Պետրոս Դուրյան | Լճակ | համառոտ



Պետրոս Դուրյանի «Լճակի» գրության մասին Արշակ Չոպանյանը տալիս է հետևյալ վկայությունը. «Անգամ մը, արդեն ծանրապես հիվանդ, Չամլըճա կերթա վերջին պտույտ մը ընելու, ետ դարձած ատեն, կհանդիպի գինովի մը, որ անոր դեմքը և դանդաղկոտ քալվածքը տեսնելով, կըսե. «աս ալ երթալոց է»: Դուրյան այս խոսքին տպավորության տակ տուն դառնալուն պես կնստե ու կգրե իր զմայլելի Լճակը»:
Լճակի թեման ռոմանտիզմի հայտնագործությունների և նախասիրությունների թվում է: Բավական է հիշել Լամարթինին, Մյուսեին, Քոլրիջին, Վորդսվորդին, Սաութիին, Հայնեին և Միցկևիչին:
Լճակը կարող է խորհրդանշել այնկողմնայինը, իդեալականը, հարատևողը, անվերջը, հայելայինը, անմահը, կատարյալը:
Լճակի հայեցողությունը կենտրոնամետ է, քնարական Ես-ի առանձին աշխարհի օրենքների հետ որոշակիորեն կապված: Լճակի մեջ Դուրյանի քնարական հերոսը տեսնում է զրուցակցի հենց այն պատճառով, որ նմանը այստեղ գտնում է նմանին:
Լճակը բաղկացած է 11 տներից:

Ինչո՞ւ ապշած ես, լըճա՚կ,
Ու չեն խայտար քու ալյակք,
Միթե հայլվույդ մեջ անձկավ
Գեղուհի մը նայեցավ։

Եվ կամ միթե կըզմայլի՞ն
Ալյակքդ երկնի կապույտին,
Եվ այն ամպոց լուսափթիթ,
Որք նըմանին փրփուրքիդ։

Մելամաղձոտ լըճա՚կդ իմ,
Քեզ հետ ըլլա՛նք մըտերիմ,
Սիրեմ քեզի պես ես ալ
Գրավվիլ, լըռել ու խոկալ։

Որքան ունիս դու ալի
Ճակատս այնքան խոկ ունի,
Որքան ունիս դու փրփուր՝
Սիրտս այնքան խոց ունի բյուր։

Այլ եթե գոգդ ալ թափին
Բույլքն աստեղաց երկնքին,
Նըմանիլ չես կրնար դուն
Հոգվույս՝ որ է բոց անհո ւն։

Հոդ աստղերը չեն մեռնիր,
Ծաղիկներն հոդ չեն թոռմիր,
Ամպերը չեն թրջեր հոդ,
Երբ խաղաղ եք դու եւ օդ,

Լըճա՚կ, դու ես թագուհիս,
Զի թ՝հովե մալ խորշոմիս,
Դարձյալ խորքիդ մեջ խըռով
Զ՝իս կը պահես դողդղալով։

Շատերը զիս մերժեցին, 
«Քնար մ՝ունի սոսկ - ըսին».
Մին՝ «դողդոջ է, գույն չունի-
Մյուսն ալ ըսավ - կը մեռնի»։

Ոչ ոք ըսավ - հե՜գ տղա,
Արդյոք ինչո՞ւ կը մըխա,
Թերեւս ըլլա գեղանի,
Թե որ սիրեմ չը մեռնի»։

Ոչ ոք ըսավ - սա տըղին
Պատռե՚նք սիրտը տըրտմագին,
Նայինք ինչե՜ր գրված կան․․․
- Հոն հրդեհ կա, ոչ մատյան։

Հոն կա մոխի՜ր․․․ հիշատա՜կ․․․
Ալյակքդ հուզի՚ն թող, լըճա՚կ,
Զի քու խորքիդ մեջ անձկավ
Հուսահատ մը նայեցավ․․․


Առաջին տներում բանաստեղծը կամ քնարական Ես-ը հարցնում է Լճակին, թե ինչու է այն ապշած: Բանաստեղծը կասկած է հայտնում. իսկ չի՞ նայել արդյոք լճակի մեջ Գեղուհին: Նրա և լճակի միջև խորհրդավոր մտերմություն է հաստատվում, որի հիմքը մելամաղձն է՝ մելանխոլիան: Լճակը ծածկված է ալիքներով, իսկ բանաստեղծի ճակատը՝ կնճիռներով: Միաժամանակ այս մտերմությանը զուգահեռ ավելի ու ավելի նկատելիորեն սրվում է բանաստեղծի ոչ մտերիմ, այլ մինչև իսկ օտար հակադրությունը իրականության աշխարհի հետ: Ելնելով բանաստեղծության ընդհանուր տրամաբանությունից՝ կարելի է բնորոշել այս հակադրությունը որպես կյանքի և մահվան բախում: «Շատերը զիս մերժեցին, /«Քնար մ' ունի սոսկ» - ըսին / Մին՝ «դողդոջ է, գույն չ'ունի - / Մյուսն ալ ըսավ - «կը մեռնի՜»: Շատերը խորհրդանշում են իրականությունը, այն զանգվածայինը, որ հակադրվում է քնարական սուբյեկտի Ես-ին: Քնարական Ես-ը ունի սոսկ քնար, հենց այդ քնարն է: Բոլորի մեջ պակասողը քնարականությունն է, քնարական Ես-ին պակասողը սերն է: Սերը շատերի և բոլորի անդեմ աշխարհում չկա: Բանաստեղծի հոգում կա հրդեհ, բայց չկա մատյան: Հուրը, որով խոսում է բանաստեղծի հոգին և նրա քնարականությունը, ընթեռնելի չեն «Շատերի» համար:     

Տես նաև  Տրտունջք

Պետրոս Դուրյան | Լճակ | համառոտ Պետրոս Դուրյան | Լճակ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 6:22:00 Rating: 5
Технологии Blogger.