Մուրացան | Գևորգ Մարզպետունի | համառոտ


Հայաստան, 10-րդ դար: Պատերազմը հայերի և արաբների (հագարացիների) միջև մտնում է վճռական փուլ։ Հայ իշխանական տոհմերի միջև թշնամություն է։ Արքա Աշոտ Բ երկաթի դեմ ապստամբել են արքայի աները՝ Գարդմանի իշխան Սահակ Սևադան, և Ուտիքի իշխան Ցլիկ Ամրամը։
Գառնու ամրոցում է Հայաստանի թագուհի Սահականույշը։ Այստեղ են նաև իշխան Գևորգ Մարզպետունու կինն ու որդին՝ իշխան Գոռը։ Սահականույշը սիրում իր դայակ Սեդային։ Մի օր Սեդային խնդրում է պատմել անցած տարիների իրադարձությունների ու Աշոտ Բագրատունու երիտասարդության մասին։ Դայակը պատմում է անցած տարիների նշանավոր դեպքերի մասին, թե ինչպես է նախկին արքա Սմբատ Ա-ն պայքարել Յուսուֆ ամիրայի դեմ, ինչպես են հագարացիները սպանել Սմբատ Բագրատունուն, ինչպես է Աշոտ Բ-ն վրեժխնդիր եղել արաբ զորապետերից իր հոր համար և ինչպես է վաստակել «Երկաթ» անունը, ինչպես է որոշել ամուսնանալ Սահականույշի հետ և այլն... Հետո Սեդան խոստովանում է նաև, որ Աշոտը երկար տարիներ շարունակ թաքուն սիրել է իշխան Ցլիկ Ամրամի կնոջը՝ Ասպրամին։ Պարզվում է, որ թագուհին տեղյակ է այդ պատմությանը և նույնիսկ մի անգամ տեսել է Աշոտին Ասպրամի հետ համբուրվելիս։
Իշխան և զորապետ Գևորգ Մարզպետունին այցելում է ապստամբ, կույր Սահակ Սևադային։ Վերջինիս և նրա որդուն կուրացրել է արքա Աշոտ Երկաթը՝ որպես պատիժ ապստամբելու համար։ Այդ օրվանից նա որոշել է միայն վրեժ լուծել։ Մարզպետունին ցանկանում է ամեն գնով մտափոխել Սևադային, որովհետև այս դժվար տարիներին ապստամբությունը և ներքին պառակտումները միայն կործանման կհասցնեն։ Նա գրեթե ծնկաչոք համոզում է Սևադային հրաժարվել ապստամբության մտքից և ներել արքային։ Սևադան հասկանում է իշխանին և ներում է Աշոտին։ Ոգևորված Մարզպետունին ուղևորվում է իշխան Ցլիկ Ամրամի մոտ համանման առաքելությամբ։
Ցլիկ Ամրամը շատ է զարմանում և հիասթափվում, երբ իմանում է Սահակ Սևադայի որոշման մասին։ Ամրամի կինը՝ Ասպրամը, դավաճանել է ամուսնուն Աշոտ Երկաթի հետ։ Դա պատճառ է դառնում Ամրամի կազմակերպած ապստամբության։
Մարզպետունու խնդրանքները չեն համոզում Ամրամին։ Գևորգ Մարզպետունին գնում է արքայի մոտ։ Ճանապարհին հանդիպում է աբխազաց իշխան Բերին, ով եկել է Ցլիկ Ամրամին օժանդակելու։ Այս ամենի մասին Աշոտ Բ-ին հայտնում է Մարզպետունին։ Արքան որոշում է զորք հավաքել և ելնել ապստամբների դեմ։
