Պուբլիոս Վերգիլիոս Մարո | Էնեական | համառոտ





Պոեմը բաղկացած է 12 երգերից: Սյուժեն պատմում է հունահռոմեական հերոս, տրոյացի Էնեասի մասին, որը համարվում է հռոմեացիների նախահայրը: «Էնեականը» ժանրակոմպոզիցիոն և սյուժետային մի շարք գծերով մոտ է Հոմերոսի պոեմներին: Պոեմի առաջին 6 երգերը հիշեցնում են «Ոդիսականը», իսկ մյուս վեցը` «Իլիականը»: Տրոյայի կործանումից հետո 7 տարի Ափրոդիտեի և Անքիսի որդի Էնեասը թափառում է օտար ծովերում: Յունոնային զայրացրել են Տրոյան լքած մարդիկ, և նա անվերջ ալեկոծում է ծովը:
Էնեասը նախ ափ է ելնում Կարթագենում: Էոլոսի ուղարկած կործանարար ալիքներից նրան փրկում է ծովի աստված Նեպտունը: Ափ են դուրս գալիս նրա վերջին 7 նավերը: Նա իրեն սիրալիր հյուրընկալություն կազմակերպած Կարթագենի թագուհի Դիդոնեին պատմում է Տրոյայի  կործանման և իր թափառումների մասին: Էնեասի և Դիդոնեի միջև ծագում է ուժեղ սեր, սակայն աստվածները այլ վճիռ ունեն Էնեասի ճակատագրի վերաբերյալ: Այդ ճակատագրին հետևում է Յուպիտերը: Աստվածները ստիպում են Էնեասին դուրս գալ ծով և ուղևորվել Իտալիա: Դիդոնեն աղաչում է նրան չհեռանալ: Կանխասում է Հռոմի և Կարթագենի, այսինքն՝ իր և իր սիրեցյալի հետնորդների միջև ապագայում անխուսափելի մեծ պատերազմը: Լքված Դիդոնեն իրեն նետում է խարույկը: Անցնելով Սիկիլիան, որտեղ իր հոր հիշատակին զոհեր է մատուցում և խաղեր կազմակերպում՝ Էնեասը Սիբիլլեի օգնությամբ իջնում է անդրաշխարհ (ճիշտ այնպես, ինչպես դա ժամանակին արել էր Ոդիսևսը), հանդիպում է հոր ստվերի հետ, ապա ստանալով հոր օրհնությունը, վերադառնում է այսրաշխարհ և ուղևորվում է  Իտալիա:
Այստեղ հասնում են նրա նավերից միայն երեքը: Լատիումի թագավոր Լատինը մեծ սիրալիրությամբ ընդունում է հերոսին և խոստանում է նրան կնության տալ իր դստերը` Լավինիային: Սակայն Լավինիայի փեսացուն` Տուրնուսը, պատերազմ է հայտարարում Էնեասին: Սկսվում են ռազմական գործողություններ: Մինչև Էնեասը կհավաքի օգնական ուժեր, Տուրնուսը հասցնում է նեղը գցել տրոյացիներին:
Ի վերջո, մենամարտում Էնեասը հաղթում է Տուրնուսին: Մի պահ հերոսը ուզում է խնայել թշնամու կյանքը, սակայն տեսնելով Տուրնուսի վրա իր սպանված ընկերոջ՝ Պալլասի թևկապը, թրով հարվածում է ախոյանի սրտին: Տուրնուսի մահով պոեմի սյուժեն ավարտվում է: Էնեասը ամուսնանում է Լավինիայի հետ:
 

Տես նաև Էսքիլոս Օրեստեա, Սոփոկլես Էդիպուս արքա և Եվրիպիդես Մեդեա
Պուբլիոս Վերգիլիոս Մարո | Էնեական | համառոտ Պուբլիոս Վերգիլիոս Մարո | Էնեական | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 22:17:00 Rating: 5
Технологии Blogger.