Կոստան Զարյան | Տատրագոմի հարսը | համառոտ




Պոեմը բաղկացած է 5 մասից։ Սանային վաղ տարիքում իր կամքին հակառակ ամուսնացնում են տատրագոմցի Հովանի հետ։ Հարսանիքի ժամանակ լուր է հասնում, որ թուրքերը հարձակվել են հարևան գյուղի վրա. «Աղջիկ են տանում, տավար ու նախիր. դիրքեր բռնեցեք»։ Հովանն անհապաղ միանում է գյուղի պաշտպաններին։
Հաջորդ աշնանը՝ բերքահավաքից հետո, գյուղ են գալիս շեյխի ուղարկած հարկահավաքները և պահանջում են բերքը դիզել ու տանել շեյխին։ Հովանը դժկամ հեռանում է. «Մինչև ե՞րբ պիտի ծռենք մեր վիզը տավարի նման... Բա նամուս չունի՞նք...»: Հարկահավաքները, որ ողջ գիշեր քեֆ են արել գյուղում, առավոտյան հեռանում են՝ տանելով բարձած սայլերն ու տավարը։ Իսկ Հովանը, առանց կնոջը հրաժեշտ տալու, գնում է քահանայի մոտ, հաղորդություն ստանում ու խնդրում, որ հարկ եղած դեպքում օգնեն Սանային. «Սանան չմոռնաք... ինձ համար ընդմիշտ աշխարհ վերջացավ...  հայդուկն իր կնոջ հոգալ չի կարող, թող ժողովուրդը հսկե, մտածե...»:
Ֆեդայիների խումբը շրջում է Սասունի լեռներում։ Խմբի առջևից քայլում է Մակար ծերունին, նրան հետևում են Սեյտոն, Ռուբենը, Մանուկ Շենըկին, գունաթափ Չոլոն, կռվազան Ախոն, Հարոն, Զավենը և Հովանը։ Վերջինս հաճախ է հիշում կնոջը, սակայն նրա մասին մտածելն անգամ ուխտադրժություն է համարում։
Մի կռվի ժամանակ ֆեդայիները, բազմաթիվ թուրքեր կոտորելով, հեռանում են սարերը։ Զոհվում է միայն Մակար ծերունին։
«Ի՞նչ է Սանան,- ֆեդայու կին, ընդմիշտ մեկնած ողջ մի մարդու դժբախտ այրի, գյուղի ճնշիչ նայվածքի տակ, քայլող մի շուք` մենակություն և հիշատակ»։
Սանան շարունակում է սպասել ամուսնուն և ամեն անցորդի հարցնում, թե լուր չկա արդյոք ֆեդայի Հովանից: Սակայն ոչ ոք ոչինչ չգիտի։ Տարիներ են անցնում, Սանան այևս ոչ ոքի չի հարցնում ամուսնու մասին, ոչ ոք նրա հետ չի խոսում: «Բայց ֆեդայու կնոջ հանդեպ ո՞վ կարող էր նայվածքով իսկ մեղանչել։ Ո՞վ կարող էր հետը խոսել կամ աչքերի միջից քաղել բոց մի դալուկ... գյուղի պատիվ ու հիշատակ շատ սրբագին»:
6 տարի է անցել Հովանի հեռանալուց հետո։ Մի անգամ Սանան միայնակ շրջում է անտառում։ Նրա երգը լսում է մի քուրդ երիտասարդ, որը փախցնում է Սանային։
Գյուղում սուգ ու ցասում է, կանայք անիծում են Սանային, տղամարդիկ մտածում են, թե ինչպես մաքրեն իրենց գյուղի պատիվը, իսկ Սանան երջանիկ է քուրդ երիտասարդի հետ։ Տատրագոմցիները լուր են ուղարկում ֆեդայիներին, որոնք գտնում են քրդին, սպանում են նրան ու տանում Սանային։ Ֆեդայիները Հովանին ստիպում են սպանել Սանային: Ֆեդային կատարում է նրանց պահանջը, որից հետո նետում է արյունոտ սուրն ու խելագարված փախչում է սարերը։

Տես նաև Դերենիկ Դեմիրճյան Վարդանանք, Մուրացան Գևորգ Մարզպետունի և Ֆրանց Վերֆել Մուսա լեռան քառասուն օրը

Կոստան Զարյան | Տատրագոմի հարսը | համառոտ Կոստան Զարյան | Տատրագոմի հարսը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 5:46:00 Rating: 5
Технологии Blogger.