Զորք են հավաքում ու ճամփա ընկնում, բայց ոչ մի ապստամբի չեն հանդիպում։ Փակվում են Ավերակ բերդում, այնտեղ գիշերելու համար, սակայն գիշերը բերդը հանկարծակի շրջապատում են Ցլիկ Ամրամն ու Բերը։ Մարզպետունին և ուրիշ քաջեր հերոսաբար դիմադրում են ապստամբներին։ Աշոտ Երկաթը խորամանկ քայլի է դիմում. նա իր ձիով և երկու ձիավորով անսպասելիորեն առաջ է սլանում խավարի միջով՝ դիմադրելով դիմացը հայտնվող ապստամբներին ու կարողանում է դուրս է պրծնել օղակից։ Ամրամը բերդ է խուժում և իմանալով, որ Աշոտը փախել է, սաստիկ զայրանում է, սակայն բաց է թողնում Մարզպետունուն և նրա զինվորներին։
Երկրորդ մասը սկսվում է՝ Այրիվանք բերդում ծավալվող իրադարձություններից։ Այստեղ իր կողմնակիցների հետ ապաստանել է Հայաստանի կաթողիկոս Հովհաննես Ե Դրասխանակերտցին։ Նա փախել է մայրաքաղաք Դվինից՝ արաբ ոստիկան Նսերից՝ թողնելով իր կաթողիկոսական գահը։ Այրիվանքում կաթողիկոսն ու մնացած հոգևորականները շարունակում են իրենց եկեղեցական կյանքը։
Մի օր լուր է հասնում, որ արաբ զորապետ Բեշիրն իր զորքով մոտենում է Այրիվանքին։ Կաթողիկոս Հովհաննեսը որոշում է փախչել Գառնի։ Որոշ հոգևորականներ հեռանում են նրա հետ, մյուսները մնում են՝ իբր թշնամուն պատվով ընդունելու համար։ Թաքցնում են բերդի բոլոր հարստություններն ու գանձերը և առանց որևէ դիմադրության ներս թողնում զորապետ Բեշիրին։ Վերջինս խոշտանգում է հոգևորականներին՝ պահանջելով, որ նրանք խոստովանեն գանձերի տեղը։ Սակայն նրանք հրաժարվում են, և Բեշիրը սպանում է բոլորին։ Ողջ են թողնում միայն ոմն վարդապետ Մովսեսի, ով պետք է գնա կաթողիկոսի մոտ և ցույց տա իր վերքերը։ Գևորգ Մարզպետունին գալիս է Գառնի։ Պատմում է թագուհուն Ավերակ բերդում եղածի մասին և որ արքան որոշ ժամանակով մեկնել է Կաքավաբերդ։
Գառնի է գալիս նաև կաթողիկոս Հովհաննեսը Մովսես վարդապետի և եպիսկոպոս Սահակի հետ։ Նրանք պատմում են, թե ինչ է կատարվել Այրիվանքում։ Մարզպետունին կշտամբում է կաթողիկոսին նրա փախուստի համար և խորհուրդ է տալիս վերադառնալ Դվին ու չվախենալ ոստիկան Նսերից։ Կաթողիկոսը սկզբում համաձայնում է, սակայն մի քանի օր անց փոշմանում է ու մեկնում Սևանա կղզի։ Դրանից հետո նա ուղևորվում է Բյուրական։
Աշոտ Երկաթը նույնպես գալիս է Սևանա կղզի։ Հոգեկան ծանր ցնցումների մեջ նա որոշում է մշտապես այնտեղ մնալ։ Արքան ծանր է տանում Ավերակի մոտ իր կրած պարտությունը և Սահականույշին հասցրած վիրավորանքը, իսկ թագուհին իմանալով, որ Աշոտը Սևանում է, ուղևորվում է ամուսնու մոտ։
Բյուրականում խաղաղ է, սակայն կաթողիկոս Հովհաննեսը լուր է ստանում, որ Բեշիրը իր զորքերի հետ մոտենում է քաղաքին։
Կաթողիկոսը այս անգամ էլ որոշում է փախչել։ Այդ փաստը պետք է թաքուն պահվեր քաղաքի բնակիչներից։ Քաղաքում մնում են կաթողիկոսի մտերիմներ՝ Մովսես վարդապետը և եպիսկոպոս Սահակը։
Բյուրականի բոլոր բնակիչները դիմադրության են պատրաստվում։ Նրանց է միանում դրսից եկած Սողոմոն ճգնավորի զորքը։
