Ֆրենսիս Բեկոն | Նոր Օրգանոն | համառոտ



Ֆրենսիս Բեկոնը (1561 — 1626) Վերածնության շրջանի անգլիացի ամենանշանակալի մտածողն է:
1605 թ. հրատարակում է «Գիտությունների առաջխաղացման մասին» տրակտատը: Այնուհետև գրում է մի շարք աշխատություններ գիտական դիսցիպլինների դասակարգմանը, աստղագիտությանը և բնագիտությանը վերաբերող անտիկական գիտակարգերի մասին: Դրանցից կարևորագույնն է «Նոր օրգանոնը» (1620), որի վերնագիրը հղում է Արիստոտելի «Օրգանոնին»: Այստեղ Բեկոնը խստորեն քննադատում է սխոլաստիկական գիտությունը և առաջարկում է նոր մեթոդ, որը հիմնվում է բնության էմպիրիկ ուսումնասիրության վրա:
Զգայություններն ըստ Բեկոնի իմացության միակ աղբյուրն են: Գիտությունը բացառապես փորձնական է և ռացիոնալ սկզբունքները պիտի կիրառի զգայական տվյալների նկատմամբ: Ռացիոնալ մեթոդի հիմնական պայմաններն են՝ ինդուկցիան, դիտարկումը, էքսպերիմենտը և վերլուծությունը:
Անգլիական արձակի պատմության մեջ Բեկոնը կարևոր տեղ է գրավում իր «Փորձեր» (1597) աշխատության շնորհիվ: Ի տարբերություն փիլիսոփայի գիտա-փիլիսոփայական երկերի՝ այս տեքստը գրված է անգլերեն: «Փորձերը» հետագայում նմանակման ու ներշնչանքի աղյուր են դառնում շատ անգլիացի մտածողների համար: Գիրքը բաղկացած է ակնարկներից և դրվագներից, որոնցում Բեկոնը շարադրում է իր հայացքները, բարոյական և հասարակական ամենատարբեր հարցերի առնչությամբ: Հակիրճ և պարզ ձևերի մեջ նա խորհրդածում է ընկերության, ճշմարտության, վրեժի, ճանապարհորդության, անգամ այգեգործության մասին: Տեսքստը հագեցած է աֆորիզմներով: Գրքի վերնագիրը Բեկոնը փոխառում է ֆրանսիացի փիլիսոփա Միշել Մոնտենից, սակայն իր հայացքներով նա քիչ է հիշեցնում վերոհիշյալ հումանիստ գրողին:

Բեկոնը նաև հեղինակն է լատիներեն գրված «Նոր Ատլանտիս» վեպ-ուտոպիայի (1623), որում փառաբանում է գիտությունը և գիտական տեխնիկայի զարգացման հետ է կապում մարդկության ապագա երջանիկ կյանքը: Սակայն արտահայտված մտքերի խիզախությամբ ու բեկումնային նշանակությամբ այս գիրքը ակներևաբար զիջում է Թոմաս Մորի «Ուտոպիային»:  

Ֆրենսիս Բեկոն | Նոր Օրգանոն | համառոտ Ֆրենսիս Բեկոն | Նոր Օրգանոն | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on мая 30, 2015 Rating: 5
Технологии Blogger.