Ակսել Բակունց | Մթնաձոր | համառոտ


Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել։ Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի։ Թվում է, թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից, երբ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում։
Վայրի վարազի պես է անտառապահ Պանինը։ Մի հրեշ է անտառապետի տարազով։ Անտառում հանկարծ կերևա, փայտահատի կողքին կկանգնի, կնայի, թե ինչպես հատում է ծառը։ Մեկ էլ թաքստոցից դուրս կգա… Լեղապատառ փայտահատին մնում է կամ փախչել, կամ օձի պես ծռմռվել Պանինի մտրակի հարվածների տակ։
Պանինը որսորդ է։ Վեց կատաղի շուն ունի։ Շների հետ որսի է գնում Մթնաձորի խորքը։ Պանինից վախենում են: Ոչ ոք չգիտի նրա ազգությունը, հավատը, ծագումը։ Ասում են, որ նախկին սպա է, մարդ է սպանել, նստել է բանտում, հետո անտառ գնացել։ Հյուսիսի անտառներից մեկում նա իր կնոջն է սպանել որսի մի գիշեր, ավելի ճիշտ՝ շներին հրամայել էր հոշոտել կնոջը։
Գյուղում Ավին լավ որսորդի համբավ ունի։ Տան ապրուստի մի մասը նա Մթնաձորի խորքից է հոգում։ Բացուտներում միրհավ է որսում, արտերի մոտ կաքավ ու լոր, թակարդ էր լարում աղվեսի համար… Եվ եթե Պանինից երկյուղ չի անում, կամ տեղյակ է լինում, որ անտառապահը Մթնաձորում չի, չոր ցախերից էլ մի շալակ է անում, ծածուկ մի տեղ պահում գիշերով տուն տանելու համար։
Այդ օրն էլ նա որսի էր գնացել։ Ավին մի հետքով գնաց և հենց որ բլրակի գլուխը բարձրացավ, տեսավ երկու աղվես։ Մինչև կրակելն աղվեսները փախան։ Եվ որովհետև այդ օրը Պանինը անտառ չպիտի գար (նա լսել էր, որ անտառապահը հիվանդ է), Ավին գերադասեց մի շալակ ցախ տանել տուն։ Ավին շալակի ցախը դրեց քարին, նստեց մի կոճղի՝ մի քիչ շունչ առնելու։ Որսի մի շուն երևաց, հոտոտեց Ավուն, անցավ։ Երևաց երկրորդը, երրորդը, հետո՝ Պանինը։ Երբ Պանինը բարձրացրեց մտրակը, Ավին մեջքը ծռեց, գլուխը ձեռների մեջ առավ։ Պանինը կնուտը ետ քաշեց և առաջարկեց կամ քսան ռուբլի տուգանք անտառից փայտ գողանալու համար, կամ էլ Մթնաձորի մի արջ սպանել։ Ավին տեղից վեր թռավ և եկած ճամփով գնաց Մթնաձոր։ Անտառի և ոչ մի արջ Պանինի տուգանքի գինը չուներ։ Ձորում հետևից ճյուղի կոտրվելու ձայն լսեց։ Վեր բարձրանալիս զգաց, որ մեկը հետևում է իրեն։ Արջ է: Ավին երեք անգամ կրակեց: Բայց վիրավոր արջը ետևից ընկավ: Ավին շատ մոտ զգաց գազանի տաք շունչը: Ծանր հարվածն իջավ մեջքին, բրդոտ մի թաթ ճանկերը խրեց ծոծրակի մորթու մեջ։ Լսվեց մի կրակոց, բայց Ավին ոչինչ չզգաց։ Պանինը սատանայի պես քրքջում էր, ոտքն արջի դիակի վրա։
Ավին հիմա էլ ողջ է։ Զարհուրանքով կարելի է նայել նրան, երբ փողոցի անցուդարձ անողներից պահված, սրանրա համար տրեխ է գործում։ Ավու հագին չուխա է, ունի սովորական մարմին, առողջ ձեռքեր, որոնք շատ վարժ կար են անում։ Սակայն գլխի տեղ ունի մարդկային գանգ, ամբողջովին կլպված, առանց մազի, առանց մորթու։ Արջը թաթի մի հարվածով ծոծրակի փափուկ մսի մեջ է խրել սուր ճանկերը և ողջ զայրույթով իրան քաշել գանգի մորթին, հետն էլ գլխի մազերը, ունքերը, աչքերն ու քիթը։ Ավին շրթունքներ չունի։ Ոսկորների բաց ճեղքից երևում են ատամները, բաց է քթի խոռոչը, և երբ համրի պես խոսում է, շունչը քթի խոռոչովն է դուրս գալիս։ Երբ Մթնաձորի անուն են տալիս, երևում է, որ ատամներն ավելի է դուրս գցում, կոկորդից ընդհատ ձայներ է հանում։ Ու չգիտես՝ զայրանում է, թե ժպտում հին որսորդը... 

Ակսել Բակունց | Մթնաձոր | համառոտ Ակսել Բակունց | Մթնաձոր | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 9:31:00 Rating: 5
Технологии Blogger.