Ջորջ Բերկլի


Անգլիացի փիլիսոփա Ջորջ Բերկլիի (1685-1753) անվան հետ է կապված սուբյեկտիվ իդեալիստական ուղղության առաջացումը Նոր ժամանակի եվրոպական փիլիսոփայության մեջ

Իր փիլիսոփայական գաղափարները շարադրելիս՝ Բերկլին հիմնականում հենվում է անգլիական փիլիսոփայության էմպիրիկա-սենսուալիստական և նոմինալիստական ավանդույթների վրա: Եթե Լոկը իրերի որակները բաժանում էր երկու խմբի՝ առաջնային և երկրորդային, կարծելով, թե առաջնային հատկություններն ունեն օբյեկտիվ բնույթ, իսկ երկրորդայինը՝ սուբյեկտիվ, ապա Բերկլին, ավելի հետևողական է և իրերի բոլոր հատկությունները համարում է սուբյեկտիվ: Ճանաչողության պրոցեսում մարդը գործ է ունի ոչ թե իրերի, այլ իր զգայությունների, ներքին փորձի հետ: Հնարավոր չէ դուրս գալ սուբյեկտիվ փորձի շրջանակներից, հետևաբար, իրերի գոյությունը նույնական է զգայական եղանակով տրված գոյության հետ: Նախորդ փիլիսոփաների թերացոււմն այն էր, որ նրանք տարբերակում էին օբյեկտիվ և սուբյեկտիվ գոյությունը, ինչպես նաև համոզված էին, որ գիտակցությունը պատկերների միջոցով արտացոլում է իրերի հատկությունները: Մինչդեռ, ըստ Բերկլիի, գոյություն ունենալ, նշանակում է ընկալվել (Esse est percipi), այսինքն՝ ճանաչողության առարկան ոչ թե արտաքին իրերն են, այլ զգայարաններում տրված պատկերացումները և գաղափարները, ընդ որում, իրերը վերջիններիս խմբավորումներն են: Բերկլին ցույց է տալիս, որ իրերի առաջնային հատկությունները զգայական ընկալումների արդյունք են և կախված են ճանաչող սուբյեկտի ընկալումներից: Միևնույն իրը թվում է մեծ կամ փոքր, կախված այն բանից, թե ճանաչող սուբյեկտը ինչ հեռավորության վրա է գտնվում դրանից: Ըստ Բերկլիի սուբյեկտիվ գաղափարները իրերի պատկերներ համարելը ճիշտ չէ: Առաջնորդվելով «գոյություն ունենալ, նշանակում է ընկալվել» նշանաբանով, Բերկլին գիտակցության ֆենոմեններ է հայտարարում ինչպես երկրորդային, այնպես էլ առաջնային հատկությունները:
«Գոյություն ունենալ, նշանակում է ընկալվել» դրույթի հետևողական պաշտպանությունը հանգեցնում է այն մտքին, որ աշխարհը գոյություն ունի, որքանով ընկալվում է ճանաչող սուբյեկտի կողմից, այսինքն՝ աշխարհը սուբյեկտի մտակառուցումն է: Իսկ դա սոլիպսիզմ է, ըստ որի՝ աշխարհում գոյություն ունի միայն ընկալող սուբյեկտը: Սոլիպսիզմից խուսափելու և իրերի օբյեկտիվ գոյությունն արդարացնելու նպատակով՝ Բերկլին ստիպված է ընդունել, որ գոյություն ունի ոչ թե մեկ սուբյեկտ, այլ սուբյեկտների բազմություն, որոնց ընկալումը պայմանավորում է իրերի անընդհատ գոյությունը: Իսկ այն, որ միևնույն իրերի վերաբերյալ տարբեր սուբյեկտներն ունեն գրեթե միանման գաղափար, Բերկլին բացատրում է սուբյեկտիվ իդեալիզմից հարկադրված անցում կատարելով օբյեկտիվ իդեալիզմին: Մերժելով իրերի օբյեկտիվ գոյությունը՝ Բերկլին ընդունում է Աստծո, որպես բացարձակ սուբյեկտի, գոյությունը, կարծելով, որ հենց Աստված է մարդկանց բոլոր զգայությունների սկզբնապատճառը: Այն, որ միևնույն իրի վերաբերյալ մարդկանց պատկերացումները միանման են, ապացուցում է, որ դրանք կախված են բացարձակ սուբյեկտի բանականությունից, որը մշտապես մտածելով իրերը, ապահովում է դրանց չընդհատվող գոյությունը: Մարդկանց զգայությունների բովանդակության միանմանությունը նույնպես պայմանավորված է աստվածային ներգործությամբ: Աստված որոշակի կանոններով ներգործում է մարդկանց զգայարանների վրա, նրանց զգայություններում առաջացնում համանման զգայական գաղափարներ, որոնց միջոցով էլ մարդիկ ճանաչում են բնության օրենքները: Բերկլին ժխտում է պատճառականության մասին մատերիալիստական և մեխանիկական-բնագիտական պատկերացումը, որը տարածված էր Նոր ժամանակի բնագիտության և փիլիսոփայության մեջ: Պատճառ կարող է լինել միայն Միտքը կամ Ոգին:
Իր ժամանակի բնագիտական և մատերիալիստական տեսությունները քննադատելիս Բերկլին հենվում է նոմինալիստական բնույթի փաստարկների վրա: Այս կապակցությամբ նա քննադատում է նաև Լոկի վերացարկման տեսությունը, ըստ որի՝ ընդհանուր գաղափարների ձևավորման համար հիմք են հանդիսանում իրերի նման հատկությունները: Կոնցեպտուալիստական այս տեսությունը ենթադրում է, որ իրերի և դրանց գաղափարների միջև կան որոշակի նմանություններ, որ գաղափարներն արտացոլում են իրերի նման հատկությունները: Մերժելով կոնցեպտուալիզմը, Բերկլին հանդես է գալիս որպես հետևողական նոմինալիստ: Նրա կարծիքով՝ գոյություն ունեցողը միայն եզակի է. ընդհանուրը գոյություն չունի ո՛չ իրերի մեջ, ո՛չ էլ մտածողության մեջ: Մատերիա, տարածություն, ժամանակ, սուբստանցիա և այլն, որպես այդպիսիք, գոյություն չունեն, որովհետև դրանք զգայաբար չեն ընկալվում: Հնարավոր չէ պատկերացնել, գրում է Բերկլին, շարժում առանց շարժվող մարմնի, մարդ՝ առանց այս կամ այն անհատական հատկություններ ունեցող մարդու: Հնարավոր չէ, որ գոյություն ունենան վերացական ընդհանուր գաղափարներ: Ընդհանուր գաղափարները սոսկ անուն կամ նշաններ են: Հայտնի գաղափարը, ինքնին լինելով մասնավոր, դառնում է ընդհանուր, երբ դա ներկայացնում կամ փոխարինում է այդ նույն դասի մյուս բոլոր մասնավոր գաղափարները: Ընդհանուրի այդպիսի ըմբռնումը, Բերկլիի կարծիքով, հնարավորություն է տալիս խուսափել անորոշ, աղոտ և կասկածելի բովանդակություն ունեցող հասկացությունների գործածությունից: Եթե 17-րդ դարում այդպիսի նոմինալիստական դիրքորոշումը ուղղված էր սխոլաստիկական ռեալիզմի դեմ, ապա Բերկլիի նոմինալիզմն առաջին հերթին ուղղված էր իր ժամանակի բնագիտության և մատերիալիստական փիլիսոփայության դեմ:


Ջորջ Բերկլի Ջորջ Բերկլի Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on октября 28, 2016 Rating: 5
Технологии Blogger.