Ալեքսանդր Դյումա | Կոմսուհի դը Մոնսորո | համառոտ



16-րդ դարի Ֆրանսիան։ Գահին նստած է Հենրիկ Երրորդ Վալուան։ Թագավորը թուլակամ, քմահաճ ու կրոնական մարդ է, զուրկ է պետական գործերի նկատմամբ որևէ հետաքրքրությունից, չի վայելում ժողովրդականություն։ Իրեն շրջապատել է իր ֆավորիտներով: Հատկապես մտերիմ է մինյոնների հնգյակի հետ: Նրանց գլխավորում է կոմս Քելյուսը։ Մինյոնների հետ մրցակցում են անժուացի 4 ազնվականներ Անժուի դքսի շքախմբից, որոնց գլխավորում է կոմս դը Բյուսին: Սա հայտնի է սկանդալային պատմություններով, բանաստեղծություններով և սիրային արկածներով։ Թագավորի ծաղրածու Շիկոն խորաթափանց և հեռատես խորհրդական է, նաև հրաշալի սուսերամարտիկ: Մեծ ազդեցություն ունի Հենրիկի վրա և մշտապես ինտրիգներ է հյուսում ի շահ թագավորի։ Հենրիկը ատում և վախենում է դը Բյուսիից: Սակայն Շիկոն համակրում է կոմսին և փորձում է համոզել թագավորին, իրենց կողմը գրավել Բյուսիին։
Անժուի դուքսը անժառանգ Հենրիկից հետո պետք է ժառանգի գահը: Նա ձգտում է արագացնել իրադարձությունները։ Շիկոն պարզում է, որ դը Գիզերի կուսակցությունը, որը ղեկավարում է Կաթոլիկական Լիգան և մեծ ժողովրդականություն է վայելում կաթոլիկ փարիզցիների շրջանում, մտադիր է գրավել գահը։ Գիզերը որոշում են օգտվել Անժուի դքսի օգնությունից։ Հանուն դրա կազմակերպում են նրա օծումը և հավատացնում են դուքսին, որ պատրաստվում են գահը նրան հանձնել: Դուքսի ամենամտերիմ մարդկանցից մեկը՝ կոմս դը Մոնսորոն, ակտիվորեն մասնակցում է Անժուացու և Գիզերի գաղտնի գործերին, ինչի համար արքայազնը նրան դարձնում է գլխավոր որսապետ։
Բյուսին պատահաբար ծանոթանում է մի գեղեցիկ տիկնոջ հետ, որը, պարզվում է, Դիանա դը Մոնսորոն է, նախկինում՝ դը Մերիդոր։ Նրանք իսկույն սիրահարվում են։ Դիանան պատմում է Բյուսիին, որ առևանգվել է Անժուի դքսի կողմից, որը հմայվել է Դիանայով և ուզում էր սիրուհի դարձնել։ Կոմս դը Մոնսորոն, ով նույնպես սիրահարված է Դիանային, կազմակերպում է նրա փախուստը։ Դիանան ատում է նրան, սակայն պատվազրկությունը ավելի անտանելի է, հետևաբար Դիանան ընդունում է կոմսի օգնությունը։ Մոնսորոն օրիորդին տանում է Փարիզ, որտեղ տեղավորում է մի փոքրիկ տան մեջ և որոշ ժամանակ անց, վախեցնելով արքայազնի հնարավոր հետապնդումներով, համոզում է ամուսնանալ իր հետ։ Բյուսին ցանկանում է օգնել Դիանային ազատվել ատելի ամուսնությունից։ Նա Փարիզ է բերում բարոն դը Մերիդորին, ում Մոնսորոն մոլորության մեջ էր գցել՝ ասելով, որ Դիանան մահացել է։ Քանի որ ամուսնությունն արդեն օրինականացվել էր, միայն թագավորը կարող էր ապահարզան տալ։ Բյուսին դիմում է իր տիրոջը՝ Անժուի դքսին՝ լիովին տեղյակ չլինելով կոմս դը Մոնսորոյի և արքայազնի միջև Դիանայի առևանգման և Գիզերի պայմանավորվածության ինտրիգների մանրամասներին։ Արքայազնն իսկույն դավաճանում է Բյուսիին, երբ Մոնսորոն ակնարկում է իրենց կապող կեղտոտ գործերի մասին: Ամուսնությունը անվավեր ճանաչելու գործը սկսելու փոխարեն, թույլ է տալիս Մոնսորոյին իր կնոջը ներկայացնել թագավորին, ինչը վերջնականապես կօրինականացնի ամուսնությունը։ Դրանից հետո Մոնսորոն խանդից ուղարկում է կնոջը Մերիդոր՝ հոր մոտ։
Գիզերի հեղաշրջման առաջին փորձը ձախողվում է շնորհիվ Շիկոյի ջանքերի: Թագավորը Կաթոլիկական Լիգայի ղեկավարությունը վերցնում է իր ձեռքը, իսկ Անժուի դքսին տնային կալանքի տակ է պահում Լուվրում։ Դուքսը փախչում է Հենրիկ Նավարացու օգնությամբ, թաքնվում է Անժուում և պատրաստվում է պայքարի։  Հենրիկը հրամայում է ձերբակալել բոլոր անժուացիներին, բայց վերջիններին հաջողվում է փախչել։ Շիկոն զգուշացնում է Բյուսիին հեռանալ Փարիզից, որն էլ կանգ է առնում Անժերում, Մերիդորի մոտակայքում: Սիրահարները հաճախ հանդիպում են։ Վերադառնալով Փարիզից՝ Մոնսորոն տեսնում է նրանց զբոսնելիս, բայց չի ճանաչում Բյուսիին: Կարծում է, որ Դիանային սիրահետում է արքայազնը։ Մոնսորոն որոշում է Դիանային Փարիզ վերադարձնել։ Նույն ժամանակ Անժեր է գալիս արքայամայր Կատերինա Մեդիչին, որպեսզի համոզի Անժուի դքսին հրաժարվել ռազմական նախագծերից։ Բյուսիի համոզումներին տեղի տալով՝ համաձայնում է։
Թագավորի մոտ ընդունելության ժամանակ Բյուսիին վիրավորանք են հասցնում չորս մինյոնները, և նա չորսին էլ մենամարտի է հրավիրում։ Որպեսզի կողմերը հավասար լինեն, պայմանավորվում են, որ Բյուսիին կմիանան նրա երեք անժուացի ընկերները։
Գիզերը որոշում են Սուրբ ընծաների օրը գերի վերցնել թագավորին, բռնի կորզել գահից հրաժարվելու հավաստագիրը և գահին նստեցնել իրենց թեկնածուին։ Շիկոն իմանում է դրա մասին և թակարդ է պատրաստում դավադիրների համար՝ փոխարինելով արքային տոնական երթի ընթացքում և նրա փոխարեն գնալով եկեղեցի, որտեղ նրան սպասում էին Գիզերը։ Դավադրությունը ձախողվում է երկրորդ անգամ։
Անժուի դուքսն իմանում է Բյուսիի և Դիանայի հարաբերությունների մասին։ Պատմում է այդ ամենը կոմս դը Մոնսորոյին և օգնում է թակարդ լարել Բյուսիի համար։ Դրան մասնակցում է դ'Էպերնոնը, որը վախենում է Բյուսիի հետ մենամարտելու հեռանկարից։ Բյուսիին, որը ծանր վիրավորվում է, սպանում են Անժուի դուքսի հրամանով։ Դիանան փրկվում է շնորհիվ Բյուսիի ընկերոջ և թագավորի նախկին մինյոն դը Սեն-Լյուկի, որն էլ թագավորին տեղեկացնում է դավաճանական սպանության մասին։ Մյուս երեք անժուացիների և երեք մինյոնների միջև մենամարտը տեղի է ունենում Բյուսիի սպանության հաջորդ օրը: Նրանցից չորսը սպանվում են, իսկ ծանր վիրավոր դը Քելյուսը շուտով նույնպես մահանում է։ Ողջ է մնում միայն անժուացի Անտրագեն։

Տես նաև Ալեքսանդր Դյումա Երեք հրացանակիրներ, Գուստավ Ֆլոբեր Տիկին Բովարի և Ուիլյամ Շեքսպիր Ռոմեո և Ջուլյետ
Ալեքսանդր Դյումա | Կոմսուհի դը Մոնսորո | համառոտ Ալեքսանդր Դյումա | Կոմսուհի դը Մոնսորո | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 19, 2015 Rating: 5
Технологии Blogger.