Րաֆֆի | Սամվել | համառոտ




Դեպքերը տեղի են ունենում Հայաստանում, IV դ. սկզբում, երբ Արշակ Երկրորդը գերի է պարսից արքա Շապուհի մոտ:
Սուրենը հասնում է Տարոն և գալիս է Մամիկոնյանների տոհմական դղյակը՝ Ողական: Գաղտնի հանդիպում է տիրոջ՝ Սամվելի հետ: Պատմում է, որ Արշակը գերի է ընկել և փակված է Անհուշ բերդում: Սամվելի հորեղբայր Վասակը նույնպես գերի է ընկել: Շապուհը զարմացել է, որ այդ ցածրահասակ մարդը կորող էր լինել հայոց սպարապետ: Վասակն ասել է, որ ցածրահասակ է պարսից հողի վրա, իսկ հայրենքում կարող է ոտքով ճզմել երկու սարերը՝ Շապուհին և Բյուզանդիայի կայսրին: Վասակին մորթազերծում են, խրտվիլակ սարքում նրանից և դնում Արշակի առաջ: Բացի այդ, Վահան Մամիկոնյանը և Մերուժան Արծրունին դավաճաններ են, որոնք պարսից զորքով շարժվում են Հայաստան: Սամվելը ցավում է: Մայրը՝ Տաճատուհին, չի ասել, որ հայրը դավաճան է: Գնում է Մուշեղի՝ Վասակի որդու մոտ, և ամեն բան պատմում, բացի հոր դաժան սպանությունից: 
Սամվելը գալիս է պարսից հագուստներ հագած մոր մոտ, որից իմանում է, որ հայրը գալիս է: Ձևացնում է, թե պատրաստ է ուրախությամբ դիմավորել վերադարձողներին: Ողական են գալիս Սահակ Պարթևը և Մեսրոպ Մաշտոցը: Սամվելի ծրագրերին Պարթևը հավանություն է տալիս: Խնջույքի ժամանակ Սամվելի մայրը՝ Տաճատուհին, ուզում է թունավորել Մուշեղին, սակայն ծառա Նվարդը, լսելով դրա մասին, ասում է Հուսիկին, իսկ սա՝ Մուշեղին: Վահանի երկրորդ կինը՝ Որմիզդուխտը, զգուշացնում է Սամվելին, որ պարսից զորքը մոտենում է Հայաստանին ոչ թե Տարոնի, այլ Ռշտունու կողմից, որտեղ գտնվում է տղայի սիրելին՝ Աշխենը:
Մի քանի օրից Սահակ Պարթևը հեռանում է, իսկ Սամվելը գնում է հորը ընդառաջ՝ ունենալով 40 մարդ և ևս 250 մարդ նրան տալիս է մայրը: Սրանց մոր լրտեսներ է համարում:
Պատմվում է Արշակ թագավորի մասին, որին Անհուշ բերդում այցելում է իր հավատարիմ ծառա Դրաստամատը: Սա փրկել էր Շապուհի կյանքը և Շապուհը թույլ էր տվել տեսնել Արշակին: 
Սամվելը և իր մարդիկ Ռշտունու մութ անտառներում են: Տեղացիների հետ ընդհարման արդյունքում հիմա ունի 48 մարդ: Շտապում է զգուշացնել Ռշտունի իշխանին պարսիկների հարձակման մասին, սակայն հասնելով տեղ՝ տեսնում է, որ ամրոցն արդեն պաշարված է և այրվում է: Սամվելը հանդիպում է Աշխենի հետ աղբյուրի մոտ. իմանում է, որ պարսիկները գերեվարել են աղջկա մորը՝ Համազասպուհուն: Ռշտունի իշխանը իր զորքով ընկնում է գերեվարիչների ետևից: Վահանը և Մերուժանը ամրանում են Վանում, երբ նրանց վրա հարձակվում է Ռշտունին: Վահանը Համազասպուհու եղբայրն է և նրան առաջարկում է զրադաշտություն ընդունել: Ստանում է մերժում: Երբ Ռշտունու զինվորները մտնում են Վան, Վահանը հրամայում է սպանել Համազասպուհուն: Նրա մերկ մարմինը կախում են ոտքերով վեր: Վան մտած Սամվելը համեմատում է հորը եղբայրասպան Կայենի հետ: Դրանից հետո Մերուժանը հեռանում է տուն՝ հարազատներին տեսնելու: Մայրը համոզում է հարսին չընդունել տուն դավաճան ամուսնուն: Նրան չեն ընդունում, և դավաճանը հեռանում է:
Հայաստան է գալիս նոր զորքով Շապուհը: Ավերում է քաղաքներ, այդ թվում Զարեհավանը և հետ է դառնում Տիզբոն: Ճանապարհին նրան գրոհում է Մուշեղի 20000 զինվորից բաղկացած գունդը: Մուշեղը գերի է վերցնում արքայի քրոջը՝ Որմիզդուխտին, սակայն ինքը արքան փախչում է: Գերիներին բերում է Արտագերս՝ թագուհու մոտ, որը գերիներին մորթազերծ է անում և կախում դիակները քաղաքի պատերից: Շապուհի հարեմը վերադարձվում է, իսկ Որմիզդուխտին հայոց թագուհին իր մոտ է պահում: Շապուհը հրամայում է Մուշեղի պատկերը փորագրել իր գավաթի վրա: Փառանձեմ թագունին սպարապետ է կարգում Մուշեղին և ուղարկում է Բյուզանդիա, իր որդուն՝ գահաժառանգ Պապին բերելու: Մերուժանը պաշարում է Արտագերսը, որը տևում է ամիսներ: Պարսիկները չեն կարողանում գրավել ամրոցը, սակայն համաճարակ է սկսվում, որը տանում է հազարավոր մարդկանց կյանքեր: Ի վերջո, գտնելով քաղաքում կենդանի մնացած թագուհուն և Որմիզդուխտին, պարսիկները տանում են նրանց Պարսկաստան:
Սամվելը և իր մարդիկ հասնում են Մերուժան Արծրունու զորքի ճամբարին: Սամվելը հանդիպում է հորը՝ Վահանին: Ոչինչ չկասկածելով՝ Վահանը ուրախությամբ է ընդունում որդուն: Խնջույքի ժամանակ Սամվելը ականատես է լինում հայոց մագաղաթների այրմանը և գերիների սպանդին, ինչը ամրացնում է նրան իր ծրագրի կատարման հարցում: Որսի ժամանակ հայր և որդի առանձնազրույց են ունենում: Սամվելը դավաճան է կոչում հորը, և երբ Վահանը մերկացնում է սուրը, Սամվելն առաջինն է հարվածում նրան և սպանում: Նրա զիվորները ճակատամարտ են տալիս պարսիկներին: Ողջ են մնում յոթը, իսկ Մերուժան Արծրունին փախչում է: Այդուհանդերձ, Մերուժանը վիրավոր գերի է ընկնում պարսիկներին շրջապատած նոր հայկական զորքին: Ամիսներ անց Սամվելը Ողականում է: Մայրը ունի պարսիկ ծառաներ, զարդարել է դղյակը պարսից զարդարանքով և ստիպում է բոլորին պարսից հագուստ կրել: Կազմակերպել է զրադաշտական զոհաբերություն: Սամվելը հրամայում է մարել կրակները: Մայրը հրաժարվում է: Սամվելը սպառնում է, որ կհեղի բագինները մոր արյամբ: Մայրը որդուն կոչում է անիրավ: Ասելով, որ դավաճան հորը սպանած սուրը կսպանի նաև ուրացած մորը, Սամվելը սրախողխող է անում մորը: Ամբոխից լսվում են հավանության ճիչեր:

Րաֆֆի | Սամվել | համառոտ Րաֆֆի | Սամվել | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 7:39:00 Rating: 5
Технологии Blogger.