Փավստոս Բուզանդ | Հայոց պատմություն | համառոտ


Բուզանդի «Պատմությունը» ընդգրկում է շուրջ կես դար` Խոսրով Կոտակի գահակալությունից (330-338 թթ.) մինչև Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև Հայաստանի բաժանումը 387 թ.։ Երկը սկսվում է երրորդ դպրությունից և ավարտվում է վեցերորդ դպրությամբ։ Հայտնի է, որ առաջին երկու դպրությունները չեն եղել արդեն Փարպեցու ժամանակ։
Բուզանդի շարադրանքի ոճն ազատ է և նման չէ 5-րդ դարի մյուս պատմագիրների ոճին: Հեղինակը հաճախ է մոռանում այս կամ այն տվյալը, մոռացկոտ ու անփույթ է նյութի և թեմաների դասավորության մեջ, միախառնում է իրականությունն ու հրաշապատումըիսկ ժամանակագրությունը խստորեն չի պահպանում: Բուզանդը չունի Մովսես Խորենացու քննական մտածողությունը, դեպքերը պատճառաբանելու և հիմնավորելու Եղիշեի ունակությունը, սակայն ունի Ագաթանգեղոսի միտումայնությունը (տենդենցիոզությունը):
Երրորդ դպրությունը պատմում է Խոսրով Երկրորդ Կոտակի (330-338) և Տիրանի (338-350) թագավորության տարիների մասին: Չորրորդ դպրությունը՝ Արշակ Երկրորդի (350-368) գահակալության մասին, ընդհուպ մինչև նրա բանտարկվելը Անհուշ բերդում: Հինգերորդ դպրությունը՝ Պապի (370-374), Վարազդատի (374-378), Արշակ Երրորդի (378-390) և աթոռանիստ Վաղարշակի թագավորության տարիների մասին: Վեցերորդ դպրությունը պատմում  է Հայաստանի բաժանման մասին և տեղեկություններ է հաղորդում հայոց եպիսկոպոսների մասին:
Բուզանդը բանահյուսությունից օգտվում է այնպես, ինչպես եթե այն լիներ հավաստի աղբյուր և մեջբերելով ժողովրդական վեպը՝ պատմություն է ստեղծում։ Ժամանակագրական առումով շարունակելով Ագաթանգեղոսի «Պատմությունը»՝ թագավորների՝ Արշակունիների մասին խոսելուն զուգահեռ հեղինակը պատմում է Լուսավորչի տան և սպարապետներ Մամիկոնյանների մասին: Ներկայացնելով պարսիկների դեմ վարած պատերազմները, ներքին խարդավանքները՝ Բուզանդը պաշտպանում է միասնական պետականության գաղափարը, որտեղ, սակայն, եկեղեցին կունենա որոշիչ դեր։
Բարձրացող Լուսավորչի տան կամ եկեղեցու և Արշակունիների միջև հակասությունը Բուզանդը ներկայացնում է որպես պայքար հաճախ անբարո կյանքով ապրող թագավորների և ազնիվ ու սրբակյաց հայրապետների միջև, որոնք ուզում են առաջիններին ճիշտ ուղի դուրս բերել։
Թագավորների ճյուղը ներկայացնելիս Բուզանդը օգտվել է գրավոր աղբյուրներից, ինչպես նաև բանավոր ասքերից ու զրույցներից։ Եկեղեցու գործիչների մասին Բուզանդը պատմում է, նկատի ունենալով ժողովրդական և օտար վարքագրություններն ու բանավոր պատումները։ Շահեկան է ներկայացնում հոգևորականությանը, հատկապես բարձրացնում է Ներսես Մեծին, որի կենսագրությունը լրացնելու համար օգտվել է նաև 4-րդ դարի նշանավոր աստվածաբան Բարսեղ Կեսարացու վարքից:
Փավստոս Բուզանդի «Պատմությունը» հետագա սերունդների համար եղել է գեղարվեստական նյութի անփոխարինելի աղբյուր։ Մասնավորապես, Րաֆֆին «Սամվել» պատմական վեպի գաղափարը նրանից է փոխառել։

Փավստոս Բուզանդ | Հայոց պատմություն | համառոտ Փավստոս Բուզանդ | Հայոց պատմություն | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 22:25:00 Rating: 5
Технологии Blogger.