Ագաթանգեղոս | Պատմություն Հայոց | համառոտ


Ագաթանգեղոսի «Պատմությունը» վերաբերում է հայոց պատմության այն շրջանին, երբ Արշակունյաց թագավորությունը ժառանգական է դառնում (Վաղարշ Երկրորդի (186-198) թագավորությունից հետո), Հայաստանը պայքարում է Սասանյան Պարսկաստանի նվաճողական քայլերի դեմ, և Տրդատ Երրորդ թագավորը (287-330) կարողանում է երկրում հզոր իշխանություն հաստատել ու ամրապնդել հայոց պետականությունը։
Երկը բաժանված է հինգ մասերի. ա. Խոսրով և Տրդատ, բ. Գրիգորի վկայաբանությունը, գ. Հռիփսիմյանց վկայաբանությունը, դ. Քարոզ և տեսիլ Գրիգորի, ե. Դարձ Հայոց աշխարհի։
Հայոց Արշակունի թագավորների խնդիրը Սասանյան Պարսկաստանի դավերին և ներխուժմանը լուրջ հակափաստարկ առաջադրելն է։ Սասանյան Արտաշիրը սպանելով պարթև Արտավան Երրորդ թագավորին՝ ինքն է բարձրանում գահ։ Հայոց Խոսրով թագավորը երկար տարիներ հաջող պատերազմներ է վարում Արտաշիրի դեմ։ Այդ ժամանակ սա որոշում է դավադրությամբ հաղթել Խոսրովին: Հայաստան է ուղարկում պարթև Անակին, որը կեղծ մտերմություն հաստատելով Խոսրովի հետ, որսի ժամանակ դավաճանաբար սպանում է նրան։ Զայրացած հայ նախարարները բնաջնջում են Անակի տոհմը, իսկ Արտաշիրն այդ ընթացքում տիրում է Հայաստանին և կոտորում Խոսրովի սերունդը։ Նրա ձեռքից ազատվում են երկու մանուկներ՝ Խոսրովի որդի Տրդատը և Անակի որդի Գրիգորը, որոնց փախցնում են Բյուզանդիա։ Տրդատը, երբ մեծանում է, բյուզանդացիների օգնությամբ վերադարձնում է  հայրենի գահը, իսկ Գրիգորը Կեսարիայում քրիստոնեական կրթություն ստանալով, որոշում է քավել իր հոր՝ Անակի մեղքը և ծառայության է անցնում Տրդատի մոտ։
Հայոց աշխարհում Գրիգորը քրիստոնեություն է քարոզում, որի համար ստանում է Լուսավորիչ անունը։ Տրդատ թագավորը չկարողանալով ստիպել նրան հրաժարվել քրիստոնեությունից, երկար կտտանքների ենթարկելուց հետո գցում է Արտաշատի Խորվիրապը։
Այդ ժամանակ արևմտյան կողմերից Մեծ Հայք են գալիս հալածված քրիստոնյա կույսեր և ապաստան գտնում մայրաքաղաք Վաղարշապատի մոտ։ Հայոց արքա Տրդատը, լսելով Հռիփսիմե կույսի գեղեցկության մասին, ցանկանում է կնության առնել նրան։
Խստակրոն կույսը մերժում է հեթանոս արքային։ Կույսին բռնությամբ տանում են պալատ։ Հռիփսիմեն, հոգով զորացած, խիզախորեն դիմադրում է և փախչելով ապարանքից նորից ապաստանում է հնձանում։ Զայրացած թագավորի հրամանով գեղեցկուհի Հռիփսիմեն և մյուս բոլոր կույսերը դատապարտվում են մահվան։
Այսուհանդերձ Հռիփսիմեի դիմադրությունը և մահը խիստ ազդում են Տրդատի վրա։ Դառնացած արքան իր վիշտը մոռացության տալու համար գնում է որսի։ Սակայն պատուհասվում է, վայր է ընկնում կառքից և վարազի կերպարանք է ստանում։ Վարազ դարձած արքային կարողանում է բուժել Խորվիրապից բերված Գրիգորը։ Տրդատը քրիստոնեություն է ընդունում և Գրիգորին կարգում հայոց քահանայապետ։
Պատմվում է, թե ինչպես հայոց քահանայապետ Գրիգոր Լուսավորիչը շրջելով հայկական գավառներում, քանդում է հեթանոսական տաճարների բագինները և վերածում է դրանք քրիստոնեական տաճարների:
Քրիստոնեությունը ողջ երկրում տարածելուց հետո Գրիգորը հեռանում է Դարանաղյաց գավառի Մանյա այրք լեռը և ճգնում է այնտեղ, բայց երբ Տրդատ արքան պատրաստվում է այցելել Հռոմի Կոստանդիանոս կայսրին, արքայի և բազմամարդ պատվիրակության հետ գնում է Հռոմ, իսկ վերադարձից հետո նորից առանձնանում է՝ այս անգամ մինչև իր մահը։
«Պատմություն Հայոցը» սկզբնաղբյուր է եղել Մովսես Խորենացու համար, իսկ առաջին անգամ հիշատակվում է Ղազար Փարպեցու կողմից: 
Ագաթանգեղոս | Պատմություն Հայոց | համառոտ Ագաթանգեղոս | Պատմություն Հայոց | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 7:45:00 Rating: 5
Технологии Blogger.