
Գործողությունը տեղի է ունենում Նոր Օռլեանում: «Ցանկություն»
սիմվոլիկ անունով տրամվայը քաղաքի ծայրամաս է բերում Բլանշ Դյուբուային, որը կորցրել
է տոհմական տունը և եկել է քրոջ՝ Ստելլայի և նրա ամուսնու՝ Սթենլի Կովալսկու մոտ ժամանակավորապես
ապաստանելու: Եկել է սպիպտակ զգեստ հագած, իսկ հայտնաբերում է չքավոր պայմաններ: Խոր
հիասթափություն է ապրում, հաճախ խմում է: Ծնողներին կորցնելուց հետո Բլանշը ստիպված
էր վաճառել տունը: Ստելլան կարեկցում է Բլանշին: Միանգամայն այլ է Սթենլիի վերաբերմունքը:
Սա կասկածում է, որ Բլանշը ստիպված էր վաճառել տունը և կարծում է, որ նա յուրացրել
է նաև այն դրամը, որը պիտի բաժին հասներ Ստելլային: Կովալսկիների տանը Բլանշը ծանոթանում
է փականագործ Միտչի հետ: Սա հիացած է Բլանշով: Սթենլին շարունակում է տհաճություն զգալ
Բլանշի հանդեպ, մանավանդ այն բանից հետո, երբ պատահաբար լսում է, թե ինչպես է Բլանշը
արտահայտվում իր մասին և անգամ խորհուրդ է տալիս քրոջը հեռանալ իրենից: Սկսում է հետաքրքրվել
Բլանշի անցյալով: Ծնողների մահից հետո Բլանշն ամուսնացել է: Ամուսինը մահացել է և նրա
մահվան ակամա պատճառ է եղել Բլանշը: Հետագայում նա կարեկցանք է փնտրել բազում անկողիններում:
Գալիս է Բլանշի ծննդյան օրը: Հրավիրել է Միտչին, որը մինչ
այդ պրակտիկորեն առաջարկություն է արել նրան: Սթենլին բարձր հայտարարում է կնոջը, որ
Միտչը չի գալու, որովհետև նրա աչքերը բացել են և նա գիտի, թե ով է Բլանշը: Ինքն է արել
դա և պատմել է Բլանշի անբարո կյանքի մասին: Ստելլան ապշած է ամուսնու դաժանության վրա:
Ամուսնությունը կարող էր փրկել Բլանշին: Սթենլին տոմս է «նվիրում» Բլանշին, որպեսզի
սա վերադառնա իր հարազատ քաղաքը: Ստելլայի մոտ, որը հղի է, ապրումներից վաղաժամ երկունք
է սկսվում: Սթենլին տանում է կնոջը հիվանդանոց:
Բլանշը և Միտչը ունենում են վերջին զրույցը: Միտչն ասում
է, որ Սթենլիից լսածը անձամբ է ստուգել: Բլանշը խոստովանում է, որ ապրել է անբարո կյանք,
որ մեկը մյուսի ետևից փոխել է սիրեկաններին, սակայն արել է դա մոռացում գտնելու համար:
Նա չի ստել Միտչին: Սակայն Միտչն ունակ չէ հասկանալ նրան: Փոխարենը սկսում է պահանջել
Բլանշից այն, ինչ նա արել է ուրիշ տղամարդկանց հետ: Վիրավորված Բլանշը վռնդում է նրան:
Երբ Սթենլին տուն է գալիս, Բլանշը հարբած է: Ասում է Սթենլիին,
որ եկել էր Միտչը՝ վարդերով և խոսքերով… Սթենլին պայթում է: Ո՞վ է Բլանշը, որ իր համար
վարդեր բերեն: Միակ բանը, որ նրանից կարելի է ստանալ, անկողինն է: Որսում է Բլանշին
և տանում է ննջարան:
Պատահածից հետո Բլանշի ուղեղը մթագնում է: Ստելլան ամուսնու
ճնշման տակ որոշում է հոգեբուժարան տեղավորել քրոջը: Բլանշը անվերջ սպասում է, որ իր
ետևից կգա մի միլիոնատեր, իսկ գալիս են բժիշկն ու բուժքույրը: Բժիշկի հանգստացնող խոսքերը
համոզում են նրան հետևել իրեն: Բլանշն ասում է, որ իրեն միևնույն է, թե ով է բժիշկը:
Ինքը միշտ էլ կախված է եղել առաջին իսկ պատահած մարդու բարությունից:
Տես նաև Ֆեդերիկո Գարսիա Լորկա Արյունոտ հարսանիք, Բերնարդ Շոու Տուն, որտեղ սրտեր են փշրվում և Թեոդոր Դրայզեր Քույր Քերրի
Թենեսի Ուիլյամս | Տրամվայ «Ցանկություն» | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
сентября 14, 2015
Rating:
