Րաֆֆի | Դավիթ Բեկ | համառոտ



Ռուսների տիրելուց առաջ Հայաստանն իր մեջ զանազան, միմյանցից անկախ խանություններ էր պարունակում, որոնցից նշանավոր էին Ղարաբաղի, Գանձակի, Շամախու, Երևանի և Նախիջևանի խանությունները: 1722 թ. լեզգիների ահագին բազմություն արշավանք է գործում դեպի Աղվանից և Սյունյաց երկրները: Վրա է հասնում Գուգարացոց Հովհաննես իշխանը՝ հարձակվելով լեզգիների վրա: Թեև հաջողվում է մաքրել երկիրը ավազակներից, բայց նրանք թողնում են բարբարոսության սարսափելի հետքեր: Մի երիտասարդ չի մոռանում այս անգթությունները: Չորս կողմը տեսնում է հոգեկան և բարոյական խորին դատարկություն: Նա Գենվազի իշխան Ստեփաննոս Վարթանեսյանն է՝ Շահումյան տնից: Զրկված հայրենական ամրոցից, սիրտը լի վրեժխնդրության դառնությամբ՝ իր երկու ծառաների հետ ծպտյալ կերպով թափառում է Սյունյաց աշխարհում, հայոց մելիքներին հորդորում միաբանվել և ընդհանուր ապստամբությամբ թոթափել խաների ծանր լուծը, բայց ամեն տեղ գտնում է սառը անտարբերություն և արհամարհանք: Արևելյան Պարսկաստանն ընկել է ավղանների իշխանության ներքո և պարսից Հայաստանում համարյա անիշխանություն է տիրում: Բոլոր հանգամանքները հաջողություն են խոստանում: Պարսից և թուրքաց արքունիքները սարսափելի խռովության մեջ են: Ստեփաննոսն իր երկու ծառաների՝ Աղասու և Ջումշուդի հետ գնում է հրեա ոսկերիչ Հարունի տուն և նրան պատվիրում շինել թվով մոտ 40 կնիքներ՝ եպիսկոպոսների, քահանաների, իշխանների, մելիքների, տանուտերերի հայերեն կամ պարսկերեն տառերով: Հրեան մեծ գումարի դիմաց համաձայնում է կեղծել դրանք:
15 տարի առաջ: Փայտակարանի Բարգյուշատ գավառի Ֆաթալի խանը ամառը անցկացնում է Փայտակարանի հովասուն լեռների վրա: Գիշերը կանանոցի չադրներից ծածուկ դուրս են գալիս երկու հոգի՝ խանի կանանցից մեկը՝ Սյուրին, և կանանոցի ներքինապետ Ահմեդը, երկուսն էլ ազգությամբ հայ, և գնում դեպի լեռան այն մասը, ուր մի ահագին խոռոչ կա՝ ոչխարների համար փոթորկի ժամանակ պատսպարվելու ստորգետնյա զնդան, ուր այժմ գտնվում են բազմաթիվ հայ գերիներ: Տիկինը փոխում է վիրավորների փաթոթները և սպեղանի դնում: Նրանցից մեկը Ստեփաննոսն է՝ Սյուրիի սիրեցյալը, թեև տղան նրան չի ճանաչում: Խոստանում է, որ կբուժի նրա բոլոր ցավերը: Գիշերը Սյուրիին փորձում է խեղդել մի խափշիկ, բայց աղախնի ձայնը խանգարում է, և նա կտրում է միայն մի քանի հյուսեր ծամերից: Կանանոցում լուր է տարածվում, թե դա կազմակերպել է խանի հարեմի թագուհին՝ Զեյնաբը, որը կորցրել է իր նշանակությունը Սյուրիի՝ խանի հարեմը մտնելուց հետո: Սյուրին Տաթևի Դավիթ ուրացողի դուստրն է: Առաջվա անունը Մարիամ է: Հայրը նրան ծախել է Տաթևի մելիքությունը ստանալու համար: Հույս ունի աղջկա միջոցով կարգավորել իր հարցերը, սակայն Սյուրին, հակառակը, միշտ խափանում է դավաճան հոր ծրագրերը: Այժմ էլ Կարմիր վանքի կամ Երիցվանիկ ավանի մելիք Ֆրանգյուլի հետ դիտավորություն ունեն Գենվազի և Բարգյուշատի մելիքությունները իրենց ձեռքը գցել: Մինչ այդ խանին գրգռեցին Գենվազի իշխան մելիք Վարթանեսի դեմ, որն ընկավ կռվի մեջ: Այդ տոհմից ազատվեց միայն նրա որդին՝ միակ ժառանգը՝ Ստեփաննոսը, ով գերի ընկավ խանի զորքերի ձեռքը և ում ամեն օր ծածուկ այցելում է Սյուրին: Գենվազն այժմ խանի ձեռքին է, և քանի որ խաները սովորաբար հայոց գավառները հանձնում են հայ մելիքներին՝ փոխարենը տարեկան հարկ ստանալով, Դավիթն ու Ֆրանգյուլն ուզում են, որ Ստեփաննոսը մեռնի: Դրա համար պետք է տապալեն Թորոս իշխանի՝ Ստեփաննոսի քեռու գործը, ով գալիս է գնելու գերիներին և ազատելու նրանց: Նրանք խաբում են խանին, թե իբր Վարթանեսի գանձերը Թորոսի մոտ են, պետք է մեծ փրկագին պահանջել, իսկ իրական նպատակն է, որ Թորոսը չկարողանա գնել պատանդներին, և նրանք մեռնեն բանտում: Սյուրին խանգարում է նրանց՝ խանին խնդրելով վաճառել գերիներին: Այսպիսով Ստեփաննոսն ազատվում է: Սակայն, Ֆրանգյուլը, հասկանալով, որ Սյուրին առանձնապես չի աջակցում հորը, փորձում է ինքը գլուխ բերել իր գործը՝ գնալով իմամի մոտ: Ծանոթ լինելով պարսկական գրականությանը՝ Ֆրանգյուլը կարողանում է իմամին գայթակղել իր հնարած երազով Մուհամմեդի այգու մասին, և նրա միջոցով, քանի որ իմամը պաշտելի էր բոլորի կողմից, ազդել խանի վրա: Իմամը առավոտյան կատարելու է թլփատության խորհուրդը, թեև Ֆրանգյուլն արդեն մեկ անգամ ընդունել էր մահմեդականություն, երբ գերի էր Պարսկաստանում՝ Սպահան քաղաքում: Իմամը այս ամենից տեղյակ չէ, բայց Ֆրանգյուլին ճանաչում է դերվիշը, որն այդ ժամանակ իմամի մոտ էր, և լուրը փոխանցում է Ահմեդին: Դավիթ ուրացողի համար Գենվազի և Բարգյուշատի մելիքությունների մասին մտածելն անգամ անիմաստ է դառնում: Մելիք Դավիթի անգթությունները գազանության են հասնում: Տաթևացի մի ընտանիք հրդեհում է ինքն իրեն հրապարակավ հարկերի ծանրության պատճառով: Ընտանիքից մի տղա փրկվում է Ահմեդի շնորհիվ: Նա պահում է տղային, բայց շուտով խանը հանդիմանում է նրան, որ քրիստոնյա է պահում իր վրանում: Ստիպված է ծածուկ հեռացնել տղային Հայաստանից: Սյուրին հանդիպում է նրան, զրուցում, խորհուրդներ ու ոսկի տալիս: Տղայի անունը Դավիթ է: Նա ուխտ է անում կռվել անարդարության դեմ: Ահմեդը նվիրում է նրան Սյունյաց աշխարհից մի հզոր թագավորի թուր: Նա գնում է Վրաստան: Այստեղ նրան հոգաբարձու և խնամակալ է դառնալու