
1815 թ. Դին քաղաքի
եպիսկոպոս է Շառլ Ֆրանսուա Միրիելը: Այդ արտասովոր մարդը երիտասարդ տարիքում ունեցել
է սիրային բազում արկածներ և վարել է բարձրաշխարհիկ կյանք, սակայն հեղափոխությունը
փոխել է նրան: Նա մեկնում է Իտալիա, որտեղից վերադառնում է հոգևորական դարձած: Իր հովվական
գործունեությունը սկսում է նրանից, որ տեղի հիվանդանոցին է զիջում եպիսկոպոսական հրաշալի
պալատը: Իր աշխատավարձը բաժանում է աղքատներին: Ունի բժկելու և թողություն տալու շնորհ:
1815 թ. հոկտեմբերին Դին է գալիս միջին տարիքի, ամուր կազմվածքով
տղամարդ: Նրա չքավորի հագուստը և մռայլ նայվածքը վանող են: Նախ այցելում է քաղաքապետարան,
հետո գիշերային օթևան է փնտրում: Նրան ոչ մի տեղ չեն ընդունում: Նրա անունն է Ժան Վալժան:
Նա կալանավայրում է եղել 19 տարի այն բանի համար, որ հաց է գողացել իր այրի քրոջ յոթ
քաղցած երեխաների համար: Չարանալով, հիմա նա վերածվել է գազանի, որի «դեղին անձնագիրը»
թույլ չի տալիս նրան աշխատանք գտնել: Գալիս է եպիսկոպոսի մոտ: Լսելով նրա մռայլ խոստովանությունը՝
պրն. Միրիելը կարգադրում է կերակրել նրան: Գիշերվա կեսին Ժան Վալժանն արթնանում է:
Նրան հանգիստ չի տալիս տան արծաթե սպասքը՝ եպիսկոպոսի միակ հարստությունը: Գողանում
է մոմակալը և ուզում է անգամ կոտրել դրանով քնած եպիսկոպոսի գլուխը, սակայն անհասկանալի
մի ուժ զսպում է նրան:
Առավոտյան ժանդարմները բերում են կալանավորին եպիսկոպոսի
մոտ: Նրա ձեռքին գտել են ակնհայտորեն գողացված արծաթե սպասք: Եպիսկոպոսը կարող է ուղարկել
Վալժանին ցմահ տաժանավայր, սակայն դրա փոխարեն բերում է ննջասենյակից երկու մոմակալ,
որոնք հյուրը իբրև թե մոռացել էր վերցնել: Բաժանվելով Վալժանից եպիսկոպոսը խորհուրդ
է տալիս օգտագործել նվերը ի շահ մարդ դառնալու բարձր կոչման: Ցնցված կալանավորը լքում
է քաղաքը: Նրա կոպիտ հոգում սկսվում է բարդ վերափոխություն: Սովորության համաձայն ճանապարհին
մի տղայից 40 սու է խլում: Միայն երբ տղան լացելով հեռանում է, նա հասկանում է իր արարքի
իմաստը, նստում է գետնին և դառը արտասվում է՝ 19 տարվա ընթացքում առաջին անգամ:
1818 թ.: Մոնրեյլ փոքրիկ քաղաքը բարգավաճում է և պարտական
է դրանով մի մարդու: 3 տարի առաջ նա բնակություն է հաստատել քաղաքում և կատարելագործել
սև սաթի մշակման տեղի արդյունաբերությունը: Պրն. Մադլենը ոչ միայն ինքն է հարստանում,
այլև օգնում է բարելավել իրենց գործերը ուրիշներին և հաղթահարել գործազրկությունը:
Համեստ մարդ է. նրան չեն ձգում ո´չ պատգամավորի աթոռը, ո´չ էլ Պատվո լեգիոնի շքանշանը:
1820 թ. նա ստիպված է քաղաքապետ դառնալ: Վայելում է բոլորի հարգանքը և միայն ոստիկանության
գործակալ Ժավերն է նայում նրան կասկածանքով: Ժավերը ունի երկու կիրք՝ հարգանք իշխանության
նկատմամբ և ատելություն ապստամբության նկատմամբ: Կյանքի իմաստն է հետախուզումը:
Մի օր Ժավերը հայտնում է քաղաքապետին, որ պիտի մեկնի Արրաս,
որտեղ դատելու են նախկին կալանավոր Ժան Վալժանին, ով ազատվելուց հետո թալանել է մի
տղայի: Ժավերն անգամ խոստովանում է, որ կարծում էր, թե Վալժանը թաքնվում է պրն. Մադլենի
դիմակի տակ: Քաղաքապետը տրվում է ծանր խոհերի և մեկնում է քաղաքից:
Արրասում դատի ժամանակ մեղադրյալը հրաժարվում է խոստովանել,
որ ինքը Վալժանն է: Երբ դատավորը պատրաստվում է վճիռ կայացնել, բարձրանում է մի մարդ
և ասում, որ ինքն է Ժան Վալժանը: Արագ տարածվում է լուրը, որ քաղաքապետը փախստական
կալանավորն է: Ժավերը ցնծում է: Դատարանը որոշում է ցմահ կալանավայր ուղարկել Վալժանին:
Հայտնվելով «Օրիոն» նավի վրա՝ Վալժանը նետում է իրեն ծովը: Թեթերում գրում են, թե կալանավորը
ինքնասպանություն է գործել: Սակայն մի որոշ ժամանակ անց նա հայտնվում է Մոնֆերմոյլ
քաղաքում: Այստեղ է եկել իր վաղեմի մեղքը քավելու: Քաղաքապետ եղած ժամանակ նա դաժան
է վարվել մի կնոջ հետ, որն ուներ ապօրինի երեխա: Այդ կինը մահամերձ է և մահից առաջ
խնդրում է Վալժանին հոգ տանել իր դստեր` Կոզետի մասին, որին հանձնել է պանդոկապան Տենարդյոյին:
Տենարդյո ամուսինները խորամանկության և չարության մարմնացում են: Յուրաքանչյուրն իր
ձևով էր տանջում փոքրիկ աղջկան: Գնելով Կոզետին՝ Վալժանը բնակվում է Փարիզի խուլ մի
անկյունում: Սովորեցնում է աղջկան գրել-կարդալ: Ապրում են Վալժանի կուտակած դրամով:
Սակայն ինսպեկտոր Ժավերը այստեղ էլ հանգիստ չի թողնում Վալժանին: Գիշերային հետապնդումից
փախչելով՝ Վալժանը փրկվում է կանանց մենաստանում: Կոզետին վերցնում են մենաստան, իսկ
նրա հայրացուն դառնում է մենաստանի այգեպանի օգնականը:
Հարգարժան բուրժուա պրն. Ժիլնորմանը ապրում է իր թոռան՝ Մարիուս
Պոնմերսիի հետ: Մարիուսի մայրը մահացել է, իսկ հորը նա երբեք չի տեսել: Մարիուսը Նապոլեոնի
սիրահար է և ատում է պապուն, քանի որ սա ռոյալիստ է: Պատանի Մարիուսը, վիճելով պապու
հետ, հեռանում է տանից և ապրում է գրեթե չքավորության մեջ: Լյուքսեմբուրգյան այգում
ամենօրյա զբոսանքների ընթացքում նա նկատում է բարեկիրթ մի ծերուկի, որին ուղեկցում
է տասնհինգամյա մի աղջիկ, որին Մարիսուսը սիրահարվում է: Ծերունին նկատում է, որ իրեն
դստեր հետ հետևում են, փոխում է բնակարանը և դադարում է երևալ այգում: Դժբախտ երիտասարդին
թվում է, թե նա կորցրեց իր սիրեցյալին: Բայց մի օր նա ծանոթ ձայն է լսում իր տան պատի
մյուս կողմից: Ճեղքի միջով նա տեսնում է Լյուքսենբուրգի այգու ծերունուն, որը խոստանում
է երեկոյան գումար բերել տանտեր Ժոնդրետին: Ըստ ամենայնի Ժոնդրետը ինչ-որ կերպ շանտաժի
է ենթարկում ծերունուն: Մարիուսը նաև լսում է, թե ինչպես է Ժոնդրետը պայմանավորվում
«Աքաղաղի ժամ» կոչվող ավազակախմբի անդամների հետ ծերունուն կողոպտելու մասին: Մարիուսը
ամեն բան հայտնում է ոստիկաններին: Ինսպեկտոր Ժավերը շնորհակալություն է հայտնում նրան
և անգամ ատրճանակ է տալիս: Պատանու աչքի առաջ ծավալվում են սարսափելի իրադարձություններ:
Տենարդյոն, որը թաքնվում էր Ժոնդրետ անվան տակ, հետևել և գտել է Ժան Վալժանին: Մարիուսն
ուզում է միջամտել, սակայն ներս են խուժում ժանդարմները և Ժավերը: Մինչև որ Ժավերը
