Մարկ Տվեն | Թոմ Սոյերի արկածները | համառոտ



19-րդ դարի կեսեր: ԱՄՆ, Սանկտ Պետերբուրգ հավակնոտ անունով փոքրիկ քաղաքը, որտեղ չկան ֆաբրիկաներ, իսկ փոքրիկ տների բակերում կչկչում են հավերը: Այստեղ երեխաները սիրում են փախչել դասերից և գնալ գետը լողալու, այստեղ կարելի է հանդիպել ֆրանտի պես հագնված տղայի, որի հախից Թոմ Սոյերը չի կարող չգալ:
Բանն այն է, որ Թոմն այսօր փախել է դպրոցից և գնացել է գետը: Նա մտել է ջուրը՝ չնայած մորաքույր Փոլլիի խնամքով կարած օձիքին: Եվ այժմ նրան սպասում է պատիժ: Հանգստյան օրը, երբ բոլոր երեխաները գնում են գետը լողալու, նա ստիպված է ներկել ցանկապատը: Սակայն Թոմին հաջողվում է ներշնչել տղաներին, որ ցանկապատ ներկելը ամենահաճելի զբաղմունքն է, և նրանք իրենք են խնդրում զիջել իրեն վրձինը: Նա մինչև իսկ վճար է վերցնում դրա դիմաց: Օրվա երկրորդ կեսին ոչ միայն ցանկապատն է ամբողջությամբ ներկված, այլև ձեռք բերած իրերի քանակը՝ պատկառելի: Հիմա նա ունի 12 ալեբաստրե գնդակ, կոճից պատրաստված թնդանոթներ, շան վզնոց, դանակի բռնակ և այլն:
Մի օր քաղաքի եկեղեցի է մտնում բարձրահասակ մի պարոն: Նա հարևան Կոստանդնուպոլիս քաղաքից է: Դա շրջանային դատավոր Թեչերն է, որի հետ քաղաք է գալիս մի կապուտաչյա հրեշտակ՝ նրա դուստր Բեքին: Աղջիկը դառնում է Թոմի համադասարանցին: Նրանք սիրահարվում են, բացատրվում, վիճում, հետո հաշտվում, երբ Թոմը հերոսաբար իր վրա է վերցնում ուսուցչի գիրքը պատահաբար պատռած Բեքիի մեղքը և նրա փոխարեն ստանում քանոնի հարվածները: Սակայն վեճի և հաշտության արանքում Թոմը հասցնում է հավաքել «արյունարբու ծովահենների» իր կլիկը, որի անդամներն են դառնում նրա դասընկեր Ջո Հարպերը և ծնողազուրկ թափառական Հեքլբերի Ֆինը:
Տղաները ժամանակ են անցկացնում անտառոտ կղզու վրա Միսիսիպի գետի ջրերում: Ազատ լողում են, ծխում, ուտում են ձուկ և կրիայի ձվերից պատրաստված ձվածեղ: Սակայն նրանց սկսում է ձգել տունը: Թոմին այցելում է իրենց իսկ թաղման օրը ցնծագին վերադարձ կատարելու գաղափարը…
Այս մանկական կատակլիզմների ֆոնի վրա զարգանում են նաև իսկական ողբերգություններ: Թոմը և Հեքը որոշել են դիմել գորտնուկներից ազատվելու ամենավստահելի միջոցին… Դրա համար անհրաժեշտ է վերցնել սատկած կատվի դին և կեսգիշերին նետել այն որևէ նոր մահացած մեղսավորի գերեզմանի մոտ եկած սատանաներին: Սակայն սատանաների փոխարեն հայտնվում են երիտասարդ բժիշկ Ռոբինսոնը, տեղի հարբեցող Մեֆ Պոտտերը և Հնդկացի Ջոն: Բժիշկը իր հետ է բերել այդ երկու կասկածելի անձանց, որպեսզի գերեզմանից հանեն նոր թաղած մի ծերուկի դիակը: Դիակը անհրաժեշտ է բժշկին անատոմիական ուսումնասիրությունների համար: Պարզվում է, սակայն, որ Հնդկացի Ջոն չի մոռացել մի քանի տարի առաջ բժիշկ Ռոբինսոնի հոր՝ իրեն հասցված վիրավորանքը, և նա մտադիր է վրեժ լուծել որդուց: Ծեծկռտուքի արդյուքում բժիշկը հարվածում է հնդկացուն պաշտպանող Պոտտերին, որը կորցնում է գիտակցությունը, իսկ ինքը դանակի մահացու հարված է ստանում հնդկացուց: Ջոն դանակը դնում է անգիտակից Պոտտերի ձեռքի մեջ և հեռանում է: Հետո ուշքի եկած ընկերոջը համոզում է, որ ինքն է սպանել բժիշկին: Պոտտերը աղաչում է չմատնել իրեն և հեռանում է:
Առավոտյան կասկածելի վարքով Պոտտերին ձերբակալում են: Հնդկացի Ջոն, հակառակ տված խոստմանը, պատմում է «ողջ եղելությունը»: Պոտտերը հայտնվում է բանտում: Թոմին և Հեքին տանջում է խիղճը, քանի որ նրանք սպանության ականատեսներն են և չեն կարող օգնել Պոտտերին. վախենում են Հնդկացի Ջոյի վրեժից: Եվ, այդուհանդերձ, դատի օրը՝ ամենաճակատագրական պահին, դատարանում որպես վկա է հայտնվում Թոմ Սոյերը և պատմում է գիշերով գերեզմանում տեսածը: Հնդկացի Ջոն, որը դահլիճում էր, դուրս է նետում իրեն պատուհանից և փախչում է:
Սկսվում են փայլուն օրեր, երբ Թոմին պաշտում և երկրպագում է ողջ քաղաքը, և սարսափելի գիշերներ, երբ նա անգամ երազում տեսնում է Հնդկացի Ջոյին: Դա չի խանգարում նրան Հեքի հետ նոր արկած հորինել: Սկսում են գանձեր որոնել: Փորում են անտառում լքված տունը: Հանկարծ տեսնելով մոտեցող մարդկանց՝ թաքնվում են տան երկրորդ հարկում: Երկու կասկածելի մարդկանցից մեկը իրականում Հնդկացի Ջոն է: Եկել են հողի մեջ հորելու իրենց թալանած դրամը: Փորում են հողը և գտնում են ոսկով լեցուն սնդուկ: Սակայն Ջոն հիշելով, որ բահի վրա թարմ հողի հետքեր կան (այդ բահը երկրորդ հարկ բարձրանալիս անփութորեն թողել են տղաները), հրաժարվում է թողնել սնդուկը փոսի մեջ, և ավազակները տանում են այն իրենց հետ: Թոմը և Հեքը պայմանավորվում են հերթով հետևել «խուլ իսպանացի» ձևացող Հնդկացի Ջոյին՝ սնդուկին տիրանալու համար:
Հետևելով «իսպանացուն»՝ Հեքը կանխում է սարսափելի ոճիրը: Գիշերով Հնդկացի Ջոն իր ընկերոջ հետ մոտենում է այրի Դուգլասի տանը՝ մտադիր լինելով նրանից լուծել վաղեմի վրեժը: Դուգլասի հանգուցյալ ամուսինը ժամանակին պատժի էր ենթարկել Հնդկացի Ջոյին: Հեքը օգնության է կանչում վալիացուն և նրա որդիներին և սրանք, թեպետ չեն կարողանում որսալ հնդկացուն, սակայն փրկում են Դուգլասին:
Այս ընթացքում Թոմը Բեքիի և դպրոցի մյուս երեխաների հետ մասնակցում է պիկնիկի: Թոմը ընկերուհու հետ մտնում է լեռնային քարանձավը և խորանում այնքան, որ շուտով կորցնում է ետդարձի ճանապարհը և մոլորվում լաբիրինթոսում: Նրանց մոմերը հատնում են: Բեքին ճնշված է: Թոմը տեղ է գտնում ստորգետնյա աղբյուրի մոտ, Բեքիի թևից կապում օդային վիշապի պարանը և փորձում մթության մեջ գտնել ելքի ճանապարհը: Այստեղ բախվում է մոմը ձեռքին Հնդկացի Ջոյին, որը նրան տեսնելով փախչում է: Ի վերջո, սակայն, Թոմը գտնում է մեկ ուրիշ ելք, որը գտնվում է գլխավոր մուտքից 5 մղոն հեռավորությա վրա:
Դատավոր Թեչերը հրամայում է փակել գլխավոր մուտքը և ինքն էլ չիմանալով մահվան է դատապարտում Հնդկացի Ջոյին:
Թոմը գլխի է ընկնում, որ քարանձավում է գտնվում Հնդկացի Ջոյի սնդուկը: Հեքի հետ նրանք Թոմի փրկության մուտքով թափանցում են քարանձավ, գտնում են սնդուկը: Դառնում են 12 000 դոլլարի տեր: Հեքը կարող է հրաժեշտ տալ չքավորի կյանքին:
Պարզվում է նաև, որ այրի Դուգլասը մտադիր է որդեգրել իր փրկչին և դաստիարակություն տալ նրան: Հեքը ծանր է տանում քաղաքակիրթ կենցաղի ճնշող մթնոլորտը: Նրան հագցնում են, սանրում, ստիպում ճիշտ սեղան նստել, պատառաքաղ բռնել, չծխել, աղոթել… Ի վերջո նա փախչում է այրուց: Թոմը գտնում է Հեքին հին տակառի մեջ, ցնցոտիներ հագած: Մեծ դժվարությամբ համոզում է ընկերոջը վերադառնալ Դուգլասի մոտ: Փաստարկում է այսպես. բոլոր ավազակները սովորաբար կոմսեր և դքսեր են: Չքավորներ նրանց մեջ չկան: Եվ այդպիսի մարդու ներկայությունը իրենց ավազակախմբում, որը Թոմը դեռ պատրաստվում է հավաքել, մեծ վնաս կհասցնի այդ ավազակախմբի հեղինակությանը:     

Տես նաև Դանիել Դեֆո Ռոբինզոն Կրուզո, Ռոբերտ Լուիս Սթիվենսոն Գանձերի կղզի և Ժյուլ Վեռն Տասնհինգամյա նավապետը

Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Մարկ Տվեն | Թոմ Սոյերի արկածները | համառոտ Մարկ Տվեն | Թոմ Սոյերի արկածները | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 6:23:00 Rating: 5
Технологии Blogger.