.jpg)
Պատմությունը գրված է առաջին դեմքով ասպետ դը Գրիյոյի անունից:
Տասնյոթ տարեկան հասակում նա ավարտում է փիլիսոփայական գիտությունների դասընթացն Ամյենում:
Հերոսը ազնվատոհմիկ է, օժտված ու գեղեցիկ: Հեշտությամբ ընկերներ է ձեռք բերում, որոնց
թվում է նրանից մի քանի տարով ավագ Տիբերժը: Վերջինս, քանի որ չունի շատ բարձր ծագում,
ստիպված է ձեռնադրվել, որպեսզի կարողանա շարունակել աստվածաբանական ուսումը: Դը Գրիյոն
հանձնել է քննությունները և պատրաստվում է վերադառնալ հոր մոտ, որպեսզի շարունակի ուսումը
ակադեմիայում: Սակայն ամեն բան դասավորվում է այլկերպ: Հերոսը հանդիպում է փողոցում
չքնաղ անծանոթուհուն և զրուցում նրա հետ: Պարզվում է, ծնողները ուզում են տանել աղջկան
մենաստան՝ սանձելու համար վայելքների հանդեպ սրա տենչը: Դը Գրիյոն առաջարկում է իր
օգնությունը: Երիտասարդները որոշում են փախչել: Պետք է ազատել Մանոն Լեսկոյին (այդպես
է աղջկա անունը) հսկող մարդուց և ուղևորվել Փարիզ, որտեղ նրանց կամուսնացնեն: Տիբերժը
փորձում է ետ պահել ընկերոջն այդ քայլից, սակայն արդեն ուշ է. դը Գրիյոն ընդունել
է անշրջելի որոշում: Առավոտյան կառքով նրանք հեռանում են Սեն Դենի, որտեղ ամուսնանում
են շրջանցելով եկեղեցին և ծեսը:
Վարձում են թանկ բնակարաններ և դը Գրիյոն մոռանում է այն
մասին, որ նրան անհամբեր սպասում է հայրը: Մի օր ժամանակից շուտ վերադառնալով հյուրանոց՝
նա իմանում է, որ Մանոնը դավաճանել է իրեն: Հայտնի կապալառու պ-ն Բ.-ն առաջին անգամ
չէ նրա բացակայությամբ այցելում աղջկան: Դժվարությամբ ուշքի գալով՝ տղան բացում է դուռը,
որը թակում են և ընկնում է իր հոր ծառաների ձեռքը: Սրանց հրամայված է արագ տուն հասցնել
տղային: Տանը նա իմանում է հորից, որ նրա գտնվելու վայրը մատնել էր հենց կապալառուն:
Կորցնում է գիտակցությունը, իսկ երբ ուշքի է գալիս, խնդրում է հորը բաց թողնել իրեն
Փարիզ: Հնարավոր չէ, որ Մանոնը իր սիրտը հանձնած լինի ուրիշին: Հայրը վեց ամիս պահում
է որդուն խիստ հսկողության տակ և տալիս է գրքեր, որոնց ընթերցումը պիտի օգնի նրան դուրս
գալ մոլեգին վիճակից: Դը Գրիյոյի մեջ հաջորդաբար իրար են փոխում սերն ու ատելությունը:
Նրան այցելում է Տիբերժը և առաջարկում է ձեռնադրվել
և վերջ տալ երկրային կյանքի հետ կապված տվայտանքներին: Ընկերները մեկնում են Փարիզ,
որտեղ դը Գրիյոն ուսումնասիրում է աստվածաբանություն: Նա մնում է այստեղ մի տարի և
հոգևոր մեծ ջանքերի շնորհիվ նրան հաջողվում է չհետաքրքրվել և չփնտրել Մանոնին: Սակայն
Սորբոնում փայլուն հանձնած վերջին քննությունից հետո աղջիկը հանկարծ այցելում է նրան:
Խնդրում է ներել իրեն և վերադարձնել սերը, առանց որի կյանքը զուրկ է իմաստից: Երդումները
