Ալեքսանդր Շիրվանզադե | Քաոս | համառոտ


Մարկոս աղա Ալիմյանը ծանր հիվանդ է: Բժիշկները հաստատում են թոքերի բորբոքում: Նա 65 տարեկան կալվածատեր ու հանքատեր է, ում մասին առասպելներ են հյուսվել: Ասում են, թե իբր ոսկիներով լի տոպրակները պահվում են նրա հոյակապ տան ներքնահարկի մի մութ սենյակում: Ամեն գիշեր գնում ու ավելացնում է նոր ոսկիներ: Իբր պողպատե պահարանի մեջ պահում է այն տրեխները, որոնցով գաղթել է իր ծննդավայրից 15 տարեկան հասակում և տոն օրերին աղոթում է պահարանի վրա ու օրհնում տրեխները: Նա ժլատ է և ոչ մի գործ չի վարել ազնվաբար: Գռփել է, կողոպտել, նույնիսկ թունավորել ընկերոջը: Բայց շատերը գիտեն, որ այդ բոլորը մտացածին է: Սև նախանձը կուրացրել է մարդկանց:
 Եվ ահա այսօր մեռնում է տոկուն վաճառականը: Գալիս են նրա ազգականները, բարեկամները վերջին անգամ տեսնելու միլիոնատիրոջը և գուցե մի բան իմանալու կտակի մասին: Յուրաքանչյուրն իր սրտում գաղտնի աղոտ հույս ունի` որևէ կերպ հիշված լինել Մարկոս աղայի կտակում: Դուրս է գալիս Սրաֆիոն Գասպարիչը` Ոսկեհատի եղբայրը, և ասում, որ Մարկոս աղան ուզում է տեսնել մեծ որդուն` Սմբատին, որին 8 տարի է, ինչ չի տեսել: Նա գնացել էր ուրիշ երկիր ուսումը շարունակելու: Մարկոս աղան ամենից շատ նրան է սիրում և բոլոր գործերը նրան է հանձնելու: Հարցնում է` արդյոք մենակ է եկել: Տղան պատասխանում է` այո: Նրա ձեռքին ամուսնական մատանի կա: Խնդրում է հորը` օրհնել իրեն` ասելով, որ անցածը վերադարձնել չի կարելի: Մարկոս աղան միայն ասում է. «Անիծվի՜ս, եթե վերջին կամքս չես կատարի՜լ…» : Կինը` Ոսկեհատը, և աղջիկը` տիկին Մարթա Մարութխանյանը, լաց են լինում: Հետո Ոսկեհատը բարձի տակից դուրս է բերում մի ծրար ու տալիս Սմբատին: Մարկոս աղան նորից է կրկնում այդ խոսքերը ու մահանում:
Ալիմյանի մյուս երկու որդիներն են 16 տարեկան Արշակը և 28 տարեկան Միքայելը: Վերջինիս հուզում է հարցը` արդյոք հայրը իրեն զրկել է ժառանգությունից: Ոսկեհատը Սմբատին ասում է, որ հայրը գիտեր` նա ամուսնացել է ռուս կնոջ հետ ռուս եկեղեցում, երեխաներ ունի, բայց էլի չէր ուզում հավատալ այդ դժբախտությանը: Մտածում էր` Սմբատը խելքի կգա, կբաժանվի: Ասում է` չլինի թե հոր անեծքին արժանանա: Միքայելը գրգռված ձայնով հանկարծ մորն ասում է, որ նա կտակը գրել տվեց մեծ որդու անունով, իսկ նա հիմա պետք է վարվի ինչպես մի անազնիվ մարդ կամ ընդունի հոր անեծքը: Ուրիշ ելք չունի: Դուրս է գալիս: Սմբատը ծրարը դնում է գրպանը: Որոշում է հաջորդ օրը բացել: Կտակում հանգուցյալը հանձնարարում է Սմբատին աշխատել Միքայելին ուղիղ ճանապարհի բերելու` դուրս բերելով նրան անբարոյական, շռայլ կենցաղից: Հսկել Արշակին, սիրել ու հարգել մորը, ապրել նրա հետ մի հարկի տակ և ուղղել իր սխալը: Ողջ շարժական ու անշարժ կայքերը, բանկային թղթերն ու ստանալիքները հանձնում է Սմբատի իրավասությանը: Սակայն նա իրավունք չունի իր բաժին ժառանգությունը կտակել ո´չ իր օտարազգի կնոջը, ո´չ էլ զավակներին: Եթե բաժանվի և ամուսնանա հայ աղջկա հետ, այն ժամանակ նոր կնոջից եղած զավակները կհամարվեն նրա օրինական ժառանգները: Միքայելին նշանակում է ամսական ընդամենը 100 ռուբլի գրպանի ծախս. սա իրավունք ունի իր բաժին ժառանգությունը տիրապետելու, եթե ամուսնանա հայ-լուսավորչական մի աղջկա հետ: Հակառակ դեպքում ցմահ պիտի բավականանա իր համեստ ամսականով: Մարթան ժառանգություն չի ստանում: Ամուսինը` Իսահակ Մարութխանյանը, ասում է, որ դա կտակ չէ, այլ խրատ և պատվիրում է կնոջը հեռանալ այդ տնից:
Այրի Ոսկեհատը որոշում է այնպիսի հոգեճաշ տալ, որի նմանը եղած չլինի: Հյուրերն ուտում են անխոս, ապա գինու ազդեցությամբ կատակներ անում ու ծիծաղում: Այս ամենը զզվանք է ներշնչում Սմբատին: Հայրը նրան անիծել էր ու զզվանքով հեռացրել իրենից, ինքն էլ կարծում էր, թե արդեն մոռացել է նրան: Բայց այժմ ամեն ինչ տակնուվրա է լինում նրա սրտում: Անցնում են օրեր: Սմբատը հոր առանձնասենյակում կարգի է բերում նրա հաշիվները և նայելով իր զավակների լուսանկարներին` փորձում  որոշել իր անելիքը: Կնոջը` Անտոնինա Իվանովնային, չի սիրում, բայց զավակներին շատ է սիրում և չի կարող նրանց թողնել: Մայրը հրավիրում է եպիսկոպոսին, որ սա համոզի Սմբատին` ուղղելու իր «սխալը», սակայն Սմբատն ասում է, որ չի կարող կատարել նրանց պահանջը: Միքայելը և Սմբատը վիճում են: Միքայելն իրեն ավելի արժանավոր ժառանգ է համարում: Չէ՞ որ Սմբատն ինքը հորը մեղադրում էր աշխատողներին հարստահարելու, ժլատության և ագահության մեջ, երբ սա զրկել էր տղային թոշակից: Սմբատը կրթվել է լավագույն ուսուցիչների մոտ, կարող է աշխատել, իսկ ինքը նրա պատճառով զրկվել է բարձր ուսումից, ընկել վատ միջավայր, տգետ է, հիմար, ուստի իրեն է վայել շռայլել ուրիշների քրտինքով վաստակած հարստությունը: Միքայելի համար կտակի պայմաններն անտանելի և վիրավորական են: Նա չի ուզում ամուսնանալ, բոլոր ընկերների պես ազատ է ուզում լինել, ամուրի կյանքից դեռ չի կշտացել:
Իսահակ Մարութխանյանը Միքայելին համոզում է կոնտր-կտակ կազմել հին ամսաթվով, ըստ որի ողջ ժառանգությունն անցնում է 3 հոգու` Միքայելին, Արշակին և Մարթային: Նա համաձայն է, բայց ուզում է, որ գործն առանց իր մասնակցության առաջ տանի: Այդ ծրագիրը Միքայելին մութ է թվում: Երբ Միքայելը կոնտր-կտակը ցույց է տալիս Սմբատին, սա հասկանում է, որ այն կեղծ է և որ Մարութխանյանի հորինածն է: Սպառնում է դիմել դատարան: Սմբատը գնում է տան ներքին հարկում գտնվող խանութներից մեկը: Դավիթ Զարգարյանից տեղեկանում է, որ Միքայելը գողություն է անում, իսկ ինքը անզոր է արգելել նրան: 1700 ռուբլի է վերցրել գրասենյակից` առանց ստացական տալու: Սմբատը հուզվում է, մտածում` որքան է ապականվել եղբայրը: Հանդիպում է Գրիգոր Հաբեթյանին, ով նրան հրավիրում է Քյազիմ-բեգ Ադիլբեգովի մոտ գալա-քեֆի: Սմբատը գնում է տեսնելու` ինչպես է եղբայրը վատնում իր կյանքը: Այնտեղ թղթախաղ են խաղում: Միքայելը տարվում է: Սմբատը ևս գայթակղվում է, մասնակցում է և տանուլ տալիս: Հեռանում է սեղանից: Սեղանատանը կան գեղեցիկ կանայք և երգչուհիներ, որոնցից մեկին Միքայելը նվիրում է իր ադամանդյա մատանին` ցույց տալու համար, որ ինքն ազատ է ու ինքնագլուխ: Սմբատն ամաչում է եղբոր արածից, բայց միևնույն ժամանակ նա ջերմություն է զգում այդ միջավայրում և սկսում եղբորը չմեղադրել: Դուրս գալով` պատանիների մի խմբում նկատում է Արշակին: Գնում են ծովային ջրերի մեջ թարմանալու: Երբ բռնում է նրան, սա ասում է, թե իրավունք չունի, իր մեծը Միքայելն է: Սմբատը մտածում է, որ Մարութխանյանն այս տղային էլ է շեղել ճանապարհից:
Սմբատի մոտ են գալիս տարբեր մարդիկ, օգնություն խնդրում: Նրանց մեջ է նաև Դավիթ Զարգարյանը: Նա շատ աղքատ է, թեև այդ մասին երբեք չի խոսել: Խնդրում է ազատել իրեն պաշտոնից: Սմբատն առաջարկում է տեղափոխվել հանքերը` որպես կառավարչի օգնական ու հաշվապահ: Բնակարանը կլինի ձրի, կարող է տանել նաև ընտանիքը, աշխատավարձը քառասունի փոխարեն կլինի ութսուն ռուբլի: Զարգարյանն անչափ ուրախ է: Տեղափոխվում են: Նա պահում է անդամալույծ եղբորը, կնոջը, աղջկան, այրի քրոջը երկու զավակների հետ: Եղբայրը վաճառական էր, խանութը հրդեհվել էր, և նա սնանկացել էր, հետո կաթվածահար եղել ու անկողին ընկել: Նրան պահում է 22 տարեկան դուստրը` Շուշանիկը` ծառայելով որպես աղախին: Սմբատը հավանում է  նրան և հաճախ առիթ փնտրում հանքերը գնալու: Հանքերում մարդկային կյանքն ամեն րոպե վտանգված է: Մի թեթև անզգուշություն կրակի հետ, և կիզանուտ գազը կարող է բռնկվել ու օդը ցնդել մարդկանց: Տեսնելով նրանց թշվառ վիճակը, կեղտոտ ու բորբոսնած սենյակները` Սմբատը որոշում է նոր կացարաններ կառուցել: Շուշանիկին առաջարկում է բացել կիրակնօրյա ուսումնարան հասակավոր անգրագետների համար, բացել գրադարան, ընթերցարան: Շուշանիկն ուրախ է:
Միքայելն այցելում է ընկերոջ քրոջը` Անուշ Ղուլամյանին: Նա չի սիրում իր ամուսնուն, ուզում է բաժանվել: Միքայելի ու Անուշի կապը որոշ ժամանակ վերաճում է ուժեղ կրքի: Բայց երբ Միքայելը հասկանում է Անուշի ակնարկը, մտածում է, որ հիմարություն է ամուսնանալ 9 տարի ամուսնացած և 2 երեխա ունեցող կնոջ հետ:
Եղբայրները նորից են վիճում կտակի թեմայով: Միքայելը Մարութխանյանին ասում է, որ սա վարվի` ինչպես ուզում է, ինքը կհետևի նրա խորհուրդին: Թույլ չի տա` Սմբատն իր գլխին իշխանություն բանեցնի: Նա սկսում է չայցելել Անուշին, ով նամակներ է գրում: Հետո գրում է, որ զբաղված է, թող համբերի: Կինը օր օրի դառնում է մռայլ, մարդատյաց: Պետրոսը գտնում է նամակը, կնոջն անառակ անվանում ու այնքան ծեծում, որ սա ուշաթափվում է, մնում անշարժ: Պետրոսը որոշում է տանջել Անուշին և հետո վռնդել: Ամեն բան պատմում է Գրիշային` կնոջ եղբորը` Միքայելի ընկերոջը, ցույց է տալիս նամակը: Գրիշան թքում է քրոջ երեսին և երդվում հոր գերեզմանով պատժել Միքայել Ալիմյանին: Անուշը չգիտի ինչպես վարվել: Միքայելը ևս տանջվում է: Անուշն ամեն բան պատմում է նրան նամակով: Մարութխանյանը, օգտվելով առիթից, սկսում է ամեն օր այցելել տղային և ինչ-որ թղթեր ստորագրել տալ, որոնք Միքայելը ստորագրում է առանց կարդալու: Շուտով նա մոռանում է պատահածը և սկսում է գնալ հանքերը: Երբ Սմբատը հասկանում է Միքայելի գնալու պատճառը, խնդրում է եղբորը հանգիստ թողնել Շուշանիկին: Ժամանում են Սմբատի կինը, զավակները, կնոջ եղբայրը: Տղաներից մեկը 7 տարեկան է, մյուսը` 8: Հարավային և հյուսիսային տիպերի գեղեցիկ խառնուրդ են: Կինը` Անտոնինա Իվանովնան, կապույտ աչքերով, փոքրիկ քթով, ոչ բարձրահասակ, շիկահեր կին է: Նա երեխաներին մեծ մասամբ պահում է իր աչքի առջև, հեռու Ոսկեհատից: Հարս ու սկեսուր ատում են միմյանց հենց առաջին հայացքից: Քաղաքային գրասենյակում որպես գանձապահ այժմ աշխատում է Սրաֆիոն Գասպարիչը, և ամեն ինչ շատ հստակ է: Հանքերը տեղափոխվելուց հետո Զարգարյանների նյութական պայմանները թեթևացել են: Շուշանիկն անչափ գոհ է: Անգամ ուզում է աշխատել, թեև տան տղամարդիկ դեմ են դրան: Նա ոգևորված բացատրում է աշխատանքի նշանակությունը թե´ կնոջ, թե´ տղամարդու համար: Երբ գնում է իր սենյակ, մտածում է Սմբատի մասին: Նրա պատկերը միշտ աչերի առաջ է: Հաջորդ օրը Դավիթը նրան տանում է նավթի բացված շատրվանը տեսնելու: Հանկարծ գալիս են Միքայելը և Սմբատի կինը: Շուշանիկը հիասթափվում է` տեսնելով, որ նա այնքան էլ էլեգանտ տեսք չունի: Փորձում են զրուցել, բայց զրույցը չի ստացվում, և Շուշանիկը խնդրում է հորեղբորն իրեն տուն տանել: Միքայելն առաջարկում է իր կառքը, և աղջիկը Դավիթի պնդմամբ ստիպված նստում է: Միքայելը սլանում է` ի զարմանս Դավիթ Զարգարյանի, որին կառք նստել չի հրավիրում: Կառապանն ուղին փոխում է: Միքայելը հրավիրում է նրան թատրոն, սկսում է հպվել աղջկան, սակայն Շուշանիկի վեհությունը և մերժումն ազդում են նրա վրա: Չոքում է կառքի մեջ, սեր խոստովանում: Աղջիկը զայրանում է, հրամայում իրեն տանել իրենց հանքերը: Միքայելն առաջին անգամ ամոթի զգացում է ունենում: Վերջում հարցնում է, թե ինչ է նա մտածում իր մասին, իսկ աղջիկն ասում է, թե մտածում է` որքան զանազանություն կա նրա և եղբոր մեջ: Միքայելը հասկանում է, որ նա համակրում է Սմբատին և մտածում` թող արհամարհի, ինքը պարտքի տակ մնացողը չէ:
Միքայելը քաղաքում է: Կլուբում նրան մոտենում է Գրիշան, անազնիվ ու ստոր անվանում և ապտակում: Նրանց հեռացնում են, տուն տանում: Սմբատը զրուցում է եղբոր հետ: Գալիս են նաև ընկերները, տարբեր առաջարկներ անում`մենամարտել Գրիշայի հետ, ստիպել նրան ներում խնդրել կամ ենթարկել ընկերական դատի: Սմբատն առաջարկում է դիմել ներքին դատավորին: Նրա խոսքերը ազդում են եղբոր վրա: Երբ ընկերները գնում են, նրանք շարունակում են զրուցել: Առաջին վիրավորողը ինքն է եղել և չպետք է ամեն մոլորություն հասարակական կարծիքի տեղ դնի: Ինքը պիտի լինի իր դատավորը, փոխի իր կյանքը: Մինչև այժմ ընդունել է աշխարհի քաղցր թույնը, որը սպանում է, բայց կա նաև դառը թույն, որը մաքրում է: Իր կյանքը հավիտյան աղավաղվել է, իրեն խաբել է պայծառ հրեշտակը, իսկ Միքայելի ապագան դեռ առջևն է, նրան խաբել է կույր կիրքը, բայց նա կարող է վատ սկսելով` լավ վերջացնել: Ինքը գուցե հակառակը: Միքայելի աչքերին արցունք է երևում, և Սմբատը մտածում է` եղբոր սրտում դեռ կա չապականված անկյուն: Դուրս է գնում: Ոսկեհատն իրեն դժբախտ է համարում: Նրա երեխաների կյանքը չի ստացվել: Սմբատն ամուսնացել է օտարուհու հետ և ինքն էլ կրում է իր սխալների հետևանքները. երջանիկ չէ: Միքայելն արդեն անուղղելի որդի է: Շռայլում է` առանց վաստակելու, օր օրի առողջությունը քայքայվում է: Մարթան ևս դժբախտ է: Նրա 2 երեխաներից մեկը դեղնած է, մաշված, մյուսը հիվանդոտ է, սպասում են մեռնելուն: Ասում են` հայրը եղել է վարակված ինչ-որ հիվանդությամբ: Մարթան ամեն օր գալիս է, աղաչում, որ իրեն բաժին տան հոր ժառանգությունից: Սպառնում է ինչ-որ դատ բանալ եղբայրների դեմ: Արշակը նախատինքին նախատինքով է պատասխանում, խրատներն ու աղերսները ծաղրում, գիշերը ուշ գալիս կամ մնում դրսում: Անտոնինա Իվանովնան իրեն օտար է զգում և պախարակում է Ալիմյանների ամբողջ ընտանիքը` իբրև բարոյապես փչացած մի շրջան, ուր ամեն ինչ քայքայվում է: Սմբատի հետ վեճերը դառնում են հաճախակի: Ուզում է երեխաների հետ գնալ, բայց Սմբատը չի թողնի երեխաներին: Իրեն ամուսնուց բաժանված է համարում, այսուհետ միայն երեխաների մայրն է: Եղբայրը` Ալեքսեյ Իվանովիչը, քրոջն ասում է, թե անհարմար ժամանակ է ընտրել Սմբատից բաժանվելու համար, նա փող ունի, իսկ փողն աշխարհի լծակն է: Սմբատին ինչ-որ երիտասարդ հայտնում է, որ Արշակը հիվանդ է և ամոթից չի ուզում բժշկվել: Այդ մասին Սմբատը հայտնում է միայն Սրաֆիոն Գասպարիչին: Վարձում են մի մարդ, որը հսկում է Արշակին, որ սա չշարունակի իր շվայտությունները: Տղան բողոքում է, բայց հպատակվում: Սմբատի դառնության բաժակը լցվում է, հոգում է մի եղբոր մասին, այնինչ մյուսն ավելի ապականված է, այն էլ մատաղ հասակում:
Միքայելը չգիտի ինչպես վարվել. մի կողմից վիրավորված պատվի զգացում, հասարակական ծաղր, մյուս կողմից` խղճի խայթ: Ուզում է Գրիշայից վրեժ առնել, բայց անզոր է դա անել: Նրան ամենից շատ հուզում է Շուշանիկի հանդեպ գործած սխալը: Մի՞թե ստոր, անասնական կիրքն այնքան ապականել է նրա հոգին, որ այլևս ոչ մի սրբություն չի մնացել նրա համար: Երազում է, որ գոնե կարելի լիներ այդ մի հատիկ թերթը պոկել նրա կյանքի գրքույկից և այրել անհետք: Մարթան և Իսահակը գնում են Միքայելի մոտ և սկսում բողոքել Սմբատից ու նրա կնոջից: Իսահակը խոսում է դատարան դիմելու մասին, բայց Միքայելը զայրանում է, հրաժարվում նրա մութ ծրագրերից, ասում, որ ինքը սրիկա չէ: Ամուսինները գնում են: Միքայելը թեթևություն է զգում: Դա մի քայլ էր, որ ներշնչում է նրան` մի ուրիշ, ավելի համարձակ քայլ անելու: Գնում է Գրիշայի մոտ ու պատմում ամեն ինչ` կապված Անուշի հետ: Չի փորձում արդարացնել իրեն, պարզապես անկեղծանում է, բացատրում, որ ինքը երեք օրվա մեջ շատ բան է հասկացել, ներողություն խնդրում: Գրիշան զարմանում է ընկերոջ պահվածքից, մի պահ անգամ կարծում է, թե սա ծաղրում է, հետո խղճում է: Բայց բարկանում է ու դուրս վռնդում Միքայելին. այլ կերպ չէր կարող վարվել: Միքայելն ուրախ է, զգում է, որ ինքը ենթարկվեց այն ներքին դատավորին, որի մասին խոսում է Սմբատը: Ինքը դեռ կարող է ուղղվել: Ամեն բան պատմում է Սմբատին, նաև կեղծ կտակի մասին: Կարծես այժմ նրա համար ոչինչ բան է պարզել իր հոգու բոլոր կեղտերը: Խնդրում է Սմբատին իրեն գործ տալ, որոշում է հետևել հանքային գործերին: Մարութխանյանը պատռում է կեղծ կտակը, գործը չի հաջողվում: Նա սկսում է տարածել Միքայելի արածը քաղաքով մեկ, որպեսզի Պետրոսը ստիպված լինի վրեժ լուծել նաև տղայից: Կնոջը` Անուշին, վռնդում է տնից: Սա ապրում է մոր տանը, ամեն բան նամակով հայտնում Միքայելին, բայց նա ոչնչով չի կարող օգնել: Բացի խղճի խայթից, այլ զգացում չունի այդ կնոջ հանդեպ: Սմբատը ևս սիրտը թեթևացնելու պահանջ ունի: Նա չունի մեկը, ում կարող է վստահել  իր ցավերը: Այցելում է Զարգարյաններին: Հաճախակի այցերն օր օրի ավելի են զորացնում Շուշանիկի համակրանքը: Մի անգամ հյուր են գնում նաև Միքայելը և Սուլյանը, թեև դեմ էին, որ Միքայելը ոտք դնի իրենց տունը: Նա փորձում է խոսել Շուշանիկի հետ, որ ներողություն խնդրի, բայց աղջիկն արհամարհում է նրան: Միքայելը դուրս է գնում, ոտքով քայլում, մինչև հասնում է ազգականներից մեկի շինությանըՄնում է այնտեղ: Երբ դուրս է գալիս, արդեն մութ էր: Նրա վրա հարձակվում են երկու հոգի, հարվածում, ծեծում, հայտնում, որ Պետրոս աղայի ղուլերն են: Միքայելն ուշաթափ է լինում: Միևնույն ժամանակ քաղաքում տեղի է ունենում մեկ այլ դժբախտություն: Արշակը փող է ուզում հերթական անգամ: Գումարը տալիս են հսկիչին: Սա գնում, փակվում է Սմբատի սենյակում, իսկ հետո գաղտնի փախչում: Նրան փնտրում են առավոտից, հայտնի չէ, թե ուր է: Գնալիս Անտոնինա Իվանովնայի աղախնին ասում է, որ էլ երեսը չեն տեսնելու: Սմբատը բացահայտում է, որ Արշակը գողացել է բավական խոշոր գումար, որն ինքն առավոտյան բերել էր բանկից շինության վրա աշխատող արհեստավորներին բաժանելու համար: Այդ մասին նա ոչ ոքի չի ասում: Գնում են Միքայելի մոտ: Նա գիշերները զառանցում է: Նրա խոսքերից Սմբատը հասկանում է, որ Պետրոս Ղուլամյանն է ծեծել տվել Միքայելին, և որ նա հափշտակված է Շուշանիկով: Երբ հիվանդը սթափվում է, մոր կարիքն է զգում, բռնում նրա ձեռքը ու սեղմում կրծքին: Վերադառնում են: Նրան Զարգարյանների խնամքին են հանձնում: Շուշանիկը մոռանում է իր վիրավորանքը և քրոջ նման խնամում է Միքայելին: Շուտով նրա վիճակը թեթևանում է, թեև ճակատի վերքը վտանգավոր է: Արշակին գտնում են Թիֆլիսում, ուղարկում Բաքու: Նա խոստովանում է, որ ինքն է վերցրել գումարը, 3000 ռուբլուց նրա մոտ մնացել է 2 հարյուրանոց և մի քանի հատ մանր թղթադրամներ: Թիֆլիս էր գնացել Զինայի հետ ամուսնանալու: Սմբատը բարկանում է ու ասում, որ ոչ մի Զինայի երես չի տեսնի: Հաջորդ օրը գնում է հանքերը և Միքայելի հետ վերադառնում: Նա խնդրում է Սմբատին` Սուլյանին տեղափոխել քաղաք, իսկ իրեն նշանակել հանքերի կառավարիչ: Շարժառիթը շատ պարզ էր Սմբատի համար, և նա համաձայնում է: Նույն օրը Միքայելն առմիշտ տեղափոխվում է հանքերը:
Շուշանիկը մեղադրում է ինքն իրեն զգացումներին ազատություն տալու մեջ: Չէ՞ որ չի կարող սիրել ամուսնացած տղամարդու: Դրա մասին մտածելն անգամ մեղք է: Միքայելի հանդեպ նա այժմ կարեկցական զգացում ունի: Երբ լսեց նրա զառացանքները, նաև ներեց նրան: Միքայելը զրուցում է նրա հետ, շնորհակալություն հայտնում իրեն խնամելու համար: Աղջիկը տեսնում է, որ նա անկեղծ է, և այդ բարձրացնում է նրա աչքում այն մարդուն, որի մասին այնքան ստոր գաղափար ուներ:
Սմբատը սկսում է շռայլել փողը, ապրել Միքայելի պես: Անգամ ազատություն է տալիս Արշակին, փող տալիս նրան, որքան սա ուզում է: Անտոնինա Իվանովնան որոշում է երեխաների հետ գնալ հանքերն ապրելու: Այնտեղ նա բացում է գրադարան-ընթերցարան մշակների համար: Այդ գործում նրան օգնում է Շուշանիկը: Նրանք մտերմացել էին այն օրը, երբ նոր կացարանների կառուցման առիթով հավաքվել էին հանքերում և հանդիսավոր խնջույք սարքելՀորեղբայրը մի անգամ զրուցում է Շուշանիկի հետ և ասում, որ Սմբատը միայն իր երեխաներին է սիրում: Սա օգնում է Շուշանիկին սթափվել և փորձել մոռանալ նրան: Մարութխանյանը հայտնում է Սմբատին, որ Միքայելը իրեն պարտք է մոտ կես միլիոն ռուբլի տոկոսներով ներառյալ: Սա խարդախություն է: Միքայելը հիշում է, որ առանց կարդալու թղթեր է ստորագրել: Կողմ է վճարել, բայց Սմբատն ուզում է դատարան դիմել, ապացուցել դրանց կեղծ լինելը: Նա այժմ փոխել է վերաբերմունքը հոր փողերի հանդեպ: Մյուս տարբերակն այն է, որ Միքայելն ամուսնանա, որպեսզի ժառանգություն ստանա և վճարի իր պարտքը: Սմբատը Շուշանիկի հետ խոսում է եղբոր մասին, ասում, որ նա սիրում