Միխայիլ Լերմոնտով «Մեր ժամանակի հերոսը» համառոտ

Միխայիլ Լերմոնտով
Մեր ժամանակի հերոսը
(համառոտ)

1840
Բելա

1830–ական թթ.: Կովկասյան պատերազմը մոտենում է ավարտին: Պատերազմական-վրացական ճանապարհին հանդիպում են հեղինակը՝ ռուսական բանակի սպան, և կովկասյան պատերազմի վետերան, շտաբս-կապիտան Մակսիմ Մակսիմիչը: Մինչև Վլադիկավկազ հասնելը ստիպված են լինում երկու անգամ գիշերել ճանապարհին: Մակսիմ Մակսիմիչը հետաքրքրասեր ուղեկցին պատմում է իր կյանքում պատահած իրական մի դեպք:
Հինգ տարի առաջ, երբ նա պարետ էր Չեչնյայի պահակային ամրոցում, իր ջոկատին է միանում Գրիգորի Ալեքսանդրովիչ Պեչորինը՝ փայլուն գվարդիական, որին Կովկաս են աքսորել սկանդալային մի պատմության համար: Մեկ տարի Մակսիմ Մակսիմիչի ղեկավարության տակ ծառայելով՝ քսանհինգամյա ենթասպան հասցնում է աչք դնել տեղի «խաղաղ» մի իշխանի դստեր՝ Բելայի վրա, և վերջինիս եղբոր՝ Ազամատի օգնությամբ գողանալ աղջկան, պահել իր մոտ, ընտելացնել, սիրահարեցնել, իսկ հետո հասկանալ, որ վայրի աղջկա սերը ոչնչով լավ չէ որևէ նշանավոր տիկնոջ սիրուց: Մակսիմ Մակսիմիչը, իհարկե, հասկանում է, որ Պեչորինի այս ձեռնարկը, որի դրդապատճառը ձանձրույթն է, լավ չի վերջանա: Բանն այն է, որ Պեչորինը վճարել է Ազամատին ոչ թե իր գրպանից, այլ՝ ուրիշի: Նա Ազամատին օգնել է գողանալ տեղական մի կտրիճի՝ Կազբիչի ձիուն: Որպես վրեժ Կազբիչը գողանում է Բելային և ճանապարհին՝ հասկանալով, որ չի կարողանա խուսափել հետապնդողներից, սպանում է նրան դաշույնի հարվածով:

Մակսիմ Մակսիմիչ

Շտաբս-կապիտանի այս պատմությունը կմնար «Վրաստանի մասին» հեղինակի հիշողություներում գրանցված ճանապարհային դրվագ, եթե չլիներ նոր անակնկալ: Վլադիկավկազում հեղինակը վկան է լինում Մակսիմ Մակսիմիչի և Պեչորինի հանդիպման: Պեչորինը մեկնում է Պարսկաստան: Հեղինակը նկատում է, որ Պեչորինին կարելի է բնութագրել որպես տիպական դեմք՝ ժամանակի հերոս, ժամանակի արատներից կազմված անարդյունք սերնդի ներկայացուցիչ: Պեչորինի սառը վերաբերմունքից վիրավորված Մակսիմ Մակսիմիչը հեղինակին է հանձնում «Պեչորինի թղթերը»: Դա օրագիր է, որը վարում էր Պեչորինը Կովկասում իր ծառայության ժամանակ: Վեպի հետագա մասը ներկայացնում է Պեչորինի առաջին դեմքով գրված պատմությունը:

Թաման
 
Առաջին գլուխը արկածախնդիր սյուժեով նովել է: Այն հաստատում է շտաբս-կապիտանի բնորոշումը: Պեչորինն արկածների սիրահար է, նրանցից, որ աննշան գաղտնիքի էությունը պարզելու համար պատրաստ են հարյուր անգամ զոհել սեփական կյանքը:
Եվ այսպես, երեք օր ճանապարհ կտրելուց հետո Պեչորինը Թաման է հասնում ուշ գիշերով: Նրա ծառան խորը քնած է: Իսկ ահա տերը չի կարող քնել: Դիվային բնազդը հուշում է նրան, որ իրեն խրճիթ թողած կույր տղան կույր չէ, իսկ տնակը նման չէ ընտանեկան կացարանի:
Կույրը իսկապես իրեն տարօրինակ է պահում: Իջնում է դեպի ծովը վտանգավոր զառիվայրով և շալակին ունի տարօրինակ կապոց: Պեչորինը թաքնվում է և հետևում է տղային: Մառախուղի մեջ նշմարում է կանացի կերպարանք: Ականջ դնելով՝ հասկանում է, որ ափին երկուսը սպասում են ոմն Յանկոյի, որի նավակը պիտի մոտենա պահակային նավերի միջով: Սպիտակ հագած աղջիկն անհանգստանում է, որ ծովը փոթորկվում է: Սակայն խիզախ թավարը մոտենում է իր նավակով: Եռյակը, շալակելով մեծ տիկերը, հեռանում է:
Այս խորհրդավոր գործողությունների հետ կապված հանելուկը լուծվում է հեշտորեն: Յանկոն բերում է մաքսանենգ ապրանք, իսկ աղջիկը և տղան օգնում են վաճառել այն: Ցերեկը Պեչորինը պառավ տանտիրուհու ներկայությամբ հարցնում է տղային, թե ուր է սա քարշ գալիս գիշերները: Վախենալով, որ Պեչորինը կմատնի իրենց, Յանկոյի ընկերուհին որոշում է ազատվել անհարմար վկայից: Առաջարկում է սպային գիշերային զբոսանք նավակով: Երբ հայտնվում են ծովում, ջուրն է գցում Պեչորինի ատրճանակը: Սկսվում է պայքար նավակի մեջ, որի արդյուքում աղջիկը հայտնվում է ջրում: Ափին մաքսանենգները, վստահ լինելով, որ հիմա Պեչորինը հաստատ կմատնի իրենց, որոշում են հեռանալ Թամանից: Կույրը խնդրում է նրանց իրենց հետ վերցնել նաև իրեն: Յանկոն կոպիտ մերժում է:
Պեչորինը տխուր է: Խղճում է հաշմանդամին: Բայց ոչ երկար, քանի որ շուտով հայտմաբերում է, որ սա գողացել է իր դաշույնը, դրամատուփը և այլն:

Իշխանուհի Մերի

Թե ինչ պատահեց Պեչորինի հետ Թամանից հեռանալուց հետո, իմանում ենք «Իշխանուհի Մերի» նովելից: Սա նույնպես Պեչորինի օրագրային նյութերից է:
Եվ այսպես, Պեչորինը Պյատիգորսկում է: Ծանոթների թվում են յունկեր Գրուշնիցկին, որը կովկասցիների դեմ պատժիչ արշավանքի ժամանակ վիրավորվել է ոտքից և ստացել շքանշան, և բժիշկ Վերները՝ սկեպտիցիզմի ջատագովը:
Պյատիգորսկը, ինչպես և Կիսլովոդսկը, հայտնի է իր բուժիչ ջրերով: Մայիսին այստեղ հասարակության մեծամասնությունը տղամարդիկ են: Իգական սեռի ամենահետաքրքիր ներկայացուցիչը համընդհանուր կարծիքով երիտասարդ իշխանուհի Մերին է՝ մոսկովյան հարուստ տիրուհու՝ իշխանուհի Լիգովսկայայի դուստրը:
Պուրակում, տեսնելով, որ վիրավոր Գրուշնիցկին չի կարողանում բարձրացնել ձեռքից վայր ընկած բաժակը, աղջիկը մոտենում է, բարձրացնում այն: Պեչորինը, որ նկատում է այս տեսարանը, խոստովանում է իրեն, որ նախանձում է Գրուշնիցկուն: Իրականում Մերին նրան այնքան էլ դուր չի գալիս: Պարզապես նա սովոր է, որ լավագույնը պիտի պատկանի իրեն: Որոշում է գրավել Մերիի սիրտը և խոցել գոռոզ Գրուշնիցկու ինքնասիրությունը:
Երկուսն էլ հաջողվում է անել: Պարահանդեսի ժամանակ վալս է պարում իշխանուհու հետ: Ընդմիջմանը Մերիին պարի է փորձում հրավիրել կիսահարբած և վուլգար մի կապիտան: Պեչորինը կարողանում է ազատել Մերիին այդ տհաճ տիպից և Մերիի մորից առաջարկ է ստանում այցելել իրենց:
Անսպասելիորեն Պյատիգորսկ է ժամանում իշխանուհու հեռավոր ազգականուհին, ի դեմս որի Պեչորինը ճանաչում է «իր Վերային»: Վերան դեռ շարունակում է սիրել իր անհավատարիմ սիրեկանին: Չնայած ծեր ամուսնու հսկողությանը, նրանք կարողանում են հանդիպումներ ունենալ: Մերին անզգուշություն է ունենում կիսվել Վերայի հետ և ասել, որ սիրահարված է Պեչորինին: Վերան իսկույն փոխանցում է դա իր սիրեկանին: Սա ձևացնում է, թե դա իրեն չի հետաքրքրում: Խանդոտ Վերան ամեն դեպքում ստիպում է Պեչորինին խոստանալ, որ չի ամուսնանա Մերիի հետ: Փոխարենը գիշերային հանդիպում է խոստանում իր սենյակում:
Պյատիգորսկ է գալիս նշանավոր մի մոգ, որի ներկայացումները դիտում է ողջ քաղաքը: Ներկայացման օրը Պեչորինը գնում է բոլորի հետ, իսկ հետո աննկատ անհետանում է: Գրուշնիցկին, որը խանդում է նրա նկատմամբ Մերիին, ընկերների հետ հետևում է Պեչորինին և տեսնում, թե ինչպես է սա թաքնվում Վերա Լիգովսկայայի տան այգում: Գրուշնիցկուն թվում է, որ Պեչորինը հանդիպում ունի Մերիի հետ: Այդուհանդերձ, լովելասին չի հաջողվում բռնել, նրա հետևից անգամ կրակում են:
Քաղաքում լուր է տարածվում, թե այգի էին թափանցել չերքեզները: Բայց սա «օֆիցիալ» վարկածն է: Սակայն տղամարդկանց հասարակությունը որոճում է Գրուշնիցկու տարածած լուրերը Պեչորինի և իշխանուհի Մերիի սիրային հանդիպումների մասին, որոնք չեն համապատասխանում իրականությանը: Պեչորինին մնում է միայն մեկ բան. մենամարտի կանչել Գրուշնիցկուն:
Գրուշնիցկին ընկերոջ խորհրդով որոշում է չլիցքավորել թշնամու ատրճանակը: Այդ դավադրության մասին պատահականորեն լսում է Վերները: Սակայն Պեչորինը տապալում է դավադիրների նախագիծը: Առաջինը կրակում է Գրուշնիցկին: Նա վրիպում է: Նախքան կրակելը Պեչորինը ստուգել է տալիս իր ատրճանակը, լիցքավորում է այն, առաջարկում է Գրուշնիցկուն հաշտվել, ստանում է մերժում, կրակում է և սպանում հակառակորդին:
Վերան ամուսնու պնդմամբ, որը գլխի է ընկնում կնոջ սիրավեպի մասին, պիտի լքի քաղաքը: Պեչորինը հիմա միայն հասկանում է, թե որքան թանկ է իրեն այդ կինը: Այդուհանդերձ, Վերան հեռանում է: Գրուշնիցկու մահը չի հաջողվում ներկայացնել որպես չերքեզների ավազակություն և ղեկավարությունը որոշում է հեռացնել Պեչորինին քաղաքից: Հեռանալուց առաջ Պեչորինը այցելում է Լիգովսկիներին: Իշխանուհին առաջարկում է նրան ամուսնանալ իր դստեր հետ: Պեչորինը, մնալով Մերիի հետ միայնակ և հիշելով Վերային տված խոստման մասին, ասում է խեղճ աղջկան, որ քարշ էր գալիս նրա ետևից սոսկ ձանձրույթը ցրելու համար:
Հերոսը մտածում է իր մասին, որ կործանում է ամեն բան: Ամեն կենդանի բան:

Ֆատալիստ 

Ակամա դահիճ է ներկայանում Պեչորինը վեպի վերջին նովելում: Խաղաթղթի սիրահար սպաները մի երեկո ծավալում են փիլիսոփայական վեճ-քննարկում: Ոմանք ճշմարիտ են համարում մուսուլմանական հավատը, ըստ որի մարդու ճակատագիրը գրված է երկնքում, իսկ մյուսները համարում են դա ցնդաբանություն:
Պորուչիկ Վուլիչը ազգությամբ սերբ է, իսկ մտածողությամբ ֆատալիստ է՝ ճակատագրապաշտ: Միստիկական փորձ է առաջարկում: Եթե նրա մահվան ժամը դեռ չի հասել, կարող է հանգիստ քունքին դնել ատրճանակը և կրակել: Բնականաբար այդպիսի հրաշքը տեսնելու համար ներկա պարոնները պիտի վճարեն: Ոչ ոք պատրաստ չէ վճարել: Բացի Պեչորինից: Սա ոչ միայն սեղանին է շուռ տալիս գրպանների պարունակությունը, այլև հայտարարում է Վուլիչին, որ սա հիմա կմեռնի:
Առաջին ռաունդը հաղթում է սերբը: Ատրճանակը իսկապես չի կրակում: Սերբը հավաքում է սեղանից Պեչորինի դրամը, իսկ սա ասում է, որ Վուլիչի դեմքին կա մոտալուտ մահվան նշան: Վուլիչը բարկացած հեռանում է: Նա իսկապես մահանում է, քանի որ տան ճանապարհին նրան իր սրով սպանում է մի հարբած կազակ: Բոլորը խոսում են այն մասին, որ եթե Պեչորինը չգրգռեր Վուլիչին, սա նստած կմնար մինչև առավոտ ընկերների հետ և թուղթ կխաղար: Կազակն էլ կսթափվեր մինչև լույս և չէր լինի ողբերգությունը:
Պեչորինի հետագա ճակատագրի մասին հայտնի է միայն, որ հերոսը մահանում է Պարսկաստանից վերադառնալու ճանապարհին: Մահվան պատճառն անհայտ է:   

Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Միխայիլ Լերմոնտով «Մեր ժամանակի հերոսը» համառոտ Միխայիլ Լերմոնտով «Մեր ժամանակի հերոսը» համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 3:21:00 Rating: 5
Технологии Blogger.