պարզում է ավազակների ով լինելը, Վալժանը օգտվելով առիթից, դուրս է թռչում պատուհանից
և Ժավերը հասկանում է, որ նրանից փախավ իր վաղեմի որսը:
1832 թ.: Փարիզում հեղափոխական խմորումներ են: Մարիուսի ընկերները
անվերջ խոսում են նոր գաղափարներից: Սակայն տղան տարված է Լյուքսեմբուրգյան գեղեցկուհու
որոնումներով: Բախտը ժպտում է նրան: Տենարդյոյի դստրերից մեկի օգնությամբ նա գտնում
է Կոզետին և սեր է խոստովանում: Կոզետը նույնպես վաղուց սիրում է Մարիուսին: Վալժանը
այս մասին ոչինչ չի իմանում: Նրան անհանգստացնում է այն, որ նրանց թաղամասին է հետևում
Տենարդյոն:
Հունիսի 4-ին սկսվում է ապստամբությունը: Մարիուսը չի կարող
թողնել իր ընկերներին: Անհանգստացող Կոզետը
ուզում է նրան նամակ ուղարկել: Վալժանի աչքերը բացվում են: Նրա դուստրը հասունացել
և սիրահարվել է: Հուսահատությունը և խանդը տանջում են ծեր կալանավորին: Նա գնում է
բարիկադներ, ուր գտնվում են Մարիուսը և ընկերները: Նրանց ձեռքն է ընկնում Ժավերը և
Վալժանը դեմ առ դեմ հանդիպում է իր թշնամու հետ: Նա գերադասում է ազատ արձակել Ժավերին:
Իշխանական զորքը գրոհում է բարիկադները: Բարիկադների պաշտպանները
մեկը մյուսի հետևից զոհվում են. նրանց թվում է նաև փոքրիկ Գավրոշը: Մարիուսը վիրավոր
է և մնում է Վալժանի տրմադրության տակ: Կալանավորը իր ուսերի վրա դուրս է բերում տղային
ստորգետնյա անցուղիներով: Երբ դուրս է գալիս, բախվում է Ժավերին: Վերջինս թույլ է տալիս
Վալժանին տուն տանել Մարիուսին և հրաժեշտ տալ Կոզետին: Դա նման չէ խստաբարո Ժավերին:
Իրականում նա ազատ է արձակել Վալժանին: Ժավերի կյանում տեղի է ունենում ամենաողբերգական
պահը: Նա ազատ է արձակել հանցագործին: Նետում է իրեն Սենը և ինքնասպան է լինում:
Մարիուսը երկար ժամանակ կյանքի և մահվան սահամանին է: Երիտասարդությունը
հաղթում է: Նա հանդիպում է Կոզետի հետ, և նրանց սերը ծաղկում է: Վալժանը և Ժիլնորմանը
օրհնում են նրանց: 1833 թ. փետրվարին նրանք ամուսնանում են: Վալժանը պատմում է Մարիուսին
իր կյանքի պատմությունը: Երիտասարդ Պոնմերսին սարսափում է: Ոչինչ չպիտի մթագնի Կոզետի
երջանկությունը, ահա ինչու հանցագործը պիտի անհետանա, չէ՞ որ նա իսկական հայրը չէ:
Կոզետը աստիճանաբար սովորում է իր հայրացուի հետզհետե ավելի հազվադեպ դարձող այցերին:
Ծերունին դադարում է այցելել նրանց, և աղջիկը մոռանում է նրան: Իսկ Վալժանը սկսում
է դանդաղ հանգչել: Բժիշկն ասում է, որ նա կորցրել է իր կյանքի ամենաթանկ էակին: Մարիուսը
կարծում է, որ կալանավորը արժանի է այդ բախտին, քանզի նա է թալանել պրն. Մադլենին և
սպանել Ժավերին: Գաղտնիքները բացահայտում է Տենարդյոն: Ժան Վալժանը գող և մարդասպան
չէ. հենց նա է փրկել Մարիուսին:
Մարիուսը և Կոզետը շտապում են Վալժանի մոտ, որպեսզի ներողություն
խնդրեն: Ծեր կալանավորը մեռնում է երջանիկ, քանզի սիրելի երեխաները վերջին պահին նրա
կողքին են:
Տես նաև Փարիզի Աստվածամոր տաճարը, Իննսուներեքը
Վիկտոր Հյուգո | Թշվառները | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июня 27, 2015
Rating:
