Պլատոն | Պետություն | համառոտ


Գիրք առաջին. Աթենքի մերձավորությամբ գտնվող Պիրևս քաղաքում, Կեփալոսի տանը զրուցում են Սոկրատեսը, Կեփալոսը, Պոլեմարքոսը, Թրասիմաքոսը, Ադիմանտոսը, Գլավկոնը և Արիստոնը: Արդարության ինչ լինելու մասին իր համար ավանդական հարցադրումից հետո Սոկրատեսն անցնում է պետության հասկացությանը: Արդարությունը կարող է տեղ գտնել միայն կատարյալ պետության մեջ:
Գիրք երկրորդ. իդեալական պետության մեջ հարկ է կատարել աշխատանքի բաժանում ըստ բնական հակումների, օժտվածության և պահանջների: Հարկ է նաև դաստիարակել պահապանների դասը: Այդ դաստիարակության մեջ առանձնապես կարևորվում են մուսայական արվեստները, մարմնամարզությունը, առասպելների և պոեզիայի ուսումնասիրությունը:
Գիրք երրորդ. Պլատոնն արտահայտում է իր պատկերացումը արվեստի և դրա դաստիարակչական նշանակության մասին: Պահապանները պիտի լրջագույն և խստագույն փորձության ենթարկվեն ինչպես պատանի, այնպես էլ հասուն տարիքում: Նրանք պիտի լինեն արի, ժուժկալ, ներդաշնակ, սթափ և իրենց ողջ գործունեությամբ նպաստեն պետության բարօրությանը: Չպիտի ունենան մասնավոր սեփականություն, պիտի սնվեն համեստ կերակուրներով, փոքրուց լսեն միայն վեհության և քաջության օրինակներ ներկայացնող պոեզիա և միայն ոգեշունչ երաժշտություն:
Գիրք չորրորդ. Ադիմանտոսի այն առարկությանը, թե այդպիսի պետության քաղաքացիները չեն լինի երջանիկ, Սոկրատեսը տալիս է հետևյալ հակափաստարկը: Միայն այդպիսի պետության քաղաքացիները կլինեն երջանիկ, քանի որ երջանիկ կլինի ողջ պետությունը, այլ ոչ այս կամ այն խավը: Չէ՞ որ դա է պատվիրում արդարությունը: Քննվում են պետության չափը, օրենքները, արժանիքները: Բնորոշվում են մարդկային հոգու երեք սկզբունքները, որոնցից բխում է պետության բաժանումը երեք խավերի: Անգամ պետական հինգ կարգերը դուրս են բերվում այդ երեք սկզբունքներից:
Գիրք հինգերորդ. կանայք և զավակները իդեալական պետության մեջ պիտի լինեն ընդհանուր: Բացի այդ, կանայք պիտի կիսեն տղամարդու շատ զբաղմունքներ և անգամ լինեն պետության պահապաններ: Այս ամենը առավել միասնական կդարձնի պետությունը: Պետության գլուխ պիտի կանգնած լինի բացառապես փիլիսոփա կառավարիչը, քանի որ միայն փիլիսոփաները կարող են ճանաչել հավերժականը և ճշմարիտը, այլ ոչ թե անցողիկն ու կարծեցյալը:
Գիրք վեցերորդ. Խոսելով փիլիսոփա կառավարիչների մասին՝ Սոկրատեսն առանձնացնում է փիլիսոփայական հոգու հիմնական հատկությունները: Փիլիսոփայական հոգու առաքինությունները համընկնում են իդեալական պետության առաքինությունների հետ: Փիլիսոփայի գերադաս դիրքը պետության մեջ պայմանավորված է բարձրագույն բարիքի՝ էյդոսի իմացությամբ: Բարիքը նման է արեգակի, որը լուսավորում է ամեն բան, և դրա շնորհիվ ողջ գոյը ճանաչելի է դառնում: Պատմվում է «Քարանձավի» միֆը:
Գիրք յոթերորդ. քնադատության են ենթարկվում կառավարման արատավոր ձևերը, որոնք չորսն են՝ տիմոկրատիան, օլիգարխիան, դեմոկրատիան և բռնապետությունը: Նշվածներից յուրաքանչյուրը աստիճան է, որը կառավարման նախորդ ձևը կապում է հաջորդ ձևի հետ: Այսպես արատները, որոնք սկզբնավորվում են տիմոկրատիայի օրոք, հանգեցնում են օլիգարխիայի իշխանության հաստատմանը:
Գիրք ութերորդ. կառավարման արատավոր ձևերի քննադատությունը շարունակվում է: Օլիգարխիան վերափոխվում է դեմոկրատիայի, որի օրոք քաղաքացիների ֆորմալ կառավարումը հավասարեցնում է տարբեր արժանիքների տեր մարդկանց և նրանց իրավունքները և սկիզբ է դնում անտեղյակության և անօրենության, օխլոկրատիայի (ամբոխավարության), որն ավարտվում է կառավարման ամենավատթար ձևով՝ բռնապետությամբ: Պլատոնը դուրս է բերում բռնապետությունը հենց օլիգարխիայից, այսինքն՝ ծանրագույն ստրկությունը՝ «մեծագույն ազատությունից»:
Գիրք իններորդ. տրվում է մարդու տենչանքների վերլուծությունը: Բռնապետի հոգին հոռի տենչանքների գերին է և այն դժբախտ է: Փիլիսոփան գիտի հաղթահարել հոռի տենչանքները, ահա ինչու նա և բռնապետը, որը սեփական տենչանքների գերին է, կազմում են բացարձակ հակադրություն: Փիլիսոփան պետության կառավարման մեջ ներմուծում է բանական սկզբունքները և ազատում է պետությունը հոռի տենչանքներով համակված բռնապետի ստրկությունից:
Գիրք տասներորդ. ներկայացվում է հոգիների վերաբնակության ուսմունքը: Սոկրատեսը վերադառնում է իդեալական պետության մեջ պոեզիայի և արվեստի նշանակությանը՝ զարգացնելով արվեստի որպես նմանակման տեսությունը: Բանաստեղծը ստեղծում է սոսկ պատրանքներ, այլ ոչ ճշմարիտ գոյություն: Պատմվում է Էրի՝ հանդերձյալ աշխարհ կատարած ուղևորության միֆը, որի միջոցով Պլատոնը ներկայացնում է հոգու ինքնանույնականության և ինքնաբավության իր տեսությունը: Անմահ հոգին մաքուր պահելու համար երկրային կյանքում հարկ է համադրել արդարությունը խոհեմության հետ և բարեկամ լինել ինքդ քեզ և աստվածներին:  

Պլատոն | Պետություն | համառոտ Պլատոն | Պետություն | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on сентября 22, 2015 Rating: 5
Технологии Blogger.