.jpg)
Պատանի հերոսը՝ Վիլհելմ Մայստերը, ունի երկու կիրք՝ թատրոն
և Մարիանա: Նրա հայրը պատկառելի բյուրգեր է, կուտակել է դրամագլուխ՝ վաճառելով նկարների
հոր հավաքածուն, իսկ հետո բազմապատկել է իր կարողությունը հաջող առևտրի շնորհիվ: Որդուն տեսնում
է իր գործերի շարունակող, սակայն Վիլհելմը առևտրական դառնալու մասին անգամ լսել չի
ուզում: Իր կոչումը նա տեսնում է թատրոնում, որին սիրահարվել է մանկուց: Իհարկե, ավելի
ուշ շփվելով բոհեմի որոշ անդամների հետ և հանդիպելով նրանց մեջ դերասանների՝ Վիլհելմը
զարմանում է, որ սրանք այդքան երկրային արարածներ են՝ բամբասանք, նախանձ, վեճեր… Բայց
դա չի կարող ստիպել նրան փոխել որոշումը: Նրա սիրելին՝ Մարիանան, Վիլհելմին թվում է
կատարյալ: Նրանք հանդիպում են երեկոյան, իսկ ազատ ժամանակ Վիլհելմը բանաստեղծություններ
է գրում նրա պատվին և երազում նոր հանդիպումների մասին: Զուր է հարևանը՝ Վերները, փորձում
ետ պահել նրան այդ կրքից: Հերոսը վճռել է առաջարկել Մարիանային իր ձեռքն ու սիրտը,
հեռանալ նրա հետ ուրիշ քաղաք և բախտ փորձել տեղի թատրոնում, որը ղեկավարում է իր ծանոթը:
Վերները, որ Վիլհելմի հոր ընկերոջ որդին է, նրա հակոտնյան է: Բայց նրանք ընկերներ են:
Մարիանային իր հերթին զգուշացնում է նրա ծեր աղախինը: Վիլհելմը
կարող է նվիրել միայն իր սիրտը, իսկ հավակնել շատ ավելիին: Պառավը համոզում է Մարիանային
չխզել կապերը հարուստ երկրպագուի հետ, որի մասին Վիլհելմը ոչինչ չգիտի: Եվ ահա մի երեկո,
երբ Վիլհելմը տրվելով Մարիանայի մասին հաճելի մտքերին, համբուրում է աղջկա նվիրած թաշկինակը,
դրա մեջ հայտնաբերում է նամակ: Նամակից հասկանալի է, որ Մարիանան գաղտնի երկրպագուի
սիրուհին է: Վիլհելմը ցնցվում է մինչև իր էության հիմքերը: Ամեն բան ավարտվում է տենդով:
Դժվարությամբ ուշքի գալով՝ պատանին վերարժևորում է ոչ միայն նախկին սերը, այլև իր բանաստեղծական
և դերասանական շնորհը: Վերներին չի հաջողվում
ետ պահել ընկերոջը, երբ սա բուխարու մեջ այրում է իր գրած թղթերի ողջ փաթեթներ: Խզելով
կապը մուսաների աշխարհի հետ՝ Վիլհելմը ջանասիրաբար զբաղվում է հոր գործերով: Մռայլ
միօրինակության մեջ անցնում են տարիներ: Նա վարում է հոր գրասենյակային գործերը, այցելում
է պարտապաններին: Մի այդպիսի ուղևորության ժամանակ երկար մնում է քաղաքից դուրս՝ նպատակ
ունենալով հանգստանալ: Սրտի վերքն այդ ժամանակ մի փոքր արդեն քաշվել է: Հիմա նրան տանջում
է խիղճը. գուցե մի փոքր կտրուկ և արագ է լքել աղջկան և այդպես էլ չի տեսել վերջին անգամ:
Չէ՞ որ ամեն բան կարող էր նաև թյուրիմացություն լինել: Ամեն դեպքում երիտասարդն այնքան
է ապաքինվել, որ կարող է տրվել նոր տպավորություններին: Իջևանատանը, որտեղ նա սենյակ
է վարձել, հավաքվել է դերասանների խումբը: Նա մտերմանում է կոմեդիանտների հետ: Նրա
նոր ընկերներն են դարձել թեթևամիտ կոկետուհի Ֆիլինան, Մելինա ամուսինները, մորուքավոր
և անմարդասեր ծեր տավղահարը և բոհեմի ուրիշ ներկացուցիչներ: Վիլհելմը դառնում է տասներեքամյա
վայրենի Մինյոնի՝ լարախաղացուհու հովանավորը: Մի քանի թալեր վճարելով՝ Վիլհելմն ազատում
է աղջկան չար տիրոջից: Զրույցներից իմանում է, որ Մարիանան իրենց բաժանումից հետո հեռացել
է թատրոնից, հայտնվել է աղքատության մեջ, երեխա է ունեցել, իսկ հետո անհետացել:
Իջևանատուն են գալիս պատկառելի պարոններ, որոնք ունեն խնդիր.