և զղջման խոսքերը շարժում է են դը Գրիյոյի սիրտը և նա մոռանում է իր նախագծերը:
Նրանք մեկնում են Փարիզից և հաստատվում են Շայո կոչվող մի
գյուղակում: Մեկ և կես տարվա ընթացքում Մանոնին հաջողվել է վաթսուն հազար ֆրանկ դուրս
քաշել կապալառու պ-ն Բ.-ից, այնպես որ նրանք կարող են հանգիստ ապրել մի քանի տարի:
Սակայն գալիս է աղետը: Շայոյի տունը այրվում է և ոչնչանում է փոքրիկ արկղը, որի մեջ
Մանոնը պահում էր դրամը: Սակայն դրամի բացակայությունը միակ փորձությունը չէ: Մանոնը
սովոր չէ ապրել զրկանքների և դժվարությունների մեջ: Դը Գրիյոն թաքցնում է աղջկանից
դրամի կորուստը և որոշ ժամանակով փող է պարտք վերցնում Տիբերժից:
Մանոնը ծանոթացնում է դը Գրիյոյին իր եղբոր հետ, որն առաջարկում
է ասպետին իր բախտը փորձել խաղասեղանի առաջ: Դրամի կարիքը ստիպում է նրան ոչ միայն
համաձայնել, այլև յուրացնել անազնիվ խաղի հնարները: Ճարպկությունը այնքան արագ է ավելացնում
նրա կորողությունը, որ շուտով վարձում է նոր շքեղ բնակարան և սկսվում է անհոգ ու ցոփ
կյանքը: Ընկերոջն այցելող Տիբերժը փորձում է զգուշացնել ընկերոջը, որ նման կյանքը հղի
է նոր վտանգներով և որ անազնիվ եղանակով վաստակածը հեշտությամբ կկորչի: Այս քարոզները
անհիմն չեն: Տան ծառաները կողոպտում են իրենց տերերին և դը Գրիյոն Մանոնի հետ դարձյալ
հայտնվում են կարիքի մեջ: Մանոնի եղբայրն անում է սարսափելի առաջարկություն: Նա պատմում
է մի ծեր ցանկասերի մասին և ավելացնում, որ Մանոնը կարող է անցնել նրա խնամակալության
տակ: Սակայն խորամանկ Մանոնը ուրիշ նախագիծ ունի: Ծերուկն ընթրիքի է հրավիրում աղջկան
և խոստանում է տարեկան ապրուստի համար անհրաժեշտ միջոցների կեսը: Մանոնը հարցնում է,
թե չի կարող արդյոք ընթրիքին հրավիրել նաև իր եղբորը (դը Գրիյոյին) և ստանալով թույլտվություն,
ցնծում է: Երբ երեկոյան նախապես գումարը փոխանցելուց հետո ծերուկը խոսում է իր սիրային
անհամբերության մասին, աղջիկն ու տղան չքվում են: Ցանկասեր ծերուկը հասկանում է, որ
իրեն հիմարացրել են և պահանջում է ձերբակալել թալանչիներին: Դը Գրիյոն հայտնվում է
Սեն-Լազար բանտում, որտեղ սարսափելիորեն տառապում է ստորացումից: Մանոնի բացակայությունը,
անհանգստությունը, նրան այլևս երբեք չտեսնելու վախը հետագայում դառնում է բանտարկյալ
դը Գրիյոյի մտորումների առանցքը: Երբ նա իմանում է, որ իր սիրելին անբարո կանաց ապաստանում
է, ընկնում է ցասման մեջ և որոշում է փախչել բանտից: Մանոնի եղբոր օգնությամբ հերոսը
հայտնվում է ազատության մեջ և սկսում է սիրելիին ազատելու հնարներ մոգոնել: Ձևանալով
օտարերկրացի նա ապաստանի պահակին հարց ու փորձ է անում այդտեղի կարգերի մասին, ինչպես
