Դանտե | Աստվածային կատակերգություն | համառոտ



Դանտեի Ալիգիերիի գլխավոր երկը, որը համաշխարհային հռչակ է բերում բանաստեղծին, «Աստվածային կատակերգությունն» է: Պոեմը ոչ միայն Դանտեի գաղափարա-քաղաքական և գեղարվեստական մտքի զարգացման արդյունքն է, այլև ողջ միջնադարյան մշակույթի գեղարվեստական սինթեզը: Հենց որպես «Աստվածային կատակերգության» հեղինակ Դանտեն միաժամանակ Միջնադարի և Վերածնության գրող է:
Դանտեն կոչել է իր պոեմը «Կատակերգություն»՝ կիրառելով այդ բառը միջնադարյան իմաստով: Միջնադարում այդպես էր կոչվում ցանկացած երկ, որն ունի տխուր սկիզբ և բարեհաջող ավարտ: Ինչ վերաբերում է «Աստվածային» մակդրին, ապա այն XVI դարի հավելում է: Պոեմի կոմպոզիցիան շատ հստակ է: Այն բաժանվում է երեք մեծ մասերի, որոնք պատկերում են անդրշիրիմյան կյանքի երեք աշխարհները՝ դժոխքը, քավարանը և դրախտը: Յուրաքանչյուր մաս բաղկացած է 33 երգից, ընդ որում առաջին մասին ավելանում է ևս մեկ երգ, որն ունի ներածության բնույթ: Այսպիսով, երգերի ընդհանուր քանակը հասնում է հարյուրի: Պոեմը չափածո է և գրված է տերցիններով:
3 թվի և նրանից բաղադրվող 9 թվի նշանակությունը միստիկական է: Արդեն «Նոր կյանք» շարքում 9 թիվը խորհրդավոր կերպով բանաստեղծի կյանքի բոլոր էական իրադարձությունների ուղեկիցն է: «Աստվածային կատակերգության» մեջ 3 և 9 թվերի վրա է հիմնված հանդերձյալ աշխարհի ողջ կառուցվածքաբանությունը: Կարելի է ավելացնել նաև, որ յուրաքանչյուր մաս ավարտվում է միևնույն բառով՝ <աստղեր>, որ Քրիստոսի անունը հանգավորվում է միայն ինքն իր հետ և չի հիշատակվում դժոխքը ներկայացնող մասում:
Ողջ ինքնատիպությամբ հանդերձ Դանտեի պոեմն ունի բազմաթիվ միջնադարյան աղբյուրներ: Պոեմի ֆաբուլան վերարտադրում է միջնադարյան կրոնական գրականության մեջ տարածված «տեսիլների» ժանրը, այսինքն՝ բանաստեղծական պատումներն այն մասին, թե ինչպես է մարդուն հաջողվում տեսնել հանդերձյալ աշխարհի գաղտնիքները: Պոեմն ունի նաև անտիկական աղբյուրներ, մասնավորապես՝ Վերգիլիուսի «Էնեականը»: Պատահական չէ, որ դժոխք և քավարան իջնելու համար Դանտեն որպես ուղևար է վերցնում հենց Վերգիլիուսին: Վերգիլիուսը ստանձնում է հրեշտակի դեր: Հռոմեացի բանաստեղծի նշանակության այդպիսի ընդգծումը բացատրվում է նրանով, որ միջնադարում Վերգիլիուսին (չորրորդ էկլոգի մի հատվածի զուտ բիբլիական մեկնաբանության արդյուքում) համարում էին քրիստոնեության ավետաբերներից մեկը: Դանտեի «տեսիլը» նպատակ ունի ոչ թե հեռացնել մարդուն երկրային գոյության ունայնությունից, ինչպես միջնադարյան «տեսիլների» դեպքում է, այլ արտացոլել երկրային կյանքի մեղսավոր կողմերը՝ մտքերով դեպի հանդերձյալ կյանքը շրջվելու համար:
Պատկերելով դժոխքը՝ Դանտեն ներկայացնում է ամենատարբեր կրքերով առնված կենդանի մարդկանց մի ողջ պատկերասրահ: Թերևս բանաստեղծն առաջինն է արևմտյան գրականության մեջ պոեզիայի առարկա դարձնում մարդկային կրքերի պատկերումը և այդ բանն անելու համար իջնում է անդրաշխարհ: Դանտեն կերպավորում է իր մեղսավորներին: Նա հաճախ գործ ունի իտալական իրականությունից վերցրած նյութի հետ: Դժոխքում եռում են քաղաքական կրքեր: Դժոխաբնակները զրուցում են Դանտեի հետ, վիճում: Հիբելին Ֆարինատա դելյի Ումբերտոն նախկինի պես ատելությամբ է լցված գվելֆների նկատմամբ: Դանտեն ևս չի թաքցնում այստեղ իր քաղաքական կողմնորոշումը: Հանդերձյալ կյանքում մեղքերի դիմաց հատուցելու գաղափարը ստանում է քաղաքական երանգ: Ահա ինչու դժոխքում են Դանտեի շատ թշնամիներ:
Իր ընդհանուր մտահղացումով ֆանտաստիկ այս պոեմը ամբողջովին կառուցված է ռեալ կյանքի բեկորներից: Որքան ավելի անսովոր են նկարագրվող տեսարանները, այնքան ավելի ակնառու է բանաստեղծը փորձում ներկայացնել դրանք ընթերցողին: Դանտեն օժտված է պլաստիկական նրբանկատությամբ, որը թույլ է տալիս գրեթե քանդակային ճշտություն հաղորդել պատկերին: Այսպես, Ֆարինատան, հպարտ կանգնած է իր գերեզմանի մեջ, տրուբադուր Բերտրան դը Բորնը ձեռքի մեջ բարձր պահում է սեփական գլուխը, իսկ տրուբադուր Սորդելլոն նստած է հպարտ, «ասես հանգստացող առյուծը»: Բանաստեղծ Բրունետտո Լատինին ունի դժոխքի կրակներով չորացած դեմքՖորեզեն սովից կմախքի է վերածվել: Հատկապես տպավորիչ է այդ իմաստով Ուգոլինոյի դրվագը: Սա գտնվում է Դժոխքի  իններորդ պարունակում, այնտեղ, ուր իրենց պատիժն են կրում դավաճանները: Ուգոլինոն կրծում է իր թշնամու՝ Ռուջերիի կոկորդը, որը անարդարացիորեն դավաճանության մեջ էր մեղադրել Ուգոլինոյին, որդիների հետ փակել աշտարակում և սովի մատնել:
Ուգոլինոյի պատմությունը, այն, թե ինչպես է նա ականատես եղել սեփական որդիների սովամահությանը, իսկ այնուհետև հոշոտել նրանց մարնինները, «Աստվածային կատակերգության» ամենաազդեցիկ հատվածներից է:
Նշված առանձնահատկությունները կապում են պոեմը Վերածնության արվեստի հետ, որի հետքրքրության կենտրոնում է մարդու երկրային կյանքը: Սակայն Դանտեն չի կարող համարվել Վերածնության բանաստեղծ, քանի որ նրա մոտ դեռ մեծ չափով առկա է միջնադարյան մտածողության գիծը: Ողջ պոեմը գրված է այլաբանական լեզվով: Այսպես, օրինակ պոեմի առաջին երգը հաղորդում է, որ Դանտեն կյանքի կեսին հայտնվում է մութ անտառում և կարող է հոշոտվել երեք գազանների՝ առյուծի, գայլի և հովազի կողմից: Անտառից նրան դուրս է բերում Վերգիլիուսը, որին ուղարկել է Բեատրիչեն: Պոեմի ողջ առաջին մասը այլաբանություն է: Մութ անտառը մարդու երկրային գոյությունն է: Երեք գազանները այն արատներն են, որոնք կործանում են մարդուն՝ գոռոզությունը, ընչաքաղցությունը և վավաշոտությունը: Վերգիլիուսը երկրային իմաստությունն է, իսկ Բեատրիչեն՝ երկնային իմաստությունը: Նմանատիպ այլաբանություններով են լեցուն նաև քավարանը և դրախտը: Քավարանում են այն մեղսագործները, որոնք դատապարտված չեն հավերժական տառապանքի և կարող են մաքրվել: Մաքրման պրոցեսը խորհրդանշվում է յոթ P տառերով (peccatum — մեղք), որոնք գրվում են բանաստեղծի ճակատին հրեշտակի ձեռքով և նշում են յոթ մահացու մեղքերը: Քավարանի յոթ բոլորակներից յուրանչյուրն անցնելուց հետո մեկական տառ ջնջվում է: Երբ անցնելով քավարանը Դանտեն հասնում է Դրախտին, Վերգիլիուսը լքում է նրան, քանի որ հետագա ընթացքը հասու չէ հեթանոսին:
Վերգիլիուսին փոխարինում է Բեատրիչեն: Երկրային իմաստնությանը ավելանում է երկնային իմաստնությունը: Առաջնորդվելով իր սիրով՝ Դանտեն հետևում է Բեատրիչեին: Նրա սերը ազատվում է ամեն երկրայինից և մեղսավորից: Սերը դառնում է առաքինի ու կրոնական և նրա վերջնանպատակն է Աստծո տեսանումը, որը հենց սեր է:

Տես նաև Ֆրանչեսկո Պետրարկա Երգերի գիրք, Ջովանի Բոկաչչո Դեկամերոն և Լոդովիկո Արիոստո Մոլեգին Ռոլանդը

Դանտե | Աստվածային կատակերգություն | համառոտ Դանտե | Աստվածային կատակերգություն | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 4:12:00 Rating: 5
Технологии Blogger.