ինչպե՞ս զվարճացնել հյուր եկող իշխանին: Կանչում են դերասանների ողջ խմբին: Վիլհելմից
պարտք վերցրած գումարով Մելինան արդեն գնել է տեղի թատրոնի ռեկվիզիտները: Բոլորը հույս
ունեն դառնալ անկախ կոլեկտիվ:
Բարոնի դղյակում, ուր հրավիրված են, դերասանները մոռանում
են հանապազօրյա հացի հետ կապված սովորական խնդիրները: Իսկ Վիլհելմը ծանոթանում է մարդկանց
հետ, որոնք կարևոր դեր կխաղան նրա կյանքում: Նախ և առաջ դա Յարլոն է՝ բարոնի օգնականը:
Հենց սա է հաղորդակից դարձնում Վիլհելմին շեքսպիրյան դրամատուրգիայի աշխարհին: Երիտասարդին
է հովանավորում նաև հմայիչ կոմսուհին, որն իր ամուսնու՝ կոմսի հետ հյուր է դղյակում:
Սիրով լսում է Վիլհելմի փրկված բանաստեղծություններից:
Գալիս է հյուրընկալ դղյակը լքելու ժամանակը: Առատորեն վարձատրված
դերասանները ուղևորվում են քաղաք: Վիլհելմը հիմա նրանց ոգին է: Բայց դա տևում է կարճ:
Ճանապարհորդությունն ընդհատում է զինված ջոկատի հետ հանդիպումը: Դերասաններից խլում
են բոլոր իրերը, իսկ Վիլհելմին ծանր վիրավորում: Նա ուշքի է գալիս մարգագետնում՝ կողքին
տեսնելով միայն Ֆիլինային, Մինյոնին և տավղահարին: Մյուսները փախել են: Քիչ անց հերոսին
է մոտենում գեղեցիկ հեծյալ մի կին: Նա Վիլհելմին փող է տալիս և բժիշկ է կանչում: Հասնում
են մոտակա գյուղը, որտեղ սպասում են մյուս դերասանները: Այս անգամ հարձակվում են իրենց
բարեգործի վրա՝ մեղադրելով ամեն տեսակ մեղքերի համար, սակայն Վիլհելմը զուսպ է արձագանքում
նրանց անշնորհակալությանը: Երդվում է չթողնել նրանց, քանի դեռ խմբի գործերը չեն շտկվել:
Որոշ ժամանակ անց դերասանները, ստանալով Մայստերից երաշխավորական նամակներ, մեկնում
են մոտակա քաղաքը Զերլոյի թատրոնում աշխատանք գտնելու:
Վիլհելմը մնում է ծեր տավղահարի և Մինյոնի հետ, որը խնամում
է նրան: Ապաքինվում է:
Նրա հոգում չքնաղ ամազոնուհու պատկերն է: Սակայն ի վերջո
ծերունու և Մինյոնի հետ փախչում է անգործությունից, որով երկար ժամանակ նրան տանջում
է ճակատագիրը:
Հասնում են Զերլոյի թատրոն, որտեղ Վիլհելմը նորից զգում է
իրեն իր հարազատ տարերքի մեջ: Առաջին իսկ հանդիպման ժամանակ թատրոնի դիրեկտորին նա
առաջարկում է բեմադրել Շեքսպիրի «Համլետը»: Զերլոյին և նրա քրոջը՝ դերասանուհի Ավրելիային,
Վիլհելմը ներկայացնում է ողբերգության իր ըմբռնումը: Նա հասկանում է, թե ինչ է ուզում
ասել Շեքսպիրը. մեծ գործը, որ ծանրանում է հոգու վրա, քայքայում է այդ հոգին: Կաղնին
արմատ է նետել անոթի մեջ, որ նախատեսված է նուրբ ծաղիկների համար. արմատներն աճում
են և քանդում են ծաղկամանը: Ավրելիան շուտով դառնում է Վիլհելմի ընկերը և մի օր բացում
