Ֆրանց Վերֆել | Մուսա լեռան քառասուն օրը | համառոտ



Գաբրիել Բագրատյանը՝ հարուստ ծնողների որդին, որը փայլուն կրթություն է ստացել Եվրոպայում, եղել է թրքական բանակի սպա և ունի քաջության պարգևներ Բալկանյան պատերազմին մասնակցելու համար, իր ֆրանսուհի կնոջ և որդու հետ վերադառնում է Փարիզից մահացած եղբոր կալվածքը Թուրքիայում՝ Մուսա լեռան ստորոտում: Նա ունի ամեն բան՝ դրամ, հարգանք հասարակության մեջ. ընտանեկան երջանկություն…
Բայց այդ աշխարհը փլուզվում է անկանխատեսելի իրողությունների ճնշման տակ:
1915թ. հուլիսի 13-ին Կիլիկիայի Սուեդիայի շրջանի հայկական գյուղերում տների պատերին հայտարարություն էր փակցված, որով կարգադրվում էր պատրաստ լինել ութ օրից ուղևորվելու Միջագետք` Դեր-Զորի անապատ, ուր իբրև թե պետք է վերաբնակեցվեր ոչ մուսուլմանական ազգաբնակչությունը։ Թուրքական կառավարության ղեկավարներից մեկը՝ Էնվեր փաշան, խաբեությամբ զինաթափում է հայերին և նրանց օրենքից դուրս հայտարարելով՝ սկսում է հայերի նախապես մշակված ու հետևողական   բնաջնջումը: Ի պատասխան թուրքական կառավարության հրամանի` Մուսա լեռան և հարակից հինգ գյուղերի բնակիչները որոշում են Մուսա լեռան գագաթին կազմակերպել պաշտպանություն։ Տղամարդիկ ու կանայք, ծերունիներն ու երեխաները, թողնելով իրենց տները, բարձրանում են լեռը` վերցնելով միայն հրազեն, վառոդ, փամփուշտ, կերակուր և ջուր։ Հարձակվող թշնամու կանոնավոր զորքը պարտություն է կրում, և դրանից գազազած թուրքական հրամանատարությունը զենքի է կոչում մերձակա գյուղերի ողջ մուսուլմանական բնակչությանը։  
Գաբրիել Բագրատյանին լքում է եվրոպական կոսմոպոլիտիզմի փոշին և նա ասես ինքնաբերաբար գլխավորում է հայկական ինքնապաշտպանության ուժերը: Նա գիտի ռազմական արհեստը: Հավաքում է մոտակա բնակավայրերի հայկական բնակչությանը և տանում է Մուսա լեռ:
Իր համախոհների հետ զենք է գտնում և կազմակերպում է պաշտապանությունը ֆորտիֆիկացիայի կանոնների համաձայն: Չի էլ նկատում, թե ինչպես է դառնում Լեոնիդաս, իսկ Մուսա լեռը՝ Թերմոպիլե:
Ողջ Թուրքիայով մեկ տեղի է ունենում հայերի ջարդ: Նրանց թալանում են և բռնի տեղահան անում՝ քշելով անապատները, որտեղ նրանք մեռնում են:
Ողջ Թուրքիայով մեկ հայերի ջարդ է, բայց կանգնած է Մուսա լեռը՝ հայկական խիզախության ամրոցը: Պաշտպանները հաջողությամբ ետ են շպրտում Թալյաթի կանոնավոր գումարտակների հարձակումները: Արնաքամ է լինում, բայց կանգուն է Մուսա լեռը: Ուրիշ ելք չկա:
Քառասուն օր կագնած է Մուսա լեռը՝ առանց հացի ու վառոդի:
Ցամաքի կողմից կտրելով մուսալեռցիներին արտաքին աշխարհից` թուրքերը որոշում են սովամահ անել նրանց. մյուս կողմից զառիթափն է և ծովը։ Հայերը սկսում են փրկություն փնտրել ծովի կողմից։ Դիմադրության 53-րդ օրը` 1915թ. սեպտեմբերի 12-ին, կիրակի առավոտյան երևում է ֆրանսիական «Գիշեն» ռազմանավը։ Լողալով նավին են մոտենում մի քանի մուսալեռցիներ։ Նավապետը Էսկադրայի հրամանատարին հաղորդում է հայերի օգնության խնդրանքը։ Շուտով ափին է մոտենում «Ժաննա դԱրկ» ռազմանավը` ուրիշ պահականավերի ուղեկցությամբ։ Մուսա լեռան ապստամբներն իրենց ընտանիքներով` ընդհանուր թվով 4058 մարդ, նավ են բարձրանում ու փրկվում։

Տես նաև Րաֆֆի Սամվել, Դերենիկ Դեմիրճյան Վարդանանք և Եղիշե Վարդանի և Հայոց Պատերազմի մասին
Ֆրանց Վերֆել | Մուսա լեռան քառասուն օրը | համառոտ Ֆրանց Վերֆել | Մուսա լեռան քառասուն օրը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 14, 2015 Rating: 5
Технологии Blogger.