Պիեռ Օգյուստեն Բոմարշե | Սևիլյան սափրիչը | համառոտ



Պիեռ Օգյուստեն Բոմարշեն (1732—1799) կատակերգության չգերազանցված վարպետ է: Նրա թատերական հայտը «Էժենի» դրաման է: «Թատերական լուրջ ժանրի մասին» գրության նախաբանում կատակերգակը ձևակերպում և հիմնավորում է իր գրական սկզբունքները: Նա հանդես է գալիս կլասիցիզմի դեմ, քանի որ կլասիցիզմը չի բավարարում երկու հիմնական պահանջի: Հիմնարար տուրք տալով անտիկականությանը՝ այն կտրված է ներկայից, և  բացի այդ շատ է համակված անխուսափ ճակատագրի գաղափարով:
«Լուրջ ժանրը» Բոմարշեն, հետևելով Դիդրոյին, տեսնում է իրականության համարժեք պատկերման մեջ: Հունաստանում և Հռոմում դարեր առաջ տեղի ունեցած հեղափոխությունները չեն կարող հետաքրքրել միապետական երկրի քաղաքացուն: Բացի այդ գրողը պաշտպանում է ոչ թե չափածո, այլ արձակ դրաման:
«Էժենի» դրամայի հերոսուհին երիտասարդ, անմեղ և առաքինի մի էակ է: Նրան խաբել է կոմս Կլերենդոնը: Աղջիկը պատրաստվում է մայր դառնալ, սակայն պարզվում է, որ կոմսի հետ ամուսնությունը ֆիկտիվ է: Հեղինակը մեկը մյուսի հետևից տարբեր փորձությունների է ենթարկում հերոսուհուն: Ի վերջո,Կլերենդոնը վերափոխվում է. ընկնում է Էժենիի ոտքերը՝ խոցված աղջկա հոգու վեհությամբ:
Էժենին շատ գծերով հիշեցնում է Լեսինգի Սառա Սիմփսոնին: Նրա բարությունը, ազնվությունը, հավատարմությունը և մյուս հատկությունները հակադրված են ազնվական լովելասների էգոիզմին, ուխտադրժությունը և անառակությանը:
Բոմարշեի հաջորդ ստեղծագործությունը «Մեմուարն» է, որը գրվել է 1973 թ.: Այստեղ ծաղրի է ենթարկվում ֆրանսիական դատարանը: Գրական բազմաթիվ հնարքներ գրողը հղկում է հենց այս ստեղծագործության մեջ՝ հասցնելով ծաղրի իր արվեստը վարպետության:
«Սևիլյան սափրիչը» (բեմադրված է 1775 թ.) կատակերգության մեջ, որով բացվում է Ֆիգարոյի արկածների եռագրությունը, Բոմարշեն հանդես է գալիս նրանց դեմ, ովքեր կարծում են, թե միակ հնարավոր թատրոնն այն մեկն է, որտեղ պատկերվում են զավեշտական հպատակները և դժբախտ թագավորները: Բոմարշեն կոտրում է այս ավանդույթը: Զարգացնելով Մոլիերի լավագույն ձեռքբերումները՝ դրամատուրգը դրական կողմերով է օժտում ծառային: Նրա Ֆիգարոն բնավ ծիծաղելի չէ: Նա լի է մարդկային արժանիքներով և գիտի իր գինը: Կյանքը նետում է նրան ամենադժվար իրադրությունների մեջ, թակարդներ է լարում, սակայն դժբախտությունները միայն կոփում են նրան:
Բոմարշեի հերոսը ճարպիկ ծառայի որակապես նոր տարբերակ է: Մասսամբ նա առկա է արդեն Մոլիերի և Լըսաժի դրամաներում: Ֆիգարոն օժտված է որոշակի արտիստիզմով: Օգտագործում է իր սրամտությունը, նրանում առկա է մտավոր ուժ, սիրում է հնարամիտ կոմբինացիաները և դժվար պայքարը: Նա ստիպված է լինել ոտանավոր հորինող, երգիչ, կիթառահար, փոստատար, կոմսի քմահաճույքների կամակատար: Նրա մեջ մշակվում է «դժբախտության սովորություն», այնպես որ նա ունակ է մշտապես պահպանել բարձր տրամադրությունը: Շտապում է ծիծաղել, որպեսզի ստիպված չլինի լաց լինել: Ծիծաղը և ժպիտը նրա հավատարիմ օգնականներն են: Ունակ է խոսել աֆորիզմներով և մեկ հարվածին պատասխանել սրախոսության փնջերով: Դրանք թունավոր են, բայց նա արտասանում է դրանք ասես իմիջիայլոց:
«Սևիլյան սափրիչում» Ֆիգարոն օգնում է երիտասարդ կոմս Ալմավիվային ամուսնանալ Ռոզինայի հետ: Սիրահարների ճանապարհին կանգնած է Ռոզինայի ծեր հոգաբարձու Բարտոլոն, որն ինքն է մտադիր ամուսնանալ աղջկա հետ: Բարտոլոն ծեր է ոչ միայն տարիքով, այլև համոզմունքներով: Նա չի սիրում իր ժամանակը, որը տվել է մարդկությանն ամեն տեսակ հիմարություններ՝ ձգողականության ուժ, էլեկտրականություն, հանրագիտարանՖիգարոյի պայքարը Բարտոլոյի դեմ ոչ միայն բարոյական է, այլև սոցիալական:
Ամենավառ կերպով, սակայն, Բոմարշեի տաղանդը բացվում է «Ֆիգարոյի ամուսնություն, կամ Խելահեղ օր» (բեմադրվել է 1784 թ.) կատակերգության մեջ: Ծավալուն նախաբանում Բոմարշեն պաշտպանում է հասարակության ախտերը ծաղրելու իր իրավունքը և խոսում է Մոլիերի «Տարտյուֆի» ավանդույթի վերածնության անհրաժեշտության մասին: Կատակերգության կոնֆլիկտը կոմս Ալմավիվայի և Ֆիգարոյի միջև է: Այլասերված տիրոջը հակադրված է ազնիվ ծառան, որը խանգարում է նրան դառնալ իր հարսնացուի սիրեկանը: Բոմարշեն չի դրել իր առաջ երգիծական երկ ստեղծելու խնդիր: Ալմավիվան ի բնե այնքան էլ վատ մարդ չէ: Նա ունակ է անկեղծ սիրո: «Սևիլյան սափրիչում» նա շահում է Ռոզինայի սիրտը հենց անկեղծ սիրելու ունակությամբ: Սակայն «Ֆիգարոյի ամուսնության» մեջ նա հաճախ է հիշեցնում այն մասին, որ իրեն ամեն բան թույլատրելի է: Տիրակալի իրավունքն այլասերել է Ալմավիվային: Սակայն Ալմավիվան ապրում է ժողովրդական ինքնագիտակցության արթնացման ժամանակներում: Նրա վավաշոտ մղումների ճանապարհին կանգնած է Ֆիգարոն: Կատակերգության մեջ հակադրված են խելքը և ազնվականությունը:
Ֆիգարոն ամեն բանի հասել է սեփական ջանքերով: Ապագան նրա կարծիքով պատկանում է բանականությանը և ոչ տիտղոսին: Ֆիգարոն կառուցում է իր ինտրիգները ստեղծագործաբար՝ հաճույք ստանալով իր գերազանցությունից: Նրան օգնում է Սյուզանը՝ խելացի կենսուրախ աղջիկը, որն ունի արժանապատվության զգացում: Ֆիգարոն իր պայքարում միայնակ չէ: Նրան օգնում են պարզ ու հասարակ մարդիկ:
Կերպարները հոգեբանորեն բարդ են, հակված են զարգանալու: Գործողության ծավալումը կապված է նրանց բնավորությունների բախման հետ:
Ֆիգարոյի մասին եռագրությունն ամփոփում է «Հանցավոր մայր» դրաման (բեմադրվել է 1792 թ.): Էականորեն տարբերվում է «Սևիլյան սափրիչից» և «Ֆիգարոյի ամուսնությունից»: Սա արդեն հոգեբանական դրամա է: Կոնֆլիկտը զուտ բարոյական է: Զուրկ է սոցիալական երանգավորումից: Ալմավիվան և Ֆիգարոն նույն ճամբարում են: Ծեր կոմսը չի կարող ներել իր կնոջ՝ Ռոզինայի ակամա դավաճանությունը Քերուբինոյի հետ: Նրա ցավը գրգռում է երեսպաշտ Բենարսը, որը հանդես է գալիս որպես ազնիվ մարդ: Ֆիգարոն պատռում է այս նոր Տարտյուֆի դիմակը և խաղաղություն է հաստատում ընտանիքում:

Ֆիգարոյի արկածները շարունակվում են աշխարհի ամենատարբեր բեմերում և Բոմարշեի լավագույն կատակերգությունները ներշնչանք են դառնում Մոցարտի և Ռոսինիի օպերաների համար:     

Տես նաև Ռոստան Սիրանո դե Բերժերակ     
Պիեռ Օգյուստեն Բոմարշե | Սևիլյան սափրիչը | համառոտ Պիեռ Օգյուստեն Բոմարշե | Սևիլյան սափրիչը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 20:38:00 Rating: 5
Технологии Blogger.