
Գործողությունը կատարվում է նահանգական մեծ քաղաքում: Առաջին
արարվածում ներկայացված է Ալվերդյանների հարուստ զարդարված հյուրասենյակը: Զրուցում
են 24-ամյա Եվգինե Ալվերդյանը և նրա ամուսնու՝ 35-ամյա քաղաքի հայտնի փաստաբան Միհրան
Ալվերդյանի քույրը՝ 38-ամյա այրի Մարթա Տերտերյանը: Զրույցը Միհրանի և Եվգինեի սիրո
ու բախտավորության շուրջ է: Ունեն փոքրիկ աղջիկ: Ամուսնացած են 14 ամիս: Մարթան ևս
շատ է սիրում եղբորը և ուրախ է նրա երջանկության համար: Աղախինը՝ Երմոնեն, բերում է
լրագրեր, որոնց համարներից մեկում ներկայացված է Արաբաջյանի ինքնասպանության գործի
հաշիվը: Ի զարմանս Մարթայի՝ Եվգինեն վերցնում է նրա ձեռքից լրագրերը և առանձնանում
իր ննջարանում՝ կարդալու: Այդ ընթացքում գալիս է նախ Արշակ Սառափյանը՝ Եվգինեի մորեղբոր
որդին, որը նախկին սպա է, այժմ անգործ է. բոլորը նրան հրավիրում են ճաշերի, ընթրիքների,
երեկույթների, բայց պաշտոն չեն տալիս, այնուհետև տիկ. և պ. Գալամքարյանները, որոնք
սովորություն ունեն ամեն շաբաթ երեկո գնալ այնտեղ: Պատճառաբանում են, թե գործով են
եկել, նոր ընկերություն են կազմել, ուզում են, որ Եվգինեն անդամ գրվի: Եվգինեն գալիս
է, նկատում են, որ գունատ է: Ընկերության նպատակը աղքատ հարսնացուներին օժիտ տալն է:
Անդամավճարը 200 ռուբլի է: Սառափյանը ծաղրում է՝ ասելով, որ նոր ընկերությունը Գալամքարյանների
մագազինի փտած ապրանքները կնաղդացնի: Քիչ անց գալիս է Միհրանը՝ օգնականի՝ իր մորեղբոր
որդի Համազասպ Վարսամյանի և ինժեներ-տեխնոլոգ, գործարանատեր, բարեկամ Աբգար Սուլթանյանի
հետ: Սեղանի շուրջ խոսում են Արաբաջյանի դեպքի մասին, որի մանրամասներին Միհրանը տեղյակ
է: Առաքել Արաբաջյանի կինը ամուսնուն խոստովանել է իր անցյալի սխալը, իսկ ամուսնու
սիրտը չի մեղմացել, չի ներել: Հակառակը, պահանջել է թշվառից անձնասպանություն գործել:
Թույն է բերել տուն, դիտմամբ թողել կնոջ ննջարանում, ուզեցել է ազատվել կնոջից իր պատիվը
մաքրելու համար: Կինը թունավորվել է՝ արգանդում թունավորելով նաև մի անմեղ էակի: Հյուրերը
տարբեր կարծիքներ են հայտնում՝ հիմնականում մեղադրելով դավաճան կնոջը: Սակայն Միհրանը
նրա տեղը կներեր կնոջ անպատվությունը: Նրա կարծիքը կիսում է Վարսամյանը: Ինչո՞ւ տղամարդկանց
սխալները կարելի է ներել, իսկ կանանցը՝ ոչ: Հասարակական կարծիքի ամբողջ լուծը չպետք
է կանանց վրա ծանրացած լինի: Դա անարդարություն է: Եվգինեն հուզվում է և մի պահ ուշաթափվում:
Հյուրերը գնում են: Միհրանի հարցին, թե ինչ է պատահել, Եվգինեն պատմում է մի հեքիաթ,
ըստ որի կինը իրեն անարժան է համարում ամուսնուն և նրա սիրուն, քանի որ չափազանց ինքնասեր
է և իրեն պարտքի տակ է զգում: Միհրանը չի հասկանում: Երկրորդ արարվածում հյուր է գալիս
Եվգինեի մայրը՝ Հռիփսիմեն: Մարթան գնում է Գալամքարյանների մոտ 200 ռուբլին տանելու,
բայց Եվգինեն խնդրում է չտանել և փողն էլ վերադարձնել Միհրանին: Մարթան գնում է: Գալիս
է Գաբրո Ազարյանը, նրանց հարևանը, երբ ապրում էին այլ քաղաքում: Երբ մայրը գնում է,
սա ուզում է համբուրել Եվգինեին: Մի ժամանակ՝ 9 տարի առաջ, գայթակղել է Եվգինեին իր
քաղցր լեզվով: Նա աղջկան մի ասպետ է թվացել, բայց հետո Եվգինեն հասկացել է, որ այդ
ամենը խաբեություն, անարգանք էր և ոչ թե սեր: Այժմ զրպարտում է նրան, որ հանդգնել է
գալ իր տուն: Ինքը ամեն բան հայտնելու է ամուսնուն, որին սիրում է, և խիղճը տանջում
է: Գաբրոն խոստովանում է, որ լավ չէր ճանաչում Եվգինեին, կարծում էր, թե նա լուրջ չի
նայում կյանքին: Ասում է, որ ինքը մոլորված էր և այժմ զղջում է, խնդրում է գոնե դրան
հավատալ: Հեռանում է: Գալիս է Միհրանը: Եվգինեն նրան հայտնում է, որ ինքն էլ մի անպիտան
կին է, մի տիկին Արաբաջյան: Ամուսինը ցնցված է: Ներս են մտնում Մարթան և Հռիփսիմեն:
Ամուսինը գրկում է քրոջը, իսկ կինը ընկնում է մոր գիրկը: Երրորդ և վերջին արարվածում
Վարսամյանն ու գրագիրը զբաղված են Միհրանի գործերով: Վերջինս ոչ ոքի չի ընդունում:
Հռիփսիմեն խնդրում է Սառափյանին խոսել Միհրանի հետ, ասել, որ աղջկան պարզապես զրպարտել
են: Սառափյանը գիտի այդ մասին, լուրը տարածել է տիկ. Գալամքարյանը: Զրուցում են Միհրանը,
Սառափյանը, Սուլթանյանը և Վարսամյանը: Սուլթանյանը Միհրանին ինչ-որ մեքենապետի գործ
է բերել: Հույս ունի, որ անմեղին կարդարացնեն: Պատմությունը դարձյալ առնչվում է կնոջ
դավաճանությանը: Միհրանն ու Վարսամյանը զրուցում են առանձին: Գաղափարների և իրականության
միջև գոյություն ունի ահագին խորխորատ: Վարսամյանն ուզում է, որ Միհրանը հերոսաբար
անցնի այդ խորխորատը: Խոսք է տալիս, որ կանցնի: Մարթան Միհրանին համոզում է արձակել
կնոջը: Ինքը նրա հետ մի հարկի տակ չի կարող ապրել: Սակայն Միհրանը կնոջ խոստովանության
քայլը մեծ քաջություն է համարում, քչերն են ընդունակ այդպիսի քայլի: Այդ խոստովանությունն
արդարացնում է նրան, նա բարձր բարոյականության տեր կին է և արժանի է ներման: Մարթան
ապշած է: Միհրանը զրուցում է Եվգինեի հետ: Վերջինս կարծում է, որ եթե անգամ ամուսինը
ների իրեն, չի մոռանա: Ինքը կգնա: Երեխային կթողնի: Բայց ուշաթափ է լինում: Մարթան
չի օգնում: Բացում է աչքերը, ասում է՝ չի կարող: Միհրանը գրկում է նրա գլուխը և ասում,
որ ինքը ներում է և կմոռանա: Մարթան հեռանում է՝ ասելով, որ իրեն ևս մոռանա:
Ալեքսանդր Շիրվանզադե | Եվգինե | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
сентября 14, 2015
Rating:
