Ալեքսանդր Դյումա | Երեք հրացանակիրներ | համառոտ



Երիտասարդ աղքատ գասկոնցի ազնվական դ'Արտանյանը 1625 թվականի ապրիլին լքում է հայրական տունը և ուղևորվում Փարիզ` հրացանակիրների գնդում ծառայության անցնելու հույսով։ Մենգ քաղաքում մենամարտում է կարդինալ Ռիշելյոյի մերձավորներից մեկի` կոմս Ռոշֆորի հետ, որը խլում է դ'Արտանյանից հոր հանձնարարական նամակը։
Փարիզ ժամանելուն պես դ'Արտանյանը ուղևորվում է թագավորական հրացանակիրների կապիտան պարոն դը Տրևիլի մոտ, որը բացատրում է պատանուն, որ չի կարող սկսնակին տեղ տալ իր գնդում այնքան ժամանակ, քանի դեռ սա չի դրսևորել իրեն և 2 տարի չծառայի պակաս նշանավոր գնդերից որևէ մեկում: Ուղարկում է նրան Դեզեսսարի գվարդիական գունդ։
Պատահականությունների արդյունքում նույն օրը դ'Արտանյանը հերթականությամբ ընդհարվում է երեք փորձառու հրացանակիրների` Աթոսի, Պորտոսի և Արամիսի հետ, և երեքն էլ նրան մենամարտի են հրավիրում։ Սակայն մենամարտը, որին նա ներկայանում է հաջորդ առավոտյան, ընդհատում են կարդինալի գվարդիականները, որոնք փորձում են ձերբակալել չորսին էլ` մենամարտի արգելման հրամանագրի խախտման համար։ Սակայն դ'Արտանյանը և երեք հրացանակիրները միավորվում են և հաղթում գերազանցող թշնամուն՝ դառնալով մտերիմ ընկերներ։ Կարդինալ Ռիշելյոն գանգատվում է հրացանակիրների արարքից Լյուդովիկոս XIII թագավորին, որը կշտամբում է դը Տրևիլին, բայց գաղտնի հպարտանում է իր հրացանակիրների քաջությամբ:
Դ'Արտանյանը ծառա է վարձում Պլանշե անունով մի երիտասարդի և սենյակ է վարձում նպարավաճառ Բոնասյոյի և նրա տիկնոջ` Կոստանցիայի մոտ, որին էլ շուտով սիրահարվում է։ Կոստանցիան ծառայում է թագավորական արքունիքում, թագուհի Աննա Ավստրուհու մոտ, որը պայքարում է կարդինալի դեմ թագավորի վրա ազդեցություն հաստատելու համար։ Թագուհին գաղտնի ժամադրության ժամանակ իրեն սիրահարված Անգլիայի նախարար լորդ Բեքինգեմին նվիրում է 12 ադամանդե կախազարդեր՝ թագավորի նվերը: Կարդինալը, լրտեսներից իմանալով այդ մասին, որոշում է վարկաբեկել թագուհուն: Համոզում է թագավորին կազմակերպել պարահանդես, որին Աննան պետք է ներկայանա կախազարդերով, որպեսզի թագավորը կարողանա հիանալ իր թագուհով։ Բացի այդ կարդինալի լրտես Միլեդին, ուղևորվում է Անգլիա և Բեքինգեմից գողանում կախազարդերից երկուսը։
Թագուհին ընկնելով բարդ կացության մեջ՝ կիսվում է Կոնստանցիայի հետ, որն իր հերթին խոստանում է օգնել։ Կոնստանցիան իրավիճակի մասին պատմում է դ'Արտանյանին և վերջինս, նրա հանդեպ սիրուց, պատրաստ է ուղևորվել Լոնդոն, որպեսզի փրկի թագուհու պատիվը։ Նա համոզում է իր երեք ընկերներին միանալ իրեն։ Սակայն ճանապարհը լի է վտանգներով: Երեքը, ընկնելով կարդինալի գվարդիականների կազմակերպած ծուղակները, ետ են մնում։ Միայն դ'Արտանյանը, ճանապարհին մենամարտելով կարդինալի դեսպան դը Վարդի հետ, հասնում է նավահանգիստ և Լա Մանշով ուղևորվում է Լոնդոն։
Այցելում է Բեքինգեմին, ստանում կախազարդերը (երկու գողացվածները փոխարինվում են Բեքինգեմի ոսկերչի կողմից պատրաստված կրկնօրինակներով) և ետ է վերադառնում Փարիզ։ Թագուհին պարահանդեսին հայտնվում է կախազարդերով։
Մի անգամ դ'Արտանյանը, նկատելով հիասքանչ մի օրիորդի և անգլիացու միջև բուռն զրույցը, վերջինիս մենամարտի է հրավիրում։ Մենամարտում հրացանակիրները հաղթում են անգլիացիներին։ Լորդ Վինտերը, որին դ'Արտանյանը խնայում է, ծանոթացնում է նրան իր հանգուցյալ եղբոր այրու` լեդի Կլարիկի հետ։ Դ'Արտանյանը զգացմունքներ է տածում նրա հանդեպ, սակայն նրա սպասուհի Կետտիից իմանում է, որ Միլեդին սիրում է լորդ դե Վարդին։ Փոխելով դե Վարդի նամակը` դ'Արտանյանը Միլեդիի ատելությունն է հարուցում իր սերը վանող լորդի նկատմամբ։ Նա որոշում է դ'Արտանյանի ձեռքով սպանել դե Վարդին և գիշերն անցկացնել նրա հետ։ Անկողնում դ'Արտանյանը Միլեդիի ուսին նկատում է դաջվածք և հիշում է Աթոսի պատմությունը, որը վերջինս գաղտնի էր պահում: Ժամանակին Աթոսն ուներ կին, որի մասին մի օր իմանում է, որ սա գող է և գեղջուկ (ազնվականներին չէին դաջում): Ազնվականի իրավունքով սպանում է նրան (կարծում է, թե սպանել է) և մոռացության տրվելու համար ծառայության անցնում հրացանակիրների գնդում։
Թագավորը նախաձեռնում է բողոքական հուգենոտներին պատկանող ամրոց Լա Ռոշելի պաշարումը։ Երեք հրացանակիրները և դ'Արտանյանը, որն արդեն նույնպես հրացանակիր է, պատերազմում ցուցաբերում են խիզախություն։ Կարդինալը ծրագրում է Բեքինգեմի սպանությունը և այդ նպատակով Լոնդոն է ուղարկում Միլեդիին։ Ի դեմս Միլեդիի Աթոսը ճանաչում է իր նախկին կնոջը` տիկին դե Լա Ֆերին։ Հրացանակիրները լորդ Վինտերին նախազգուշացնում են վտանգի մասին, և Միլեդին Անգլիա ոտք դնելուն պես ձերբակալվում է։ Սակայն նրան հաջողվում է գայթակղել լորդ Վինտերի հպատակ կապիտան Ֆելտոնին, որն ազատում է նրան և սպանում է Բեքինգեմին։
Միլեդին վերադառնում է Ֆրանսիա և հայտնվում է միանձնուհիների մենաստանում, որտեղ կախազարդերի պատմությունից հետո թաքնվում է նաև Կոստանցիան։ Միլեդին, շահելով նրա վստահությունը, փորձում է առևանգել աղջկան։ Երբ անսպասելիորեն մենաստան են ժամանում հրացանակիրները` Միլեդին թունավորում է Կոստանցիային։ Հրացանակիրները հետապնդում են Միլեդիին, ձերբակալում և դատապարտում մահապատժի։ Լիլ քաղաքի դահիճը, որի եղբորը նույնպես սպանել է Միլեդին, ի կատար է ածում դատավճիռը։
Հրացանակիրներն ակնկալում են Ռիշելյոյի ցասումն ու պատիժը։ Բայց Ռիշելյոն, որը հոգու խորքում վախենում էր Միլեդիից, գնահատում է դ'Արտանյանի և նրա ընկերների քաջությունը և ի նշան հաշտության շնորհում է դ'Արտանյանին հրացանակիրների լեյտենանտի կոչում։
Լա Ռոշելի պաշարման ավարտից հետո Պորտոսը ամուսնանում է հարուստ այրու հետ, իսկ Արամիսը դառնում է աբբահայր։ Աթոսը շարունակում է ծառայությունը արդեն դ'Արտանյանի հրամանատարության տակ և միայն 1631 թվականին լքում է ծառայությունը` ստանալով ժառանգություն։

Ալեքսանդր Դյումա | Երեք հրացանակիրներ | համառոտ Ալեքսանդր Դյումա | Երեք հրացանակիրներ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 16, 2015 Rating: 5
Технологии Blogger.