Դևիդ Հյում


Անգլիական էմպիրիկ սենսուալիստական իմացաբանությունն իր զարգացման բարձրակետին է հասցնում Դևվիդ Հյումը:
Ծնվել է 1711թ., Շոտլանդիայում, ազնվականի ընտանիքում, սովորել է Էդինբուրգի համալսարանում: Առաջին ծավալուն փիլիսոփայական աշխատությունը՝ «Տրակտատ մարդկային բնության մասին», լույս է տեսել ընդլայնված և համառոտ տարբերակով: Ավելի ուշ Հյումը հրատարակում է «Հետազոտություն մարդկային ըմբռնողության մասին», «Հետազոտության բարոյական սկզբունքների մասին», «Բնական կրոնի պատմություն» և «Անգլիայի պատմություն» աշխատությունները: Բարեկամական հարաբերությունների մեջ է եղել ֆրանսիական լուսավորիչների՝ Դիդրոյի, Դալամբերի, Ռուսոյի և այլոց հետ: Մահացել է 1776թ. Էդինբուրգում: Նրա փիլիսոփայական հայացքների ձևավորման վրա մեծ ազդեցություն են ունեցել ինչպես Լոկի, այնպես էլ ֆրանսիական լուսավորիչների ուսմունքները:

Հյումի փիլիսոփայության միջուկը իմացաբանությունն է: Նա հետևում է, Լոկի ճանաչողության տեսության իդեալիստական դրույթներին և հիմնվում է Բերկլիի սուբյեկտիվ իդեալիստական ուսմունքի վրա: Հյումն ավելի է խորացնում իր նախորդների սուբյեկտիվ իդեալիզմը՝ հանգելով սկեպտիցիզմի: Լոկի և Բերկլիի հետևողությամբ Հյումը կարծում է, որ իմացությունն ունի զգայական-փորձնական ծագում: Նա մերժում է բնածին գաղափարների գոյությունը, պնդելով, որ բանականության մեջ չկա մի բան, որ չունենա փորձնական ծագում: Սակայն, գիտելիքի աղբյուրի հարցում Հյումի տեսակետը տարբերվում է թե՛ Լոկի և թե՛ Բերկլիի ըմբռնումներից: Եթե Լոկը զգայական պատկերացումների աղբյուրը տեսնում էր արտաքին աշխարհում, իսկ Բերկլին՝ Աստծո մեջ, ապա Հյումը կարծում է, որ հնարավոր չէ ապացուցել, թե զգայական ընկալումներից անդին գոյություն ունի որևէ նյութական կամ աննյութական իրականություն: Ո՛չ զգայությունները, ո՛չ էլ բանականությունը ոչ մի հիմք չեն տալիս պնդելու, թե գոյություն ունի օբյեկտիվ իրականություն, որովհետև ճանաչողությունը գործ ունի միայն գիտակցության ֆենոմենների հետ: Հյումն անվանում է դրանք ընկալումներ: Դրանք բաժանվում են երկու խմբի՝ տպավորություններ և գաղափարներ: Տպավորություններն ի տարբերություն գաղափարների ունեն ավելի վառ, անմիջական բնույթ: Եթե Պլատոնը կարծում էր, որ զգայական ընկալումներն էյդոսների (գաղափարների) աղոտ ստվերներն են, ապա Հյումը գաղափարները դիտում է որպես զգայական տպավորությունների ստվերներ: Լոկի հետևողությամբ Հյումը տարբերակում է զգայությունների և հոգու ներքին գործունեության՝ ռեֆլեքսիայի տպավորությունները: Քանի որ իմացության բովանդակությունն ամբողջությամբ ստացվում է զգայական ընկալումներից, իմացության մեջ խիստ սահմանափակվում է բանականության դերը: Բանականությունը միայն կարող է դասակարգել ու կարգավորել զգայական տպավորությունները: Հյումը զգայական ընկալումները դասակարգում է երկու խմբի՝ պարզ և բարդ: Պարզ են այն ընկալումները, որոնք չեն բաժանվում մասերի և չեն բովանդակում տարբերություններ: Բարդ գաղափարների առաջացման մեխանիզմը բացատրելիս Հյումն օգտվում է ինչպես Բերկլիի նոմինալիզմից, այնպես էլ Լոկի մշակված զուգորդման տեսությունից: Հյումը տարբերակում է երեք կարգի զուգորդման գաղափար՝ ըստ նմանության, ըստ տարածաժամանակային սահմանակցության և ըստ պատճառականության: Զուգորդման հարաբերությունների և ընդհանուր գաղափարների կազմավորման հարցը Հյումը լծորդում է պատճառականության օրենքի էության պարզաբանմանը: Նա ոչ միայն ժխտում է պատճառականության օրենքի օբյեկտիվ բնույթը, այլև իր առջև խնդիր է դնում տեսականորեն հիմնավորել պատճառականության վերաբերյալ բնագիտական և փիլիսոփայական պատկերացումների սնանկությունը: Պատճառահետևանքային կապը Հյումը սահմանում է այսպես. «Պատճառը մի օբյեկտ է, որը նախորդում է որևէ այլ օբյեկտի, սահմանակից է դրան և դրա հետ կապված է այնպես, որ դրանցից մեկի գաղափարը մյուսի գաղափարի կազմավորման պատճառն է»: Այսինքն՝ պատճառականության տակ Հյումը հասկանում է տպավորությունների և գաղափարների միջև գոյություն ունեցող հարաբերությունը: Պատճառականությունը, ըստ Հյումի, հարաբերությունների հատուկ ձև է, որը բանականությունը կարող է կառուցել առանց հիմնվեու զգայական տպավորությունների վրա: Հյումի կարծիքով՝ պատճառականության գաղափարը ո՛չ փորձնական է, ո՛չ բնածին, ո՛չ էլ a priori: Հնարավոր չէ պնդել, որ պատճառը ծնում է հետևանք, քանի որ հետևանքը նման չէ պատճառին: Հյումն ընդունում է, որ պատճառականության մասին պատկերացումը ունի փորձնական ծագում: Պատճառի և հետևանքի կապը ծագում է սովորությունից: Այստեղ տեղի ունի հետևյալ տրամաբանական սխալը. post hoc, ergo propter hoc (սրանից հետո, հետևաբար, սրա պատճառով): Տվյալ սովորույթը վերածվում է սպասման կամ մշտական երևակայության, ըստ որի ապագայում նույնպես կլինի այնպես, ինչպես արդեն եղել է նախկինում: Երևակայությունն աստիճանաբար վերաճում է ավելի կայուն հոգեկան վիճակի՝ հավատի: Պատճառականության մասին Հյումի ուսմունքը կարևոր նշանակություն ունեցավ գերմանացի փիլիսոփա Իմմանուել Կանտի «քննադատական» փիլիսոփայության ձևավորման վրա


Դևիդ Հյում Դևիդ Հյում Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 0:53:00 Rating: 5
Технологии Blogger.