նաև խնդրում է բնութագրել կառավարիչներին: Իմանալով, որ պահակն ունի մեծահասակ որդի՝
Գրիյոն հանդիպում է նրա հետ և հուսալով, որ սա կարող է իրեն օգտակար լինել՝ պատմում
է իր և Մանոնի հարաբերությունների մասին: Պ-ն դը Տ-ն զգացված է անծանոթի պատմությունից
և խոստանում է տեսակցություն աղջկա հետ: Ի վերջո ասպետը կազմակերպում է Մանոնի փախուստը,
իսկ պահակը դառնում է նրա ծառան:
Նույն գիշերը սպանվում է Մանոնի եղբայրը: Սա վիճել էր խաղասեղանի
շուրջ խաղընկերներից մեկի հետ, որը հաշվեհարդար է տեսնում նրա հետ: Երիտասարդները գալիս
են Շայո: Դը Գրիյոն նորից դրամական միջոցների հարցը լուծելու խնդրի առաջ է, թեպետ ցույց
չի տալիս իր մտահոգությունը Մանոնին: Նորից գալիս է Փարիզ և փող է խնդրում Տիբերժից:
Այնուհետև այցելում է պ-ն Տ.-ին, որի հետ բարեկամանում է և վերջինս անգամ այցելում
է երիտասարդ զույգին:
Մի օր Շայո է գալիս պ-ն Գ.Մ.-ն՝ ծեր ցանկասերի որդին: Երբ
դը Գրիյոն տանում է ձեռքը դեպի սուսերը, պ-ն Տ-ն հավատացնում է, որ սա ազնիվ երիտասարդ
է: Հետագայում դը Գրիյոն համոզվում է հակառակի մեջ: Պ-ն Գ. Մ. –ն սկսում է համոզել
Մանոնին թողնել Գրիյոյին և ապրել իր հետ ճոխ ու հարուստ: Մանոնը համոզվում է և տեղափոխվում
է նրա մոտ: Պ-ն Տ.-ն՝ ցնցված սկսում է դրդել դը Գրիյոյին վրեժ լուծել: Ասպետը խնդրում
է գվարդիականներին ձերբակալել Գ.Մ.-ին, իսկ ինքը վայելքների է տրվում Մանոնի հետ: Սակայն
տան ծառան ամեն բան հայտնում է ավագ Գ.Մ.-ին: Սա նորից դիմում է ոստիկանություն և սիրահարները
հայտնվում են բանտում: Գրիյոյի հայրը կարողանում է ազատել որդուն, իսկ Մանոնին սպասում
է կա´մ ցմահ բանտարկություն, կա´մ արտաքսում Ամերիկա: Գրիյոն խնդրում է հորը օգնել
ազատելու Մանոնին և ստանում է մերժում: Նա ստիպված է ուղևորվել Մանոնի հետ Նոր Օրլեան:
Կյանքը գաղութում ծանր է: Բայց միայն այստեղ են հերոսները հոգեկան հանգստություն գտնում
և ուղղում իրենց հայացքը կրոնին: Որոշում են ամուսնանալ և ներկայանում են նահանգապետին:
Սակայն նահանգապետը մտադիր է ամուսնացնել Մանոնին իր ազգականի հետ, որը վաղուց հավանում
է նրան: Դը Գրիյոն մենամարտում վիրավորում է մրցակցին և փախչում է քաղաքից: Մանոնը
հետևում է նրան: Ճանապարհին աղջիկը հիվանդանում է: Վիճակը գնալով ծանրանում է: Իր վերջին
պահին նա ասում է, որ սիրում է դը Գրիյոյին:
Տես նաև Դիդրո Միանձնուհին, Լըսաժ Կաղ սատանան և Ռուսո Յուլիա, կամ նոր Էլոիզ
Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Աբբա Պրևո | Մանոն Լեսկոյի և ասպետ դը Գրիյոյի պատմությունը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
февраля 26, 2015
Rating:
.jpg)