հայազգի Օրբելյան իշխանը, սակայն իշխանը Դավիթի հասնելուց մեկ շաբաթ առաջ մահանում է: Տղան անհարմար է համարում բեռ լինել օտար ընտանիքի վրա և հեռանում է: Սկզբում ապրում է Սյուրիի տված ոսկիներով՝ ապրելով մի հայ մանրավաճառի տանը, որը հետո դուրս է հանում նրան: Թափառում է սարերի վրա: Պատահաբար տեսնում է մի խումբ կանանց: Մի փոքրիկ աղջիկ մոտենում է Դավիթին և նրան կաթ է տալիս, ծիծաղում ու հեռանում: Դավիթը որոշում է գտնել նրան և հանդիպում է մի հովվի Սիկո անունով, որը, պարզվում է, մեծ պարոնի ոչխարների հովիվն է: Նա ճանաչում է աղջկան, դա մեծ պարոնի եղբոր աղջիկն է՝ Թամարը, որը որբ է և խորթ մոր հետ ապրում է պարոնի մոտ: Դավիթը դառնում է հովվի օգնականը: Նրանք Թամարի հետ հաճախ են հանդիպում: Դավիթը նրան ծաղիկներ ու զանազան պտուղներ է հավաքում: Կանանցից մեկը լսում է նրանց զրույցը, և Թամարին արգելում են գնալ սարերը: Զատիկից հետո Կանաչ կիրակի օրը, Կուր գետի ափի մոտ կատարվում է մի հանդիսավոր կրոնական տոնախմբություն: Այդ օրը Թամարը պատահաբար ընկնում է ջուրը, և Դավիթը նրան փրկում է: Մեծ պարոնը Դավիթին տալիս է թավադություն և դարձնում իր որդու ընկերը:
15 տարի անց: Դավիթը դարձել է հայտնի զորավար: Նա և Թամարը նշանված են: Ահա մի օր էլ Աղասին նրան երկու նամակ է բերում, որոնցում նկարագրվում է Հայաստանի վիճակը և խնդրում են նրան վերադառնալ հայրենիք: Նամակներից մեկի վրա բազմաթիվ կնիքներ են: Մյուսը գրել է նրա մանկության ընկերը՝ Ստեփաննոսը: Դավիթը որոշում է գնալ: Մեծ պարոնին ներկայացնում է, թե գնում է Էջմիածին ուխտագնացության, սակայն Թամարին ասում է ճշմարտությունը: Աղջիկն իր մտքում որոշում է գնալ Դավիթի հետևից: Դավիթ Բեկը գնում է 40 հայ տղամարդկանց՝ Մխիթար սպարապետի, Բայինդուր իշխանի և այլ քաջերի հետ: Ստեփաննոսը հայտնում է նրան իր սուտը՝ երկու նամակն էլ ինքն է գրել, կնիքները կեղծել է: Իրականում Հայաստանում որևէ պատրաստություն չկա: Բեկը սկզբում հուսահատվում է, բայց հետո փոխում է իր ծրագիրը: Նա 40 քաջերով հարձակվում է Կարաչոռլուների ցեղի վրա, հաղթություն գործում, ապա նրա կամավորները գրավում են Շընհերը, որն անձնատուր է լինում առանց կռիվի, հետո երկու օր կռվում են Ջվանշիրների հետ և հաղթում: Սրանք փախչում են, օգնության են հասնում Կուրթլար ավանի պարսիկները, բայց Բեկը նրանց դեմ ուղարկում է Մխիթար սպարապետին և հրամայում ոչնչացնել այն: Նա սարսափ է տարածում թշնամիների վրա, ինչը հաջողության ամենագլխավոր պայմանն է: Տաթևի վանահայր, Սյունյաց աշխարհի առաջնորդ Ներսես արքեպիսկոպոսը նամակներով հրավիրում է Սյունյաց աշխարհի նշանավոր իշխաններին և մելիքներին, որպեսզի Վարդանանց նահատակների հոգեհանգստի տոնին բոլորը ներկա լինեն և այդ խորհրդավոր օրում կնքվի և խորհրդավոր գործի ուխտը: Արարողությունից հետո՝ նույն օրը, Բեկի շուրջը հավաքվում են 6628 կամավոր զինվորներ: Նա որպես իր գործողությունների կենտրոն ընտրում է Տաթևի վանքը: Վանքի արծաթե զանազան իրերը, ընծայված հայոց թագավորների և այն նշանավոր անձանց կողմից, հալեցվում են, որպեսզի դրանց արծաթով հրացան գնեն: Բեկի մոտ են գալիս նաև կանայք՝ նվիրելով իրենց զարդերը և առաջարկելով իրենց օգնությունը: Դավիթ ուրացողը իր Շահ-կուլի անունով որդու հետ, որ ծնված էր պարսիկ կնոջից, հավաքում է զորքեր, որ թույլ չտա Բեկին մտնելու Տաթևի սահմանը: Բեկի զինվորները ջարդում են ուրացողի զինվորներին: Շահ-կուլին փախչում է և ապաստան գտնում մի աղքատ կնոջ շնաբնում: Գյուղացի կինը քնած ժամանակ սպանում է նրան՝ ճակատի մեջ խրելով թավլամեխը քուֆտա ծեծելու օթակով: Դավիթ ուրացողին բռնում են ճանապարհից և կալանավորում: Նա չի զղջում և նրան գլխատում են: Ստեփաննոս Շահումյանը, Խորեն հայր սուրբը և հալիձորցի Տեր Ավետիքը սափրիչի, նրա աշակերտի և հյուսնի հանդերձանքով գնում են դեպի Զեվու: Ճանապարհին սպանում են մի սուրհանդակի, որը նամակ էր տանում Ֆաթալի խանին բերդի պաշտպանության օգնություն խնդրելու համար, քանզի լուրեր էին տարածվել, թե Բեկը շուտով հարձակվելու է նրանց վրա, իսկ դրանից հետո Որոտնա բերդը, Ալթինջի բերդը, ուր նստած է Ֆաթալի խանը, հեշտությամբ կտիրի, ուստի խանը պարտավոր է օգնել նրանց: Ծպտյալ ուղևորները բերդ են մտնում Մելիք-Փարսադանի որդի Բալի զորավարի օգնությամբ, որը ներս է տանում նրանց՝ խանի ֆարրաշ կոչելով իրեն: Նրանք գաղտնի հանդիպում են տեղացի հայերին Սառա անունով մի կնոջ տան մառանում: Նա Խորենի սիրեցյալն է, ունեն փոքրիկ որդի Պետրոս անունով: Սակայն Սառան դավաճանել է Խորենին, ամուսնացել ուրիշի հետ, այժմ այրի է, զղջում է և խնդրում է Խորենին ներել իրեն: Խորենը դեռ սիրում է նրան, բայց չի կարող թողնել վանքը, որտեղ փորձել էր մոռանալ Սառային: Սառան միայն խնդրում է սիրել իրեն: Ինքն այդպես կփրկվի: Նա ելումուտ ունի Ասլամազ-կուլի խանի բերդ, գինի է տանում նրան, բացի այդ մտերիմ է նրա կանանցից մեկի՝ հույն Զուբեյիդա խանումի աղախին, ազգությամբ հայ Փարիշանի հետ և երբեմն բժշկական ծառայություններ է մատուցում երեխային, որը կոկորդի ուռուցք ուներ: Փարիշանը նախ կարողանում է Սառային փոխանցել զենքերի պահեստի բանալին, որով զինում են տեղացի հայերին, ապա հրդեհել բերդը: Մյուս կողմից Տեր Ավետիքը բերդի արևմտյան պարսպի տակից մի ական է փորել տալիս, որով Բայինդուր իշխանի գունդը մտնում է բերդը՝ բացելով դուռը Բեկի զորքերի համար: Մինչ այդ Բայինդուր իշխանի, Ավթանդիլ գնդապետի և Մելիք-Փարսադանի գնդերը ջարդել էին թուրքերի ամրացրած մի քանի դիրքեր և գրավել նրանց թնդանոթները: Այպիսով փրկվում են տեղացի հայերը, որոնց խանը գլխատելու էր առավոտյան: Փարիշանի խնդրանքով նրա տիրուհուն և որդուն ևս փախցնում են և փրկում: Խանը մտնում է իր գաղտնի պահեստը, որտեղ պահվում էին նրա գանձերը և վառոդը և պայթեցնում է Զեվուի բերդը իր և կանանոցի հետ միասին: Դավիթ Բեկին Սյունյաց աշխարհի պետերից չմիացան միայն երկու մարդ՝ Տաթևի մելիք Դավիթ ուրացողը և Արծվանիկի մելիք Ֆրանգյուլ ուրացողը: Սա որոշում է Ֆաթալի խանի հետ դավադրություն կազմակերպել ընդդեմ Դավիթի: Նա Տեր Հարութի հետ խաչի և Ավետարանի հետ նամակ է ուղարկում Թորոս իշխանին, թե իբր զղջացել է և խնդրում է իրեն ընդունեն իրենց շարքերը, ինքը կարող է օգնել իր երկու հազար զինվորներով: Հետո անձամբ է գալիս, քանի որ խանը բացահայտել էր այդ ամենը և հրամայել էր բռնել նրան: Թորոս իշխանը որոշում է նրան հնարավորություն տալ, թեև Շահումյանը, Մելիք-Փարսադանյանը և Մելիք Նուբարը դեմ էին: Դավադրության մասին պատահաբար տեղեկանում է դերվիշը և խանին խորհուրդ է տալիս հաշտվել՝ նրա համար կանխագուշակելով նախ հաղթություն, ապա մոտալուտ մահ: Սակայն խանը չի համաձայնվում: Դերվիշը դավադրության մասին հայտնում է Թորոսին, բայց սա չի հավատում: Ահմեդը դերվիշի օգնությամբ կազմակերպում է Սյուրիի և նրա դստեր՝ Ֆաթիմայի փախուստը: Պատերազմի ժամանակ Թորոս իշխանը զոհվում է: Սպանվում է խանի եղբայր Աղասին: Շահումյանին գերի են տանում, սակայն նրան ազատում է Ահմեդը, (բոլորը զբաղված էին վիրավոր խանով) և նույն օրը Շահումյանը սպանում է խանի մոտից վերադարձող Ֆրանգյուլին: Դերվիշի այրում նա հանդիմում է Սյուրիին և Ֆաթիմային: Ահմեդը ևս նրանց հետ է: Դերվիշը մնում է բռնակալի ամրոցի մոտ: Կապրի նրա քանդած ավերակների մեջգուցե մի անգամ ևս  հարկավոր լինի գործինմտնում է իր ճգնարանը:
Դավիթ Բեկը ուրիշ շատ հաղթություններ է գործում: Այժմ նա գործ ուներ օսմանցիների հետ: Վեց տարի միայն վարելով իր իշխանությունը՝ նա հիվանդանում է և մահանում 1728 թվին: Նրանից ժառանգ չի մնում: Նրա տեղ ընտրում են Մխիթար սպարապետին: Դավթի գործակից մյուս քաջերի մասին պատմությունը լռում է. հայտնի չէ՝ ուր գնացին, ինչ եղան:

Տես նաև Րաֆֆի Սամվել, Մուրացան Գևորգ Մարզպետունի և Դերենիկ Դեմիրճյան Վարդանանք
Րաֆֆի | Դավիթ Բեկ | համառոտ Րաֆֆի | Դավիթ Բեկ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on августа 15, 2015 Rating: 5
Технологии Blogger.