է նրան, և պատմում ժառանգության պայմանի մասին: Սա հիասթափեցնում է Շուշանիկին, Սմբատն իրեն առաջարկում է սիրել մեկին, ում հանդեպ դեռ չի հաղթել ողջ զզվանքը: Սակայն օր օրի Սմբատն իջնում է, իսկ Միքայելը` բարձրանում: Միքայելի հերոսությունը վերջնականապես ապացուցվում է, երբ հանկարծ հանքերում  հրդեհ է բռնվում: Նա նախ փրկում է Սմբատի որդիներին, բայց հետո պարզվում է, որ տան մյուս բաժինն էլ է այրվում: Դավիթը փորձում է դուրս բերել Շուշանիկին, որը կպել է անդամալույծ հորը, իսկ սա բռնել է թախտի մի ոտքից և չի թողնում` կարծելով, թե իրեն ուզում են տանել ու խարույկը գցել: Երբ ի վերջո Շուշանին պոկում է ու տանում, աղջիկն փախչում է ու նորից ներս մտնում` հորը փրկելու: Ոչ ոք չի համարձակվում ներս գնալ: Դավիթը նորից է փորձում նրան դուրս բերել, հասնում է Միքայելն ու Շուշանիկին խլում նրա ձեռքից, տանում մոր մոտ: Անդամալույծ Սարգիսը դեռ ներսում է: Սմբատը փող է առաջարկում փրկողին: Փրկել նշանակում է վտանգել սեփական կյանքը: Ոչ ոք չի ռիսկում: Միքայելը հանկարծ մշակից խլում է մի թրջված թաղիք, փաթաթվում նրա մեջ ու անհետանում ծխի թանձրության մեջ: Նա Դավիթի հետ դուրս է բերում Սարգիսին և փրկում նրան: Բոլորը հիացած են Միքայելով: Շուշանիկը խնամում է նրան ու մտածում, թե ինչպիսի զանազանություն կա նրանց մեջ և թե ով է իրականում բարձրը: Նա հիշում է Սմբատի առաջարկած գումարը ու Միքայելի` կյանքը վտանգելով կատարած ասպետական քայլը: Անդամալույծ հայրը, սակայն, մահանում է: Նրա քայքայված հոգին ավարտում է վերջին հաշիվներն աշխարհի հետ: Շուշանիկն ամբողջ գիշեր անցկացնում է հոր մոտ ու խորհում: Ինչպիսի հեղաշրջում էր տեղի ունեցել նրա հոգու մեջ:
Արշակն Ալեքսեյ Իվանովիչի հետ գնում է արտասահման: Միքայելը թղթով հրաժարվում է իր բաժին ժառանգությունից, իր սենյակի բանալին տալիս եղբորը և հայտնում, որ այդ տունը նրանն է: Սմբատը պետք է վճարի իր պարտքը Մարութխանյանին: Սա պիտի ոչնչացնի ստորագրված պարտագրերը, և ստանա պարտքի կեսը: Մարութխանյանը համաձայնում է` ասելով, որ եթե հրդեհը չլիներ, մի կոպեկ չէր զիջի: Հրդեհի վնասը Սմբատի հաշվարկով կազմում է երեք հարյուր հազար ռուբլի:
Անցնում են օրեր: Շուշանիկն ու Միքայելը զրուցում են, ապա համբուրվում: Նրանք երջանիկ են և պետք է ամուսնանան: Միքայելն այդ մասին հայտնում է Սմբատին: Նա կատարում է հոր վերջին կամքը. կամուսնանա և ինքը կվճարի Մարութխանյանի պարտքը: Սմբատը մտածում է` «նա բախտավորվեց, իսկ ես միշտ կմնամ անբախտ»: 

Տես նաև ԱրտիստըՄորգանի խնամինՆամուսՊատվի համար և Եվգինե  

Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ

Ալեքսանդր Շիրվանզադե | Քաոս | համառոտ Ալեքսանդր Շիրվանզադե | Քաոս | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 9:42:00 Rating: 5
Технологии Blogger.