է իր գաղտնիքը: Նա սիրել է ոմն Լոտարիոյի՝ ազնվականի: Ֆիլինան մինչ այդ հաղորդել է
Վիլհելմին, որ երեք տարեկան Ֆելիքսը, որ ապրում է Զերլոյի տանը, Ավրելիայի որդին է:
Վիլհելմը կարծում է, որ տղայի հայրը Լոտարիոն է, բայց չի հարցնում դրա մասին ուղիղ:
Ֆելիքսի ծեր աղախինը հիվանդ է, և փոքրիկը կապվում է Մինյոնին, որն ուրախությամբ զբաղվում
է նրա հետ և երգեր է սովորեցնում:
Վիլհելմը ստանում է վատ լուր: Նրա հայրը հիվանդացել և մահացել
է: Նա իրեն ազատ է զգում մի շրջանում, երբ դեռ չի եկել ինքն իր հետ որոշակի համաձայնության:
Նրա միտումները ազնիվ են, նպատակները՝ պարզ: Սակայն նա չունի փորձ և դեռ հետևում է
ուրիշների գաղափարներին:
Զերլոն առաջարկում է նրան պայմանագիր կնքել: Այդ դեպքում
նրա ընկեր դերասանները աշխատանք կստանան: Երիտասարդը համաձայնում է: Կարծում է, որ
հենց թատրոնում կստանա այն կրթությունը, որի մասին երազում էր: Վերներին ուղղված նամակում
մանրամասնորեն կիսվում է իր մտահղացումներով: Գերմանիայում բազմակողմանի զարգացումը
հասու է միայն ազնվականին: Բյուրգերը (իսկ Վիլհելմը բյուրգեր է) ստիպված է անցնել հատուկ
ճանապարհ այդ ամենին հասնելու համար: Բայց այդ ճանապարհին նա կորցնում է իր անձի ամբողջականությունը:
Այդ կորստից կարելի է խուսափել միայն բեմում, որտեղ բյուրգերը նույնպես «լիարժեք անձ»
է: Վիլհելմը ստորագրում է պայմանագիրը, ինչից հետո դերասանների խումբը աշխատանքի է
անցնում թատրոնում:
Սկսում են բեմադրել «Համլետը», որը թարգմանում է ինքը Վիլհելմը:
Նա խաղում է արքայազնի դերը, Ավրելիան՝ Օֆելիայի, իսկ Զերլոն՝ Պոլոնիուսի: Մոտենում
է անդրանիկ ներկայացման օրը: Ներկայացումն անցնում է շատ հաջող: Բոլորին հատկապես տպավորում
է Համլետի և Ուրվականի հանդիպման տեսարանը: Հանդիսատեսները չգիտեն, որ դերասաններից
ոչ ոք անգամ գլխի չի ընկնում, թե ով է խաղացել Ուրվականի դերը: Թիկնոցով այդ մարդը
եկել է ներկայացումից քիչ առաջ, բեմի վրա չի հանել զրահները և աննկատ հեռացել է: Այդ
տեսարանում Վիլհելմը ապրում է իսկական ցնցում, որը փոխանցվում է հանդիսականներին: Այս
դրվագից հետո ոգևորությունը այլևս չի լքում դերասաններին: Հաջաղությունը ճոխ նշում
են: Իսկ Ուրվականից մնում է միայն կտորի պատառիկ, որը սա հասցրել էր անհետանալուց առաջ
թողնել Վիլհելմին: Վրան գրված է. «Փախի´ր, պատանի, փախի´ր»:
Մի քանի օր հետո Զերլոյի թատրոնում տեղի է ունենում հրդեհ:
Թատերախումբը դժվարությամբ վերականգնում է դեկորացիաները: Հրդեհից հետո իր երկրպագուի
հետ փախչում է Ֆիլինան, ծանր հիվանդանում է Ավրելիան և վերջնականապես խելագարվում է
ծեր տավղահարը: Վիլհելմը հոգ է տանում Մինյոնի և Ֆելիքսի մասին: Տավղահարին թողնում
