնվենտն արդեն հաջորդ օրը որոշում է ընդունում այն մասին, որ ցանկացած հրամանատար զենքը ձեռքին թշնամուն գերի վերցնելուց հետո ազատ արձակելու դեպքում կգլխատվի:
Հուլիսի սկզբին անհայտ մի ձիավոր կանգ է առնում իջևանատանը՝ Բրետոնի Դոլ քաղաքի մոտ: Իջևանատերը խորհուրդ է տալիս ճանապարհորդին շրջանցել քաղաքը. այնտեղ կռվում են՝ մարկիզ դը Լանտենակը և վիկոնտ դը Գովենը: Նրանք ազգականներ են: Երիտասարդ հանրապետականն առայժմ հաղթում է ծեր ռոյալիստին: Գուցե ամեն բան այլ կերպ դասավորվեր, եթե մարկիզը չգնդակահարեր երեք երեխաների մորը: Շնորհակալություն հայտնելով իջևանատիրոջը՝ անծանոթը շարժվում է Դոլ և խառնվելով մարտին՝ իր վրա է ընդունում Գովենին հասցեագրված սրի հարվածը: Երիտասարդը ճանաչում է իր ուսուցչին: Սիմուրդենը նույնպես չի թաքցնում իր զգացմունքները: Երկուսն էլ կրքոտ ցանկանում են, որ հաղթի հանրապետությունը: Սակայն Սիմուրդենը տերորի կողմնակից է, իսկ Գովենը՝ գթասրտության: Բայց Լանտենակի նկատմամբ Գովենը նույնքան թշնամաբար է տրամադրված, որքան Սիմուրդենը: Մի քանի օր անց ապստամբությունը ճնշվում է, սկսվում է Տուրգ ամրոցի պաշարումը: Այստեղ փակվել է Լանտենակը: Նա դատապարտված է, սակայն երրորդ հարկում որպես պատանդ պահում է երեք երեխաներին: Եթե իրենց թույլ չտան հեռանալ, երեխաները կսպանվեն: Վանդեյացիները հակված են ընդունել անհույս մարտը և պատրաստվում են մահվան, բայց հանկարծ իմանում են, որ պատի քարը կարելի է մի կողմ քաշել, և Գալմալոն, ժամանակին տեղ հասնելով, առաջարկում է փախչել ստորգետնյա անցումով: Երբ Ռադուբը ներս է մտնում ամրոց, տեսնում է՝ Լանտենակը փախել է, իսկ երեխաները հրի են մատնվել: Նրանց տեսնում է ողջ մնացած մայրը, արձակում է գերբնական ճիչ, որը վերադարձնում է Լանտենակին և սա բացում է դուռը: Նրան բռնում են: Մարկիզին սպասում է ռազմական դատարանը, իսկ հետո հիլիոտինը: Գիշերը Գովենը բաց է թողնում Լանտենակին: Նա չի պատկերացնում, որ Հանրապետությունը կարող է արնոտել ձեռքերը և մահապատժով պատասխանել ինքնազոհաբերության քայլին: Երիտասարդ հրամանատարին դատում են, և Սիմուրդենի խոսքը վճռորոշ է: Նա դատապարտում է տղային մահվան: Երբ Գովենի գլուխը ընկնում է գետնին, լսվում է կրակոց: Սիմուրդենը կատարել է իր պարտքը, բայց ապրել նա այլևս չի կարող:

Հյուգո | Իննսուներեքը | համառոտ Հյուգո | Իննսուներեքը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on марта 26, 2015 Rating: 5
Технологии Blogger.