
«Աորայ» երկկայմանավը մեղմ
քամու օգնությամբ առաջ է ընթանում և մոտենում կղզուն: Կղզու մուտքն այնքան նեղ է,
որ առևտրական երկկայմանավը չի կարող ծովալճակ մտնել: «Աորայից» շտապ ծով է իջնում
մի մակույկ և կարմիր կոնքակապով վեց թխամորթ նավաստիներ նստում են նրա մեջ: Ղեկի
մոտ կանգնած է սպիտակ զգեստով, պոլինեզական ծագումով Ալեքսանդր Ռաուլը`մեծահարուստ
խառնածին Մերի Ռաուլի որդին: Նա մակույկից ցատկում է սպիտակ ավազի վրա և ձեռքով
բարևում մի բարձրահասակ սևամորթի, որը կղզու բնիկներից է: Սա, քանի որ հանդիպել է
շնաձկանը, որի մասին վկայում է կտրված ձեռքը, մարգարտի որսը թողնելով, բանսարկություններ հյուսող մի պորտաբույծ է դարձել: Նա Ալեքին ասում է, որ
Մապուհին մի մարգարիտ է գտել, այնպիսի մի մարգարիտ, որ ոչ ոք չի որսացել ո´չ Հիքուերուում,
ո´չ Պաումոտյան կղզիներում, ո´չ էլ ամբողջ աշխարհում: Խարհուրդ է տալիս գնել
մարգարիտը: Ալեքը գնում է Մապուհու մոտ: Մարգարիտը հմայում է նրան: Դա աղավնու ձվի
մեծությամբ և անթերի կլորությամբ մի մարգարիտ է: Մապուհին ասում է, որ դրա դիմաց
ինքը ցանկանում է մի տուն, որը պետք է ունենա երեսունվեց ոտնաչափ երկարություն,
ցինկով ծածկված տանիք, ճոճանակավոր ութանկյուն մի ժամացույց, և շրջապատված լինի
սյունազարդ պատշգամբով: Տան կենտրոնում պետք է լինի մի խոշոր սենյակ, մեջտեղում`
կլոր սեղան, իսկ պատին` ութանկյուն ժամացույցը…
Ռաուլը սրտանց ծիծաղում է, ապա մտքում հաշվում այդ ամենի
գումարը` քսան հազար ֆրանկ: Հետո մտածում, որ դա մեծ գումար է, և ինքը չգիտի մարգարտի
արժեքը: Մապուհուն առաջարկում է տալ գումարը` հազար չիլիական դոլլար և հարյուր
չիլիական դոլլարի վարկ: Մապուհին համաձայն չէ, նրա հետևից ևս երեք գլուխներ
բացասական շարժում են անում` մայրը, կինը և դուստրը: Գործարքը տեղի չի ունենում, նրանք
տուն են ուզում` իրենց նկարագրած ճշգրտությամբ: Նույն պահին մի սև ամպ ծածկում է արևը, մթնում է: Նավապետը մարդ է ուղարկում հաղորդելու, որ
անհրաժեշտ է շտապ հեռանալ, բարոմետրը իջել է քսանինը և յոթանասունի:
Գալիս է նոր երկկայմանավը`«Օրոհենան», որը պատկանում է
Տորիկին: Միձեռանի Հուրու-Հուրուն սրան էլ է հայտնում մարգարտի մասին, և հիշեցնում,
որ Մապուհին պետք է Տորիկին վճարի նախորդ տարում վարկով գնած ապրանքի արժեքը:
Տորիկը գնում է Մապուհու մոտ և ձեռքից վերցնում մարգարիտը` ասելով, թե դրանով
մարված է վերջինիս պարտքը:
Հետո գալիս է մի այլ երկկայմանավ`«Հիրան»: Այն պատկանում
է Լեվի անունով մի գերմանացի հրեայի: Հուրու- Հուրուն սրան էլ է նույնը հաղորդում,
և սա մարգարիտը գնում է Տորիկից քսանհինգ հազար ֆրանկով, որը Ֆրանսիայում կծախի
հարյուր հազարով: Ռաուլը վերադառնում է, որ գնի Մապուհուց մարգարիտը, բայց արդեն
ուշ է:
Բարոմետրը ավելի ու ավելի է իջնում: Անհողմությունը
շարունակվում է, բայց ծովում ալիքները գնալով ավելի են խոշորանում: Շուտով սկսում
է փոթորիկը: Նավապետ Լինչը շշմել է: Մարդիկ բարձրանում են հնդընկուզենիների վրա,
պարաններով կապում իրենց ծառերի բներին: Մրրիկի կատաղությունը տևում է գիշերվա
ժամը տասնմեկից մինչև երեքը: Առավոտյան թափը կոտրվում է: Կղզում ապրող հազար երկու
հարյուր հոգուց միայն երեք հարյուրն է ողջ մնացել: Մապուհու ընտանիքը ողջ է մնում,
Միայն մայրը` Նաուրին, չկա, սակայն նա ևս ողջ է: Նա հայտնվել է Թակոկոտա կղզում,
որը բնակչություն չունի: Ծովը բազմաթիվ դիակներ է գցում ափ: Դրանց թվում է
գերմանացի Ղեվիի դիակը, որի գրպանավոր կաշվե գոտու վերջին գրպանում գտնում է այն
միակ մարգարիտը, որը վաճառականը գնել էր իր վերջին ուղևորության ընթացքում:
Մարգարտի գեղեցկության մեջ ծեր կինը տեսնում է այն տունը, որ իր ընտանիքը երազում
է ունենալ: Մեծ դժվարություններով Նաուրին
հասնում է Հիքուերու կղզի, ճանապարհի կեսը գնալով նավակով, որը ճեղք ունի, մյուս
մասը` լողալով, որի ընթացքում շնաձուկը պոկում է նրա մորթը արմունկից:
Ընտանիքը նրան մեռած է համարում, և սկզբում կարծում է,
թե սա ուրվական է, բայց երբ համոզվում են, որ նա իրական մարդ է, ներս են թողնում
նրան: Նաուրին պատվիրում է որդուն առավոտյան մարգարիտը ծախել Ռաուլին: Հետո ուտելիք
է ուզում, որից հետո առաջարկում է քննել
իրենց տան հարցը:
Տես նաև Գարեհատիկ Ջոնը, Ծովագայլը, Մարտին Իդեն, Սպիտակ Ժանիք
Լոնդոն | Մապուհիի տունը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
09:13:00
Rating:
