Ալեքսանդր Պուշկին | Եվգենի Օնեգին | համառոտ


Երիտասարդ ազնվական Եվգենի Օնեգինը Պետերբուրգից մեկնում է իր ազգականի մոտ գյուղ և նախապես տառապում է ձանձրույթից: Մանուկ ժամանակ նրա դաստիարակները եղել են ֆրանսիացիներ: Հրաշալի խոսում է ֆրանսերեն, պարում է, կարդում է լատիներեն, զրույցի մեջ գիտի ժամանակին լռել և ժամանակին արտասանել որևէ դիպուկ էպիգրամ: Հասարակության մեջ բարեհաճություն է վայելում:
Վարում է հասարակական վայելքներով լի կյանք: Լինում է թատրոնում, հրավերներ է ստանում պատվարժան մարդկանցից, լինում է պարահանդեսներում, սալոններում, ռեստորաններում: Տանը շատ ժամանակ է անցկացնում՝ հետևելով իր արտաքինին և այլն:
Հիմա նորից շտապում է հերթական պարահանդեսին: Հնչում է երաժշտություն, պարում են գեղեցիկ կանայք: Վերադառնալով պարահանդեսից՝ Օնեգինը մտածում է, որ վաղը լինելու է նույնը: Նա երջանիկ չէ: Ձանձրացել է ընկերներից, կանանցից, պարահանդեսներից… Ինչպես Բայրոնի Չայլդ Հարոլդը, նա հիասթափված ու լռակյաց է: Փակվելով տանը՝ շատ է կարդում, բայց անօգուտ: Գրքերը ևս չեն ցրում ձանձրույթը: Չցանկանալով զբաղվել սեփական գյուղի հարցերով՝ վարձույթով է տալիս իր կալվածքը: Հույս ունի ժառանգել իր ազգականի ունեցվածքը: Իսկապես, նրա ազգականը մահանում է՝ նրան թողնելով կալվածքը, գործարանները և անտառները: Տեղափոխվում է գյուղ: Բայց այստեղ էլ շուտով նրան հետապնդում է նույն ձանձրույթը:
Հարևան կալվածք Գերմանիայից վերադառնում է տասնութամյա Վլադիմիր Լենսկին՝ Կանտի և բանաստեղծների երկրպագուն: Նրա հոգին դեռ չի ցամաքել բարձր հասարակության կենցաղից: Նա հավատում է սիրո զգացմունքին, փառքին, կյանքի խորհրդավոր իմաստին: Չի ցանկանում ամուսնանալ, հավանաբար հավատում է իր առանձնակի կոչմանը:
Օնեգինը և Լենսկին մտերմանում են, չնայած որ Օնեգինը ժպիտով է լսում երիտասարդի պատանեկան ցնդաբանությունները: Մի օր Լենսկին պատմում է Օլգայի հանդեպ իր սիրո մասին: Օլգային բոլորովին նման չէ նրա քույրը՝ Տատյանան: Սա մտածկոտ է ու լուռ, սիրում է տրվել ընթերցանությանը: Նրա մայրը ժամանակին իր կամքին հակառակ ամուսնացել է ազնվական Լարինի հետ, որի հետ կյանքը հետագայում նրան դուր է եկել: Ընտանիքը ապրում է խաղաղ: Բայց ահա Լարինը մահանում է:
Լենսկու հետ Օնեգինը մի օր այցելում է Լարիններին: Ետդարձի ճանապարհին նա ասում է, որ Օլգան հասարակ աղջիկ է և որ Լենսկու փոխարեն կընտրեր Տատյանային: Այս այցելությունից հետո ասեկոսե է տարածվում, որ իբր Եվգենին պատրաստվում է ամուսնանալ Տատյանայի հետ: Ինքը Տատյանան մտածում է, որ սիրահարվել է Օնեգինին: Գիշերը անքնությունից տառապող աղջիկն անկեղծ նամակ է գրում Օնեգինին, որի մեջ չի թաքցնում իր զգացմունքը: Նամակը գրում է ֆրանսերեն և շեշտում է, որ Օնեգինը նրան ուղարկված է Աստծո կողմից:
Առավոտյան ուղարկում է նամակը Լենսկուն: Սկսվում է տանջալի սպասումը: Երեկոյան հյուր են գալիս նախ Լենսկին, ապա Օնեգինը: Տատյանան փախչում է այգի: Շուտով նրան է հետևում Օնեգինը: Բացատրում է, որ ստեղծված չէ ամուսնական կյանքի համար: Խորհուրդ է տալիս Տանյային չլինել այդքան անմիջական ու անկեղծ կյանքում: Աղջիկը չի կարող զսպել արցուքները:
Օնեգինը շարունակում է տրվել խաղաղ գյուղական կենցաղին: Ձմռան օրերին նստած է տանը: Նրան է այցելում Լենսկին: Փոխանցում է Տատյանայի հրավերը: Ինքը պատրաստվում է ամուսնանալ Օլգայի հետ: Արդեն եռում են հարսանեկան պատրաստությունները:
Տատյանան մի գիշեր տարօրինակ երազ է տեսնում: Նրան հետապնդում է մեծ արջը, որին սպանում է Օնեգինը: Հետո գալիս են Օլգան և Լենսկին: Լենսկու և Օնեգինի միջև վեճ է ծագում և Օնեգինը դանակով սպանում է Լենսկուն:
Նշանակված է պարահանդես: Օնեգինը Լենսկու պնդմամբ Լարինների տանն է: Տատյանան սրտի թրթիռով է դիմավորում նրան: Օնեգինին դա նյարդայնացնում է: Իր ներսում բարկանում է Լենսկու վրա, որը համոզեց իրեն գալ այստեղ: Սկսում է ջերմորեն զրուցել Օլգայի հետ, անվերջ պարի է հրավիրում նրան: Լենսկին ապշած է: Ուզում է հրավիրել իր հարսնացուին հաջորդ պարին, բայց սա արդեն խոստացել է Օնեգինին: Վիրավորված Լենսկին հեռանում է պարահանդեսից:
Առավոտյան Օնեգինը նամակ է ստանում Լենսկուց, որով վերջինս նրան կանչում է մենամարտի: Օնեգինը հանգիստ է, բայց դժգոհ է ինքն իրենից: Պետք չէր կատակել ընկերոջ զգացմունքի հետ:
Լենսկին այցելում է Լարիններին, որտեղ նրան ուրախ դիմավորում է Տատյանան: Ոչ ոք նշանակված մենամարտի մասին չի իմանում:
Մենամարտը անխուսափելի է: Հասարակական սովորույթները պահանջում են իրենց տուրքը: Օնեգինը կրակում է առաջինը: Լենսկին սպանված է:
Լենսկու մահից հետո Օլգան երկար չի սգում: Նա շուտով ամուսնանում է երիտասարդ զինվորականի հետ: Տատյանան մնում է մենակ: Զբոսնելով մի օր հասնում է Օնեգինի լքված կալվածքին: Մտնում է նրա կացարանը: Ուսումնասիրում է գրադարանը: Տան վերակացուն նրան թույլ է տալիս գրքեր վերցնել: Կարդալով Օնեգինի գրքերը և տեսնելով լուսանցքներում արված նշումները՝ սկսում է ճանաչել իր հերոսին: «Մի՞թե նա պարոդիա է»,- մտածում է:
Ձմռանը Լարինները մեկնում են Մոսկվա: Տատյանան ասես չի նկատում իր ընկերուհիներին: Ոչ ոքի հետ չի կիսվում: Մտքերով նա գյուղում է, նրա հետ: Իսկ իրեն՝ Տատյանային, բարձրաշխարհիկ հավաքներում ակնդետ հետևում է մի գեներալ…
Երկու տարի անց Պետերբուրգում բարձր հասարակություն է ներկայանում միայնակ և լուռ Օնեգինը: Նոր է վերադարձել ճամփորդությունից, որը չի ցրել ձանձրույթը: Բոլորի ուշադրությունն է գրավում գեներալի ուղեկցությամբ ներս մտած տիկինը: Օնեգինի կասկածները հաստատվում են: Տատյանան է: Ամուսինը՝ իշխանը, ներկայացնում է իր կնոջը Օնեգինին: Օնեգինը շփոթված է, Տատյանան հանգիստ է:
Հաջորդ օրը հրավեր ստանալով իշխանից՝ Օնեգինը անհամբեր սպասում է երեկոյին, որպեսզի այցելի նրանց: Հայտնվում են հյուրերը: Օնեգինի ուշքն ու միտքը Տատյանան է: Նա սիրահարված է անմատչելի և հպարտ այդ տիկնոջը: Սակայն Տատյանան չի նկատում նրան: Հուսահատ Օնեգինը նամակ է գրում, որտեղ ներում է խնդրում նախկին սառնության համար և աղաչում է փոխադարձ սեր: Ո´չ այդ, ո´չ էլ հաջորդ նամակներին Օնեգինը պատասխան չի ստանում:
Գարնանային մի օր Օնեգինը լքում է իր միայնությունը և գնում է Տատյանայի մոտ: Սա նամակ է կարդում և արտասվում է: Օնեգինն ընկնում է նրա ոտքերը: Տատյանան դիմում է նրան: Մի ժամանակ ինքը մերժել է փոքրիկ աղջկա սերը: Ինչո՞ւ է հետապնդում հիմա: Գուցե որովհետև այդ աղջիկն արդեն հարուստ և նշանավոր տիկին է և նրա նկատմամբ հաղթանակը պատիվ կբերի հերոսին: Տատյանան ամեն բան կտար՝ վերադարձնելու համար այն այգին, որտեղ նրանք առաջին անգամ հանդիպեցին: Նա շարունակում է սիրել Օնեգինին, սակայն ամուսնացել է՝ տեղի տալով մոր համոզումներին, և հիմա պատրաստ է հավետ հավատարիմ մնալ ամուսնուն: Եվգենին ապշած է: Հանկարծ ներս է մտնում Տատյանայի ամուսինը:
Պուշկինը վեպի վերջին տողում ասում է, որ հերոսի համար այս չար պահին լքում է նրան… հավետ:   

Ալեքսանդր Պուշկին | Եվգենի Օնեգին | համառոտ Ալեքսանդր Պուշկին | Եվգենի Օնեգին |  համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 23:03:00 Rating: 5
Технологии Blogger.