Իվան Տուրգենև «Հայրեր և որդիներ» համառոտ

Իվան Տուրգենև
Հայրեր և որդիներ
(համառոտ)

1862

1859 թ. մայիսին Նիկոլայ Պետրովիչ Կիրսանովը՝ քառասունամյա կալվածատերը, իջևանատան բակում սպասում է որդուն Արկադիին, որն ավարտել է համալսարանը և վերադառնում է տուն: Նիկոլայ Պետրովիչը գեներալի որդի է, սակայն նրա զիվորական կարիերան չի կայացել. երիտասարդ ժամանակ կոտրել է ոտքը և կաղ է մնացել: Կինը 1947 թ. մահացել է: Վերջին տարիներին փորձում է վերափոխություններ իրագործել իր կալվածքում:
Արկադին գալիս է ընկերոջ հետ: Սա երիտասարդ բժիշկ է՝ տգեղ, ինքնավստահ: Ներկայանում է Եվգենի Վասիլիևիչ Բազարով: Հոր և որդու զրույցները սկզբում չեն ստացվում: Նիկոլայ Պետրովիչին անհանգստացնում է Ֆենեչկան, որի հետ ապրում է և որից արդեն երեխա ունի: Արկադին փորձում է շտկել անհարթությունը: Տանը նրանց է սպասում պավել Պետրովիչը՝ Արկադիի հորեղբայրը: Այս վերջինիս և Բազարովի միջև իսկույն ծագում է հակակրանք: Իսկ ահա կալվածքի տղաներն ու մուժիկները շատ արագ համակրանքով են լցվում Բազարովի նկատմամբ, թեպետ նա չի ձգտում շահել այդպիսի վերաբերմունք:
Հաջորդ օրը Պավել Պետրովիչի և Բազարովի միջև ծագում է վեճ: Բազարովը չի ուզում վիճել, սակայն պատասխանում է ավագ Կիրսանովի մի քանի հարցերին: Մարդիկ այս կամ այն նպատակին են ձգտում, որովհետև ունեն զգայություններ կամ ուզում են օգուտ ստանալ: Քիմիան ավելի օգտակար է արվեստից, իսկ գիտության մեջ կարևոր է արդյունքը: Առանձին անհատի հոգեբանությունը ուսումնասիրել չարժե. մեկը բավական է բոլորի մասին դատողություն անելու համար: Իր մասին բարձր կարծիքի է, իսկ իր սերնդի գործը տեսնում է «տեղը մաքրելու» մեջ: Պավել Պետրովիչին Բազարովի և Արկադիի դավանած «նիհիլիզմը» թվում է դատարկ ու անհիմն:
Արկադին Բազարովին պատմում է, որ Պավել Պետրովիչը նախկինում եղել է փայլուն սպա և որ նրա սրտում տխուր հետք է թողել սերը ոմն կոմսուհու նկատմամբ: Նիկոլայ Պետրովիչը եղբոր պես համաձայն չէ Բազարովի հետ, սակայն նա ավելացնում է, որ ինքը և եղբայրը հետ են մնացել կյանքից:
Արկադին և Բազարովը լինում են քաղաքում, որտեղ նախ այցելում են երիտասարդ «առաջադեմներ» Սիտնիկովի և այրի Կուկշինային: Սրանք իրենց առաջադեմության մեջ ավելի մեծ «նիհիլիստներ» են, քան Բազարովը: Արկադին ծանոթացնում է Բազարովին երիտասարդ ու գեղեցիկ այրի Օդինցովայի հետ, որն իսկույն հետաքրքրում է Բազարովին: Արկադիին թվում է, թե ինքը սիրահարված է Օդինցովային: Իսկ Բազարովի և Օդինցովայի միջև իսկական զգացմունք է ծագում:
Օդինցովայի տանը հյուրերը ծանոթանում են նրա քրոջ՝ Կատյայի հետ:
Բազարովը իրեն լավ չի զգում: Նա արհամարհում է ամեն տեսակ ռոմանտիզմը, իսկ հիմա հայտնաբերում է ռոմանտիկական անհատին իր ներսում: Նա բացատրվում է Աննա Սերգեևնա Օդինցովայի հետ: Չցանկանալով դառնալ իր կրքի գերին՝ Բազարովը մեկնում է հոր մոտ՝ նախկին զիվորական բժիշկի: Սակայն այստեղ էլ ձանձրանում է և մի քանի օրից վերադառնում է Կիրսանովների մոտ: Շոգից ու ձանձրույթից ուշադրություն է դարձնում երիտասարդ Ֆենեչկային և համբուրում է նրան, ինչի ակամա ականատեսն է դառնում Պավել Պետրովիչը: Մենամարտի է հրավիրում Բազարովին: Թեպետ տեսականորեն մենամարտը «անհեթեթություն է», Բազարովը համաձայնում է մենամարտել: Բազարովը թեթև վիրավորում է Պավել Պետրովիչին և ինքն էլ ցուցաբերում է առաջին օգնությունը:
Մենամարտից հետո Պավել Պետրովիչը սկսում է համոզել եղբորը ամուսնանալ Ֆենեչկայի հետ:
Այդ ընթացքում Արկադիի և Կատյայի հարաբերությունները խորանում են: Նա նկատում է, որ Բազարովը օտար է իրենց: «Նա գիշատիչ է, իսկ մենք՝ ձեռնասուն»:
Օդինցովայի փոխադարձությունը շահելու հույսը կորցրած Բազարովը թողնում է բոլորին: Արկադիին ասում է, որ սա «շատ փափուկ է»: Բազարովը հեռանում է ծնողների մոտ: Ընդհատում է գիտական պարապմունքները: Ձանձրանում է: Փորձում է խոսել մուժիկների հետ: Բայց սրանք «դատարկ են»:
Տիֆով հիվանդի դիակը հերձելիս վնասում է մատը և վարակում է արյունը: Մի քանի օր հետո հայտնում է հորը, որ իր օրերը հաշված են: Մահից առաջ խնդրում է Օդինցովային այցելել իրեն: Ցավով ասում է, որ նախկին հսկան չկա և որ իրեն մնում է միայն պատշաճ ձևով մեռնել: Ինքը պետք չէ Ռուսաստանին… Կոշկակարը և մսագործը պետք են…
Երբ նրան հաղորդություն են տալիս, նրա դեմքի վրա սարսափ է երևում:
Վեց ամիս անց գյուղի եկեղեցում ամուսնանում են Արկադի Նիկոլաևիչը Կատյայի և Նիկոլայ Պետրովիչը Ֆենեչկայի հետ: Բոլորին, սակայն, թվում է, թե նրանք կատակերգություն են բեմադրել:
Տարիներ հետո Արկադին դառնում է լավ կալվածատեր և իրենց կալվածքը սկսում է ծաղկել: Պավել Պետրովիչը ապրում է Դրեզդենում և չնայած շարունակում է պահել իրեն, ինչպես ջենթլմեն, նրա կյանքը ծանր է:

Բազարովի գերեզմանն այցելում են նրա ծեր ծնողները և աղոթում են նրա հոգու հանգստության համար: Ծաղիկները, որ դնում են հողաթմբի վրա «խոսում են ոչ միայն անտարբեր բնության, այլև հաշտության և անվերջության մասին»:  
Իվան Տուրգենև «Հայրեր և որդիներ» համառոտ Իվան Տուրգենև «Հայրեր և որդիներ» համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 22:40:00 Rating: 5
Технологии Blogger.