է տեղի բժիշկի հոգածությանը:
Մինչ այդ թատրոնում փոխվում է ղեկավարման ոճը: Ամեն բանի
գլուխ կանգնած են Զերլոն և Մելինան: Վերջինս ծիծաղում է հանդիսատեսներին իր ետևից տանելու
և ոչ թե նրանց պահանջներին հետևելու Վիլհելմի սկզբունքի վրա: Այդպիսի մթնոլորտում Վիլհելմը
ճնշվում է: Մահանում է Ավրելիան, և նա թողնում է թատրոնը: Մահանալուց առաջ Ավրելիան
նամակ է հանձնում Վիլհելմին, որը խնդրում է փոխանցել Լոտարիոյին՝ ավելացնելով, որ ներել
է նրան և ցանկանում է երջանկություն: Խնդրում է անձամբ փոխանցել նամակը Լոտարիոյին:
Մահացող Ավրելիայի մահճի մոտ բժիշկը տալիս է Վիլհելմին մի ձեռագիր, որի հեղինակն է
իր մահացած հիվանդներից մեկը՝ մի կին: Դա կնոջ կյանքի պատմություն է, ով կարողացել
է կյանքում հասնել հոգևոր անկախության: Նա կարողացել է ամբողջությամբ նվիրել իրեն մերձավորներին
և Աստծուն: Համախոհներ է գտնում գաղտնի մի ընկերության մեջ: Ձեռագիրը ծանոթացնում է
Վիլհելմին ազնվական մի ընտանիքի հետ: Նա իմանում է հանգուցյալ կնոջ ազգականի՝ մի շատ
պարկեշտ և կիրթ մարդու մասին, ապա նաև կրտսեր քրոջ մասին, որը նույնպես մահացել է՝
թողնելով իրենց ազգականի հոգածությանը չորս զավակների: Իմանում է, որ հուշատետրի հեղինակ
կնոջ քրոջ դուստրերից մեկը՝ Նատալիան, բնածին զարմանալի հակում ունի… բարիք գործել:
Այս հուշերը մեծ տպավորթյուն են թողնում Վիլհելմի վրա՝ ասես նախապատրաստելով նրան ինքնաճանաչման
ավելի բարձր աստիճանի:
Եվ ահա նա Լոտարիոյի մոտ է՝ հին ամրոցում, որն ունի բարձր
աշտարակներ: Դիտելով հյուրասենյակի դիմանկարները՝ նա տեսնում է մեկը, որ զարմանալիորեն
նման է գեղեցիկ ամազոնուհու իր տեսիլներին: Իմանալով Ավրելիայի մահվան մասին՝ Լոտարիոն
ընկնում է վշտի մեջ: Բացատրում է, որ երբեք չի դադարել սիրել Ավրելիային: Վիլհելմը
հիշեցնում է նրան փոքրիկ Ֆելիքսի մասին: Լոտարիոն զարմացած է: Ֆելիքսը չէր կարող լինել
նրա որդին: Դղյակում Վիլհելմը հանդիպում է իր վաղեմի ծանոթ Յարլոյին և աբբահորը, որին
նույնպես մի ժամանակ ճանաչում էր: Բոլորը վերաբերում են Վիլհելմին ջերմ և համոզում
են որոշ ժամանակ մնալ դղյակում: Նա վերադառնում է թատրոն՝ Մինյոնին և ֆելիքսին վերցնելու
համար: Նրան սպասում է զարմանալի հայտնագործություն: Ի դեմս Ֆելիքսի ապաքինված աղախնի
նա ճանաչում է իր առաջին սիրո՝ Մարիանայի ծառային: Սա պատմում է, որ Ֆելիքսը հենց Վիլհելմի
որդին է՝ խեղճ Մարիանայի զավակը: Ապացուցում է, որ Մարիանան հավատարիմ էր մնացել Վիլհելմին
և ներել է նրան: Շատ է գրել Վիլհելմին, բայց բոլոր նամակները ընկնում են Վերների ձեռքը,
և սա լավագույն նկատառումներից չի փոխանցում նամակները Վիլհելմին:
Մայստերը ցնցված է: Համբուրում է Ֆելիքսին՝ աղաչելով Աստծուն
չզրկել նրան այդ գանձից: Վերցնում է երեխաներին և մեկնում է Լոտարիոյի դղյակը: Մինյոնին
հանձնում է Լոտարիոյի քրոջը, որն ապրում է մոտակայքում: Նոր ընկերներն ընդունում են
Վիլհելմին աշտարակի ընկերություն: Սա ընկերություն է, որի անդամները նվիրել են իրենց
կյանքի բարոյական կատարելագործմանը: Լոտարիոն
մտահոգված է գյուղացիների ապրուստը թեթևացնելու խնդրով: Յարլոն ետ է պահում Վիլհելմին
«համլետյան» անիրագործելի փրկչական գործունեություն ծավալելուց և նկատում է, որ մարդը,
հասնելով հոգևոր զարգացման որոշակի աստիճանի, շատ է շահում, եթե սովորում է լուծվել
ամբոխի մեջ, ապրել ուրիշների համար և կատարել իր պարտքը: Աշտարակի սրահում Մայստերին
շուքով հանձնվում է նրա ճակատագրի փաթեթը: Նա հասկանում է, որ միայնակ չէ աշխարհում,
որ իր կյանքը պատահական երևույթ չէ: Հասկանում է, որ կյանքը ավելի լայն և ավելի խորն
է, քան արվեստը: Յարլոն և աբբահայրը լրջորեն բացատրում են նրան, որ երիտասարդի տաղանդը,
որի վրա այդքան շատ հույս էր դնում, հարաբերական է և որ ավելի կարևոր է իրագործվել
մարդկանց հարաբերությունների անծայրածիր աշխարհում: «Քո ուսումնառության տարիներն անցյալում
են»,- ասում է աբբահայրը: Պարզվում է, այդ նա է խաղացել Ուրվականի դերը «Համլետի» ներկայացման
մեջ: Վիլհելմի իրական կոչումը ոչ թե թատրոնն է, այլ կյանքը, խորհրդածությունը և գործունեությունը:
Վիլհելմին վիճակված է իմանալ շատ ուրիշ բաներ ևս: Պարզվում է, Լոտարիոն ունի երկու
քույր, որոնցից մեկը դքսուհի է: Մյուսը հենց այն անրջային ամազոնուհին է: Դա հենց Նատալիան
է: Նրանք հանդիպում են, երբ գալիս է Մինյոնի ծանր հիվանդության լուրը: Նատալիայի տանը
Վիլհելմը հայտնաբերում է իր պապու նկարները, որոնք հիշում էր մանկուց: Միավորվում են
կյանքի մի շարք կարևոր թելեր: Մինյոնը մահանում է Մայստերի ձեռքի վրա: Պարզվում է,
որ նա պատկանել է հին իտալական ազնվական տոհմի, իսկ ծեր տավղահարը նրա հայրն է և խելագարվել
է, որովհետև չի կարողացել տանել բաժանումն իր սիրելիից: Դառը իրողությունները մերձեցնում
են Վիլհելմին Նատալիայի հետ: Նրանք չեն խիզախում բացատրվել: Օգնում է Լոտարիոյի եղբայր
Ֆրիդրիխը: Դա Ֆիլինայի երկրպագուն է, որի հետ դերասանուհին փախել էր: Ֆրիդրիխը կազմակերպում
է Վիլհելմի ամուսնությունը իր հրաշալի քրոջ հետ: Մայստերը գտնում է երջանկություն,
որի մասին չէր կարող անգամ երազել:
Վոլֆգանգ Գյոթե | Վիլհելմ Մայստերի ուսումնառության տարիները | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
апреля 14, 2015
Rating:
.jpg)