Բեշիրի զինվորները հարձակվում են Բյուրականի պարիսպների վրա։ Երկար օրեր կատաղի մարտեր են ընթանում։ Քաղաքի բնակիչները աշխույժ դիմադրություն են ցույց տալիս և հաղթանակը հայերի կողմն է։
Մի օր ծեծկռտուք է տեղի ունենում Սողոմոն ճգնավորի, երկու զինվորի, և Բյուրականի մի քանի բնակիչների միջև։ Երկու զինվորները որոշում են բողոքել կաթողիկոսին, սակայն իմանալով, որ վերջինս փախել է՝ հիասթափվում են: Որոշում են դավաճանել իրենց հավատարիմներին և Բեշիրի հետ թաքուն գործարք են կնքում։ Գիշերով երկու զինվորները բացում են քաղաքի դարպասներն ու ներս թողնում թշնամիներին։ Արաբները սպանում են քաղաքում գտնվող բոլոր մարդկանց և ոչնչացնում Բյուրականը։ Սպանվածների թվում են նաև Մովսես վարդապետը, եպիսկոպոս Սահակը, Սողոմոն ճգնավորը, հերոս հոգևորականներ Դավիթն ու Մովսեսը, նրանց եղբայր Սահակը և այլն... Այս դեպքը տեղի է ունենում 924 թվականի ապրիլի 17-ն։
Դավաճաններին՝ Բեշիրն ուղարկում է ոստիկան Նսերի մոտ։ Վերջինս հրամայում է գլխատել երկուսին էլ՝ ասելով, որ եթե իրենք կարողացան դավաճանել հայրենակիցներին, ապա հագարացիներին առավել ևս հավատարիմ չեն մնա։
Մարզպետունին հավաքում է Գառնու ամրոցի բոլոր բնակիչներին և կոչ է անում ժողովրդին իր հետ կռվի ելնել, բայց նրան միանում է միայն տասնինը զինվոր։ Նրանց շարքում են Մարզպետունու մոտիկ ընկեր Վահրամ Սեպուհը, և որդին՝ Գոռը։ Նրանք հանդիսավոր երդվում են նախկին կաթողիկոս Մաշտոցի գերեզմանի մոտ, որ կպայքարեն մինչև վերջ։ Մարզպետունին երդվում է, որ չի վերադառնա Գառնի, մինչև երկրում մնա թեկուզ մեկ հագարացի։ Դրանից հետո Մարզպետունին ու իր քաջերը մեկնում են Սևանա կղզի, որպեսզի Աշոտ Երկաթի օրհնությունը ստանան։ Նրանք որոշում են գիշերն անցկացնել Գեղի ամրոցում։ Մարզպետունին նկատում է, որ լեռան լանջերին գիշերում է արաբ զորապետ Բեշիրի բանակը։ Իշխանը որոշում է կռիվ տալ և կոչ է անում Գեղիի բնակիչներին շարվել լեռան տակ ու կատաղի գոռոցներ արձակել, որպեսզի արաբները մտածեն, թե հայ զինվորների քանակը մեծ է։ Իսկ Մարզպետունին իր տասնինը քաջերի հետ թշնամու ճամբար է ներխուժում ու թաքուն հրկիզում այն։ Քնից հենց նոր արթնացած հագարացիք խուճապահար այս ու այն կողմ են փախչում։ Բեշիրը փախչում է։
Աշոտ Երկաթը, իմանալով Մարզպետունու հերոսությունների մասին, ոգևորվում է: Կատաղած Բեշիրը որոշում է սպանել Հայոց արքային։ Նա իր նոր բանակի հետ գալիս է Սևանա լճի ավազան և արքային հասնելու խորամանկ քայլերի է դիմում։
