
Դանիացի փիլիսոփա Սյորեն Կիերկեգորի (1813-1855) աշխատություններից կարելի է առանձնացնել հետևյալները.
«Հեգնանքի հասկացություն» (1841), «Կամ-Կամ», «Ահ ու դող» (1843), «Փիլիսոփայական մանրուքներ»
(1844), «Օրագիր» (1833-1855):
Կիերկեգորի փիլիսոփայական հայացքները համառոտ կարելի է ձևակերպել
այսպես: Հոգևոր առումով մարդու բնորոշ հատկությունն է լինել միակը իր սեռի մեջ: Կենդանական
աշխարհում գերակշռում է սեռային սկզբունքը, ահա ինչու այնտեղ իշխում է անհրաժեշտությունը,
որի օրենքները ուսումնասիրում է գիտությունը: Կայացողի, պատմականի և իրադարձության
ոլորտում էկզիստենցիան ավելի շատ հիշեցնում է ազատության թագավորությունը: Մարդն ընտրում
է իր գոյությունը, հետևաբար նրա իրականությունը ոչ այնքան անհրաժեշտություն, որքան
հնարավորություն է: Ամեն բան հավասարապես հնարավոր է, ամեն բան իրապես հասանելի է:
Բայց այստեղ կա նաև հակառակ երեսը. չկա մի բան, որին կարելի է հավակնել բացարձակ իմաստով:
Էկզիստենցիան ազատություն և հնարավորություն է, նաև չընտրելու
հնարավորություն: Ահա ինչու իրականությունը տրված է որպես հնարավորություն և վախ: Կարող
է պատահել ավելի սարսափելի որևէ բան: Հնարավորությունը հղում է ապագային: Ապագան և
վախը կապված են իրար, հետևաբար հասկանալի է, թե ինչու է Կիերկեգորը համարում իրեն կրոնական
գրող: Վախը անտրոհելի է մարդկային կյանքից: Մեղքի մեջ թաղվածը վախենում է հնարավոր
պատժից: Ոչ մի ինկվիզիտոր չի կարող հորինել այնպիսի տառապանք, որպիսին է վախը: Ոչ մի
ժամանակ և ոչ մի վայր չի տրամադրում թաքստոց, որում կարելի է խլացնել վախը: Վախը ծնում
է ինքնասպանության գայթակղությունը: Բայց դա նշանակում է հեռանալ, առանց որևէ բան սովորելու:
Իրականում հարկ է հասկանալ, որ Աստված է անհանգստությամբ հալածում մարդուն, քանզի «ուզում
է սիրված լինել»:
Եթե վախը բնորոշում է մարդու հարաբերությունը աշխարհի հետ,
ապա հարաբերությունը ինքդ քեզ հետ ծնում է ինքդ քեզ չհասկանալու հուսահատություն: Հուսահատությունը
ինքն իրեն չհասկացող մարդու մեղավորությունն է: Ատելով էկզիստենցիան, բայց սիրելով
ինքն իրեն՝ մարդը հաճախ փորձում է դառնալ արարիչ, կամ լուծվել հաճույքների մեջ: Երկուսում
էլ, սակայն, նա չի կարող փրկություն գտնել: Անգամ մահը չի կարող իր ուժով հավասարվել
հուսահատության հետ: Հուսահատը հիվանդ է մահով:
Եթե ճշմարտությունն Աստծուց է, ապա չի՞ նշանակում դա արդյոք,
որ քրիստոնյան պիտի այս աշխարհի հետ լուրջ բախման մեջ լինի: Հուսահատության և տրտմության
ծայրահեղ աստիճանն այդ դեպքում կնշանակի, որ նա հասունացել է հավիտենության համար:
Աստված լսում է հենց այդ հուսահատության ձայնը: Դա նրա լսողության համար լսելի «ճշմարիտ
տոնայնությունն է»:
Տես նաև Գայթակղողի օրագիրը
Սյորեն Կիերկեգոր
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июля 02, 2015
Rating:
