Վարդգես Պետրոսյան | Վերջին ուսուցիչը | համառոտ



Գարնանային սովորական մի օր Մովսես Խորենացու անվան դպրոցում արտասովոր դեպք է տեղի ունենում: Երբ քիմիայի ուսուցչուհին մտնում է 10-րդ «բ» դասարան, տեսնում է, որ հինգ տղա և մի աղջիկ տաքացած պարում են: Ընդ որում աղջիկը կիսամերկ է։

Նույն այդ ժամանակ նշված դպրոցում աշխատանքի է տեղավորվում գրականության ուսուցիչ Վահան Մամյանը։ Նա փոխարինում է 10-րդ «բ» դասարանի դասղեկ Արամ Սանոյանին, ով դրանից երկու շաբաթ առաջ հանկարծամահ է եղել, և պիտի կատարի նրա պարտականությունները։ Առաջին անգամ 10-րդ «բ» դասարանում Մամյանը պատմում է, թե ինչպես իրենք` ընկերներով, պատերազմի վերջին, գարնան մի ամբողջ գիշեր կարդացին «Մանոն Լեսկոն», իսկ այնուհետև երեխաներին խորհուրդ է տալիս, որ յուրաքանչյուրն իր էության ինչ-որ մասով ապրի հեքիաթում։ Աշակերտները զարմացած են, որովհետև դպրոցն ամբողջությամբ ապրում է իրենց դասարանի հանած աղմուկով, իսկ Մամյանը այդ մասին անգամ բառ չի ասում։
Թաղծոտ աչքերով մի աղջիկ ասում է. «Դուք մեր վերջին ուսուցիչն եք»։ Մամյանը պատասխանում է, որ վերջին ուսուցիչ չի լինում։ Չնայած ամեն բանի, Մամյանը շատ կարճ ժամանակում կարողանում է լեզու գտնել երեխաների հետ և ճանաչել նրանց։ Տարեվերջին ողջ դասարանը գնում է Զանգվի ձոր։ Նստում են բարձր քարաժայռին, և Մամյանն ասում է, որ նույն այդ քարաժայռին 30 տարի առաջ իրենք են հավաքվել տղաներով և այրել են իրենց սիրած աղջիկների անունները։
«Մենք վախենում էինք, որ կարող ենք երկուսով մի աղջկա սիրել և այդ դեպքում կկորցնենք մեր ընկերությունը: Երեխայություն էր, իհարկե, այդպես մենք կորցրինք մեր աղջիկներին: Հետո եղավ, որ իրար էլ կորցրինք, բայց երևի մի մեծ բան գտանք»։
Քննություններից հետո Մամյանն առաջարկում է, որ ամեն մեկը մի թղթի վրա գրի, թե ինչ դառնություն է կրել իր ընկերներից կամ ուսուցիչներից։ Հետո հավաքում է թղթերը և ոչինչ չկարդալով այրում է դրանք։ Մամյանն ասում է.
«Կարողացեք մոռանալ, եթե դառնացրել եք իրար»։
Աշակերտները նայում են իրար, նայում են իրենց 10 տարիների վերջին ուսուցչին։ Նրանք խոստովանում են, որ որոշել են տապալել քննությունները և մնալ նույն դասարանում։

Տես նաև Նար-Դոս Պայքար, Շահան Շահնուր Նահանջ առանց երգի և Խաչատուր Աբովյան Թուրքի աղջիկը

Վարդգես Պետրոսյան | Վերջին ուսուցիչը | համառոտ Վարդգես Պետրոսյան | Վերջին ուսուցիչը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on августа 04, 2015 Rating: 5
Технологии Blogger.