Շառլ Լուի Մոնտեսքյո | Պարսկական նամակներ | համառոտ


Ֆրանսիական գրականության մեջ «Պարսկական նամակները» առաջին փիլիսոփայական նամակագրական վեպն է: Այստեղ չկա զարգացող ինտրիգ, չկան բնավորություններ: Գլխավոր հերոսներն են մտքերը հասարակության մասին: Գրողի մտահղացումն է ցույց տալ արևմտյան իրականությունը Եվրոպայի մշակույթին անծանոթ մարդկանց աչքերով: Ֆրանսիական և եվրոպական իրականության քննադատության այս ձևը հետագայում իր փայլուն զարգացումն է գտնում Վոլտերի փիլիսոփայական վեպերում:
Հեղինակի մտքերը «Նամակներում» արտահայտում է պարսիկ Ուզբեկը: Սա լուսավորված ազնվականի տիպ է, որը հանդգնել է պալատական բարքերի մասին ճշմարտությունն ասել շահին: Չկարողանալով հասնել իր նպատակին՝ Ուզբեկը որոշում է հեռանալ հայրենիքից արևմտյան գիտություններին ծանոթանալու համար:
Ահա Ուզբեկը և նրա ընկեր Ռիկան Փարիզում են: Սկզբում բավարարվում են քաղաքի ճարտարապետության, տիկնանց հագուստի, կյանքի ռիթմի մասին ընդհանուր դատողություններով: Սակայն աստիճանաբար նրանց ուշադրության կենտրոնում են հայտնվում նաև քաղաքական խնդիրները: Նախ քննադատության է ենթարկվում Լյուդովիկոս XV-րդ թագավորը: Մոնտեսքյոն փորձում է ապացուցել, որ ժողովրդի բարոյական նկարագիրը, նրա օրենքները պայմանավորված են աշխարհագրական պայմաններով, տնտեսությամբ, կրոնական հավատալիքներով և քաղաքական հաստատություններով:
Ուզբեկն իր նամակներում պատմում է տրոգլոդիտուսների մասին, որոնք ստեղծելով անարխիա՝ նախ սպանում են իրենց դաժան թագավորին, այնուհետև այն աշխարհ են ուղարկում իրենց իսկ ընտրած պետերին: Սա հանգեցնում է ինքնաբնաջնջման և բազմաթիվ ընտանիքներից մնում են միայն երկուսը: Կենդանի մնացածները սկսում են դավանել հումանիստական մտքեր և հատկապես ներշնչել իրեն զավակներին, որ մասնավոր մարդու շահը հասարակական շահն է:
Քննադատելով ինկվիզիցիան՝ Մոնտեսքյոն բերում է Իսպանիայի և Պորտուգալիայի օրինակը, որտեղ մարդկանց այրում են ինչպես չոր խոտը: Խոսելով Ֆրանսիայի թագավորի մասին՝ Ուզբեկը նկատում է, որ ի տարբերություն Իսպանիայի թագավորի չունենալով ոսկու հանքեր՝ նա շատ ավելի հարուստ է, որովհետև կարողանում է ոսկի ստանալ իր հպատակների փառասիրությունից:
«Պարսկական նամակների» առանձին գիծն են կազմում Ուզբեկի և իր հարեմի փոխհարաբերությունները: Չորս պատերի մեջ փակված կանայք վերածվում են ստրկուհիների և ի վերջո ապստամբում են: Իրականում Ուզբեկը, որը դրսի աչքով քննադատում և դատապարտում է եվրոպական շատ բարքեր, տանը բռնակալ է: Ռոկսանան մեղադրում է նրան պարզ թյուրիմացության մեջ, քանի որ ամուսինը չի հասկանում, որ ֆիզիկական ստրկությունը չի կարող դառնալ նաև մտավոր ստրկության պատճառ:
Մոնտեսքյոն պաշտպանում է մարդկային պատկերացումների սուբյեկտիվությունը: Նա պարբերաբար շեշտում է գեղեցիկի և այլանդակի հարաբերականությունը: Յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր իդեալները: Այսպես, Ռիկան, գրում է Ուզբեկին, որ չի զարմանա, եթե իմանա, որ նեգրերը սպիտակ են պատկերել իրենց սատանային:
Իր գեղարվեստական-էսթետիկական մեթոդով «Պարսկական նամակներ» վեպը պատկանում է լուսավորչական կլասիցիզմին: Այն զարգացնում և խորացնում է Մոլիերի և Լաբրյուերի ավանդույթը և հնարավոր է դարձնում Վոլտերի փիլիսոփայական վեպի հայտնությունը:

Տես նաև Բոմարշե Սևիլյան սափրիչը, Դիդրո Ռամոյի ազգականը և Ռուսո Յուլիա կամ նոր Էլոիզ   
Շառլ Լուի Մոնտեսքյո | Պարսկական նամակներ | համառոտ Շառլ Լուի Մոնտեսքյո | Պարսկական նամակներ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 08, 2015 Rating: 5
Технологии Blogger.