Աշոտ Երկաթը դիմում է կտրուկ քայլերի։ Իր հարյուր զինվորներից նա առանձնացնում է 70-ին և նրանց 10 լաստերի մեջ տեղավորում՝ ամեն լաստի մեջ 7 զինվոր։ Ինքը գտնվում է մի փոքր լաստի վրա մի քանի թիկնապահների հետ։ Այդպես թիավարում են դեպի հագարացիների ափը և Աշոտի հրամանով սկսում նետահարել թշնամուն։ Հագարացիք նույնպես նետեր են արձակում, բայց ապարդյուն, որովհետև նրանց խանգարում է հայերի լաստերի ետևից կուրացնող վառ արևը։ Բեշիրի բանակի մոտ կեսը ջարդվում է։ Հաղթանակը Աշոտ Երկաթինն է։
Մարտի ժամանակ Աշոտ Երկաթը խոցվում է: Նետը թունավոր է:
Գևորգ Մարզպետունին գալիս է Բագարան, ուր թագավորում է՝ Աշոտ Երկաթի հորեղբայրը՝ Աշոտ Բռնավոր սպարապետը։ Այստեղ է ապաստան գտել հայոց կաթողիկոսը։ Վերջինիս իշխան Մարզպետունին համոզում է վերադառնալ Դվին և երաշխավորում է, որ ոստիկան Նսերը չի համարձակվի վնաս պատճառել հայոց վեհափառ տիրոջը, քանի դեռ հայ զինվորները Դվինի պարիսպների տակ են։ Կաթողիկոսը համաձայնվում է, սակայն Մարզպետունու հեռանալուց հետո նրան մտափոխում է Աշոտ Բռնավորը, ով իրականում իր խարդախ ծրագրերն ունի։ Աշոտ սպարապետը թաքուն գործարք է կնքել ոստիկան Նսերի հետ։ Աշոտը խորամանկության է դիմում և կաթողիկոսը մեկնում է Վասպուրական՝ Գագիկ Արծրունու մոտ։ Գևորգ Մարզպետունին ուղևորվում է Երազգավորս, որտեղ բնակվում է արքայի հարազատ եղբայր Աբասը։ Եղբայրները արդեն երկար տարիներ գժտված են և չեն շփվում միմյանց հետ։ Իշխան Մարզպետունին խնդրում ու համոզում է Աբասին ներել եղբորն ու հաշտվել։ Ըստ իշխանի՝ այդ հանգամանքը կստիպի Աշոտին լքել Սևանը և վերադառնալ նախկին գործերին։ Աբասը համաձայնում է և նրանք երկուսով ուղևորվում են Սևան։ Արքան ընդունում է ու հաշտվում եղբոր հետ։ Աշոտ Բ-ն արդեն համարյա ապաքինվել է: Նրանք մեկնում են Երազգավորս և մի քանի օր ճոխ խնջույքի անում։ Ժամանում է ոստիկան Նսերի սուրհանդակը։ Նրա հետ է լինում իշխան Բաբկենը, որին հագարացիք բանտից ազատ են արձակել։ Ազատել են նաև Բաբկենի երկրորդ եղբորը, իսկ երրորդ եղբորը Սահակին՝ սուրհանդակի ասելով, պահում են Դվինի ամրոցներից մեկում։ Սուրհանդակը փոխանցում է, որ Նսերը ցանկանում է հաշտության պայմանագիր կնքել։ Աշոտը ստորագրում է պայմանագիրը, իսկ ավելի ուշ խոստանում է Բաբկենին, որ կազատի իր եղբորը, որին իրականում պատանդ են պահում։ Արդեն ավարտվում էր 925 թվականը։ Երկրում դեռ խաղաղ կյանք է, սակայն Գևորգ Մարզպետունին միևնույն է չի կարող հարազատ տուն դառնալ, որովհետև հավատարիմ է իր տված երդումին։ Երկրում ապրում են անմեղ ու սովորական հագարացի բնակիչներ, որոնց պատճառով իշխանը չէր վերադառնում Գառնի՝ իր կնոջ ու որդու մոտ։ Մարզպետունին և Աշոտ Երկաթը որոշում են ստիպել Հովհաննես կաթողիկոսին վերադառնալ Դվին ու տիրել կաթողիկոսարանին։ Սակայն, երբ իշխանը ճամփա է ընկնում Վեհափառ տիրոջ մոտ, լուր է գալիս, որ կաթողիկոսը հանկարծամահ է եղել Վասպուրականում։ Աշոտը հաշտության պայմանագիր է կնքում՝ Գագիկ Արծրունու հետ և նրանք միասին նոր կաթողիկոս են ընտրում։ Որոշ ժամանակ անց հայտնի է դառնում, որ Ցլիկ Ամրամը հանձնել է հյուսիսային նահանգներ՝ Գուգարքը, Տայքը և Ուտիքը աբխազաց իշխան Բերին։ Մարզպետունին այցելում է Ամրամին պարզելու համար, թե ինչու է այդպես վարվել։ Ամրամը պատմում է իր ողբերգական պատմությունը։  Իմանալով, որ Ասպրամը դավաճանում է իրեն, հրամայում է բանտարկել կնոջը մութ ամրոցում: Որոշ ժամանակ անց Ամրամը խղճում է Ասպրամին և որոշում հնարավորություն տալ նրան։ Սակայն երբ բաց է անում ամրոցի դուռը տեսնում է, որ Ասպրամը կախվել է։ Դրանից հետո նա զայրացած վիճակում հանձնում է հյուսիսային նահանգները Բերին։ Լուր է հասնում, որ արքան ծանր հիվանդ է։ Վաղուց խոցված նետի ազդեցությունն է։ Մարզպետունին Երազգավորս է մեկնում և վերջին անգամ զրուցում է արքայի հետ։ Աշոտ Երկաթը վախճանվում է։ Գահին է բարձրանում Աշոտի եղբայր՝ Աբաս Ա-ն։ Աշոտ Երկաթին որոշում են թաղել Բագարանում։ Բագարանի թագավոր՝ Աշոտ Բռնավոր սպարապետը օգտագործում է Աշոտի հուղարկավորությունը իր մութ նպատակների համար։ Նա որոշել է պատանդ վերցնել Գևորգ Մարզպետունուն, Աբաս Ա-ին, որպեսզի հետագայում ոստիկան Նսերի օգնությամբ՝ Հայաստանի արքա հռչակվի։ Բռնավորը հրամայում է իր զինվորներին հարձակվել և գերեվարել Մարզպետունուն ու Աբասին։ Վերջիններս սկսում են հերոսաբար դիմադրել, մինչև նրանց են միավորվում իշխանի որդին՝ Գոռը իր մարտիկներով։ Աշոտ Բռնավորի նպատակը ձախողվում է և նա փախուստի է դիմում։ Հայ զորավարների հաջորդ նպատակը մայրաքաղաք Դվինի ազատագրումն է։ Իշխան Բաբկենը իր զորքով նվաճում է Դվինի ջրամբարը։ Նսերի հրամանով Բեշիրի զորքը դիմադրություն է ցույց տալիս։ Նրանց օգնության է հասնում զորավար՝ Վահրամ Սեպուհի զորքը։ Հաղթանակը հայերի կողմն է։ Նսերը հայերին է հանձնում մայրաքաղաքը։
Տտասնհինգ տարի անց։ Երկրում ամեն ինչ հանգիստ է։ Հայաստանի արքա է Աբաս Ա-ն։ Նոր մայրաքաղաք է Կարսը։ Հայ-արաբական պատերազմն ավարտվել է, բայց Մարզպետունին հավատարիմ է իր երդումին։ Երկրում դեռ խաղաղ հագարացիներ կան։
Իր մասին իմաց է տալիս Աբխազաց իշխան Բերը: Արշավում է Հայաստան, որպեսզի իրեն վերադարձնի հյուսիսային գավառները։ Դրանք նվիրել է Բերին արդեն վախճանված Ցլիկ Ամրամը։ Մարզպետունին մեծ բանակ է հավաքում և ջարդում է Բերի զորքին։ Աբասը հրամայում է կուրացնել Բերին։ Եվս մի քանի տարի անց ծեր իշխան Գևորգ Մարզպետունին վախճանվում է։ Նրան թաղում են Բագարանի մոտ։

Մուրացան | Գևորգ Մարզպետունի | համառոտ Մուրացան | Գևորգ Մարզպետունի | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on апреля 28, 2015 Rating: 5
Технологии Blogger.