Ղազար Փարպեցի | Պատմություն Հայոց | համառոտ

Ղազար Փարպեցու «Պատմություն Հայոց» երկը պատվիրել է Վահան Մամիկոնյանը՝ առաջարկելով շարունակել Փավստոս Բուզանդին և շարադրել IV դ. վերջերի ու V դարի Հայաստանի պատմությունը: Փարպեցին իր աշխատության մեջ հիշում է Ագաթանգեղոսին ու Փավստոս Բուզանդին, տալիս է նրանց երկերի համառոտ ակնարկը և  ոչ առանց որոշակի քննադատության արժևորում դրանք։ Ագաթանգեղոսի ու Փավստոսի գրքերը համարելով առաջին և երկրորդ պատմություն, նա իր աշխատությունը դնում է երրորդ տեղում և նշում, որ ինքը շարունակում է նրանց։
Փարպեցու «Պատմությունը» բաղկացած է երեք մասերից՝ դրվագներից և առաջաբանից։ Պատումը սկսվում է այնտեղից, որտեղ ընդհատել էր Բուզանդը, այսինքն` 387 թվականից, երբ Հայաստանն առաջին անդամ բաժանվում է Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև։ Առաջին դրվագում Փարպեցին հետևողականորեն պատմում է հայոց թագավորներ Արշակ Երրորդի և Վռամշապուհի ժամանակների քաղաքական դեպքերը: Հայաստանի համար աղետաբեր պարսկա-բյուզանդական պատերազմների նկարագրությունից և 387 թ. բաժանման համառոտ պատկերումից հետո, պատմիչը ներկայացնում է նաև Արևելյան Հայաստանում Սասանյանների նենգ ու դավադիր քաղաքականությունը, որը հանգեցնում է հայ հոգևոր և աշխարհիկ իշխանավորների պառակտմանն ու հայկական կիսանկախ պետության քաղաքական ու տնտեսական թուլացմանը։ Պարսից արքունիքին հաջողվում է հայոց նախարարներից ոմանց ապստամբեցնել Արշակունյաց տոհմի գահակալների՝ Խոսրովի, Արշակի և մյուսների դեմ։ Փարպեցու պատմածներից երևում է, որ Սասանյանները նույն կերպ պառակտում և թուլացնում են նաև հայոց հոգևոր իշխանությունը` կաթողիկոսությունը։ Հենց IV դ. վերջում և V դ. սկզբում հայոց կաթողիկոսական աթոռից զրպարտությամբ հեռացված Սահակ Պարթևին մեկը մյուսի հետևից փոխարինում են բանսարկու և դավադիր Սուրմակ Արծկեցին, իսկ այնուհետև անգամ ասորիներ Բրքիշոն ու Շամուելը։ «Պատմության» առաջին դրվագն ավարտվում է հայկական Արշակունի հարստության անկման (428 թ.) և Սահակ Պարթևի ու Մեսրոպ Մաշտոցի մահվան (439 և 440 թթ.) հետ կապված դեպքերի նկարագրությամբ։
Երկրորդ դրվագի նյութը համընկնում է Եղիշեի նկարագրած դեպքերի հետ: Այստեղ Փարպեցին անդրադառնում է Վարդանանց պատերազմին և դրան նախորդող ու հաջորդող իրադարձությունների մանրամասնություններին։
Երրորդ դրվագը երկրորդ դրվագի անմիջական շարունակությունն է: Հեղինակը պատմում է Սասանյան Պարսկաստանի՝ հայերի նկատմամբ սկսած նոր քաղաքականության մասին, որն իրագործվում է խարդախ ու դավադիր եղանակներով։ Վարդանանց ժամանակների ուժի և բռնության քաղաքականությունը փոխարինվում է ներքին պառակտման սադրանքներով։ Դրա համար ամեն կերպ խրախուսվում ու ասպարեզ են դուրս բերվում անձնապաշտ դեմքեր, իսկ հայրենասեր ու ողջախոհ նախարարները ամեն կերպ չեզոքացվում են։ Սակայն 460 թ. հետո քաղաքական իրավիճակը փոխվում է հօգուտ հայրենասեր ուժերի։ Ազատվում ու գերությունից տուն են վերադառնում դեռևս Վարդանանց կռիվների ժամանակ աքսորված նախարարները, որոնց գլխավորում է եկեղեցական խոշոր գործիչ Գյուտ կաթողիկոսը (461-478 թթ.): Գյուտի նախաձեռնությամբ գաղտնի բանակցություններ են սկսվում Բյուզանդիայի հետ՝ ապագա ապստամբության ժամանակ նրանից օգնություն ստանալու ակնկալություններով: Սակայն հայրենասեր ուժերի այդպիսի գործողություններն աննկատ չեն։ Դավաճան տարրերը տեղեկացնում են պարսկական իշխանություններին և Գյուտը զրկվում է կաթողիկոսական աթոռից, իսկ Վահան Մամիկոնյանը զրպարտվում է։ Եվ այդուհանդերձ Վահանը երկու անգամ Տիզբոն այցելելով, կարողանում է փարատել պարսից արքա Պերոզի կասկածներն ու ստանալ Հայաստանի հարկահավաքության իրավունքը։
481 թ. Արևելյան Վրաստանում ծավալված հակապարսկական ապստամբությունը նոր լիցք է տալիս նաև հայերին։ Նույն տարում Հայաստանի պարսիկ մարզպան Ատրվշնասպը հրաման է ստանում արշավել Վրաստան, սակայն նրա հրամանատարության տակ գտնվող հայ զինվորականները որոշում են չենթարկվել նրան և հարմար առիթն օգտագործել ապստամբելու համար։ Վահան Մամիկոնյանը միավորելով հայկական զինված ուժերը հարձակվում է Դվինի վրա, պարտության մատնում պարսիկներին, գրավում քաղաքն ու կազմում կառավարություն, մարզպանության պաշտոնը տրվում է Սահակ Բագրատունուն, իսկ սպարապետությունն ստանձնում է ինքը Վահանը։
481-482 թթ. ողջ ձմեռը Վահան Մամիկոնյանը պարսիկների դեմ հաղթական կռիվներ մղելուն զուգահեռ նախապատրաստական մեծ աշխատանքներ է կատարում հետագա անակնկալներին դիմագրավելու համար։ Վահանի ջանքերով ապստամբության մեջ ընդգրկվում են նորանոր նախարարություններ և ժողովրդական աշխարհազորային գնդեր։ Ամրապնդվում են կապերը Վրաստանի ապստամբ ուժերի հետ։ 482 թ. գարնանը հայերը շահում են Ներսեհապատի ճակատամարտը, որից հետո Վահան Մամիկոնյանի հեղինակությունն ավելի է աճում։

484 թ. ազատագրական ապստամբության շրջադարձային տարի է դառնում։ Պարսիկներին արևելքում ծանր հարվածներ են հասցնում հեփթաղները։ Կռվում սպանված Պերոզին փոխարինած Վաղարշն ստիպված է լինում բանակցություններ սկսել Վահան Մամիկոնյանի հետ և կնքել Նվարսակի հաշտության պայմանագիրը։  Թեպետ պայմանագրով Հայաստանն ամրողջապես չի թոթափում պարսկական լուծը, սակայն հայերը կարողանում են հարկադրել Սասանյաններին հրաժարվելու կրոնական և քաղաքական հալածանքներից և ճանաչելու հայ ազնվականության իրավունքները։ 481-484 թթ. հայ ժողովրդի ձեռք բերած ռազմական ու քաղաքական հաղթանակի արդյունքում մարզպանության պաշտոնը հանձնվում է Վահան Մամիկոնյանին, որի առթիվ երկրում տեղի ունեցած համաժողովրդական ցնծության և ուրախության նկարագրությամբ էլ ավարտվում է Ղազար Փարպեցու «Պատմություն Հայոց» աշխատությունը։

Տես նաև Մովսես Խորենացի Հայոց պատմություն, Թովմա Արծրունի Պատմություն Արծրունյաց տան և Սեբեոս Պատմություն 


Ղազար Փարպեցի | Պատմություն Հայոց | համառոտ Ղազար Փարպեցի | Պատմություն Հայոց | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 20:52:00 Rating: 5
Технологии Blogger.