Հյուգո «Փարիզի Աստվածամոր տաճարը» համառոտ

Վիկտոր Հյուգո
«Փարիզի Աստվածամոր տաճարը»
(համառոտ)

1831 

Հզոր տաճարի աշտարակների խորշերից մեկում ինչ-որ մեկի վաղուց մոխրացած ձեռքը գրել է՝ «ճակատագիր»: Այնուհետև անհետացել է նաև բառը: Դրա փոխարեն ծնվել է գնչուհու, կուզիկի և հոգևորականի մասին վեպը:
1482 թ. հունվարի 6-ին Արդարադատության պալատում բեմադրվում է «Անարատ կույսի դատաստանի» միստերիան: Ամբոխը շտապեցնում է կատարողներին սկսել ներկայացումը: Միստերիայի հեղինակ Պիեր Գրենգուարը կարգադրում է սկսել: Սակայն նրա բախտը չի բերում: Նոր էին ուզում սկսել միստերիան, գալիս են կարդինալը և դեսպանները: Գենտ քաղաքի հյուրերն այնքան շքեղ են, որ ամբոխը միայն նրանց է նայում: Ֆլամանդացիներից մեկը ձանձրալի է կոչում միստերիան և առաջարկում է ծաղրածու պապ ընտրել: Պապ կընտրվի նա, ով կսարքի ամենատգեղ ծամածռությունը: Ընտրվում է տաճարի ժամհար Կվազիմոդոն: Նրան տարօրինակ զգեստներ են հագցնում և ձեռքի վրա պտտում են փողոցներում: Գրենգուարը հույս ունի, որ պիեսը կշարունակվի, սակայն պարզվում է, որ հրապարակում պարում է Էսմերալդան և ամբոխը շտապում է հրապարակ: Գրենգուարը միանում է նրանց և տեսնում է հրաշալի պարուհուն, որը գնչուհի է: Նա ներկայացում է տալիս իր ճերմակ այծիկի հետ: Ամբոխից մեկը մեղադրում է աղջկան կախարդության մեջ: Ռոլանդի աշտարակի ճգնավորուհին անիծում է նրան: Գալիս է Կվազիմոդոյին տանող թափորը: Սակայն Կվազիմոդոյին է մոտենում ճաղատ քահանան, որին Գրենգուարը ճանաչում է: Դա հերմետիկայի ուսուցիչ Կլոդ Ֆրոլլոն է: Կվազիմոդոն ծնկի է իջնում նրա առաջ: Ցուցադրությունները դրանով ավարտվում են և Գրենգուարը քայլում է հեռացող Էսմերալդայի հետևից: Հանկարծ լսվում է ճիչ: Երկու տղամարդիկ փորձում են փակել Էսմերալդայի բերանը: Գրենգուարի օգնության կանչին արձագանքում է շլացուցիչ Ֆեբ դը Շատոպերը՝ թագավորական նետաձիգների կապիտանը: Աղջկան բռնացողներից մեկին ձերբակալում են. դա Կվազիմոդոն է: Գնչուհին հիացած նայում է Շատոպերին:
Գրենգուարը հայտնվում է չքավորների և գողերի թաղամասում: Նրան ստիպում են աննկատ գողություն կատարել: Այդ քննությունը նա տապալում է: Նրան սպասում է կախաղան, եթե կանանցից մեկը չուզենա ամուսնանալ նրա հետ: Էսմերալդան որոշում է փրկել նրան, սակայն երբ Գրենգուարը փորձում է տեր կանգնել իր ամուսնական իրավունքին, աղջիկը սպառնում է նրան դաշույնով: Պոետը քնում է միայնակ:
Հաջորդ օրը Էսմերալդային գողանալ փորձող Կվազիմոդոն կանգնում է դատի առաջ: Նա քսան տարեկան է, իսկ նրա տերը Կլոդ Ֆրոլլոն՝ երեսունվեց: Տասնչորս տարի առաջ տաճարի շեմին թողել են փոքրիկ այլադակին, և միայն մի մարդ է խղճում նրան: Կլոդը ուներ եղբայր, որին մեծացրել էր միայնակ ծնողների վաղաժամ մահից հետո: Հավանաբար եղբոր մասին միտքը ստիպում է նրան տեր կանգնել Կվազիմոդոյին: Սա ատելով բոլոր մարդկանց՝ անչափ նվիրված էր Կլոդ Ֆրոլլոյին: Խուլ Կվազիմոդոյին դատում է խուլ դատավորը: Նրան դատապարտում են մտրակի հարվածների և անարգանքի սյան: Ամբոխը քարեր է նետում վրան: Միայն Էսմերալդան է մոտենում նրան և ջուր տալիս: Կվազիմոդոյի դեմքին արցունք է հայտնվում:
Մի քանի շաբաթ անց Պեր դը Շատոպերը զվարճանում է իր հարսնացուի՝ Ֆլյոր դը Լիսի և սրա ընկերուհիների հետ: Հանուն զվարճանքի որոշում են ներս կանչել գնչուհի Էսմերալդային: Սակայն դա սխալ որոշում էր, քանզի Էսմերալդան իր գեղեցկությամբ և պարով ստվերում է աղջիկներին: Նրան վռնդում են: Փողոցում աղջկան հետևում են Կվազիմոդոյի և Կլոդ Ֆրոլլոյի աչքերը: Ֆրոլլոն հանդիպում է Գրենգուարին՝ իր աշակերտին, որին հարց ու փորձ է անում Էսմերալդայի մասին: Գրենգուարը պատմում է, որ աղջիկը փնտրում է իր ծնողներին և հույս ունի, որ իրեն կօգնի իր հմայիլը: Աղջկան բոլորը սիրում են, թեպետ վերջինս կարծում է, որ ունի երկու թշնամի՝ աշտարակի ճգնավորուհին և ինչ-որ քահանա:
Ֆրոլլոն հետևում է Ֆեբ դը Շատոպերին, որը գալիս է պանդոկ և մի լավ հարբում: Հանդիպում ունի Էսմերալդայի հետ: Աղջիկը սիրահարված է Ֆեբին: Անգամ պատրաստ է հրաժարվել ծնողներին գտնելու մտքից: Կապիտանը սկսում է համբուրել գնչուհուն և հանկարծ աղջիկը տեսնում է օդում փայլող դաշույնը: Տեսնում է Կլոդ Ֆրոլլոյի դեմքը: Այնուհետև ուշագնաց է լինում: Երբ ուշքի է գալիս, բոլոր կողմերից լսում է, որ կախարդուհին սպանել է կապիտանին:
Անցնում է մի ամիս: Գրենգուարը և չքավորների թաղամասի բնակիչները անհանգստության մեջ են: Էսմերալդան անհետացել է: Մի օր Գրենգուարը իրարանցում է նկատում Արդարադատության պալատի մոտ: Նրան ասում են, որ դատում են ինչ-որ վհուկի, որը սպանել է կապիտանին: Էսմերալդան հերքում է իրեն ներկայացված մեղադրանքը: Սակայն կտտանքներին չի դիմանում և ոչ միայն իր վրա է վերցնում Ֆեբի սպանությունը, այլև խոստովանում է, որ զբաղվել է անառակությամբ և կախարդությամբ: Նրան դատապարտում են մահվան: Կլոդ Ֆրոլլոն այցելում է նրան բանտախցում: Ծնկաչոք պաղատում է աղջկան փախչել իր հետ: Էսմերալդան հրաժարվում է:
Պարզվում է, սակայն, որ Ֆեբը կենդանի է մնացել: Էսմերալդայի մահապատժի օրը նա ուրախ զրուցում է Ֆլյոր դը Լիսի հետ: Վերջինս պատուհանից պատահաբար տեսնում է Էսմերալդային և թե ինչպես է նրան գողանում Կվազիմոդոն և փախցնում տաճար:
Էսմերալդան ապրում է տաճարում, բայց չի կարող սովորել այլանդակ կուզիկին: Չցանկանալով վախեցնել աղջկան՝ Կվազիմոդոն տալիս է նրան մետաղյա սուլիչ, որի սուլոցը կարող է լսել: Մի անգամ քիչ է մնում սպանի Կլոդ Ֆրոլլոյին, որը հարձակվում է Էսմերալդայի վրա: Քահանան սկսում է խանդել Էսմերալդային Կվազիմոդոյի հանդեպ: Նրա խորհրդով Գրենգուարը և չքավորները գրոհում են Աստվածամոր տաճարը՝ փրկելու համար գնչուհուն: Կվազիմոդոն պաշտպանում է տաճարը և նրա ձեռքով սպանվում է Ֆրոլլոյի կրտսեր եղբայրը: Այդ ընթացքում, սակայն, Գրենգուարը դուրս է բերում Էսմերալդային տաճարից և ակամա հանձնում է Ֆրոլլոյին: Սա տանում է աղջկան հրապարակ և վերջին անգամ առաջարկում է իր սերը: Փրկություն չկա: Ինքը թագավորը, իմանալով ապստամբության մասին, հրամայում է կախել կախարդուհուն: Ֆրոլլոն տանում է աղջկան աշտարակի ճգնավորուհու մոտ, իսկ ինքը գնում է ոստիկանների ետևից: Էսմերալդան աղաչում է ճգնավորուհուն բաց թողնել իրեն: Սա պատասխանում է, որ տարիներ առաջ գնչուները գողացել են իր դստերը, թող հիմա նրանց վիժվածքը պատասխան տա իրենց արարքի համար: Ցույց է տալիս Էսմերալդային իր դստեր փոքրիկ կոշիկը: Էսմերալդայի մոտ դրա զույգն է: Ճգնավորուհին քիչ է մնում կորցնի խելքը: Նա գտել է իր կորած դստերը և դա հենց Էսմերալդան է: Փորձում է թաքցնել նրան, սակայն արդեն ուշ է: Աղջկան տանում են դեպի կախաղանը: Տաճարի բարձրությունից քահանան դիտում է մահապատժի տեսարանը: Կվազիմոդոն, որը կասկածում էր, որ Ֆրոլլոն է հանձնել Էսմերալդային, հիմա տեսնելով նրա դեմքի ցնծագին արտահայտությունը, վայր է գցում իր տիրոջը աշտարակից:
Էսմերալդան կախաղանի վրա և գետնին մեկնված Ֆրոլլոն ՝ ահա այն ամենը, որ սիրում էր կյանքում խեղճ կուզիկը: 

Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Հյուգո «Փարիզի Աստվածամոր տաճարը» համառոտ Հյուգո «Փարիզի Աստվածամոր տաճարը» համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 0:37:00 Rating: 5
Технологии Blogger.