Նիկոլայ Կարամզին «Թշվառ Լիզան» համառոտ



Մերձմոսկովյան գյուղերից մեկում ապրում է երիտասարդ Լիզան իր ծեր մոր հետ: Հոր մահից հետո ապրում են աղքատ: Լիզան կար է անում, պտուղներ ու ծաղիկներ է հավաքում և վաճառում Մոսկվայում:
Գարնանը մեկնում է Մոսկվա ծաղիկներ վաճառելու: Նրան մոտենում է գեղեցիկ երիտասարդ և 5 կոպեկի փոխարեն ծաղիկների համար առաջարկում է 1 ռուբլի: Լիզան հրաժարվում է դրամից: Գալով տուն ամեն բան պատմում է մորը: Հաջորդ օրը դարձյալ գեղեցիկ ծաղիկիներ է քաղում և գնում է քաղաք, սակայն երիտասարդին չի տեսնում: Մյուս օրը երիտասարդը՝ Էռաստը, ինքն է հայտնվում Լիզայի տան մոտ: Լիզայի մոր վրա լավ տպավորություն է թողնում, ասում է, որ Լիզան կարիք չունի գալու քաղաք, քանի որ ինքը կգա գյուղ և կգնի նրա բոլոր ծաղիկները:
Սկսում են հանդիպել ամեն երեկո: Սիրահարվում են: Նրանց գրկախառնություններն անմեղ են: Անցնում է մի քանի շաբաթ և, թվում է, ոչինչ չի կարող խանգարել նրանց երջանկությանը:
Սակայն մի օր Լիզան հանդիպման է գալիս տխուր: Մայրը ուզում է ամուսնացնել իրեն հարուստ համագյուղացու հետ: Էռաստն ասում է, որ Լիզայի մոր մահից հետո կվերցնի աղջկան իր մոտ և նրանք անբաժան կլինեն: Լիզան հիշեցնում է, որ Էռաստը ազնվական է, իսկ ինքը՝ գեղջկուհի… Էռաստն ասում է, որ իր համար կարևոր է մարդու հոգին… Լիզան նետվում է տղայի գիրկը: Դա անմեղության վերջին պահն էր: Բաժանվելիս Լիզան լաց է լինում:
Հանդիպումները շարունակվում են: Սակայն Լիզան Էռաստի համար այլևս անմեղության հրեշտակ չէ: Լիզան նկատում է այդ փոփոխությունը: Էռաստը մի օր ասում է, որ իրեն կանչում են զինվորական ծառայության: Բայց ինքը կվերադառնա և իրենք դարձյալ միասին կլինեն:
Անցնում է 2 ամիս: Լիզան տառապում է առանց սիրեցյալի: Մի օր հայտնվում է Մոսկվայում, որտեղ տեսնում է կառքով անցնող Էռաստին: Կառքը մոտենում է խաղատանը: Էռաստը դուրս է գալիս կառքից և հայտնվում է Լիզայի գրկում: Նա լարված է: Ուրախ չէ տեսնել Լիզային: Բացատրում է, որ պայմանները փոխվել են: Հիմա նա նշանված է:
Լիզան չի կարողանում ուշքի գալ: Հայտնվում է լճի մոտ: Անցնող փոքրիկ աղջկան տալիս է իր մոտ եղած մանրադրամը, խնդրում է փոխանցել իր մորը և պաղատել, որ ների իր թշվառ դստերը: Իսկ ինքը նետվում է ջուրը:
Մայրն իմանալով դստեր մահվան մասին՝ տեղում մահանում է: Էռաստը մինչև կյանքի վերջ դժբախտ է լինում: Նա չէր խաբել Լիզային, ասելով որ գնում է ծառայության: Սակայն թշնամու դեմ կռվելու փոխարեն տրվել էր թղթախաղին և տանուլ էր տվել ողջ կարողությունը: Ստիպված էր ամուսնանալ իրեն վաղուց սիրահարված հարուստ տարեց տիկնոջ հետ: Իմանալով Լիզայի ճակատագրի մասին իրեն համարում է մարդասպան: Հիմա նրանք գուցե արդեն հաշտվել են…

Տես Ալեքսանդր Գրիբոյեդով «Խելքից պատուհաս», Ալեքսանդր Պուշկին «Եվգենի Օնեգին» և Միխայիլ Լերմոնտով «Մեր ժամանակի հերոսը»

Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ  
Նիկոլայ Կարամզին «Թշվառ Լիզան» համառոտ Նիկոլայ Կարամզին «Թշվառ Լիզան» համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 21:50:00 Rating: 5
Технологии Blogger.