Ջոն Ռոլանդ Ռուել Տոլկին | Հոբիտ | համառոտ


Հոբիտները թզուկանման, սակայն ավելի կարճլիկ և առանց մորուքի էակներ են, որոնք կարող են արագ և անշշուկ անհետանալ: Ապրում են գետնի տակ: Մեր պատմությունը Բիլբո Բեգինս անունով մի հոբիտի մասին է: Բեգինսները Բլուրի շրջակայքում ապրում են անհիշելի ժամանակներից և շատ հարգարժան ընտանիք են համարվում: Հարուստ են, և նրանց ոչ մի բան երբեք չի պատահում
Մեր հոբիտը մոտ 50 տարեկան է, ապրում է հանգիստ ու անհոգ կյանքով, սիրում է նստել տաք բուխարու մոտ և ըմբոշխնել թեյ ու կեքս: Նրա մայրը առասպելական Բելադոննա Տուկն է, ծերունի Տուկի դուստրերից մեկը: Ասեկոսեներ են պտտվում, թե հին-հին ժամանակներում Տուկերից մեկը էլֆերից կին է առել: Եվ նրանց մեջ իսկապես ինչ-որ ոչ լիովին հոբիտային բան կա: Ժամանակ առ ժամանակ Տուկերի տոհմից որևէ մեկը գնում է արկածներ որոնելու: Ահա այսպես մի օր կախարդ Հենդալֆը, որը հայտնի էր իր հրաշագործություններով և հատկապես հրավառությամբ, Բիլբոյին հրավիրում է մասնակցելու արկածի: Հոբիտը հրաժարվում է, սակայն կախարդին հրավիրում է թեյի հաջորդ օրվա համար, և վերջինս գալիս է տասներեք մորուքավոր թզուկների՝ Դվալինի, Բալինի, Կիլիի, Ֆիլիի, Դորիի, Նորիի, Օրիի, Օյնի, Գլոյնի, Բիֆուրի, Բոֆուրի, Բոմբուրի և Տորին Օուքենշիլդի հետ, որը հատուկ թզուկ է: Ինքը Հենդալֆը ժամանում է նրանցից հետո, իսկ թզուկները այդ տուն են գալիս կախարդի՝ դռան վրա թաքուն դրած նշանով: Գնալու են արկածի, որին Բիլբոն մասնակցելու է որպես գող: Մինչև Բիլբոն կհասցներ որևէ բան ասել, թզուկները ներկայացնում են պլանը, դիտում քարտեզը: Պետք է գնան Մենավոր Լեռը, որը հսկում է վիշապ ծերուկ Սմոգը՝ նրանից վերադարձնելու իրենց գանձերը, որոնք եղել են երբեմնի գոյություն ունեցող Դեյլ քաղաքինը, որի թագավորը Տորինի վաղեմի նախնի Տրեյն Ավագն էր: Դեյլի բնակչությունը, վիշապի՝ այդ տարածքը տիրելուց հետո, ցրվել է, մի մասն էլ ոչնչացել: Առավոտյան հոբիտը հասնում է թզուկների հետևից, որոնք նրան նամակ էին թողել: Գնում են պոնիներով: Հոբիտստանից անցնելուց հետո խորանում են Անապատային Երկիրը: Եղանակը վատանում է: Կրակ են տեսնում: Բիլբոյին ուղարկում են ստուգելու՝ արդյոք հնարավոր է այնտեղ գիշերել, սակայն, պարզվում է, կրակը սարքողը տրոլներ են՝ Բերտը, Թոմը և Վիլյամը, որոնք բռնում են հոբիտին, ապա նաև թզուկներին: Տրոլները հսկաներ են, որոնք ուտում են նաև մարդու միս: Դուրս են գալիս գիշերը, արևի լույսից քարանում են: Այժմ ուտում են ոչխարի միս՝ քննարկելով, թե ինչպես եփեն թզուկներին և հոբիտին: Սակայն Հենդալֆը փրկում է նրանց՝ մթության մեջ խոսեցնելով և կռվացնելով սրանց այնքան ժամանակ, մինչև լույսը բացվում է և տրոլները քարանում են: Ապա թզուկները մտնում են տրոլների քարանձավը, որի քարե դուռը բացում են Բիլբոյի գտած բանալիով: Այստեղ գտած ոսկեդրամներով լի կճուճները թաքցնում են հողի մեջ, կախարդում և շարունակում իրենց ճանապարհը: Տորինն ու Հենդալֆը վերցնում են նաև նշանավոր երկու թուր՝ Օրկրիստը՝ Գոբլիններին Խորտակողը և Գլեմդրինգը՝ Թշնամիներին Ջարդողը, որոնք մի ժամանակ կռել են էլֆերը Գոնդոլինում գոբլինների դեմ պատերազմելու համար: Թրերի մասին հուշող այս սեպագրերը, ինչպես նաև քարտեզի լուսնային սեպագրերը, որոնք երևում են, երբ լուսնի լույսը դրանց վրա է ընկնում ետևից, թզուկների և հոբիտի համար վերծանում է Էլրոնդը, որն ապրում է Վայրի Երկրի սահմաններում գտնվող Ռիվենդելի գեղատեսիլ հովտում: Դեպի այդ Ընտանեկան Վերջին Հանգրվան նրանց ուղեկցում են էլֆերը: Իվանի օրվա առավոտն նրանք շարունակում են իրենց ճանապարհը, երբ Վերգետնյա Լեռնանցքը կտրելիս ամպրոպ է սկսվում: Քարե հսկաները ժայռաբեկորներ են նետում միմյանց և թզուկներն ու հոբիտը թաքնվում են քարայրում: Գիշերը նրանց վրա հարձակվում են գոբլինները: Թրերի և կախարդի հրաշագործության շնորհիվ փրկվում են՝ սպանելով Գերագույն Գոբլինին, սակայն կորցնում են իրենց պոնիներին և հոբիտին, որը մնում է քարայրում ուշագնաց վիճակում: Բիլբոն, հասնում է ջրի, հանդիպում Գոլլումին: Սա, մենակ ապրելով խավարի մեջ, խոսում է ինքն իր հետ՝ անվանելով իրեն «իմ սքանչելիս»: Առաջարկում է հանելուկներ հորինել. հաղթելու դեպքում կուտի Բիլբոյին, եթե Բիլբոն հաղթի, կանի նրա ուզածը: Հաղթում է Բիլբոն, սակայն Գոլլումը խոստումը չի պահում, ուզում է վերցնել իր ծննդյան նվերը՝ անտեսանելի դարձնող մատանին, որը, պարզվում է, պատահաբար գտել էր Բիլբոն և դրել գրպանը: Հասկանալով մատանու ուժը՝ հոբիտն ազատվում է թե´ Գոլլումից, թե´ ժայռի ետնամուտքը հսկող գոբլիններից: Բացահայտելով, որ դուրս է եկել Մառախլապատ Լեռների մյուս երեսը՝ հայտնվում է հենց թզուկների մոտ: Այստեղ էլ նրանց շրջապատում են գայլերը, որոնց Վայրի Երկրում անվանում են վարգեր: Բարձրանում են ծառերը, որոնցից Հենդալֆը կոներ է վառում և այրում գայլերին: Գալիս են նաև գոբլինները. գայլերի հետ պիտի հարձակվեին գյուղի մարդկանց վրա: Օգնության է հասնում արծիվների Տիրակալը՝ տեղափոխելով նրանց Կարրոկ լեռան վրա, ուր խաղաղ գիշերում են: Ապա Հենդալֆը նրանց տանում է Ոմնի մոտ, ում անունը Բեորն է: Նա փոխում է մորթին՝ ներկայանալով մե´րթ արջի, մե´րթ վիթխարի սևահեր մարդու կերպարանքով: Խոսում է իր կենդանիների հետ, պահում է փեթակներ՝ սնվելով սերուցքով և մեղրով: Բեորնը գիշերը մյուս արջերի հետ հետախուզում է այրված անտառը՝ սպանելով մեկ գոբլին և վարգեր: Համոզվելով Հենդալֆի պատմության ճշմարտացիության մեջ՝ օգնում է նրանց՝ տրամադրելով պոնիներ և ձի Հենդալֆի համար, որոնց Սև Անտառ հասնելուն պես ետ պիտի ուղարկեն: Սև Անտառ հասնելով՝ Հենդալֆը վերադառնում է պոնիներով, իսկ մյուսները մենակ պետք է շարունակեն իրենց ճանապարհը, որը ևս լի է վտանգներով: Դժվարությամբ անցնում են սև լիճը, որի ջուրը մոռացության մեջ է գցում: Բոմբուրն ընկնում է ջուրը և քնում: Նրան գրկած են տանում, իսկ երբ արթնանում է, պատմում է իր անուշ երազների մասին, որոնք քիչ անց իրականանում են: Մութ անտառում թզուկները կրակներ են տեսնում: Դրանք անտառային էլֆերն են, որոնք քեֆ են անում: Մոտենում են, որ ուտելիք խնդրեն, բայց նրանք անհետանում են: Դա տեղի է ունենում երեք անգամ: Ապա խավար է տիրում, և հոբիտը մնում է մենակ: Սպանում է մի սարդի, հետո գտնում և ազատում թզուկներին, որոնց սարդերը կախել էին ծառերից՝ փաթաթելով սարդոստայնով: Տորինը, սակայն, գերի է ընկել էլֆերին, որոնց մոտ շուտով հայտնվում են նաև թզուկները: Հոբիտը մատանու շնորհիվ չի բռնվում և դարձյալ փրկում է ընկերներին՝ հերոսանալով նրանց աչքին: Բանտապահից գողանալով բանալիները, հանում է նրանց, տեղավորում դատարկ տակառների մեջ, որոնք էլֆերը նետում են ջուրը: Տակառները գետակով գնում, թափվում են Անտառային գետը, հասնում Երկար լիճը, որի վրա մարդիկ կառուցել են Լճաշեն քաղաքը. այդպես էլֆերի պալատ էին բերվում գինի և այլ ապրանքներ: Լճաշենում Տորինը ներկայանում է քաղաքագլխին որպես Սարատակի թագավոր, Տրորի թոռ, Տրեյնի որդի, ով վերադարձել է ետ գրավելու իր թագավորությունը, որ հնուց է գուշակված: Երկու շաբաթ անց ուղևորվում են դեպի Մենավոր Լեռը՝ տեսնելով Դեյլի ավերակները: Քարտեզի օգնությամբ գտնում են արահետը: Բիլբոն, տեսնելով կեռնեխին, հիշում է սեպագրերի խոսքերը, կանգնում է գորշ քարի կողքը: Ամպերի արանքից կարմիր ճառագայթ է դուրս գալիս, ընկնում ժայռի հարթ մակերեսին, և բացվում է Սարի խորքը տանող մուտքը: Հոբիտին հաջողվում է տեսնել Սմոգի սրտի հատվածը, որը խոցելի է: Վիշապը, հասկանալով, որ նրանց օգնել են Լճաշենի մարդիկ, գնում է ավերելու քաղաքը: Այդ ընթացքում հոբիտն ու թզուկները մտնում են ներս, տեսնում գանձերը: Բիլբոն գտնում է Արկենստոնը՝ ամենասքանչելի հսկայական ադամանդը, որը թզուկները ինչ-ինչ ժամանակներում գտել էին Սարատակում և անվանել Սարի Սիրտ, Տրեյնի Արկենստոն և պահում է: Վիշապը քարուքանդ է անում Լճաշենը՝ Էսգարոտը, բայց կեռնեխը հուշում է կապիտան Բերդին՝ ինչպես սպանել վիշապին: Բերդը նետահարում է սրտի ուղղությամբ, և Սմոգը մեռած ընկնում է ջուրը: Բերդը ծագումով Դեյլ քաղաքից է, այդ պատճառով էլ հասկանում է կեռնեխի լեզուն: Սակայն շուտով բոլորը իմանում են, որ գանձերն այլևս տիրակալ չունեն և շտապում են դեպի Սարը: Այս ամենի մասին թզուկներին տեղեկացնում է Ռոակ անունով ծեր արջնագռավը, որին բերում է կեռնեխը: Հոբիտը փորձում է կանխել մոտալուտ պատերազմը՝ գաղտնի գնալով էլֆերի մոտ և տալով նրանց Արկենստոնը, որը նրանք կարող են տալ Տորինին ոսկու դիմաց: Սակայն նրա պլանը չի գործում: Հայտնվում է նաև Հենդալֆը, խոսում Բիլբոյի հետ: Շուտով սկսում է կռիվը, բայց հանկարծ հայտնվում են գոբլինները՝ վարգերին հեծած: Այսպես սկսում է հինգ բանակների ճակատամարտը: Էլֆերը, մարդիկ և թզուկները միանում են ընդդեմ գոբլինների և վարգերի և հաղթում են: Տորինը, սակայն, մահանում է՝ գահը թողնելով հորեղբոր որդի Դեյնին, որ օգնության էր եկել զորքով: Նա հաշտվում է հոբիտի հետ, որին վտարել էր վերջում դավադրության համար: Բերդը Արկենստոնը դնում է նրա կրծքին, իսկ էլֆերի արքան գերեզմանի վրա դնում է Օրկրիստը՝ էլֆերի թուրը, որ խլել էին նրանից գերության մեջ: Կիլին և Ֆիլին ևս զոհվում են: Բիլբոն վերադառնում է Հենդալֆի, էլֆերի և Բեորնի հետ նույն ճանապարհով, որով գնացել էր: Նրա ազգականները այդ ընթացքում փորձում էին վաճառել նրա գույքը՝ կարծելով, թե նա ողջ չէ: Հոբիտը իր իրերը ետ է գնում, նվերներ տալիս բոլորին իր հետ բերած ոսկիներից ու արծաթից: Երբեմն նրան այցելում են թզուկներն ու Հենդալֆը, ինքն էլ՝ էլֆերին: Այժմ էլ նստած է Հենդալֆի և Բալինի հետ՝ ծխելով իր հիանալի ծխախոտը և հիշելով իր արկածը:

Տես նաև Անտուան դը Սենտ-Էքզյուպերի Փոքրիկ իշխանը, Էռնստ Հոֆման Ոսկե կճուճ, Գաճաճ Ցախես՝ անվանյալ Ցիննոբեր
Ջոն Ռոլանդ Ռուել Տոլկին | Հոբիտ | համառոտ Ջոն Ռոլանդ Ռուել Տոլկին | Հոբիտ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 20:52:00 Rating: 5
Технологии Blogger.